Ռուբիկոն

Նկարազարդված ձեռագրեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Լյուկ Վեզեն*

(* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։

1980 թ. հունվար-մարտ ամիսներին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ռընե Շառ. XX դարի գեղանկարիչների նկարազարդած ձեռագրեր» խո­րագրով ցուցահանդեսը։ Խորագիր, որ ընտրել էր բա­նաստեղծն ինքը և իր գեղեցիկ ու հստակ ձեռագրով գրել այն կատալոգի կազմի (այսինքն՝ թանաքը տեղ-տեղ ծածկում էր մատիտը) Ջակոմետտիի գունավոր մատիտներով արած (հազվագյուտ փաստ այդ արվեստագետի համար) մի շողշողուն գծանկարի վերատպության վերևում։ Արտաքուստ այնքան պարզ ու լուսեղեն այս խորագիրը իրականում թաքցնում էր գլուխգործոցների հայտնություն ներկայացնող մի իրադարձություն, ասես լույսը, որ առկա է այդ բառի (enluminure-մանրանկար) ստուգաբանության մեջ (luminare-լուսավորել) և մինչև Միջնադար հասնող մանրանկարչության պատմությունը, որ իր գա­գաթնակետին էր հայտնվելու XV դարում Ժան Ֆուքեի մանրանկարներով, ձգվում էր մինչև մեր դարը բանաստեղծի մի քանի «էական դաշնակիցների» «մանրանկարների» մեջ։

Մանրանկարված այդ ձեռագրերը ամենևին էլ չեն պատկանում Ռընե Շառի նկարազարդված բանաս­տեղծությունների երկար շարքին, դրանք արդյունքն են բանաստեղծի ձեռքի և գեղանկարչի լույսի բա­ցառիկ հանդիպումների։ «Մենք սկսում ենք մի քանի գիծ քաշելուց և այդ խզբզանքի մեջ անմիջապես նշմարում այն լուսավոր կետերը, որ բնորոշ են մեզ»,– գրել էր “Cahiers d’Art”-ում Վիֆրեդո Լամը՝ ներ­կայացնելով մանրանկարի հենց սկզբունքը։ Ազգային գրադարանում ցուցադրված այդ ձեռագրերով (դրանք մանրամասն ներկայացրել և կատալոգն է կազմել Անտուան Կորոնը) մենք միայն ականատես չենք դառնում դարեր առաջ անհետացած մի արվես­տի վերադարձի, դրանցով հավասարապես վերա­դառնում էր Իվոննա Զերվոսի ճառագող ներկայու­թյունը, արվեստագետ, որին նվիրված են եղել դրանք։ Անտուան Կորոնի կատալոգում տեղ գտած լոկ երկու մանրանկարները անմիջապես նախատեսված չեն եղել այդ կատալոգի համար։ Սակայն դրանք ստեղծ­վել են «նրա մոտավորությամբ», խոսքը վերաբերում է Կլոդ Պալենի բանաստեղծության ձեռագրին, որ նկա­րազարդել էր Նիկոլա դը Ստալը, և այն ծրագրերին (երբեմն այնքան շեղող), որ նկատի ուներ Մատիսը «Արթինի» համար։ 1980թ. ներկայացված երեսուն գործերին պիտի ավելանային Ազգային գրադարանի ցուցահանդեսին հաջորդող երկու աշխատանք՝ Ցաո Վու-Կիինը և Ալեքսանդր Գալպերինինը։

Ռընե Շառի ձեռագիրն առաջին անգամ նկարազար­դել է Խուան Միռոն 1948թ.։ Տարեթիվը կարևոր է։ Քանզի եթե այդ գործն իբրև համատեղ նվեր Իվոննա Զերվոսին ընծայելու գաղափարը կարող է a posteriori ինքնին հասկանալի թվալ, ապա ժամանակաշրջանի բովանդակությունն ունի կարևոր նշանակություն։ Հետպատերազմյան Ֆրանսիայում զարգացող ար­վեստը հանդես է բերում տաճարների ու ման­րանկարների ժամանակը հիշեցնող դիրքորոշումներն ու եղանակները վերականգնելու ձգտում։

Ռընե Շառի և Խուան Միռոյի ընտրած տասներեք բանաստեղծությունները «Ցասում և խորհուրդ» ժո­ղովածուից էին, որ լույս էր տեսնելու նույն տարին։ Այնուհանդերձ դրանց հրատարակված թարգմանու­թյունները ներկայացնում են շատ թե քիչ կարևոր տարբերակներ, որոնցից մի քանիսը մեծապես փոխել են նախադասության իմաստը, օրինակ, «Դուք ինքներդ պիտի պաշտպանվեք»–ը դարձել է «Դուք անպաշտպան եք»։ Մյուսները հղում են անում միան­գամայն այլ բանաստեղծական պատկերների. «Դարձեք կին, բայց խոնարհ կին»–ը ձևափոխվել է «Ման­կան սիրտ դարձեք սև ամպի տակ»։ Այդ տարբե­րակները, որ այն ժամանակ կարող էին երևան գալ իբրև փորձեր և հղկվել հրատարակվելիս, ի հայտ են գալիս այլ ձեռագրերում առավել վճռորոշ կա­րևորությամբ, երբ Ռընե Շառը, արտագրելով արդեն տպագրված բանաստեղծությունները, ձևափոխում էր դրանք։ Կարող ենք տեսնել մանրանկարի միակ ձե­ռագիր փորձն անգամ։ Այսպես «Վաղորդայնների» VIII հատվածը վերստին գրելիս, որին իր մասնակ­ցությունն էր բերելու նաև Պիկասսոն, Ռընե Շառը «ամենահեռավոր ալիքները» փոխարինում է «ան­հայրենիք ալիքներով»՝ մտցնելով շտկման մի տեսակ գեղանկարչական համարժեք։ Այդ ձեռագրերը մեզ ընձեռում են ոչ միայն նմանօրինակ համանմանու­թյուն։ Մյուս բանաստեղծությունները զարգացնում են կրկնագիր մագաղաթի գրությունը կամ, եթե գերա­դասելի է, «ջնջման արվեստը», որն իր բարձրակետին է հասնում Արպի նկարազարդած «Երկրային դրա­սանգ» ձեռագրում։ («Lettera Amorosa»–ի առաջին տարբերակներից մեկը, որն այստեղ մեզ թույլ կտանք համեմատել «Ժյուլիի դրասանգը» խորագրով մադ­րիգալների շարքի հետ՝ գրված 1641թ., և յուրաքան­չյուրը զարդարված այդ ժանրի վարպետներից մեկի՝ Նիկոլա Ռոբերի նկարած ծաղկով։) Ռընե Շառի տեքստում կան ջնջումներ ու հավելումներ, ասես խոսքը վերաբերում է «work in progress»–ին, և այդ ջնջված գրությունների ամբողջությունը նույն պահին Ջեքսոն Պոլլոքը ստեղծում էր գեղանկարչորեն։ Սակայն «Երկրային դրասանգով» Ռընե Շառի ձեռագիրը՝ այդ «դանդաղած աշխատանքը», ամ­րապնդվում է նաև մի հակադրությամբ, որ այն ստեղ­ծում է Արպի «տիեզերական ձևերի»՝ կտրված կամ պատռված այն թղթերի հետ, որոնց մեջ էական դեր է խաղում իրագործման արագությունը։

Մենք իսկապես ականատեսն ենք մի արվեստի գործի իր ունեցած բացառիկությամբ հանդերձ։

Իրենց ձեռագրում Միռոն ու Շառը վեր են կանգնում նկարազարդված գրքի պայմանականություններից (փորագրանկարի համար նախատեսված իր աջակող­մյան «գեղեցիկ էջով»)՝ զարգացնելու համար կրկնա­կի բաց էջի նկարչական տարածքը, որպեսզի Միռոյի արվեստը կարողանա ծաղկել «հրճվանքով ու ազա­տորեն» և տեքստը լուսավորել իր պայծառ սևերով։ Ուշադրությունը տարածության նկատմամբ, անշուշտ, եթե այն կա, հաշվի է առնված յուրաքանչյուր ձե­ռագրում և ի հայտ է գալիս հատկապես «Օձի կենա­ցի» համար Վիֆրեդո Լամի մանրանկարներում, որ նա արել էր «տարածությունը չփչացնող այծարածի» նման, ինչպես նաև «Ծառերի և որսորդի տոնի» համար կիրառված Մաքս Էռնստի փոքրիկ պատճենատիպերում, որ նման են «փարթամ բուսակա­նության փերթերի» կամ որսորդի ոտնահետքերի, այն որսորդի, որ «սպանում է թռչուններին, որ իրեն մնա ծառն իր մռայլ համբերատարությամբ» (որպեսզի իրենց տեղը գտնեն Անտուան Կորոնի սքանչելի ցուցադրման մեջ)։ «Հիպնոսի թերթիկների» և «Ձևա­կան բաժանման» հատվածները, որոնց վրա կաշ­խատի Վիկտոր Բրոները կապ կհաստատեն միջ­նադարյան մանրանկարներին խիստ մոտիկ պատ­կերի ու տեքստի միջև՝ հիմնելով «հայացքի մշտապես լայնարձակ մի հանդիսություն»։

Այս վերջին արվեստագետի հետ մենք ականատեսն ենք դառնում այդ ձեռագրերի մի այլ առանձնահատ­կությանը՝ Ռընե Շառի գրվածքի ու նկարչի բացառիկ աշխատանքի համատեղությանը։ Վիկտոր Բրոների պարագան առավել ևս նշանակալի է նրանով, որ իր արվեստի մեդիումային ձևից բացի, ինչը նրան ազ­գակից է դարձնում «տեսանող» բանաստեղծին, նա չափազանց հոգեհարազատ էր Ռընե Շառին, թեև վերջինիս հետ որևէ գիրք չէր հրատարակել։ Ելիոնի, Լեժեի և ժակ Վիյոնի հետ հանդիպումներն իրենց հերթին ամենից անսպասելին են, քանզի ի տարբե­րություն մյուս արվեստագետների մեծ մասի, որոնց վերաբերում է այստեղ խոսքը, նրանց չի կարելի գտնել Ռընե Շառի ոչ մի գրվածքում, և բանաստեղծը նրանց չի դասում իր «էական դաշնակիցների» թվին։ Երեքն էլ, սակայն, ցուցադրվել էին Իվոննա Զերվոսի շնորհիվ։

Կարդալ նաև

Արվեստ Երկխոսություն գեղանկարիչների հետ Կորին Հյուբներ-Բեյլ* (* Դասավանդում է Բրեստի համալսարանում։ Հրատարակել է Պիեռ Ռևերդիի մասին աշխատություն՝ “Une poétique de la marge”, éd. Champion-Slatkine, 1993) Բանաստեղծի մշտական երկխոսությունը ամենամեծ արվեստագետների հետ նրա ստեղծագործությունը վերածում է… Արվեստ Արվեստի ընդհանուր իմաստը (1890) Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն… Արվեստ Իմ կյանքը Մարկ Շագալ * * * Հինգերորդ դասարանում ահա թե ինչ պատահեց ինձ նկարչության դասին: Առաջին նստարանին նստող երկտարեցին, որ ամենից հաճախ էր ինձ կսմթում, հանկարծ ցույց տվեց ծխախոտաթերթի վրա արված մի նկար` «Նիվայից» կատարված մի պատճեն. «Ծխողը»: Խե՜լքս գնաց: Թողե՜ք…