Ռուբիկոն

Ասույթներ

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Բնության հետազոտման մեջ կատեգորիկ իմպերատիվը նույնքան անհրաժեշտ է, որքան և բարոյականում: Միայն թե պետք է հաշվի առնել, որ դրանով մենք գտնվում ենք ոչ թե վերջում, այլ միայն սկզբում:

Եթե կարող ես կարդալ, ապա պետք է և հասկանաս. եթե կարող ես գրել, պարտավոր ես նաև որևէ բան իմանալ. ունակ ես հավատալու, պետք է ըմբռնես; եթե տենչում ես, քեզ պարտական կզգաս. թե պահանջում` ոչնչի չես հասնի, իսկ եթե փորձառու ես, պետք է օգուտ բերես:

Ով բավարարվում է զուտ փորձով և դրան համեմատ գործում, նա լավ է ըմբռնել ճշմարտությունը: Այդ առումով աճող երեխան իմաստուն է:

Տեսությունն իբրև այդպիսին օգտակար է սոսկ այն իմաստով, որ դրդում է մեզ հավատալու երևույթների փոխկապակցությանը:

Շատ բնագիտական պրոբլեմների մասին հնարավոր չէ պատշաճ կերպով խոսել առանց դիմելու մետաֆիզիկայի օգնությանը: Սակայն ոչ թե այն դպրոցական, բառային իմաստության, այլ նրա, որ եղել է, կա և կլինի` ֆիզիկայից առաջ, ֆիզիկայի հետ և ֆիզիկայից հետո:

Հեղինակությունը` այն, ինչ մեկ անգամ արդեն եղել, ասվել կամ վճռվել է, չափազանց արժեքավոր է. բայց միայն պեդանտն է ամենուր հեղինակություն պահանջում:

Հին հիմքը հարգանք է ներշնչում, սակայն պետք չէ հրաժարվել որևէ տեղ նոր հիմք գցելու իրավունքից:

Համառի՛ր, որտեղ կանգնած ես: – Այս ասույթը հիմա առավել անհրաժեշտ է, քան երբևէ, քանի որ մի կողմից մարդիկ պառակտվում են մեծ կուսակցությունների, իսկ մյուս կողմից ամեն ոք ձգտում է իր անհատական հայեցակետի և կարողությունների մեջ հաստատվել:

Միշտ ավելի լավ է շիտակ ասել այն, ինչ մտածում ես, առանց երկար ու բարակ ապացույցների, քանզի մեր առաջ քաշած բոլոր ապացույցները սոսկ վարիացիաներն են մեր կարծիքների, իսկ հակառակորդները չեն լսում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:

Խաղաղ բռնությունը երկու տեսակ է լինում. իրավունք և պատշաճություն:

Վերացականը մարդու դատողությունը ավելի մատ- չելի է դառնում կիրառության շնորհիվ. այսպես, գործունեության և դիտարկման միջոցով այն հասնում է վերացականին:

Մենք չենք կարող պատկերացնել գոյացումն այն բանի, ինչ այլևս չի գոյանում. իսկ արդեն գոյացածը չենք հասկանում:

Կա միայն երկու ճշմարիտ կրոն` մեկը ճանաչում և երկրպագում է այն սրբազանը, որ, բոլորովին անկերպ, կենում է մեր մեջ և մեր շուրջը. մյուսը` դավանում նրան ամենագեղեցիկ ձևի մեջ: Այն, ինչ ընկած է այս երկուսի միջև, կռապաշտություն է:

Շատ բաների մասին ես լռում եմ, քանի որ չեմ ուզում շփոթեցնել մարդկանց, և գոհ եմ լինում, եթե նրանք ուրախանում են այնտեղ, որտեղ ես զայրանում եմ:

Եթե մարդ պետք է անի այն ամենը, ինչ պահանջվում է իրենից, ապա պետք է իր մասին ավելին կարծի, քան կա իրականում:

Բարձրագույնը կլիներ` հասկանալ, որ ամենայն փաստականը արդեն տեսություն է: Երկնքի կապույ- տը բացահայտում է մեզ քրոմատիկայի հիմնական օրենքը: Միայն թե պետք չէ որոնել որևէ բան ֆենոմենների ետևում. դրանք արդեն իրենք ուսմունք են:

Սնահավատությունը հատուկ է մարդ էակին, իսկ եթե մտադիր ես վանել այն, փախչում-թաքնվում է ամենահեռավոր ծակուծուկը, որպեսզի հետո, բավական է իրեն շատ թե քիչ ապահով զգա, անմիջապես դուրս պրծնի այնտեղից:

Շատ բաներ մենք ավելի լավ կիմանայինք, եթե չձգտեինք այդքան ստույգ ճանաչել: Չէ որ առարկան ըմբռնելի է դառնում մեզ միայն քառասունհինգ աստիճան անկյան տակ:

Զննելիս, ինչպես նաև գործելիս, հարկավոր է տարբերել մատչելին անմատչելիից, այլապես թե՛ կյանքում և թե՛ ճանաչողության մեջ շատ հեռու չես գնա:

Համաբանություններով մտածելը նախատելի չէ: Համաբանությունը այն առավելությունն ունի, որ չի եզրափակում, չի հավակնում վերջնականի. դրան հակառակ, ինդուկցիան կործանարար է, քանի որ աչքի առաջ ունենալով նպատակը, եռանդով ձգտում է դեպի այն` հետը տանելով և՛ ճշմարիտը, և՛ կեղծը:

Ես անիծում եմ նրանց, ովքեր մոլորությունից իրենց սեփական աշխարհն են ստեղծում և դեռ շարունակ պահանջում, որ մարդս օգտակար լինի:

Գրականությունը ֆրագմենտների ֆրագմենտն է. գրի է առնվում չնչին մասն այն ամենի, ինչ եղել և ասվել է. գրվածից նվազագույնն է մնում:

Պարզը` բարդի, հեշտը` դժվարի միջոցով բացատրելու ցանկությունը իսկական չարիք է, որ տիրել է գիտության ողջ մարմնին և ինչը խելամիտ մարդիկ թեև գիտակցում, սակայն միշտ չէ, որ խոստովանում են:

Մաթեմատիկոսն այնքանով է կատարյալ, որքանով կատարյալ մարդ է, որքանով զգում է իր մեջ ճշմարիտի գեղեցկությունը. այդ դեպքում միայն նա կգործի հիմնավոր, խորաթափանց, զգուշավոր, հստակ, պարզ, գրավիչ և անգամ նրբագեղ կերպով: Միայն այս ամենի շնորհիվ կարելի է նմանվել Լագրանժին:

Մաթեմատիկան ընդունակ չէ նախապաշարմունք վերացնելու, չի կարող սաստել կամակորությանը, մեղմել կուսակցականության ոգին. բարոյականի ոլորտում նա անզոր է:

Ոչ թե լեզուն է ինքնին ճշգրիտ, ճարտար, նրբագեղ, այլ այն ոգին, որ մարմնավորվում է դրանում. և ոչ մեկից կախված չի` ուզում է նա իր հաշվումները, ճառերն ու բանաստեղծություններն օժտել այդ ցանկալի հատկություններով: Հարցն այն է` շնորհե՞լ է նրան արդյոք բնությունը դրա համար անհրաժեշտ հոգևոր ու բարոյական հատկանիշներ: Հոգևոր` հայելու և ներթափանցելու ունակություն, բարոյական` որպեսզի վանի չարակամ դեմոններին, որոնք նրան խանգարում են պատիվ մատուցելու ճշմարտությանը:

Մեծամասնությունից ավելի նողկալի բան չկա. այն կազմված է սակավ ուժեղներից, որոնք առջևից են գնում, հարմարվող խաբեբաներից, թույլերից, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, և ամբոխից, որը պոչից քարշ է գալիս, չնչին իսկ չափով չգիտենալով, թե ուզածն ինչ է:

Ամեն մարդ պետք է յուրովի մտածի. իր սեփական ուղու վրա նա գտնում է ճշմարտությունը կամ գոնե նման մի բան, որն օգնում է նրան կյանքի ողջ ընթացքում: Սակայն նա չպետք է տարերայինին տրվի, նա պետք է հսկի իրեն. մերկ բնազդը վայել չէ մարդուն:

Ինչ մենք հորինում և ձեռնարկում ենք, պետք է արդեն այնքան մաքուր ու գեղեցիկ լինի, որ իրականությունը կարողանար միայն աղճատել այն:

Բայց մեզ այդ դեպքում մի առավելություն կմնար` շտկել տեղաշարժածը և վերականգնել ավերվածը:

Մոլորությունները, կիսամոլորությունները, քառորդ չափով մոլորությունները հնարավոր է ուղղել միայն մեծ ջանքերով ու դժվարությամբ` մաղելով կեղծը և դնելով ճշմարտությունը իրեն պատշաճ տեղը:

Միշտ չէ անհրաժեշտ, որ ճշմարտությունը մարմնավորվի, բավական է և այն, եթե նա, ասես մի ոգի, ճախրում է մեր շուրջը և համերաշխություն հաստատում, եթե զանգերի ղողանջների պես լուրջուզվարթ երերում է օդում:

Միայն խելացի ու գործունյա մարդիկ, որոնք գիտեն իրենց ուժերը և չափավոր ու մտածված են բանեցնում դրանք, շատ բանի կհասնեն կյանքում:

Արվեստի արժանիքը, հավանաբար, ամենից ակներև է երաժշտության մեջ, քանի որ վերջինս չունի առարկա, որը մենք հարկադրված ենք հաշվի առնել:

Այն իր ողջ էությամբ ձև ու բովանդակություն է, և վեհացնում ու ազնվացնում է այն ամենը, ինչ արտահայտում է:

Կարդալ նաև

Գրականություն Բանաստեղծություններ Գագիկ Կիլիկյան «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերան մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեւանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»: «Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ, եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան եւ ծնան իւրեաց որդիս: Նոքա… Գրականություն Ի խոյզ ստեղծանող տրցակի Գրիգոր Հակոբյան Սոյն գրութիւնն ընդամէնը Գրիգոր Պըլտեանի «Սեմերի» ընթերցումի սկզբնադիր ուրուագիրն է: Այս երկի բազմապարունակութիւնըներբնագրային եւ արտաբնագրային զուգորդութիւններում առկայում է ինչպես իմաստային յոգնակիութիւն` բնագրում ձգուելով, անդրափոխարկուելով… Գրականություն Վերջին լուսանկարը («Սեմեր» վեպից) Գրիգոր Պըլտեան Չեմ գիտեր ի՞նչ պատահեցաւ, տարիներ ետք, օր մը, բայց ե՞րբ էր իսկապէս, ելեր էի դուրս, լուսանկարները մնացեր էին բաց, լոյսին ու փոշիին, այդպես եղած էր միշտ, երբ միասին էինք, դրած էինք տան պատերուն, գնդասեղով մը ամրացուցեր էինք, դիտեր, մոռցեր էինք…