Եղիշե Չարենց
Ձերբակալվածի անկետա
- Ազգանուն — Չարենց
- Անուն, հայրանուն — Եղիշե Աբգարի
- Ծննդյան թվականը, թիվը… ամիսը — 1897 թիվ
- Ծննդավայրը— Կարս
- Բնակության վայրը (հասցեն) — Երևան, Սունդուկյան, 6
- Զբաղմունքը, մասնագիտությունը – գրող
- Ծառայության վայրը և պարտականությունը կամ զբաղմունքի ձևը — չի ծառայում
- Անձնագիրը — <ոչինչ նշված չէ>
- Սոցիալական ծագումը — մանր բուրժուական ընտանիք
- Սոցիալական դրությունը — ծառայող,
ա) մինչև հեղափոխությունը <ոչինչ նշված չէ>,
բ) հեղափոխությունից հետո — ծառայող
- Կրթությունը (ընդհանուր, մասնագիտական) — միջնակարգ
- Կուսակցականությունը (նախկինում և հիմա) — անկուսակցական
- Ագգությունը և քաղաքացիությունը (հպատակությունը) — Հայկական ԽՍՀ
- Պահեստի զինվորական հաշվառման կարգը և որտե՞ղ է գտնվում հաշվառման մեջ — Երևանի զինվորական հաշվառման կետ, կարգ 6
- Ծառայությունը սպիտակ կամ այլ հակահեղափոխական բանակներում, մասնակցությունը զինված խմբերին և Խորհրդային իշխանության դեմ ապստամբություններին (ե՞րբ և որպես ի՞նչ) — չեմ ծառայել
- Ի՞նչ հալածանքների է ենթարկվել, խորհրդային իշխանության ժամանակ, դատվածություն, ձերբակալություն և այլն (ե՞րբ, ի՞նչ օրգանների կողմից և ինչի՞ համար) — 1926 թվականին ձերբակալվել եմ
- Ընտանիքի կազմը — կինս՝ Զաբելլա, 27 տարեկան, դուստրերս՝ Արփենիկ, 5 տարեկան, Անահիտ, 2 տարեկան
Ձերբակալվածի ստորագրությունը՝ Չարենց
- Արտաքին հատուկ նշաները —
- Ո՞ւմ կողմից և ե՞րբ է ձերբակալվել — Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ-ի 4-րդ բաժնի կողմից 27/711, 37թ.
- Որտե՞ղ է կալանավորված — Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ-ի ներքին բանտ
- Հատուկ նշումներ —
- Անկետան լրացնող աշխատակցի ստորագրություն
27/711. 1937 թ.
Ծանոթագրություն — Անկետան լրացվում է հստակ և ընթեռնելի՝ ձերբակալվածի խոսքերից, ստուգվում է փաստաթղթերով։
Ոչ մեկի հետ ես չեմ հաղորդակցվում։ Ես ոչ ոք չունեմ, ես միայնակ մարդ եմ.
1935
Հարց. Հետաքննությունը պարզել է, որ Ձեր երկերում Դուք անց եք կացրել Ձեր հակահեղափոխական, նացիոնալիստական հայացքները։ Դրանում Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։
Պատասխան. Դրանում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։
Հարց. Ձեր «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Պատգամ» բանաստեղծության մեջ ակրոստիքոսով Դուք անց եք կացրել հետևյալ բովանդակության հակահեղափոխական, նացիոնալիստական լոզունգը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Ընդունո՞ւմ եք, որ այդ լոզունգը հակահեղափոխական, դաշնակցական է։
Պատասխան. Ընդունում եմ, որ իմ «Գիրք ճանապարհի»-ում, հրատարակված 1934 թ., «Պատգամ» բանաստեղծության մեջ երկրորդ տառերի ակրոստիքոսով ես գրել եմ, «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Բայց ես ամենևին դա չեմ համարում հակահեղափոխական, դաշնակցական լոզունգ, որովհետև ես նկատի ունեմ ժողովուրդ հասկացությունը՝ սկզբունքորեն տարբեր ազգ տերմինից, որը կիրառում են դաշնակցականները։
Այդ բանաստեղծությունը գրված է 1933 թվականին, երբ դրությունը Հայաստանի լեռնային շրջաններում, ինչպես հայտնի է, աղետալի էր, ինչն էլ իմ գրքի որոշ տեղերում, մասնավորապես այդ լոզունգում, օբյեկտիվ նախադրյալ է հանդիսացել իմ որոշ հոռետեսական տրամադրությունների համար։
Հարց. Ումի՞ց էիք Դուք պատրաստվում փրկել հայ ժողովրդին։
Պատասխան. Այն ղեկավարներից, որոնք Հայաստանի վերը նշված դրության մեղավորներն են։
1936
Երբ գրում եմ ընդհանուր հարցերի մասին, ես ներշնչվում եմ, իսկ երբ գրում եմ Հայաստանի մասին՝ ինձ հոռետեսությունն է պաշարում։ Պետք է թքել և հեռանալ։
1935
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐ ԵՂԻՇԵ ՁԱՐԵՆՑԻՑ
ԱՂԵՐՍԱՆՔ
Այսօր ես բախտ ունեցա ներկայանալու Գլխավոր դատարանին ինձ վաղաժամ կալանքից ազատ արձակելու գործով, որ հարուցված էր Բաշխիչ հանձնաժողովի կողմից, և խորը գոհունակությամբ լսեցի Գլխավոր դատարանի որոշումը՝ ինձ ԻԲՐԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ՝ ուղարկել որևէ հոգեկան հիվանդանոց բուժվելու։ Ընկեր Հանրապետական Դատախազ!։ Խորին շնորհակալություն! Խորապես զգացված եմ այն միանգամայն մարդկային վերաբերմունքից, որ ցույց է տալիս դեպի նվաստս խորհրդային արդարադատությունը! Զարմանալի արդարադատություն։ Պատմության մեջ չտեսնված! Միայն ես չեմ հասկանում, թե ինչու ի փառս այդ արդարադատության տոնակատարություն ու երթեր չի կատարում համայն մարդկությունը։ Ախ, հիմար, տխմար մարդկություն! Այդ մարդկության գլուխը հարկավոր է կտրել։ Ցավում եմ, որ նա մի գլուխ չունի, որպեսզի հնարավոր լինի այդ նզովյալ գլուխը մի անգամից կտրել! Եվ հետո խնդրում եմ հարգեք իմ այս փոքրիկ խնդիրքը.— Ազատեցեք ինձ հոգեկան հիվանդների հիվանդանոցից։ Ես ոչ միայն երեք, այլ 103 տարի համաձայն եմ նստել թեկուզ ցարական կատորգայում, միայն ազատեցեք ինձ ձեր մեծահոգությունից։ Եվ ընդունեցեք իմ խորին շնորհակալությունը ձեր զարմանալի հումանիտար արդարադատության համար։
Կալանավոր ԵՂԻՇԵ ՉԱՐԵնՑ 18. I. 1927թ.
Երևան— Ուղղիչ տուն
Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ։ Առանց Ձեր ազնիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն։ Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը։ Չէ՞ որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է։ Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ։ Դուք դա ինձանից լավ եք հասկանում։ Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի և գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ։ Եվ կրկին, վերջին անգամ, աղաչում եմ. օգնեցեք ինձ։
ՉԱՐԵՆՑ
1933
15/111
Ես շատ եմ մտածել Լերմոնտովի «Դևի» մասին։— Ի՞նչ սիմբոլ է այդ։ — Չէ՞ արդյոք այդ ռուս-թաթարական ժխտողական հանճարի պատկերը… Եվ չէ՞ արդյոք այդ «Դևը» նախահայրը ռուսական նիհիլիզմի… Հետաքրքի՜ր կոնցեպցիա… Ըստ այս կոնցեպցիայի— «Դևի» հետևողները ռուսական և համամարդկային պատմության և կուլտուրայի <հորինած> ոչ այլ ոք են, քան… Չերնիշևսկուց սկսած— մինչև… Լենինը… Ո՞վ չի արդյոք կրել «Դևի» հոգևոր կերպարանքի հզոր ազդեցությունն իր վրա ռուսական պատմության մեջ. այն ամենը, որ բուն ռուսական է, և, որպես այդպիսին, միանգամայն ինքնուրույն։— Այսպիսով, Լերմոնտովի «Դևը» դառնում է նախահայրը այն ամենի, որ ռուս ժողովուրդը մուծել է կամ փորձում է մուծել համամարդկային պատմության մեջ։ — Եվ նրա լավագույն աշակերտներն են հանդիսանում — Չերնիշևսկին. Պիսարևը, Շչեդրինը, Դոստոևսկին, Տոլստոյը. Լենինը, Նիկոլայ Մորոզովը… Մանավանդ վերջինս, որ հերքում է ամբողջ մարդկության պատմությունը!… Իսկապես որ « Դևը » ոչ այլ ինչ է, քան ռուսական հանճարի լավագույն սիմբոլը!!!
1934
<ԵՐԿՈՒ ՊԱՏԱՌԻԿ>
… չեմ կարողանում անցնել և տողն արդեն ճյուղավորվում է, ինչպես սերմը, ինչպես ծառը և ամեն մի տողը դառնում է ծառ, — և ամեն մի բառը — ճյուղք է դառնում ու ճյուղավորվում անվերջ, էլ ինչպե՞ս-ինչպե՞ս-ինչպե՞ս կարող եմ ես անցնել մյուս տողին, մյուս և հուսահատվում երկու տողից հետո և դեռ ու արդեն ինձ հեռուն տանում, որ հոգնում խճճվում եմ ես քո հողմի մեջ — և թողնում եմ սկսածս կիսատ,— և հուսահատվում եմ, և չեմ կարողանում այլևս ետևից հասնել — ոչ միայն որ խոսքով :