Ռուբիկոն

Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

ART Դա չիմացող մեկնաբանն այդ ֆիգուրը նույն հաջողությամբ կարող է մեկնել իբրև բումերանգ:

Ռ. Նույնքան վատ իր համար, եթե չի ուզում խորամուխ լինել կենսագրության մեջ և տուրք է տալիս այն կարծիքին, թե նկարն ինքն իրենից կարող է բացատրվել:

ART Պիկասսոն ինքը չի ՞ ասել, թե իր ստեղծագործությունն իր օրագիրն է:

Ռ. Այո, բայց այդ օրագիրն իհարկե ծածկագրված էր, չէ որ նա մեծ գաղտնամիտ էր, ու նաև ահագին սուտ բաներ է պատմում կամ կեղծում է ճշմարտությունը: Մեզ նման մարդկանց համար դա նշանակում է՝ հասարակ ոչինչ չկա, անգամ եթե հասարակի տպավորություն է թողնում, որովհետև այդ մարդը մյուսներից մի քայլ առաջ է անցել:

ART Պարոն Ռիչարդսոն, կենսագրության ո ՞ր հատորի վրա եք այժմ աշխատում:

Ռ. Մենք պատրաստում ենք չորսհատորյակից երրորդը:

ART Ե ՞րբ լույս կտեսնի:

Ռ. Ամենաշուտը երեք կամ չորս տարուց: Ասեմ ձեզ, որ ես դրանից ընդհանրապես փող չեմ վաստակում: Հետազոտությունը և արտադրությունը հույժ ծախսատար են: Մի աշխատակից ունեմ Լոնդոնում՝ Մերիլին Մակ Քուլլին, և երկու այլ ուսումնասիրողներ, Պիկասսոյի ժառանգներին ստիպված եմ մեծ գումարներ տալ նկարների իրավունքի համար… իսկ երրորդ հատորը շատ ընդգրկուն է ստացվում:

ART Ո ՞ր ժամանակահատվածն է ընդգրկելու:

Ռ. Սկսվում է նրանով, որ Պիկասսոն 1917-ին Սերգեյ Դյագիլևի և նրա բալետի հետ մեկնում է Հռոմ, հանդիպում է Օլգա Խոխլովային, մի քանի ամսով վերադառնում է Իսպանիա – սա մի շրջան է, որով ոչ ոք դեռևս չի զբաղվել – ապա նորից Ֆրանսիա՝ ամուսնություն Օլգայի հետ, այնուհետև գալիս է այսպես կոչված հերցոգական շրջանը:

ART Հերցոգակա ՞ն:

Ռ. Դա անվանում են L’époque des Duchesses. ամեն բան մեծանում է՝ շվայտ կյանք Փարիզում բոլոր այդ մարդկանց հետ, միշտ նրա մերձակայքում է Ժան Կոկտոն՝ այդ շրջանի նրա բանաստեղծ ընկերը: Պիկասսոն ինձ հետագայում պատմում էր, թե այդ մթնոլորտին հազիվ էր դիմանում: Դա այն ժանամակն էր, երբ գտել էր Մարիա-Թերեզային, ընկերացել սյուռռեալիստների հետ և լիովին հրաժեշտ էր տվել շվայտ կյանքին: Նրա արվեստը խիստ սեքսուալ էր դարձել: Այնուհետև երեսնականների սկզբին բանաստեղծ Պոլ Էլյուարի ազդեցության տակ հետզհետե տարվում է քաղաքականությամբ, որով մինչ այդ երբեք չէր զբաղվել: Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում նրան վերջնականապես քաղաքականացնում է, նա նկարում է «Գերնիկան»: Կարծում եմ երրորդ հատորը կեզրափակեմ Երկրորդ աշխարհամարտի սկզբով: Վերջին հատորը, կարծում եմ, ավելի դյուրին է լինելու, քանի որ իր կյանքի վերջին 25 տարին նա անցկացրեց մեծամասամբ արվեստանոցում: Կանանց հարցերում եղավ միայն Ֆրանսուազից Ժակլինին անցումը, իսկ այդ շրջանի ոճական փոփոխությունները հիացարժան են, բայց համեմատաբար դյուրին բացատրելի:

ART Դուք ընդհանրապես արվեստագիտակա ՞ն կրթություն եք ստացել:

Ռ. Ոչ, ես նկարիչ էի, այն էլ վատ: Թողեցի նկարելը, որ գրեմ նկարչության մասին: Գրքեր եմ գրել Ժորժ Բրաքի և Էդուարդ Մանեի մասին, բայց ակադեմիական կրթություն չեմ ստացել:

ART Որտե ՞ղ եք տեսնում ձեր առավելությունները:

Ռ. Ինձ համար տրված բան չկա: Երբ դիմում եմ որևէ նոր ժամանակահատվածի, ապա նայում եմ ամեն բան, և հենց ամենասկզբից: Դա ինձ բերում է այլ հետևությունների, բացահայտումների, բաների, որ ուրիշների աչքից վրիպել են: Եվ ահա ես գիտեմ Պիկասսոյի կոդը, ի ՞նչ է նա նշանակում ու նաև, թե ինչպես է փոխվում: Գիտեմ, թե ինչ գրքեր ուներ: Գերմանացի ընթերցողներին միգուցե կհետաքրքրի այն հանգամանքը, որ Պիկասսոն այնքան էլ չէր սիրում իտալական Վերածննդի գեղանկարչությունը: Լավ, Ռաֆայելն ու Լեոնարդոն նրան դուր էին գալիս, բայց Տինտորետտոյին նա ատում էր: Նրա սիրածը գերմանական Վերածնունդն էր, ամենից առաջ Լուկաս Կրանախը, այնուհետև Հանս Հոլբայնը, Ալբրեխթ Դյուրերը: Նրանց ավելի մոտ էր կանգնած, արտահայտչական կողմի պատճառով, աղճատումների պատճառով:

ART Չէ ՞ որ իր կարիերայի սկզբում բավականին շատ գերմանացիներ էին հաճոյանում ու հովանավորում Պիկասսոյին:

Ռ. Ես միշտ խոսել եմ նրա գործերի վաճառքով զբաղվող Դանիել-Հենրի Քահնվայլերի «Արևելյան քաղաքականության» մասին: Սա Պիկասսոյին երբեք չէր թողնում ցուցադրել Փարիզում: Չնայած դրան, Պիկասսոն 1914-ին արդեն հռչակ ուներ, և դա նաև այն պատճառով, որ այդ շրջանում նա Գերմանիայում ունենում էր տարեկան մեկ, երկու, երեք ցուցահանդես, Բեռլինում լիներ, Դրեզդենում, Քյոլնում թե Մյունխենում: 1914- ի սկզբին Բեռլինում եղել էր մի ցուցահանդես, որ ես եմ հայտնաբերել, ոչ ոք այդ մասին նախկինում երբեք չէր հիշատակել՝ Պիկասսոյի կուբիստական գործերը աֆրիկյան արվեստի հետ համեմատության մեջ: Դա պիտի որ աներևակայելի ցուցադրություն եղած լինի: Եղել է կատալոգ, որը մենք դեռ չենք գտել: Այդ ամբողջ պատմությունը Գերմանիայում իհարկե տրվեց մոռացության, որովհետև կոլեկցիոներներից շատերը հրեաներ էին եւ շատ բան դուրս բերվեց երկրից:

ART Պիկասսոյի մահից հետո ձեզ տրվեց արտոնություն ծանոթանալու ողջ ժառանգությանը:

Ռ. Այո, ես այցելեցի Ժակլինին, և նա տվեց ինձ արվեստանոցների բանալիներն ու ասաց՝ «Նայեք, ինչ կա-չկա»:

ART Այդ մեծ քանակության հետ ի ՞նչ կերպ վարվեցիք:

Ռ. Ես ամեն բան գրի առա: Երբ լինում էի Պիկասսոյի կամ Ժակլինի կամ թե Դորա Մաարի մոտ, գրեթե միշտ գրառումներ էի կատարում: Ստուդիաներից մեկում մի կտավ հայտնաբերեցի, որ ուրիշները չէին նկատել: Դա Պիկասսոյի նախավերջին, վերջին թվագրված կտավն է՝ «Պառկած ակտ և գլուխ», հսկայական մի նկար: Երևում էր, որ դրա վրա երկար ժամանակ են աշխատել՝ շատ հաստ ներկաշերտով: Այնուհետև ստորին եզրին տեսա այս երկարավուն ֆիգուրը և ասացի Ժակլինին՝ «Ի ՞նչ կարծիքի եք»: Եվ նա ասաց՝ «Դրան նայելիս միշտ դագաղ է միտս գալիս: Հետո էլ այս գլուխը՝ հսկայական զույգ աչքեր ինչ-որ սեպի վրա, որ ներկայացնում է քիթը, սա էլ իր հերթին ոճականացված ցայլքի վրա»: Ուշ շրջանի Պիկասսոյին ճանաչողը դրանում անկասկած կտեսնի Ժակլինի դիմանկարը: Ամբողջը Memento mori է: Այս նկարին հենված էր նույն չափի մեկ այլ պաստառ: Վրան բացի նրա ստորագրությունից, ուրիշ ոչինչ չկար: Դրանով արտասովոր ձևով արտահայտված էր հետևյալը՝ Պիկասսոյի ստեղծագործությունը բաց է դեպի ապագան: Ես փորձում եմ արձանագրել այնպիսի բաներ, որ վրիպել են ուրիշների աչքերից:

ART Ի ՞նչ վիճակում էր Ժակլին Պիկասսոն նրա մահից հետո:

Ռ. Նա շատ վատ էր: Գլուխը գրեթե կորցրել էր, մեծ քանակությամբ դեղահաբեր էր ընդունում, չափից շատ խմում: Ամեն ամսվա ութին, նրա մահվան օրը, նստում էր նրա գերեզմանին և մի ժամ շարունակ խոսում հետը: Նրան թվում էր, թե Պիկասսոն իր մոտ է կանչում: Իր մահից քիչ առաջ նա կարծես թե սկսեց իրեն լավ զգալ, մազերն էր հարդարել տալիս, գնում ցլամարտի, հանդիպում ընկերների հետ, բնակարանը նորից ներկեց…

ART … ԵՎ հետո նա իրեն սպանեց:

Ռ. Ժակլինը, համոզված եմ, ինքնասպանություն չգործեց, այլ այրու կիզման նման մի բան:

Կարդալ նաև

Արվեստ Խուան Միռոյի ժառանգությունը ART ամսագիր «Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»: Վալտեր Էռբեն «Միռոն ինձ… Արվեստ Մերկ պատը Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում…