Ռուբիկոն

Իմ կյանքը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մարկ Շագալ

* * *

Հինգերորդ դասարանում ահա թե ինչ պատահեց ինձ նկարչության դասին: Առաջին նստարանին նստող երկտարեցին, որ ամենից հաճախ էր ինձ կսմթում, հանկարծ ցույց տվեց ծխախոտաթերթի վրա արված մի նկար` «Նիվայից» կատարված մի պատճեն.

«Ծխողը»:

Խե՜լքս գնաց: Թողե՜ք ինձ, մեռա՜:

Լավ չեմ հիշում, բայց այն միտքը, թե նկարը ոչ թե ես էի արել, այլ այդ դանդալոշը, միանգամից կատաղեցրեց ինձ:

Մեջս սատանա արթնացավ:

Վազեցի գրադարան և «Նիվայի» հաստափոր հրատարակությամբ տարված` սկսեցի պատճենել կոմպոզիտոր Ռուբինշտեյնի դիմանկարը: Ինձ հրապուրել էին նրա դեմքի կնճիռներն ու գծերը, ինչ-որ հույն կնոջ պատկեր և մյուս նկարները, թերևս մի քանիս էլ հորինում էի ինքս:

Այդ ամենը ես կախեցի մեր ննջասենյակում:

Ինձ ծանոթ էր փողոցի լեզուն և առօրյա, սովորական խոսքը:

Բայց արվեստագետ բառը այնպիսի արտառոց ու գրական, ասես այլ աշխարհից մեզ հասած բառ էր, որ գուցե, այո, լսել էի, բայց մեր քաղաքում ոչ ոք երբեք այն չէր արտասանել:

Դա մեզանից չափազանց հեռու մի բան էր:

Ինքս էլ երբեք սիրտ չէի անի արտասանել այդ բառը: Մի անգամ ինձ մոտ այցի եկավ ընկերս, որը մեր ննջասենյակի պատերին կախված իմ նկարները տեսնելով` բացականչեց.

– Լսի՛ր, դու իսկական արվեստագետ ես:

– Ի՞նչ է արվեստագետը: Ո՞վ, ե՞ս եմ արվեստագետ: Հնարավո՞ր բան է, որ ես…

Նա գնաց` ոչինչ չբացատրելով ինձ:

Հանկարծ հիշեցի, որ մեր քաղաքում, ինչ-որ տեղ ես իրոք տեսել էի մի մեծ ցուցանակ, ինչպիսին լինում է կրպակների վրա. «Նկարիչ Պենի գեղանկարչության ու գծանկարի դպրոց»:

Մտածեցի. «Վիճակը գցված է: Ինձ մնում է միայն ընդունվել այդ դպրոցը, այդկերպ ես կդառնամ արվեստագետ»:

Եվ մեկընդմիշտ խորտակեցի ինձ գրագիր, հաշվապահ կամ լավագույն դեպքում իր տեղն արդեն գտած լուսանկարիչ տեսնելու մորս պատրանքները:

Մի գեղեցիկ օր

(թեև բոլոր օրերն էլ գեղեցիկ են), երբ մայրս հացը փուռն էր դնում թիակով, մոտեցա նրան և ալրոտ արմունկին դիպչելով` ասացի.

– Մայրիկ… ես ուզում եմ նկարիչ դառնալ:

Վե՛րջ, ո՛չ գործակատար, ո՛չ հաշվապահ չեմ կարող լինել: Հերիք է: Պատահական չէ, որ զգում էի` ինչ-որ բան պիտի տեղի ունենա:

Ախր չե՞ս տեսնում, մայրիկ, մի՞թե ես նման եմ ուրիշներին:

Ինչի՞ եմ պետք:

Ուզում եմ նկարիչ լինել: Փրկի՛ր ինձ, մայրիկ: Արի ինձ հետ գնանք: Քաղաքում մի տեղ կա: Եթե ընդունվեմ այնտեղ ու ավարտեմ դասընթացները, այնտեղից դուրս կգամ իբրև իսկական արվեստագետ: Եվ այնքան երջանիկ կլինեմ…

– Ի՞նչ: Նկարի՞չ: Գժվե՞լ ես, ի՞նչ է: Թող ինձ հացը փուռը դնեմ: Մի՛ խանգարիր: Ես իմ գործն ունեմ:

– Մայրիկ, այլևս չեմ կարող: Գնա՛նք:

– Ինձ հանգիստ թող:

Վերջապես վճիռը կայացվեց: Պիտի գնանք պ. Պենի մոտ: Եթե նա ընդունի, որ ես տաղանդ ունեմ, դեռ կարելի է մտածել: Եթե ոչ…

(Եվ այնուամենայնիվ ես կդառնամ նկարիչ, – մտածում էի ինքս ինձ, – կսովորեմ ինքնուրույն:)

Պարզ է, իմ բախտը պ. Պենի ձեռքերում էր առնվազն մորս աչքին, որը տան գլխավորն էր: Հայրս ինձ տվեց հինգ ռուբլի` դասերի ամսական վճարը, թեև փողը շպրտեց բակ, ուր ստիպված եղա վազել ու վերցնել:

Ես Պենին հայտնաբերեցի դեպի տաճարի հրապարակ իջնող տրամվայի հարթակին` կապույտ ֆոնին աչքի զարնող ճերմակ գրությամբ շլացած. «Պենի գեղանկարչական դպրոց»:

«Օ՜հ, – մտածեցի ես, – ինչ մտավորական քաղաք է մեր Վիտեբսկը»:

Անմիջապես վճռեցի ծանոթանալ վարպետի հետ: Ըստ էության, այդ ցուցանակը սոսկ թանագե կապույտ մեծ գրություն էր` նման այն ցուցանակներին, որ կարելի է տեսնել ամենուր կրպակների ճակատին: Իրոք, մեր քաղաքում անիմաստ բան էր այցեքարտերի, դռների փոքրիկ ցուցանակների գոյությունը: Ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում:

«Հաց և հրուշակեղեն Գուրևիչ:

«Ծխախոտ, ծխախոտի բոլոր տեսակները»:

«Միրգ և նպարեղեն»:

«Վարշավացի դերձակ»:

«Փարիզյան նորաձևություն»:

«Նկարիչ Պենի գեղանկարչության ու գծանկարի դպրոց»:

Այս ամենը առևտուր է:

Բայց վերջին գրությունն ինձ թվում էր այլ աշխարհից: Նրա կապույտն ասես երկնքի գույնն է:

Եվ ցնցվում է արևի ու անձրևի տակ:

Մաշված գծանկարներս ոլորելուց հետո ես սրտի դողով ու հուզումով գնացի Պենի արվեստանոցը մորս ուղեկցությամբ:

Արդեն աստիճաններով բարձրանալիս ես հարբել էի, գինովացել ներկերի ու նկարների հոտից: Չորս կողմը դիմանկարներ են: Քաղաքի կառավարչի կինը: Կառավարիչն ինքը: Պարոն Լ…ն և տիկին Լ…ն, բարոն Կ…ն բարոնուհու և ուրիշների հետ: Ես ի՞նչ իմանամ էլ ով:

Արվեստանոցը առաստաղից մինչև հատակ ճխտված է նկարներով: Հատակին կիտվել է թղթերի ու փաթույթների դեզը: Միայն առաստաղն է ազատ:

Իսկ այդ առաստաղին սարդոստայն է ու բացարձակ ազատություն:

Այստեղ-այնտեղ ցցվել են հունական գիպսե գլուխներ, ձեռքեր, ոտքեր, զարդաքանդակներ, ճերմակ առարկաներ` ծածկված փոշով:

Բնազդորեն զգում եմ, որ այս արվեստագետի ուղին իմը չէ: Իսկ թե որն է իմը` մտածելու ժամանակ չունեմ:

Գլուխների կենդանությունը զարմացնում է ինձ: Հնարավո՞ր բան է:

Աստիճաններով բարձրանալիս շոշափում եմ քթերն ու այտերը:

Վարպետը տանը չէ:

Էլ չեմ խոսում առաջին անգամ նկարչի արվեստանոցում հայտնված մայրիկի դեմքի արտահայտության ու զգացմունքի մասին:

Նա աչքի պոչով նայում է առարկաներին, հայացքը գցում կտավների կողմը:

Հանկարծ շրջվում է դեպի ինձ և գրեթե աղերսալից, բայց պարզ ու հստակ ասում.

– Տղա՛ս, ահա թե ինչ… Ինքդ էլ հասկանում ես, որ երբեք չես կարողանա այսպես անել: Տուն գնանք:

– Սպասենք, մայրիկ:

Ինքս ինձ արդեն որոշել էի, որ երբեք այդպես չեմ անի:

Եվ ի՞նչ միտք ունի:

Իմ ուզածն ուրիշ բան է: Բայց ի՞նչ, չգիտեմ:

Սպասում ենք վարպետին: Նա պիտի վճռի իմ բախտը:

Աստված իմ… Իսկ եթե տրամադրությունը վատ լինի, կարճ կկապի. «Բանի պետք չէ»:

(Ամեն ինչ հնարավոր է, մայրիկի հետ կլինես, թե առանց նրա, նախապատրաստվի՛ր:)

Արվեստանոցում մարդ չկա: Բայց մյուս սենյակում ինչ-որ մեկը շարժվում է: Հավանաբար Պենի

աշակերտն է:

Ներս ենք մտնում: Նա հազիվ է նկատում մեզ:

– Բարև:

– Բարև, եթե կուզեք:

Նկարակալի մոտ կանգնած` էտյուդ է անում: Ինձ դուր է գալիս:

Մայրիկն անմիջապես հարց է տալիս.

– Ասացե՛ք, խնդրեմ, պարոն Ս…, նկարչությունն ի՞նչ գործ է:

– Է՛հ, ինչ ասեմ… ո՛չ խանութ է, ո՛չ էլ ապրանք… Ինչ խոսք, պակաս ցինիկ ու գռեհիկ պատասխան չէր էլ կարելի սպասել:

Սակայն դա բավական էր, որ մայրիկը համոզվի իր ճշմարտության մեջ և իմ` կմկմացող տղայիս մեջ կաթեցնի դառնության մի քանի կաթիլ:

Բայց ահա և մեծարգո վարպետը:

Տաղանդս արժեք չի ունենա, եթե չկարողանամ նկարագրել նրան:

Կարևոր չէ, որ նա կարճահասակ է: Դրանից նրա կերպարանքն առավել մտերմիկ է դառնում:

Բաճկոնի ծայրերը անկյունավոր մասերում կախ են ընկել մինչև ոտքերը:

Դրանք թռչկոտում են աջ, ձախ, վերև, ներքև, իսկ ժամացույցի շղթան հետևում է դրանց:

Նրա շիկահեր, սուր ու շարժուն մորուքը արտահայտում է մերթ մելամաղձություն, մերթ հաճոյախոսություն, մերթ ողջույն:

Առաջ ենք գալիս: Նա անփութորեն ողջունում է մեզ: (Պատկառանքով ողջունում են միայն քաղաքի կառավարչին ու մեծահարուստներին:)

Կարդալ նաև

Արվեստ Արվեստի ընդհանուր իմաստը (1890) Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն… Արվեստ Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց) Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի… Արվեստ Նկարազարդված ձեռագրեր Լյուկ Վեզեն* (* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։ 1980 թ.…