Ռուբիկոն

Բանաստեղծություններ

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Հրաչյա Բեյլերյան

***

Մահը բնակվում է մեր ոսկրածուծերում,

Այնտեղ գիշերային աստեղ կան ուշաթափ,

Որ մեզ այլաշխարհիկ ճառագում են բերում –

Խինդ հարբած հրեշտակի ու հայհոյանք սթափ:

Լուսնոտ քարանձավում մի արծաթե չղջիկ

Լափում է կտրված կաթը լիալուսնի:

Գամվում է գիշերով շան կաղկանձը խաչին –

Թե երբ պիտի լուսինն իր լրմանը հասնի:

Գամվում է գիշերով ճռինչը ճռիկի

Ծղխնուն դարպասների, որ փակ են մնացել:

Հողի արգանդի մեջ ձեռամբ ժամանակի –

Ոսկրեր են կուտակվել ու՝ մարմիններ անցել:

***

Նվիրում եմ Լևոն Խեչոյանին

Սառույցի տակից երկինք հոսում,-

Երկնակամարը ծերացել է,-

Երկնի ձկներն են անբառ բամբասում…

Ջրիմուռները մարգարտափշով

Խոցոտեն պիտի լյարդը դեղին,

Որ էլ չզորի մահվանից խորշող

Մարմինն ընծայել ծերուկ հողին…

Թող որ հալածեն երկնի ձկները

Օղակե բառով՝ սառույցի տակ,-

Բայց մինչ հատակ են ծալվում ծնկները,

Եթե երկինքը ունի հատակ…

***

Մրջյուններն իրենց թթու քամակով

Ու տոտիկներով իրենց ջանասեր –

Մրջնաթագուհու թևավոր կամքով –

Հողեմիսն ի վար ամրոց են հյուսել:

Այս ի՞նչ «հարեմ» է պահում թագուհին:

Մրջնաղջի՛կ, ինչու՞ թափանցիկ թևեր

Ճառագեցին քո մարմնի այն պահին,

Երբ կյանքդ հողի տակ պիտի տևեր:

Եվ քո թևերը փայլաթիթեղե

Ո՞ր ասորական աստծուն ես պարզում,

Որ մասնագետ է երբևէ եղել

Կենդանաթռչնի անհեթե մարզում:

Եվ աչքերի մեջ բյուր-հազար արև –

Մրջնաթագուհին պարզեց թևերն իր,

Սուրսայր սլացքով թիռ-թռավ վերև –

Ձուլվեց երկնքին՝ կապույտ ու կարմիր:

***

Հարցմունք

Մարմաներաշտս եթե վկայ եմ,

Քո առատության պարտեզում բերրի –

Ի՞նչ անթեղների կարոտով նայեմ

Աճյունափոշուն իմ կարոտների:

Կլինի՞ պահ մի, երբ այնքան լինեմ,

Որ կանթեղներիդ լույսի դեմ կենամ,

Առաքելաբար խոհիս այպանեմ,

Քանց նորալուսին՝ ի լրում գնամ:

Կլինի՞՝ անդին վայրկյան մի հայեմ –

Քո անձրևների բավիղը մտած,

Որ արագունք են անդրենավայել

Եվ ըստ ընթացից տեսության մտաց:

Չարի ու բարու Պտղից հագենամ

Ու աստանդական Ոգու մեջ գոյեմ:

Բաշխի՛չ սերմերի, չէ՞ որ պիտո է,

Որ մե՛ր մեջ աճի պտուղը Կենաց:

***

Ջրերի մեջտեղը հաստատություն լինի,

որ ջրերը բաժանի ջրերից:

/ծննդ., գլ. Ա, 6/

Գունաբանում ենք, – և մենք ենք վկա,-

Այն, ինչ գույն չուներ ու լույս էր մաքուր,

Եվ անվանում ենք գուներանգ հագած

Վաղանցիկ-սլկուն ընթացքը հոգու:

Նյութաբերված է ուշաթափ մի կավ,

Որ դարձյալ դեղին գույն է գուշակում,

Այնինչ գերագույն պահ մի կա, հարկավ,

Պտղաջրերի գոլ հիշատակում: –

Եվ գուցե հանգավ, հենց այնպես հանգավ

Պահն այդ՝ արարման թարթումի խորքում,

Ինչպես խարույկը՝ թվացյալ-հանգած –

Անթեղի ներսում մտնում է խոր քուն…

Պտղաջրեր է պտղել քրտինքս

Եվ սյուք է ճակտիս վրա սերմանել.

Նախարարական ջրերից ի՛նքս

Բազում մարմիններ զորու եմ հանել,

Գոյակերտումի կիրքը փարատել,

Քանց հապավումը մեր հիշողության,

Եվ հետո վերջին հայացք մի նետել

Պտղաջրերին Հավիտենության…

***

Անհուշ քո խեցուն հպվել է մի ձուկ.

Անմեկնելի է բառն ու թափանցիկ:

Պահն է տրոփել ընդերքում անձուկ,

Սևեռակվել է փայլը հպանցիկ:

Այլևս ի՞նչ է այստեղ հարկավոր.

Վարդն է արթնացել արյանդ ներսում,

Ու լողակավոր, ու թեփուկավոր

Լռությունների վտառն է հոսում…

Օ~, մնջությունդ բուստեր է սերում

Ու խեցիներ է հղանում բառի:

Ձկնահպումից՝ խեցեփեղկերում

Մահն է զրնգուն, որպես մարգարիտ:

Կարդալ նաև

Գրականություն Վերջին լուսանկարը («Սեմեր» վեպից) Գրիգոր Պըլտեան Չեմ գիտեր ի՞նչ պատահեցաւ, տարիներ ետք, օր մը, բայց ե՞րբ էր իսկապէս, ելեր էի դուրս, լուսանկարները մնացեր էին բաց, լոյսին ու փոշիին, այդպես եղած էր միշտ, երբ միասին էինք, դրած էինք տան պատերուն, գնդասեղով մը ամրացուցեր էինք, դիտեր, մոռցեր էինք… Գրականություն Ի խոյզ ստեղծանող տրցակի Գրիգոր Հակոբյան Սոյն գրութիւնն ընդամէնը Գրիգոր Պըլտեանի «Սեմերի» ընթերցումի սկզբնադիր ուրուագիրն է: Այս երկի բազմապարունակութիւնըներբնագրային եւ արտաբնագրային զուգորդութիւններում առկայում է ինչպես իմաստային յոգնակիութիւն` բնագրում ձգուելով, անդրափոխարկուելով… Գրականություն Ասույթներ Գյոթե «Զարմանահրաշն այն է, որ մեր համոզմունքների լավագույն մասը անհնար է բառերով ընդգրկել: Լեզուն հարմարեցված չէ ամեն բանի, և հաճախ մենք բնավ չգիտենք` ի վերջո տեսնո՞ւմ, հայո՞ւմ, մտածո՞ւմ, հիշո՞ւմ, երևակայո՞ւմ թե հավատո՞ւմ ենք մենք»: «Մենք պետք է սովորենք…