Ասույթներ
- Նրանք, ովքեր չեն ստեղծագործում գծանկարի կամ գեղանկարի օգնությամբ, այդ անում են ակամայից, որովհետև այլ ընտրություն չունեն, կարճ ասած՝ անկարող են այդ անել:
- Լեզուների «բաղարկությունը» («Contamination») մշտապես ընթացել է մի ուղղությամբ. զանազան «գեղարվեստական» լեզուները միշտ նմանակել կամ փոխ են առել հիմնական արվեստներից, և ոչ թե հակառակը:
- Երբեք գոյություն չի ունեցել «արվեստի աշխարհ», գոյություն են ունեցել միայն արվեստի գործեր՝ աշխարհում:
- Ավարտելուց հետո ստեղծագործությունը պետք է զարմացնի և ավելի մեծ ավյուն հաղորդի ինձ, քան սպառել եմ այն արարելիս: Այսպիսով արվեստի գործը «հակաէնտրոպիկ» է և հակասում է «թերմոդինամիկայի երկրորդ օրենքին»: Այդ կերպ մենք վերգտնում ենք մահվան և անմահության պրոբլեմը՝ չվստահելով այն գիտությանն ու գիտնականներին, ինչը վտանգավոր կլիներ:
- Ապրելու համար նկարիչները կարող են ստիպված լինել վաճառել իրենց գործերը:
- Արվեստն ամբողջությամբ արդիական է: Հակառակ դեպքում դա նման կլիներ այն բանին, որ քեզ ընդառաջ եկող 1920 թվականի ավտոմեքենա տեսնելիս որոշեիր փողոցն անցնել առանց շտապելու՝ մտածելով, որ վրաերթի չես ենթարկվի, որովհետև մեքենան այլ դարաշրջանից է: Իրականում այդպես չէ. նույնն է արվեստի գործերի պարագայում. նրանք միշտ էլ «այժմ» են:
- Լավ կլիներ, եթե մարդիկ իրենց տունը ժողովածուներով ու գրքերով լցնելու, կամ քչփորելու համար Ինտերնետ բաժանորդագրվելու փոխարեն օդանավի կամ գնացքի սեզոնային տոմսեր գնեին և գնային իսկապես արվեստի գործեր տեսնելու:
- Հետաքրքիր «վիդեոարվեստագետներին» պետք է ընտրել ու հրավիրել մասնակցելու ֆիլմերի փառատոներին՝ հատուկ բաժնով:
- Յուրաքանչյուր արվեստագետ նաև խոշոր դիզայներ է, նկարիչ կամ «քանդակագործ» և աջ ոտքի վրա հատուկ նշան ունի:
- Հասարակությունը նախապատվությունը տալիս է ոչ թե արվեստի ստեղծագործությանը կամ արվեստագետին, այլ «արվեստի ու արվեստագետների պատմությանը»:
- Հաշվապահիս դեպքը եզակի չէ: Ներկայումս ամենատարբեր լեզուներով ու մասնագիտությամբ զբաղվող անթիվ-անհամար մարդիկ նույնպես երազում են մինչև վերջ քանդել արվեստի բազմաշերտ ու բազմաբնույթ (multimedia) սահմանները: Նրանք նույնպես ուզում են դառնալ արվեստագետ, ցուցահանդեսներ բացել, քչփորել Ինտերնետն ու իրենց փորձը կիսել միլիոնավոր այլ «արվեստագետների» հետ:
- Ամեն լեզու անհրաժեշտությունից է ծնվում: Ֆիզիկական անմահությունը հիմնական արվեստների պահանջն է, իսկ դրա մոդելը գլուխգործոցն է:
- Ես, անշուշտ, շատ ավելի հին եմ, քան եգիպտացի արվեստագետը:
- Այսօր, ի թիվս շատ այլ «վերիվարումների», արվեստում ևս մնայուն է շրջված ժամանակի ընկալումը. արվեստն ու ժամանակակից արվեստագետներն իրենց համարում, և համարվում են արդիական, այնինչ՝ իրենցից առաջ եղածը տեսնելով իրենց պետք է ավելի հին համարեին:
- Արվեստի գործը՝ որպես կատարյալ ու կենդանի օբյեկտ կարող է ներազդել կենսաբանական պրոցեսների վրա:
- Գծանկարչությունը, գեղանկարչությունն ու «քանդակագործությունը» ոչ թե ավանդական արտահայտչաձևեր են, այլ նախնական: Դրա համար էլ պատկանում են նաև ապագային:
- Ջինո Դե Դոմինիցիսի ասույթներից. 1969-96:
Կազմեց՝ Սեսիլիա Թորիլտան
Անգլերենից թարգմանությունը՝ Անի Կլչյանի