Էմպեդոկլես. Բնության մասին (հատվածներ)
Էմպեդոկլես Սիցիլիացին ապրել է Հարավային Իտալիայի Ակրագաս քաղաքում։ Հույն կենսագիրները նրա գործունեության «ակմեն» պայմանականորեն թվագրում են Ք․ ա. 444—441 թթ․-ով։ Եղել է փիլիսոփա, քաղաքական գործիչ, բժիշկ և բանաստեղծ, իսկ Պյութագորասին նմանակելով՝ ջանում էր ներկայանալ որպես մարգարե և կիսաստված, ինչի մասին բազմաթիվ լեգենդներ են պահպանվել: Գրել է երկու պոեմ՝ մոտ հինգ հազար տող ընդհանուր ծավալով (հնարավոր է՝ չափազանցված է)՝ «Բնության մասին», որտեղ շարադրված է աշխարհի կառուցվածքի վերաբերյալ իր սեփական ուսմունքը, և «Մաքրագործումներ», որտեղ շարադրված է հոգիների փոխակերպման, հատուցման ու քավության մասին պյութագորյան ուսմունքը: Էմպեդոկլեսը պատկերացնում էր Գոյությունը ոչ թե միասնական, այլ բաղկացած չորս տարրերից՝ Հուր (Արեգակ, Հեփեստոս), Օդ (Եթեր), Ջուր (Ծով) և Երկիր, որոնց վրա իշխում են երկու ուժեր՝ Սերը (Ֆիլոտես, Ափրոդիտե) և Գժտությունը (Նեյկոս): Սիրո ազդեցությամբ բոլոր տարրերը միաձուլվում են մեկ միասնական գնդի՝ Սֆերոսի մեջ (լիովին պարմենիդեսյան պատկեր), իսկ Գժտության ազդեցությամբ նորից բաժանվում են․ այս շրջապտույտն ունի պարբերական ու հավերժական բնույթ:
1
Լսի´ր, Պավսա´նիաս, խոհեմ Անքիտեսի որդի´։
2
Սուղ ու տկար են մեր անդամներում ուժերը,
Բայց աղետները՝ միտք թմրեցնող, բազում։
Կենաց գոյի լոկ աննշան մասը տեսած՝
Ծխի պես չքանում են կարճակյաց մարդիկ,
Զի ամեն ոք կյանքի թոհուբոհին է մատնվում,
Երբ պարծենում է, թե համայնն է ճանաչում։
Սակայն հասու չեն համայնին ո´չ աչք, ո´չ ունկ․
Միտքն է անզոր։ Այստեղ գալով, դու ինքդ տե´ս,
Թե մինչև ուր է մարդու խելքը տարածվում։
3
Այլոց մոլուցքը հեռացրեք լեզվիցս, դի´ք։
Դարձրեք շուրթերս բարեպաշտ աղբյուր,
Քանզի ես փառապանծ, ճերմակարմունկ կույսից,
Իմ վերջավոր ունկին պատշաճն եմ աղերսում։
Լուրդ բարի, Մուսա´, ինձ առաքիր քո հեզ կառքով…
…Թող քեզ երբեք ո´չ փառք, ո´չ պսակներ չհամոզեն
Գովեստ լսել վերջավորից և բարեպաշտ խոսքի դեմ խուլ,
Հանդգնորեն իմաստության գագաթներին բազմել։
Քննիր ամբողջ ուժով, ինչպես է բացվում ամեն գոյ․
Ո´չ աչքդ ականջին գերադասիր, ո´չ էլ
Լեզվին ճշմարտախոս՝ աղմուկը ականջիդ։
Եվ այլևայլ ուժերից մի շրջվիր, խրթին է խոհը․
Դու միտք արա այնպես, որ գոյն իրեն հայտնի։
4
Զորեղ խոսքին չեն հավատում հոռի մարդիկ,
Բայց դու, արդար Մուսայի պատգամին հլու,
Իմացիր խոսքը ճշմարիտ ներսում մաղել ․․․
5
․․․ և համր սրտի մեջ պահել հանց ձուկը։
6
Լսիր նախ, թե որոնք են համայնի չորս տարերքները․
Զևսը պայծառ, կենսատու Հերան, Այդոնևսը
Եվ Նեստիսը, որ արտասվում է վերջավոր աղբյուրի մեջ։
7
Անծին են սրանք․ տարրերը Էմպեդոկլեսի։
8
Ասեմ նաև, որ ոչ մի բան Համայնի մեջ
Չունի ծնունդ կամ կործանող վախճան․
Կան խառնուրդներ միայն և` մեծ բաժանումներ,
Հենց սրանք մարդիկ կոչել են բնություն։
9
Եվ ինչ խառնուրդ էլ որ տեսնեն՝ մարդու
Կամ գազանի, թփի կամ թռչունի կերպարանով,
Կոչում են դա «ծնունդ», իսկ երբ խառնուրդը
Կլուծվի նորից, կոչում են «մահ չարաբաստիկ»։
Հարկ է այդպես․ ես ինքս հետևում եմ սույն կարգին։
11
Անմի՜տ մարդիկ։ Զի կարճ է միտքը նրանց,
Եթե կարծում են, գոյանալ գիտի չգոն,
Կամ լիովին տարրալուծված մեռնել։
12
Քանզի տակավին չի կարող գոյը չգո բանից ծագել
Եվ Կործանումը գոյողի թե´ անհնար է, թե´ անմիտ․
Գոյողը, ուր էլ դրեցին, այնտեղ գոյում է հավիտյան։
13
Չունի Համայնը թափուր տեղ կամ ավելցուկ։
14
Չկա դատարկություն․ ուրկի՞ց ծագի։
15
Եվ այրը իմաստուն չի հորինի մտքով, թե կան
Մարդիկ, քանի դեռ «կյանք» կոչվածի մեջ են,
Հիշյալ սահմաններում, բարու և չարի մեջ, իսկ
Նախքան վերջավոր ծնվելն ու մեռնելուց հետո՝ չկան։
16
Թևրևս կան, եղել են, կլինեն․ երբեք
Չի ազատվի դրանի հավերժը անպատում։
17
Ես երկակի կասեմ․ մե´րթ մեկն աճում է բազումից
Մե´րթ այդ մեկից՝ դարձյալ բազումը։
Ունեն վերջավորները երկակի ծնունդ, երկակի մահ,
Քանզի համայնի կցումով ծնվում և կործանվում է մեկը
Եվ համայնի բաժանումով մյուսն է ծնվում, կործանվում։
Չի դադարում այս փոխակերպությունը ոչ մի կերպ․
Մե´րթ Սերն է հավաքում, դարձնում Համայնը մեկ,
Մե´րթ Գժտությունն է կատաղի մեկը մյուսից զատում։
Այսպես, բազումից սովորում է մեկը գոյանալ
Եվ մեկի քայքայմամբ ծնվում է այդ բազումը․
Կա կայացում նրանց մեջ, բայց հավերժ կյանք չկա։
Քանզի նրանց հերթափոխը անսահման է,
Եվ նրանք շարժվում են հավիտյան շրջանի մեջ։
Բայց իմ խոսքին անսա´։ Աճում է միտքը դասերից․
Սահմանը իմ խոսքի ես ինքս դրեցի, երբ ասացի
Խոսում եմ երկակի, քանզի մե´րթ մեկն աճում է
Բազումից, մե´րթ բազումի է մեկը վերածվում՝
Հրի, ջրի, հողի և բարձր խոյացող օդի․
Դրսում է Գժտությունն աղետաբեր, նույնակշիռ,
Ներսում է Սերը՝ իր լայնքի ու երկայնքի մեջ հավասար։
Դու միտքդ նրան դարձրու, կույր մի մնա։
Կարծիք կա, որ ներծին է նա մարդու անդամներում։
Նրա շնորհն է, որ բարին ենք մտածում և համերաշխ մնում,
Մե´րթ Գեթոսինե կոչելով նրան, մե´րթ Ափրոդիտե։
Բայց որ ամեն բան կապակցում է նա, դա ոչ մի
Վերջավոր չի հասկանում։ Դու հետևիր շիտակ խոսքիս․
Տարրերը հավասար են, ծնունդով հասակակից։
Բոլորն իրենց պաշտոնն ունեն, բարքը իրենց,
Իշխանության բաժինը հավերժի շրջանի մեջ։
Նրանց չի ավելանում ոչինչ, չի պակասում,
Քանզի եթե անվերջ կրեին պակաս, այլևս չէին լինի,
Ի՞նչպես լիներ ուրեմն աճը Համայնի, ուրկի՞ց գար,
Ո՞ւր կորչեր, եթե ոչինչ թափուր չէ նրա մեջ։
Ոչ, կան միայն նրանք։ Եվ թափանցում են մեկ մեկու՝
Թե´ դառնալով ուրիշ, թե´ հավետ նույնը մնալով։
20
Դա երևում է վերջավոր մարմնի կազմվածքից․
Քանզի Սիրո շնորհիվ մերթ ամբողջի են վերածվում
Կենաց ծաղկունքի մեջ մարմնի բոլոր մասերը,
Մերթ չարիքով պառակտումի տրոհված,
Հերթով թափվում են կյանքի ափերին։
Նույնն է նաև բույսի դեպքում, և´ ջրասուն ձկան,
Ե´վ գազանի ցամաքային, և´ թևաբախ հավքի։
21
Բայց տե´ս հիմա խոսքիս այս նոր վկայությունը,-
Եթե նախորդի ձևը քեզ թվաց թերի,-
Որ հասկանաս պայծառ, ամենուր ջերմ արևը,
Անմահ բաները, որ ունեն և´ տեսք, և´ փայլ,
Ամենուր մութ ու ցուրտ բերող անձրևը, կամ թե
Ինչ հիմք ու ամրություն է դուրս բխում երկրից։
Զի Գժտության մեջ այլակերպ ու առանձին են,
Բայց Սիրո մեջ՝ մեկտեղ, և փափագում են մեկմեկու։
Սրանցից ծագեց ամեն բան, որ եղել է,
Կա, կլինի՝ թե´ ծառ, թե´ այր ու կին, թե հավք,
Թե´ ջրասուն ձկներ, թե´ գազաններ, թե´ դիք,
Որոնք թե´ փառապանծ են, թե´ հավերժակյաց։
Բոլորն են այն, ինչ կան՝ իրար մեջ հոսելով
Ու տեքսը լոկ ամեն խառնուրդի մեջ փոփոխելով։
22
Բոլորն իրենց անդամների հետ համերաշխ են՝
Փայլակ, երկինք, ծով ու ցամաք, որքան էլ որ
Դեպի մահկանացուն ու անցողիկը տարածվեն։
Այդպես նրանց, որ ենթակա են խառնման,
Սիրո մեջ նույնացնում է Փրփրածինը։
Իսկ ամենից շատ թշնամի են նրանք, որ իրարից
Հեռու են թե´ ծագմամբ, թե´ խառնուրդով, թե´ ձևերի
Զատմամբ, սովոր չեն միացման և մեծ է ցավը,
Որը ունեն իրենց սերած Գժտությունից։
Ծանոթագրություններ
Դրվագ 1. Պավսանիաս – Էմպեդոկլեսի սիրեկանն է և նրա պոեմի հասցեատերը, այլ մանրամասներ հայտնի չեն։ Գերմանացի բանաստեղծ Ֆրիրիխ Հյոլդեռլինի «Էմպեդոկլեսի մահը» դրամայի գլխավոր կերպարներից է։
Դրվագ 6. Էմպեդոկլեսն այստեղ Զևս է կոչում Հուրը, Աիդոնևս՝ Երկիրը, Հերա՝ Օդը, Նեստիս (մութ դիցաբանական անուն)՝ Ջուրը։
Դրվագ 17. Երկակի է ծնունդը, և երկակի է կործանումը։ Սա կախված է նրանից, թե արդյոք աշխարհը գտնվում է Գժտության իշխանությունից դեպի Սիրո իշխանություն անցման փուլում, թե՝ Սիրո իշխանությունից դեպի Գժտության թագավորություն։
Դրվագներ 24-25. Ըստ երևույթին, սա Էմպեդոկլեսի մոտ հանդիպող մեծածավալ կրկնությունների արդարացումն է (օրինակ՝ 11-րդ և 21-րդ դրվագների միջև)։
Թարգմանությունը հունարենից՝ Սերգեյ Ստեփանյան։