Ռուբիկոն

Իմ կյանքը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ի՜նչ աղի արցունքով, ի~նչ խեղդված հպարտությամբ ես հատակից հավաքեցի այդ փողը, որ հայրս շպրտել էր սեղանի տակ: (Ներում եմ նրան, որովհետև այդպիսին էր նրա տալու ձևը:) Կռացա ու հավաքեցի: Սեղանի տակ ծնկաչոք` ես մտածում էի իմ գալիք երեկոների մասին, երբ սոված-ծարավ ու մենակ թափառելու էի կուշտ կերած մարդկանցով լեցուն փողոցներում:

Մեն-մենակ, խեղճ ու կրակ մի պատանի, որ կարիք ունի հացի ու տանիքի: Այդ պահին ես ուզում էի սեղանի տակ նստած մնալ, ինչը նույնպես վատ չէր լինի:

Հորս հարցերին կակազելով պատասխանեցի, թե կամենում եմ ընդունվել գ… գ… գեղարվեստի դպրոց: Չեմ հիշում ո՛չ նրա պատասխանը, ո՛չ դեմքի ծամածռությունը:

Սովորականի պես նա անմիջապես շտապեց ինքնաեռը տաքացնել և այդ ընթացքում շպրտեց.

– Դե ինչ, մեկնի՛ր, եթե որոշել ես: Միայն թե ուզում եմ քեզ մի բան ասել` ես փող չունեմ: Ինքդ ես տեսնում:

Ահա ինչ հավաքել եմ: Հետո ոչինչ չեմ կարող ուղարկել: Հույսդ չդնես վրաս:

«Միևնույն է, – մտածում էի ես, – փողով թե առանց փողի ես կգնամ»:

Մի՞թե հնարավոր է, որ ինձ ոչ մի տեղ գոնե մի բաժակ թեյ չտան կամ մի կտոր հաց չգտնեմ ինչ-որ նստարանի վրա կամ ճամփեզրին:

Հաճախ պատահում է, որ թղթի մեջ փաթաթած հացի կտոր են թողնում:

Կարևորը արվեստն է, գեղանկարչությունը, բոլորի գեղանկարչությունից տարբեր նկարչությունը:

Բայց ինչպիսի՞: Աստված, կամ չգիտեմ թե ով, ինձ ուժ կտա կենդանություն պարգևելու կտավներիս սեփական շնչով, փրկության ու վերածննդի իմ աղերսանքով, իմ տխրության շնչով:

Հիմա հիշում եմ. չկար մի օր, մի ժամ, որ չասեի ինքս ինձ. «Ախր դու դեռ փոքր ես»:

Իհարկե ահն ընկնում էր սիրտս, երբ մտածում էի, թե ինչպես եմ հաց ճարելու. ես բանի պետք չէի, թերևս բացի նկարելուց:

Սակայն հորս պես բանվորություն անել նույնպես չէի կարող, քանի որ խոշոր տակառները բարձրացնելու համար, ինչպես ինքն էր անում, ֆիզիկապես ուժեղ չէի:

Ես նույնիսկ գոհ էի, որ կարող եմ միայն արվեստագետ դառնալ: Դա հրաշալի պատրվակ էր` ստիպված չլինել ապրուստ հոգալու: Իսկ արվեստագետ դառնալով, – մտածում էի ես, – անկասկած կդառնամ մեծ մարդ: Սակայն Պետերբուրգում ապրելու համար ոչ միայն փող է հարկավոր, այլև հատուկ թույլտվություն: Ես հրեա եմ: Իսկ ցարը բնակության որոշակի գոտի էր սահմանել, որը հրեաները իրավունք չունեին խախտելու:

Հայրս մի վաճառականից ձեռք բերեց ժամանակավոր վկայական, իբրև թե ինձ հանձնարարված է նրա համար ինչ-ինչ ապրանքներ ստանալ:

Եվ ահա, (1907 թ.) ես գնացի ընդառաջ նոր կյանքին նոր քաղաքում:

* * *

Ռուսաստանը ծածկվում էր սառույցներով: Լենինն այն շրջեց գլխիվայր, ինչպես ես եմ ամեն ինչ շուռ տալիս իմ նկարներում:

Տիկին Կերենսկին մեկնել է: Լենինը ճառ է ասում պատշգամբից:

Բոլորն այնտեղ են: Արդեն կարմրին են տալիս ՌՍՖՍՌ տառերը: Կանգ են առնում գործարանները: Հորիզոններ են բացվում:

Լայնարձակ ու դատարկ:

Հաց չկա: Առավոտյան ազդագրերի սև տառերը սիրտս կտոր-կտոր են անում:

Պետական        հեղաշրջում:    Լենինը`              Սովնարկոմի նախագահ: Լունաչարսկին` Նարկոմպրոսի:

Տրոցկին նույնպես իշխանության գլուխ է անցել: Նաև Զինովևը: Ուրիցկին հսկողության տակ է առել Սահմանադիր ժողովի մուտքերը:

Բոլորն այնտեղ են, իսկ ես`… Վիտեբսկում:

Ես կարող եմ օրեր շարունակ առանց ուտելու մնալ, նստել մի ջրաղացի մոտ ու նայել կամրջին, մուրացիկներին, տոպրակներով ծանրաբեռ թշվառ մարդկանց:

Կարող եմ ոտքս կախ գցել բաղնիքի շենքի առջև ու նայել, թե ինչպես են այնտեղից դուրս գալիս

զինվորները,    նրանց  կանայք              կեչու    ճյուղերը ձեռքներին:

Կարող եմ թափառել գետի եզերքին, գերեզմանատան մոտ…

Կարող եմ մոռանալ քեզ, Վլադիմիր Իլյիչ, քե՛զ, Լենին, ինչպես նաև Տրոցկուն…

Բայց այս ամենի փոխարեն, խաղաղ ապրելու ու իմ նկարներն անելու տեղ ես հիմնում եմ Գեղարվեստի դպրոց ու դառնում նրա տնօրենը, եթե կուզեք` նախագահը:

«Ի՜նչ երջանկություն»:

«Ի՜նչ անմտություն», – մտածում է կինս:

Նարկոմ Լունաչարսկին ժպտալով ընդունում է ինձ Կրեմլում, իր առանձնասենյակում:

Նրան հանդիպել էի մի անգամ Փարիզում, պատերազմից առաջ: Լրագրող էր: Եկել էր իմ արվեստանոցը` «Փեթակ»:

Ակնոց, փոքրիկ մորուք, ֆավնոսի դիմակ:

Եկել էր տեսնելու իմ նկարները, որ լրագրում հոդված գրի:

Լսել էի` նա մարքսիստ է: Սակայն մարքսիզմի իմ գիտելիքները սահմնափակվում էին նրանով, որ Մարքսը հրեա է և ունի երկար, ճերմակ մորուք: Ուստի ինքս ինձ հաշիվ էի տալիս, որ իմ արվեստն, անշուշտ, որևէ կապ չէր կարող ունենալ նրա հետ:

Ես ասացի Լունաչարսկուն.

– Միայն թե չհարցնեք, թե ինչու եմ նկարել կապույտով ու կանաչով կամ ինչու է կովի փորում հորթ երևում և այլն: Համաձայն եմ` թող Մարքսը, եթե այդքան խելոք է, հարություն առնի ու բացատրի ձեզ: Նրան ցույց էի տալիս իմ կտավները` արագ-արագ անցկացնելով աչքի առջևով:

Նա ժպտում էր և ծոցատետրում լուռ գրառումներ անում:

Այնպիսի զգացում ունեի, որ նա այդ այցելությունից պահպանեց, – և մեկընդմիշտ, – տհաճ հիշողություն:

Եվ ահա նա ինձ հանդիսավորապես հաստատում է իմ նոր պաշտոնում:

Վերադառնում եմ Վիտեբսկ հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարեդարձի նախօրյակին:

Իմ քաղաքը մյուս քաղաքների նման նախապատրաստվում է տոնակատարության` փողոցները զարդարելով մեծ ազդագրերով:

Մեր քաղաքում ներկարարների պակաս չի զգացվում: Հավաքում եմ նրանց բոլորին` ջահել թե ահել, և ասում.

–  Լսե՛ք, դուք և ձեր զավակները կդառնաք իմ դպրոցի աշակերտները:

Փակեք ձեր ցուցանակների ու խզբզանքների արհեստանոցները: Բոլոր պատվերները կտրվեն մեր դպրոցին, իսկ դուք դրանք կբաժանեք ձեր մեջ:

Ահա մոտ տասներկու էսքիզ: Փոխադրեք դրանք մեծ պաստառների վրա և այն օրը, երբ բանվորների թափորը դրոշակներով ու ջահերով կանցնի քաղաքով, կախեք դրանք պատերին քաղաքում ու արվարձաններում:

Բոլոր ներկարարները` մորուքավոր տարեցներն ու նրանց աշակերտները, սկսեցին ընդօրինակել իմ կովերն ու այծերը:

Եվ հոկտեմբերի 25-ին քաղաքով մեկ հեղափոխության քամուց ծփծփում էին իմ բազմագույն կենդանիները:

Բանվորներն   անցնում            էին        «Ինտերնացիոնալ» երգելով:

Նրանց ժպիտները տեսնելով` ես համոզված էի, որ հասկանում են ինձ:

Առաջնորդներն ու կոմունիստները այնքան էլ գոհ չէին երևում:

Ինչու՞ է կովը կանաչ, ինչու՞ է ձին թռչում երկնքում, ինչու՞:

Այս ամենն ի՞նչ կապ ունի Մարքսի ու Լենինի հետ:

Եվ շտապում էին նորելուկ քանդակագործներին պատվիրելու Լենինի ու Մարքսի գիպսե կիսանդրիները:

Վայ թե դրանք փխրվել են վիտեբսկյան անձրևների տակ:

Խեղճ քաղաք…

Երբ հանրային զբոսայգում դնում էին նման մի անշուք ծեփածո, որ դպրոցի աշակերտներից մեկի գործն էր, ես թաքնվում էի թփերի ետևում ու քթիս տակ ծիծաղում:

Որտե՞ղ է հիմա այդ Մարքսը, որտե՞ղ:

Որտե՞ղ է այն նստարանը, որի վրա համբուրվել եմ մի ժամանակ:

Որտե՞ղ կարող եմ նստել ու թաքցնել իմ ամոթը:

Բայց մեկ Մարքսը բավական չէր:

Մի այլ փողոցում կանգնեցրին երկրորդը:

Ավելի լավը չէր:

Խոշոր ու ծանրանիստ` նա պակաս բարեհամբույր էր և վախեցնում էր դիմացը կանգնող կառապաններին:

Կարդալ նաև

Արվեստ Արվեստի ընդհանուր իմաստը (1890) Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն… Արվեստ Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց) Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի… Արվեստ Նկարազարդված ձեռագրեր Լյուկ Վեզեն* (* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։ 1980 թ.…