Ռուբիկոն

Ճշմարտածնության էպիկենտրոնում

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

Հարկադրված կեղծ պետականությունից «սեփականաշնորհված» պետականության անցման հոգեվարքը, պատմահոգեբանական բարդ իրադրության մեջ նետելով մարդկանց, ժամանակների հասունացման հերթական, պատմական այս փուլում, անհրաժեշտաբար դնում է խնդիրներ, որոնց լուծումից է կախված լինելու տվյալ հասունության կերպն ու հյուսվող պատմության տրամաբանությունը:

Այս փուլում անհրաժեշտ է նորից վերանայել անցյալում իրական պետականությունից հրաժարվելու, պետությունը լքելու և անհատական գոյության անցնելու մեր ոդիսականը:

Դրա ոչ միայն արտաքին, այլև ներքին դրդապատճառները: Անկասկած, դրանք ծայրաստիճան  բարդ  են,  բազմաբնույթ  ու  բազմարժեք:  Սա  գիտապատմական, հասարակագիտական, սոցիալ-տնտեսական և մշակութային-հոգեբանական կոմպլեքս հետազոտության թեմա է, որի լուծումից է կախված մեր ազգային ինքնագիտակցության և աշխարհընկալման էությունը: Բնականաբար նաև մեր դերը արդի աշխարհում:

Հունական քաղաքակրթության «Ճանաչիր ինքդ քեզ» հայտնի կարգախոսը հիմնաքարային է հատկապես քրիստոնեական աշխարհի ինքնազգացողության համար: Պարզունակ թվացող այս պահանջարկը արմատներ է նետում թե՛ Երկիր, թե՛ Երկինք: Որովհետև ճանաչելով ինքդ քեզ՝ դու չես կարող խուսափել ո՛չ Երկրի, ո՛չ էլ Երկնքի ճանաչողությունից: Աշխարհը մարդու հետ միասին է միայն ամբողջական: Այդ ամբողջությունը չքանդելու համար սիրիր քո մերձավորին և կողակցին, որ ճանաչես նրան, ինքդ քեզ ճանաչելու համար և հակառակը: Արդեն բոլորովին նոր, քրիստոնեական կտրվածքով այստեղ մուտք է գործում սիրելու ֆունկցիան, որը դառնում է ճանաչողության նախապայմանն ու հետևանքը: Սիրելու ֆունկցիան, քրիստոնեական աշխարհընկալման առանցքային այդ հասկացությունը պատահականորեն չի մտնում ճանաչողության ոլորտ: Այն մուտք է գործում տիեզերական հաշտության գլոբալ նպատակով, քանզի ճանաչողությունն առանց սիրո պետք է ավելի շատ տաներ մարդկանց պառակտման՝ լիովին ատոմականացնելով աշխարհը:

Սակայն տիեզերական սիրո մարմնավորումից 2000 տարի անց իրադրությունը ոչ միայն չի փոխվել, այլ ահռելի զարգացման փուլեր անցնելով և աննախադեպ ունակություններ ձեռք բերելուց հետո՝ մարդկությունը նորից ելակետային դիրքերում է, նորից անկանխատեսելի անհայտության առջև, բայց այս անգամ արդեն ազատության և անկախության դրոշների ներքո:

Ազատությունն ու անկախությունը վերջին հարյուրամյակների հիմնական քաղաքական խմորումների թթխմորն է: Ժամանակակից մարդու, ազգերի և պետությունների առանց այլևայլության, ինքնըստինքյան հասկանալի համարվող հավակնությունը ազատությունն ու անկախությունն են: Յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում ուրիշից ազատություն և անկախություն պահանջել, առանց որևէ ջանք թափելու՝ այդ  նախադրյալները բավարարել ինքնուրույն և իր ինքնության մեջ դառնալ այդպիսին: Առաջանում է աղետալի մի վիճակ: Բոլորն իրարից անկախություն են պահանջում, երբ փաստորեն գտնվում են ահռելի փոխկախվածության և փոխներգործության ոլորտում: Առաջանում են բացահայտ սեպարատիստական տենդենցներ՝ մի կողմից, և չուզենալով, ինտեգրման հարկադրված քայլեր՝ մյուս կողմից, բնականաբար ոմանց դիմակայելու հաշվենկատությամբ: Սա   արդյունք   է   ազատության   և   անկախության   գերխնդրին   անհատական հոգևոր ճանաչողական լուծում տալու, և համապատասխան մակարդակի վրա մարմնավորելու փաստի բացակայության: Այդ լուծումն անպայմանորեն ենթադրում է ամենօրյա ինտենսիվ ճանաչողություն, ինքնաճանաչողություն և սեր: Վերջինս այն մոգական ուժն է, որ պահում է մարդուն և աշխարհին անընդհատ ուղեկցող կործանարար, աղետաբեր տրոհումից: Սակայն սիրո խնդիրը ոչ թե տրոհվող աշխարհի մեխանիկական, քանակական պահպանումն  է,  այլ  դրա  որակական,  էական,  էութենական  տրանսֆորմացիան գոյող, ապրող, ստեղծագործվող աշխարհի, ուր ազատությունն արդեն օդում է՝ ներշնչվող և արտաշնչվող մթնոլորտում, ոչ թե իրավաբանական օրենքներում: Դրսից տրված օրենքները ներսից ծննդաբերող մարդն է առաքում ազատության շունչը, և ոչ թե օրենքները տառակերորեն կատարող անդեմ կամ դիմակավորված մահկանացուն կամ էլ կամայականությամբ դրանք մերժող անարխիստը:

Ծննդաբերությունն ինքնին ստեղծագործության վկայություն է: Իսկ ստեղծագործությունը հասունանում է երևակայության հղիությունից: Երևակայությունն իր հերթին սնվում է ճանաչողությունից: Ճանաչողության հիմնական դրդապատճառը ճշմարտության որոնումն է: Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը՝ վեր է ածվում ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է:

Այս ուղին բնականաբար ուղղագիծ չէ, այն անցնում է ելևէջներով, անկումներով և վերելքներով, քանզի ճշմարտությունը ունի հակառակորդ ի դեմս հակաճշմարտության, ստի:

Դա մեծ փորձությունների ուղին է, որի դիալեկտիկան էլ բերում է ճշմարտածնության: Ճշմարտությունն անհնար է պատկերացնել ստատիկ, ֆիքսված ձևով: Դա դինամիկ որակ է, որ ձգտում է ամեն կոնկրետ դեպքում անհատական բնույթ ստանալու, անհատական մարմնավորման:  Անհատապես  մարմնավորված,  ստեղծագործված  ճշմարտությունն  է ճշմարտության իրականությունը: Եվ այդ ստեղծագործումն է, որ լուծում է իրականության և կյանքի պրոբլեմը: Մեծացնում դրանց ինտենսիվությունն ու վեհությունը, իմաստն ու քաղցրությունը: Սոսկ գոյատևելու ռեժիմից մարդն անցնում է ապրելու արվեստին: Ճշմարտածնության էպիկենտրոնում կյանքը դառնում է արվեստի ստեղծագործություն: Նման դիրքորոշում և կեցվածք ունեցող մարդկանց համակեցությունն անկասկած այլ պտղատվություն է խոստանում: Ազատության մեջ ընկալող, ճանաչող և ստեղծագործող անհատների միությունը դառնում է ընկալողության, ճանաչողության և ստեղծագործության որակապես ավելի հզոր մի օրգան՝ գաղափարների մշակման և առաքման կենտրոն: Նման քայլերից է կախված ժողովրդի, հասարակության, պետականության ապագան: Նման քայլերից է կախված ՙդարվինիզմի՚ հաղթահարումը ազատ շուկայում և հասարակական կյանքում:

Նման քայլերից է կախված ազատության և անկախության կերպը ահռելի փորձությունների այս դարաշրջանում:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ընդերք-եզերք-խառնարան • հանգույց-եզրագիծ-ռուբիկոն* Արա Գուրզադյան Ընդերքի խնդիր ունենք: Հանքերի ու հանքագործության հարցեր կան: Եթե աշխարհագրությունդ չի շռայլում հանքերով, քո ընդերքում պիտի դառնաս հանքերիդ ստեղծողը: Ստեղծագործության, երևակայության և ազատության առանցքի շուրջ ենք փնտրելու մշակութային… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են…