Ռուբիկոն

Ինքնակենսագրություն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մաքսիմիլիան Վոլոշին

(1925թ.) 49 տարեկան եմ դառնում: Կյանքիս յոթերորդ յոթնամյակն եմ ապրում, որ ճշգրիտ տրոհվում է հետևյալ փուլերի.

1-ին յոթնամյակ.

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

(1877-1884)

Կիրիենկո-Վոլոշինները Զապորոժյեի կազակներ էին. մայրական կողմից` գերմանացիներ, ռուսացած` XVII դարից2:

Ծնվել եմ 1877թ. մայիսի 16-ին Կիևում, Ամենայն Սրբոց օրը:

Վաղ տպավորություններս` Տագանրոգ, Սեվաստոպոլ: Վերջինս` փլատակներում, պաշարումից հետո, փլված տների պիրանեզիական ծառեր, Պետրոպավլովյան տաճարի դորիական սյուների շուռ եկած թմբուկներով3:

4 տարեկանից` «Բոյարինյա Մոռոզովա»-յի ֆոնում պատկերված Մոսկվա: Ապրում էինք Նոր Սլոբոդայում, Պոդվիսկների մոտ, որտեղ էլ Սուրիկովը այդ տարիներին նկարում էր սույն կտավը հարևան տանը4:

Ռուսական պատմության առաջին տպավորությունս` մեծահասակների խոսակցությունից ինձ հասած «Մարտի 1-ը»5:

Սիրում էի ասմունքել` կարդալ դեռ չսովորած: Դրա համար միշտ աթոռին էի կանգնում. էստրադայի զգացողություն:

5 տարեկանից` գրքերի ինքնուրույն ընթերցում մորս գրադարանի սահմաններում: Արդեն այդ ժամանակվանից մշտական ուղեկիցներս են դառնում Պուշկինը, Լերմոնտովն ու Նեկրասովը, Գոգոլն ու Դոստոևսկին, քիչ ավելի ուշ` Բայրոնը և Էդգար Պոն:

2-րդ յոթնամյակ.

ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

(1884-1891)

Իրադրությունը. Մոսկվայի արվարձանները` բրեստյան երկաթգծի արհեստանոցները, Վագանկովո և Խոդինկա: Ավելի ուշ` Զվենիգորոդի գավառը` վորոբյովյան սարահարթից ու Կունցեվոյից մինչև Գոլիցին և Սավվինսկի վանքը:

Ուսուցման սկիզբը. բացի սովորական քերականություններից, լատինական բանաստեղծությունների սերտում, կրոնի պատմության դասախոսություններ, տարիքիս չհամապատասխանող, բարդ գրական թեմաներով շարադրություններ: Այդ բազմազան մշակութային պատրաստվածությամբ ես պարտական եմ իմ յուրօրինակ ուսուցչին` այդ ժամանակ ուսանող Ն.Վ. Տուրկինին6:

Հասարակությունը` գրքեր, մեծահասակներ, տնային կենդանիներ: Տարեկիցներս քիչ են: Պատանեկությանս վերջը թունավորված է գիմնազիայով: 1-ին դասարան` Պոլիվանովյան7 գիմնազիա, հետո, մինչև 5-րդը` Կազյոննայա 1-ինը:

3-րդ յոթնամյակ`

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

(1891-1898)

Թախիծ ու նողկանք այն ամենի հանդեպ, ինչ վերաբերում է գիմնազիային և բխում է գիմնազիայից: Երազում եմ հարավի մասին և աղոթում, որ պոետ դառնամ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը թվում են աներևակայելի: Բայց շուտով սկսում եմ գրել վատ բանաստեղծություններ և ճակատագիրն անսպասելիորեն բերում է ինձ Կոկտեբել (1893): Թեոդոսիայի գիմնազիա: Գավառական փոքրիկ քաղաքը, ընտանիքից դուրս կյանքը խիստ թեթևացնում են գիմնազիայի մղձավանջը:

Բանաստեղծություններս հավանում են, և ես ստանում եմ գրական «համբավի» առաջին ներարկումը, որն հետագայում բոլոր առումներով օգտակար էր. պահանջկոտություն է ձևավորվում ինքս իմ հանդեպ: Կիմերիայի պատմական հագեցածությունն ու Կոկտեբելի խիստ բնապատկերները դաստիարակում են ոգիս ու միտքս8:

1897-ին ավարտում եմ գիմնազիան և ընդունվում Մոսկվայի իրավաբանական ֆակուլտետ: Ո՛չ գիմնազիային, ո՛չ էլ համալսարանին ես ոչ մի գիտելիքով, ոչ մի մտքով պարտական չեմ: 10-ը ամենաթանկարժեք տարիները պարզապես կյանքիցս ջնջված են:

4-րդ յոթնամյակ.

ԹԱՓԱՌԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ

(1898 – 1905)

Արդեն մեկ տարի անց ինձ հեռացրեցին համալսարանից ուսանողական խռովությունների պատճառով և աքսորեցին Թեոդոսիա: Հետո իրար են հաջորդում աքսորներն ու ուղևորությունները արտասահման և ավարտվում աքսորով` Տաշքենտ (1900): Դրանից առաջ ես արդեն հասցրել էի լինել Փարիզում և Բեռլինում, Իտալիայում և Հունաստանում. ճանապարհորդում էի ոտքով, գրպանումս գրոշներ, գիշերելով օթևանատներում9: Երկու դարերի հատման 1900 թվականը իմ հոգևոր ծնունդի տարին էր: Քարավանների հետ անցնում էի անապատով:

Այստեղ ինձ վրա հասան Նիցշեն և Վլ. Սոլովյովի «Երեք զրույցները»10: Նրանք ինձ հնարավորություն տվեցին հետահայաց նայել ողջ եվրոպական մշակույթին ասիական սարահարթերի բարձունքներից, և իրականացնել մշակութային արժեքների վերագնահատում:

Այստեղից ճանապարհները տանում են ինձ արևմուտք, երկար տարիներով Փարիզ` սովորելու գեղարվեստական ձևեր Ֆրանսիայից, գույնի զգացողություն` Փարիզից, տրամաբանություն` գոթական տաճարներից11, միջնադարյան լատիներեն` Գաստոն Պարիսից12, մտքի կարգավորվածության` Բերգսոնից12, սկեպտիցիզմ` Անատոլ Ֆրանսից, արձակ` Ֆլոբերից, բանաստեղծություն` Գոթյեից և Էրեդիայից…

Այդ տարիներին ես սոսկ ներծծող սպունգ եմ, ամբողջովին` աչք, ամբողջովին` ականջ: Շրջագայում եմ երկրներով, թանգարաններով, գրադարաններով` Հռոմ, Իսպանիա, Բալեարներ, Կորսիկա, Սարդինիա, Անդորա… Լուվր, Պրադո, Վատիկան, Ուֆիցի… Ազգային գրադարան: Խոսքի տեխնիկայից բացի, փորձում եմ տիրապետել վրձնի ու մատիտի:

1900թ. տպագրվում է իմ առաջին քննադատական հոդվածը «Русская мысль» ամսագրում13: 1903-ին հանդիպում եմ իմ սերնդի ռուս պոետներին. ավելի տարիքով Բալմոնտին, Վյաչ. Իվանովին, Բրյուսովին, Բալտրուշայտիսին և հասակակից Ա. Բելիին, Բլոկին:

5-րդ յոթնամյակ.

ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ

(1905 – 1912)

Ոգու թափառումների փուլեր` բուդդիզմ, կաթոլիկություն, մոգություն, մասոնականություն, օկկուլտիզմ, թեոսոֆիա, Ռ. Շտայներ14: Ռոմանտիկական և միստիկական բնույթի անձնական մեծ ապրումների ժամանակաշրջան:

1905թ. հունվարի 9-ին ճակատագիրը բերեց ինձ Պետերբուրգ և զգալ տվեց ռուսական հեղափոխության բոլոր սպասվելիք հեռանկարները15: Բայց ես չմնացի Ռուսաստանում, և 1-ին ռուսական հեղափոխությունը ինձ շրջանցեց: Այդ իրադարձությունների ետևում կռահում էի մեր օրերի խռովքը («Վրեժխնդրության հրեշտակը»):

Այդ տարիներին ես Փարիզից հոդվածներ եմ գրում գեղանկարչության և գրականության մասին ռուսական ամսագրերի և թերթերի համար («Весы», «Золотое руно», «Русь»): 1907-ից հետո գրական իմ գործունեությունը աստիճանաբար տեղափոխվում է, նախ` Պետերբուրգ, իսկ 1910-ից` Մոսկվա: 1910թ. լույս է տեսնում իմ բանաստեղծությունների առաջին գիրքը:

Ավելի երկար Ռուսաստանում իմ գտնվելը խզում է նախապատրաստում լրագրային աշխարհի հետ, որն ինձ համար տանելի էր քանի դեռ ես ապրում էի Փարիզում:

6-րդ յոթնամյակ.

ՊԱՏԵՐԱԶՄ

(1912 – 1919)

1913թ. Ռեպինի մասին իմ դասախոսությունը այնպիսի մամլո հալածանք է առաջացնում իմ դեմ, որ հոդվածներիս համար բոլոր խմբագրությունները փակվում են, իսկ գրախանութները բոյկոտ են հայտարարում գրքերիս:

Մինչպատերազմյան տարիները ես անցկացնում եմ կոկտեբելյան խցում, ինչն ինձ հնարավորություն է տալիս կենտրոնանալ նկարչության վրա` ստիպելով նորից սովորել ակունքներից` արվեստի ավելի հասուն ըմբռնման համաձայն:

Պատերազմի հետ առնչվեցի Բազելում, ուր եկել էի աշխատելու Գյոթեանումի շինարարության վրա16: Այդ վեհ ու ընկերական աշխատանքը, բոլոր թշնամի ազգերի ներկայացուցիչների հետ համատեղ, եվրոպական պատերազմի առաջին կռիվների ասպարեզից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա, պատերազմի հանդեպ մարդկային և արտաքաղաքական վերաբերմունքի հիասքանչ և դժվարին դպրոց էր:

Կարդալ նաև

Գրականություն Սոնետների պսակ Մաքսիմիլիան Վոլոշին LUNARIA1 1 Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության– Բքահարված աստղերի ծովախորշում հեռավոր, Քո լույսի տակ` գունաթափ, պաղ դեմքերը բոլոր, Ծաղիկներն են կլանում քո շողերը թմրության. Ով թմրաբեր ծաղիկներ, ձեր ցողունով են հոսում Նրա շողերն`… Գրականություն Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանը Անդրեյ Բելի Այցելելով տունը, որտեղ երկար տարիներ ապրել, աշխատել, մտածել և ստեղծագործել է Մ.Ա. Վոլոշինը, ես լեցուն էի պայծառ տրտմության միջից շողարձակող բերկրալի տպավորություններով. տրտում` այն բանից, որ հեռացել է շատ մեծ մարդու նշանակալից կյանքը. սակայն այդ… Գրականություն Հուշեր Մաքսիմիլիան Վոլոշին Հիշում եմ 1919-1920թ.թ. ձմեռը (գրառված է 18.04.1932թ.): Հիշողություններ Մանդելշտամի մասին: Երբ նա ժամանեց Կոկտեբել, ես Ռուսաստանում չէի, Փարիզում էի և հիշում եմ մորս նամակը. «Հիմա քո սենյակում ապրում է երիտասարդ պոետ Մանդելշտամը: Դու…