Ռուբիկոն

Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Ջոն Ռիչարդսոն

Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ:

ART Պարոն Ռիչարդսոն, Պիկասսոյի մասին գրած ձեր մենագրությունը քննադատների և գիտնականների կողմից հռչակվել է գլուխգործոց, հերոսական ձեռնարկում: Դուք ձեզ հերոս համարու ՞մ եք:

Ռ. Հերոսության մասին խոսք չի կարող լինել: Ինձ բախտ է վիճակվել երկար տարիներ շատ լավ ճանաչել Պիկասսոյին: Այնուհետև ես շատ մոտ եմ եղել նրա այրու՝ Ժակլինի հետ մինչև իր մահը: Ինձ մատչելի էր հսկայական ծավալի ինֆորմացիա:

ART Ինչպե ՞ս եք կարողանում պահպանել տարածություն (Distanz)՝ լինելով արվեստագետի բարեկամը:

Ռ. Փորձում եմ լինել օբյեկտիվ: Ես նրան լավ էի ճանաչում, սիրում էի նրան, գիտեմ նրա առավելություններն ու թերությունները: Դե, նա սիրում էր կանանց, շատ էր սիրում, և նրանց մեծ մասին օգտագործում էր ինչպես ավտոմեքենա, որ մշտապես վարում ես բարձր արագությամբ: Նրա պահանջմունքները հսկայական էին: Կանայք պետք է իրենց զոհաբերեին նրա արվեստի զոհասեղանին:

ART Իրենք դա գիտակցու ՞մ էին:

Ռ. Կարծում եմ՝ այո: Նրա կյանքի կարևոր կանանցից միակը, որ իրեն չզոհաբերեց, Ֆրանսուազ Ժիլոն էր: Դա հստակորեն երևում է դիմանկարներից՝ դրանք ավելի քիչ են գրավիչ, ավելի քիչ են խոր, ավելի քիչ են արտահայտիչ, քան մյուս կանանց դիմանկարները:

ART Ավելի մակերեսայի ՞ն:

Ռ. Ասենք՝ դուրեկան:

ART Ուրեմն հավանաբար լավ վաճառվող: Իմիջիայլոց, հեղինակ Ռիչարդսոնը և արվեստի գործեր վաճառող Ռիչարդսոնը երբևէ իրար հետ հակասության մեջ եղե ՞լ են:

Ռ. Արվեստի գործերի առևտուրը գրեթե ամբողջովին թողել եմ: Տարիներ շարունակ եղել եմ «Քրիսթի»-ի ներկայացուցիչը ԱՄՆ-ում, այնուհետև «Քնյոդլեր» ցուցասրահի փոխնախագահն էի, որոշ ժամանակ համագործակցել եմ մշակութային մի ֆոնդի, և հավատացեք ինձ, այդ պաշտոններում ամեն րոպեն ինձ ատելի էր: Ես ուրախ էի, երբ վերջապես կարող էի ինձ թույլ տալ դուրս գալ արվեստի անցուդարձից և գրել:

ART Երբ ծանոթացաք Պիկասսոյի հետ, նրա վստահությունը շահելը դժվա ՞ր էր:

Ռ. Դժվար չէր, եթե ճիշտ մարդն էիր: Ում նրա արվեստը հաճույք էր պատճառում, նրան հոժարությամբ ընդունում էր իբրև բարեկամ: Պիկասսոն, ինձ մոտ այդպիսի զգացողություն կար, միշտ իրեն սատար կանգնող մարդկանց հուսահատ փնտրտուքի մեջ էր:

ART Հիացողնե ՞ր, շողոքորթնե ՞ր:

Ռ. Ոչ, իրեն հասկացող մարդիկ: Երբ Պիկասսոյի մոտ հյուր էիր լինում, մի օր անց էիր կացնում նրա հետ: Լանչից առաջ գալիս էիր նրա արվեստանոց, նա հրավիրում էր ուտելու, այնուհետև հաճախ գնում էին ծովափ: Օրը հրաշալի էր, հանգիստ, ուրախ: Բայցևայնպես, վերջում նյարդերդ քայքայված էին: Որովհետև Պիկասսոն Դրակուլայի պես քեզանից քաշել էր քո էներգիան, քո հավանությունը, քո սերը: Ուշ երեկոյան, ընթրիքից հետո, նա գնում էր արվեստանոց և աշխատում` քո էներգիայով:

ART Մարդ իրեն շահագործվա ՞ծ էր զգում:

Ռ. Ոչ, հիանում էին ոգեղեն շահագործման այդ հանճարով: Պիկասսոն գրեթե չէր կարդում և այնուամենայնիվ անհավատալիության չափ կրթված էր, արդեն իսկ այն պատճառով, որ շրջապատված էր բանաստեղծներով: Նա միստիկայի մեծ գիտակ էր, գլուխ էր հանում կաբալայից, նա գլուխ էր հանում ամեն ինչից, որովհետև ուրիշների իմացությունը ներծծում էր, ինչպես սպունգ: Գիտե ՞ք, թե ես ինչպես եմ կոչում Վարդագույն շրջանը: L’époque Apollinaire (Ապոլլիների շրջան):

ART Բանաստեղծ Գիյոմ Ապոլլիների անունով:

Ռ. Նկարիչն ու բանաստեղծն այն ժամանակ այնքան մոտ էին իրար, նրանց պատկերացումներն այնքան հարազատ էին միմյանց, որ Ապոլլիների տողերն ու Պիկասսոյի նկարներն ասես ծագել են միևնույն ուղեղից:

ART Ինչպե ՞ս ստացվեց ձեր սերտ բարեկամությունը Պիկասսոյի հետ:

Ռ. Իմ բարեկամ Դուգլաս Կուպերն ու ես բնակություն հաստատեցինք հարավային Ֆրանսիայում՝ Շատո դե Կաստիյում, որ շատ մոտ է ցլամարտի երկու քաղաքներին՝ Առլին և Նիմին: Ամեն ցլամարտին Պիկասսոն գալիս էր, մենք նրա պատվին խնջույք էինք տալիս: Քանի որ կուբիստական արվեստի աշխարհում ամենամեծ մասնավոր հավաքածուն Դուգլասինն էր, նա հաճույքով էր գալիս, և մեզ էլ հաճույքով էր ընդունում:

ART Երբ նրան առաջարկեցիք գրել իր մասին, նա ինչպե ՞ս ընդունեց:

Ռ. Շատ դրական, ես նախ ընտրել էի մի թեմա, որ նրա սրտովն էր՝ նրա դիմանկարների ուսումնասիրություն: Ինձ պարզ էր դարձել, որ նրա դիմանկարներից շատերը ոչ թե պարզապես գլուխ և ուսեր էին, այլ երբեմն նաև բնանկարներ կամ նատյուրմորտներ կամ այլաբանություններ: Նրա սիրուհի Դորա Մաարն ինձ ասել էր՝ «Եթե կանայք նրա կյանքում փոխվում են, փոխվում է նաև մնացած ամեն ինչը՝ տունը, սիրած բանաստեղծը, ընկերական շրջապատը, ոճը»: Դա իմ գրքի ելակետային դրույթն էր, և Պիկասսոն մեծապես պատրաստ էր օգնելու: Նա սիրում էր թերթել իր նկարների վերարտադրությունները: Ապա ասում էր՝ «Օ, սա Դորան է, բայց նաև Մարիա-Թերեզան է», և ինձ բացատրում էր, թե մի նկարը ինչպես կարող

է վերաբերել իր կյանքի երկու, երբեմն երեք կանանց: Մի անգամ ասաց՝ «Կնոջ համար պիտի որ սարսափելի լինի, նման նկարում նկատել, որ փոխարինվելու է»:

ART Մոգ Պիկասսոն, ում համար կյանքն ու արվեստը անբաժանելի էին:

Ռ. Ես չգիտեմ մեկ այլ արվեստագետի, որ համարվեր այդպիսին, ոչ մեկին, ում արվեստն այդքան ճշգրտորեն արտացոլեր իր ապրումները: Եթե նա օձաձուկ էր կերել, ապա հաջորդ օրը նատյուրմորտում օձաձուկ հայտնվելու շանսերը մեծ էին: Անշուշտ, իր կյանքում ունեցած կանանց հետ նրա հարաբերությունն այս առումով է՛լ ավելի հետևանալից էր:

ART Կարո ՞ղ էք այդ բանը պարզաբանել որևէ օրինակով:

Ռ. Կան երկու նկարներ, որ արել է 1939 թվականին իր երկու սիրուհիներից, մեկում պատկերված է Դորա Մաարը՝ կրթված, բարեկիրթ մի կին, մյուսում՝ Մարիա-Թերեզան, շիկահեր, սեքսուալ: Երկուսն էլ պատկերված են նույն դիրքով, երկու իրար հաջորդող օրերին – կոնտրաստ, որն ավելի ակնհայտ չի էլ կարող լինել:

ART Մեկը՝ սուր, անկյունաձև, մյուսը՝ կլոր, ներդաշնակ ձևերով:

Ռ. Դորան՝ մտավորականը, «Գերնիկայի» գլխավոր բնորդը, միշտ նյարդային, միշտ արտասվելիս: Մյուսը՝ քնքուշ և խաղաղ, աղջնակ, որ սիրում էր լողանալ և երկար էր քնում: Կամ վերցրեք վերջերս այդքան թանկ վաճառված նկարը՝ «Երազը», դարձյալ Մարիա-Թերեզան: Մանրամասն նայեք գլուխը՝ վերին կեսը միանշանակորեն ունի ֆալլոսի ձև: Ինչը կնշանակի՝ այս կնոջ գլխում սեքսն է:

ART Շատ նկարներում վերարտադրելի նմանություն չի նկատվում կանանց հետ: Բայց դուք կարծես թե միևնույն է միշտ գիտեք, թե ով է նկատի առնված: Նա ձեզ միշտ ասու ՞մ էր՝ «Սա այսինչն է, նա այնինչը»:

Ռ. Մասամբ գիտեմ նրանից, մասամբ ստացվում է ուսումնասիրման արդյունքներից: Մի օրինակ՝ Մարիա-Թերեզայի հետ կապը սկսվեց 1925/26 թթ, ճշգրիտ ժամկետը երբեք հայտնի չդարձավ, քանի որ նա անչափահաս էր, դա պետք էր գաղտնի պահել: Նա այդ աղջնակին ձեռքն էր գցել Գալերի Լաֆայեթ հանրախանութի մոտ, աղջիկն այն ժամանակ 15 կամ 16 տարեկան էր: Իմ ծանոթուհիներից մեկը Մարիա-Թերեզային իր կյանքի վերջում հարցրել էր, թե այն ժամանակ Լաֆայեթի մոտ նա իր համար ինչ էր գնել: Սպիտակ օձիք, որպիսիք աղջիկներն այն ժամանակ կարում էին իրենց հագուստներին: Քանի որ աղջիկն այն ժամանակ շատ երիտասարդ էր նրա նկարներում բացեիբաց որպես սիրուհի հանդես գալու համար, ծածկագրված էր արտահայտվում նկարներում՝ հենց օձիքի տեսքով:

Կարդալ նաև

Արվեստ Խուան Միռոյի ժառանգությունը ART ամսագիր «Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»: Վալտեր Էռբեն «Միռոն ինձ… Արվեստ Մերկ պատը Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում…