Ռուբիկոն

«Նահանջի ու պարտության աղոթքներ» շարքից 97-98թթ.

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

Պտղատու աղետների ուռկաններով բռնած

միամտության գերիներն այս ձկնկուլ ժամանակների

եգիպտական վերքերի թաց հիշողություններից զմռսված դեմքերով

քանդակում էին տոթ հեղափոխությունն ահագնացող քամու,

որի ճեղքերից բացվող անապատն այս հուսահատության

դանդաղ կահավորում էին

երաշտի ուրվականներն ու ծղրիդները գերության:

 

Մերձարևադարձից չորացած հույսի պեղումներին մասնակցող

մտավորականությունը պատրաստվում էր քվեարկության:

 

Շքեղ թաղումների գյուղատնտեսությունը

աստիճանաբար փոխակերպվում էր ընդհատակյա արդյունաբերության:

 

Դետալների հարցը հետմահու այս կառույցներում քննարկվելու է դռնփակ

գործադուլների կղզիներում,

որտեղ որսորդությունը դարձել է օրենսդիր կենսագրություն:

 

Օ կուրության ռնգեղջյուրներ

փակուղիների փոշոտ այս անապատում:

 

Այս անհեթեթության խաչմերուկներում ծվարած

ամլության ու երաշտի նախարարներ,

որ առանց երկրաշարժի քերականությունը սերտելու

հայտնվեցիք կպչուն կաշառքի կշեռքին

երկրի անմեղ ձգողունակությունը

անբարոյականության կշռաքարերով կշռելու

և անփառունակ այս երթևեկության կանոնները

ճակատագրելու մոլորված բնակչության

երկնակամարին,

գալիք դատարանի ծավալները գրկած

սպառողաբար տրվեցիք ապրանքափոխանակության

և շուկայական կույր խրախճանքի,

մոռացության մատնելով

զոհվածների բողոքարկու ծանրությունն ու

անհայտ կորածի սեփականաշնորհված մենությունն ու

պարտությունը աղի,

խախտված այս հավասարակշռության

ռազմավարական տխրահռչակ հրաժարականի մութ որովայնում:

 

 

Կուրության թունելն ընկնողի մերկ միամտությամբ

բղավել անհայտ ուղղությամբ,

որ հերոսաբար քայքայվելով

առօրյա ստրկատիրության ցուցադրական կմախքից հյուսված

վերքերի տոնավաճառում,

ու հառնելով մայրցամաքների ընդդիմության ճաքերից ելնող

հառաչանքի բորբոսնած մառախուղում,

ռնգեղջյուրների զրահապատ հարավից աննկատ անցնես

ընձուղտների ցանկապատված անապատով

ու ակամայից հանձնվես թեթև ինքնասպանության:

 

Կշեռքի ձգողական քնարերգությունից

վարակված համբերության կուտակումներ

պայքարի սղոցներից մնացած թեփի

բացօթյա պուրակներում

 

Հնադարյան մոռացության օլիմպիական փառահեղ խաղեր

ստրկատիրական բուրգերի անդրշիրիմյան խորշերում:

 

Պարտության ընդերքը տեսնելու ակունքներում

կայսերական սիրո անողոք պեղումներից վերադարձող

մահապատժի մասնագետը ակամայից սայթաքեց

փափուկ անելանելիության միջերկրական սահանքներում,

ուր զոհաբերության արշալույսը դիմավորելիս,

տխրության սև կարկատաններից քամված երազների

և մոլորված խարտոցների այս արվարձանում

ընդհատվեց հեթանոսական խորությունների ըմբշամարտը:

 

Ժանգի համը մարսած մարդու առօրյա կրկեսում

վերսկսվեցին կենդանաբանական զինվարժությունները:

Ստորգետնյա հայտնագործությունների թանգարաններում

ստվերազուրկ առարկաների երամները երազում տեսան արևին:

 

Օ միջերկրական հմայքի ու անհայտության,

անծայրածիր ծաղկունքի ու սիրո խխունջների,

նահատակության ծովեզերքի ու աքսորի,

փառքի կրծքավանդակ,

քո ստորոտին` աղոթքի ու պարտության հերթեր,

տխրության քարտեզներ,

խցանված զգացմունքների անդրշիրիմյան չորանոց,

չկայացած շարժումների, հեղափոխությունների

զմռսված շտեմարան,

պահածո կրքերի ու չդասակարգված մտքերի,

գայթակղությունների հանրակրթական ճեմարան.

 

տխրության կորուսյալ այս խեցիներում

տեղատվության պատրաստ գրոհներ,

հանդարտության ու նահանջի անձրևներ

քնքշության և օծյալ մերձեցման,

փափուկ խելագարության մեկուսի գագաթներին:

Կարդալ նաև

Գրականություն Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից. Արա Գուրզադյան գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն. Գերմանիա 10. X. 92 Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ: Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը: Իսկ խայտաբղետ… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության…