Ասույթներ
Յուրահատկությունը յուրահատկություն է ծնում: Կատարված պարտքը միշտ էլ մեղավորության զգացում է ծնում, քանի որ երբեք չես կարող լիապես գոհանալ քեզնով:
Մարդս ճանաչողության մեջ չի բավարարվում լոկ մերձակայով, և դա նրա բնածին, իր էությանը խորապես ներհյուսված հատկությունն է: Բայց չէ որ յուրաքանչյուր երևույթ, որը մենք ինքներս ենք դիտել, մի պահ ամենամոտն է մեզ, և մենք, եթե ուժգին թափանցենք նրա խորքերը, կարող ենք պահանջել, որ նա ինքը բացատրի իրեն:
Գիտության պատմությունը մի մեծ ֆուգա է, որում հաջորդաբար հանդես են գալիս ազգերի ձայները:
Կա մի նուրբ էմպիրիկ ճանաչողություն, որը սերտորեն նույնանում է առարկայի հետ և դրա շնորհիվ տեսություն դառնում: Սակայն հոգևոր կարողության այսպիսի զորեղացումը հնարավոր է միայն բարեկիրթ դարաշրջաններում:
Կան պեդանտներ, որոնք նաև խաբեբաներ են և դրանք վատթարագույնն են:
Գիտություններում ստույգ շատ բան կա, եթե միայն թույլ չտաս, որ բացառությունները մոլորեցնեն մեզ, և եթե իմանաս հարգել պրոբլեմները:
Եթե ես, հայտնաբերելով նախաֆենոմենը, ի վերջո հանգստանում եմ, ապա դա նույնպես հրաժարում է. սակայն մեծ տարբերություն կա` հրաժարվում եմ հասնելով մարդկության սահմաններին, թե մնալով իմ սահմանափակ անհատականության հիպոթետիկ շրջանակում:
Վարկածները օրորոցայիններ են, որոնցով ուսուցիչը քնեցնում է իր իր աշակերտներին. մտածող, բարեխիղճ դիտողը ձգտում է ավելի ու ավելի ճանաչել իր սահմանափակվածությունը, նա տեսնում է` որքան հեռու է հասնում իմացությունը, այնքան ավելի շատ են պրոբլեմներ ի հայտ գալիս:
Մեր սխալն այն է, որ մենք կասկածում ենք ստույգին և ցանկանում ենք ֆիքսել ոչ ստույգը: Բնության հետազոտման իմ սկզբունքն է` ամրագրել ստույգը և ուշի ուշով հետևել ոչ ստույգին:
Թույլատրելի ես համարում այն վարկածը, որը խորամանկաբար առաջ են քաշում, որպեսզի լուրջ և խիստ բնությանը հնարավորություն տրվի հերքելու իրենց:
Ինչպես կարող է նա իր գործի վարպետ համարվել, եթե ոչ մի անօգուտ բան չի սովորեցնում …
Մեծագույն հիմարությունն այն է, որ ամեն ոք կարծելով, թե մի բան է իմացել, իրեն հարկադրված է համարում գիտցածն ուրիշներին ավանդել:
Կեղծը այն առավելությունն ունի, որ դրա մասին կա- րելի է անվերջ շաղակրատել. ճշմարիտը պետք է անմիջապես օգտագործվի, այլապես գոյություն չունի:
Գերմանացիները, և ոչ միայն նրանք, օժտված են գիտությունները անմատչելի դարձնելու ձիրքով:
Մտածող մարդը մի տարօրինակ հատկություն ունի. այնտեղ, ուր անլուծելի պրոբլեմ կա, նա սիրով մի ֆանտաստիկ բան կհորինի, որից այնուհետև չի կարող ազատվել, անգամ երբ պրոբլեմը լուծված է և ճշմարտությունն ի հայտ է եկել:
Բնությունը զննելիս ես միշտ հարց եմ տվել. ո՞վ է արտահայտվում այստեղ` առարկան, թե դու ինքդ:
Այդ նույն իմաստով ես զննել եմ նաև նախորդներիս և աշխատակիցներիս:
Անհրաժեշտ է ոգու յուրահատուկ մի շրջում անկերպ իրականությունը իր բուն տեսակի մեջ ըմբռնելու համար և տարբերելու այն գլխածին պատրանքներից, որոնք ևս որոշակի մի իրականությամբ աշխույժ կերպով աչքի են զարնում:
Այն, ինչ հատուկ է քեզ, դրանից, միևնույն է չես ազատվի, եթե նույնիսկ դեն նետես այն:
Գերմաներենից թարգմանությունը`
Սերգեյ Խաչիկօղլյանի