Ռուբիկոն

Ասույթներ

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Գյոթե

«Զարմանահրաշն այն է, որ մեր համոզմունքների լավագույն մասը անհնար է բառերով ընդգրկել: Լեզուն հարմարեցված չէ ամեն բանի, և հաճախ մենք բնավ չգիտենք` ի վերջո տեսնո՞ւմ, հայո՞ւմ, մտածո՞ւմ, հիշո՞ւմ, երևակայո՞ւմ թե հավատո՞ւմ ենք մենք»:

«Մենք պետք է սովորենք գիտակցել, որ այն, ինչ տեսնում ու ճանաչում ենք պարզագույնում, պիտի ենթադրենք ու հավատանք համադրվածում (բարդում):

Քանզի պարզը թաքնված է բազմակերպում, և այդտեղ է, որ հավատն է հայտնվում ինձնում` ամենայն իմացության ոչ թե սկիզբը, այլ վերջը:

«Անհատականությունը պետք է ինքն իրեն արտահայտի, ոչ ոք չի գալիս նրան օգնելու»:

«Տեղի ունեցող ամեն բան սիմվոլ է, և երբ այն կատարյալ է ներկայանում, մատնանշում է մնացյալը»:

«Ինչպես զգացմունքի, այնպես էլ բանականության, ինչպես ներքին փորձի, այնպես էլ մտորումի կարևորագույն ասպեկտների հետ պետք է գործ ունենալ միայն բանավոր: Արտաբերված բառն անմիջապես մեռնում է, եթե չի կենդանացվում դրան հաջորդող, լսողին համապատասխանող բանով: Վերցնենք թեկուզ միայն առօրեական զրույցը: Նույնիսկ եթե բառը դեռ մեռած չի հասնում զրուցակցին, ապա նա անմիջապես սպանում է այն` առարկելով, որոշարկելով, պայմանավորելով, շեղելով, ցատկելով և զրույցի հազարավոր այլ վատ սովորույթներով: Գրավոր խոսքի դեպքում է՛լ ավելի վատ: Ոչ ոք իրեն արդեն իսկ սովորական դարձածից բացի ուրիշ ոչինչ չի կարողանում կարդալ. ծանոթն ու սովորականը նա ցանկանում է, որ փոփոխված ձևով հրամցնեն: Սակայն գրի առնվածի առավելությունն այն է, որ սա տևական է և կարող է սպասել այն ժամանակին, երբ նրա ներգործումը ընդունելի կդառնա»:

«Բանավոր արտահայտվածը պետք է նվիրված լինի ներկային, այս պահին, իսկ գրի առնվածը նվիրվում է հեռուին, հետագային»:

«Յուրաքանչյուր հարյուրամյակ ունի իր ծամածռությունը»:

Բավական չէ իմանալ, պետք է նաև կիրառել. բավական չէ կամենալ, պետք է նաև անել:

Մարդ երբեք չի խաբվում, նա ինքն է խաբում իրեն: Տարիների հետ մեծանում են փորձությունները:

Բոլոր օրենքները ծերերից և այրերից են: Երիտասարդներն ու կանայք ուզում են բացառություն, ծերերը` կանոն:

Չարժեր յոթանասուն տարեկան դառնալ, եթե աշխարհի ողջ իմաստությունը հիմարություն լիներ Աստծո առաջ:

Ի՞նչն է մաթեմատիկայում ճշգրիտ, եթե ոչ ճշգրտությունը: Իսկ այդ վերջինը, մի՞թե հետևանք չէ ճշմարտության ներքին զգացումի:

Նոր ճշմարտության համար չկա ավելի վնասակար բան, քան հին մոլորությունը:

Քարերը համր ուսուցիչներ են, նրանք լռեցնում են դիտողին, և լավագույնը, ինչ սովորում ես նրանցից, հնարավոր չէ հաղորդել:

Եթե ոմանք իրենց պարտավոր չզգային կրկնելու ոչ ճշմարիտը սոսկ այն պատճառով, որ մեկ անգամ արդեն ասել են այն, մարդիկ բոլորովին այլ կլինեին:

Արտասանած յուրաքանչյուր բառ հակաճառություն է առաջացնում:

Ով երկար խոսում է ուրիշների առջև առանց ունկնդիրներին շողոքորթելու, նրանց մեջ տհաճություն է առաջացնում:

Ոչ ոք շատ չէր խոսի հասարակության մեջ, եթե գիտակցեր, թե որքան հաճախ է ինքը ուրիշներին թյուր հասկանում:

Ճշմարիտը աստվածանման է. այն չի ներկայանում անմիջականորեն, մենք պետք է կռահենք այն իր դրսևորումներից:

Ճշմարիտը առաջ է մղում. մոլորությունից ոչինչ չի ծագում, այն լոկ շփոթեցնում է մեզ:

Մեծագույն սխալ է երևակայել, թե ավելին ես, քան կաս, և գնահատել ինքդ քեզ ավելի ցածր, քան արժես:

Մենք թույլ ենք տալիս, որ ի ցույց դնեն մեր թերությունները, դրանց համար պատրաստ ենք պատիժ ընդունել, հանուն թերությունների համբերատար շատ ու շատ բաներ ենք տանում, սակայն համբերությունը լքում է մեզ, հենց որ գործը հասնում է դրանցից հրաժարվելուն:

Կրքերը նույն թերություններն ու առաքինություններն են, միայն թե սաստկացած:

Բարեպաշտությունը նպատակ չէ, այլ սոսկ միջոց` շնորհիվ հոգու կատարյալ խաղաղության հասնելու բարձրագույն կուլտուրայի:

«Ես հավատում եմ Աստծուն»: Ի~նչ գեղեցիկ, գովելի խոսքեր… Սակայն ճանաչել Աստծուն, որտեղ և ինչպես էլ որ նա բացահայտի իրեն, սա է ի վերջո երկրային երանությունը:

Մեր կրքերը իսկական փյունիկներ են: Բավական է, որ հինը այրվի, իսկույն ևեթ նորը հառնում է մոխրից:

Վարքը հայելի է, որում ամեն ոք իր պատկերն է ցուցադրում:

Որքան մոտենում ես նպատակին, այնքան ավելի են աճում դժվարություննրը:

Ցանելն այնքան դժվար չէ, որքան քաղելը:

Ասում են, երկու հակադիր կարծիքների միջև ընկած է ճշմարտությունը: Բնա՛վ: Պրոբլեմն է դրանց միջև, անակնհայտը, հավերժ գործուն կյանքը` խաղաղ մտորված:

Պետք է վանել Գեղեցիկն ու Ոգին, եթե չես ուզում նրանց ծառան դառնալ:

Կամավոր կախումը լավագույն վիճակն է, և ինչպե~ս այն հնարավոր կլիներ առանց սիրո:

Արվեստը գործ ունի դժվարի ու բարու հետ: Իմաստությունը միայն ճշմարտության մեջ է:

Ամենաչնչին մազն անգամ ստվեր է գցում:

Մոլորությունը լավ է, քանի դեռ ջահել ես. միայն թե պետք չէ այն քարշ տալ հետդ դեպի ծերություն:

Կեղծ ուսմունքը չի հերքվում, քանզի հիմնվում է այն համոզմունքի վրա, որ կեղծը` ճիշտ է: Սակայն հակառակը հնարավոր է, կարելի է, պետք է պնդել կրկին ու կրկին:

Ոչնչով չպայմանավորված գործունեությունը, ինչ կարգի էլ որ լինի, ի վերջո սնանկության է բերում:

Չի կարելի և հնարավոր չէ բացել կյանքի ուղիների գաղտնիքները. կան գայթակղության քարեր, որոնց դիպչելու է յուրաքանչյուր ճամփորդի ոտքը: Սակայն բանաստեղծը մատնանշում է դրանց տեղը:

Ուրիշի մեծ արժանիքներից փրկվելու միակ միջոցը սերն է:

Չկա ավելի մեծ ստրկություն, քան ինքդ քեզ ազատ համարելը, առանց այդպիսին լինելու:

Կա սրտի քաղաքավարություն. այն սիրուն է հանգույն: Այստեղից է բխում արտաքին վարքի ամենահարմար քաղաքավարությունը:

Գեղեցիկն աշխարհում հաճախ մեկուսացված է, և ոգին է, որ պիտի բացահայտի կապերը և դրա շնորհիվ արվեստի գործեր ստեղծի:

Երբ սխալվում եմ, յուրաքանչյուրը կարող է նկատել դա, երբ ստում եմ` ոչ:

Ով չի տեսնում, թե ինչ գործնական դյուրացում է բերում ճշմարտությունը, միշտ պատրաստ է ծաղրել և հայհոյել այն, միայն թե ինչ-որ չափով արդարացնի իր անհեթեթ ու տանջալի գործունեությունը:

Թվում է, որոշ գրքեր գրվում են ոչ թե այն նպատակով, որ մարդիկ դրանցից որևէ բան սովորեն, այլ որպեսզի ցույց տրվի, որ հեղինակը մի բան գիտի:

Մարդիկ հեշտ չեն ճանաչում իրար, անգամ եթե առկա է բարի կամքն ու մտադրությունը. իսկույն միանում է չար կամքը և ամեն ինչ տակնուվրա անում:

Ով չգիտի օտար լեզուներ` ոչինչ չգիտի իր սեփականի մասին:

Յուրաքանչյուրն իր խառնվածքում ունի այնպիսի մի բան, որ եթե բացեիբաց արտահայտի, անխուսափելիորեն անբավականություն կառաջացնի:

Երբ մարդը խորհում է իր ֆիզիկականի կամ բարոյականի մասին, նա իրեն սովորաբար հիվանդ է գտնում:

Բնությունը լռում է լլկանքի ժամին. նրա ճշմարիտ պատասխանը շիտակ հարցին` այո՛, այո՛, ո՛չ, ո՛չ: Մնացյալը` չարից է:

Ով խուսափում է գաղափարից, վերջիվերջո նաև հասկացությունից է զրկվում:

Անգամ կեղտն է փայլում, երբ շողշողում է արևը:

Մարդը պետք է համառորեն հավատա, որ անըմբռնելին ըմբռնելի է. այլապես նա ոչինչ չի հետազոտի:

Կարդալ նաև

Գրականություն Բանաստեղծություններ Գագիկ Կիլիկյան «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերան մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեւանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»: «Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ, եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան եւ ծնան իւրեաց որդիս: Նոքա… Գրականություն Ի խոյզ ստեղծանող տրցակի Գրիգոր Հակոբյան Սոյն գրութիւնն ընդամէնը Գրիգոր Պըլտեանի «Սեմերի» ընթերցումի սկզբնադիր ուրուագիրն է: Այս երկի բազմապարունակութիւնըներբնագրային եւ արտաբնագրային զուգորդութիւններում առկայում է ինչպես իմաստային յոգնակիութիւն` բնագրում ձգուելով, անդրափոխարկուելով… Գրականություն Վերջին լուսանկարը («Սեմեր» վեպից) Գրիգոր Պըլտեան Չեմ գիտեր ի՞նչ պատահեցաւ, տարիներ ետք, օր մը, բայց ե՞րբ էր իսկապէս, ելեր էի դուրս, լուսանկարները մնացեր էին բաց, լոյսին ու փոշիին, այդպես եղած էր միշտ, երբ միասին էինք, դրած էինք տան պատերուն, գնդասեղով մը ամրացուցեր էինք, դիտեր, մոռցեր էինք…