Ռուբիկոն

Իմ կյանքը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

– Ի՞նչ եք ուզում:

– Ահա թե ինչ… Ես էլ չգիտեմ… Նա ուզում է նկարիչ դառնալ: Պարզապես գժվել է: Նայե՛ք, խնդրում եմ, նրա նկարները… Եթե տաղանդ ունի, արժի որ ձեզնից դասեր առնի, բայց եթե չունի… Գուցե տուն գնանք, զավակս:

Պենը աչքն էլ չի թարթում: (Հոգեա՛ռ, գոնե աչքդ թարթիր:)

Մեխանիկորեն թերթում է «Նիվայից» արած իմ ընդօրինակումները և մրմնջում.

«Այո… որոշ հակում նկատվում է…»:

Ա՛յ քեզ բան… Իմ հերթին մտածում եմ ես: Մայրս, անշուշտ, ավելի շատ չի էլ հասկանում:

Բայց ինձ համար դա բավարար է:

Ինչևէ, հայրս ինձ տվեց հինգ ռուբլին, և ես մոտ երկու ամիս սովորեցի Պենի դպրոցում, Վիտեբսկում: Ի՞նչ էի անում այնտեղ: Ինքս էլ չգիտեմ:

Կավե մի գլուխ ցցված էր իմ առջև: Հարկավոր էր մյուսների հետ մեկտեղ նկարել այն:

Ջանադրաբար անցնում էի գործի:

Մատիտը մոտեցնում էի աչքերիս, չափում, չափչփում:

Բան դուրս չէր գալիս: Միշտ ծուռ էր լինում: Վոլտերի քիթը շարունակ կախվում էր ներքև: Մոտենում էր Պենը:

Կողքի խանութում ներկեր էին վաճառում: Ես ունեի մի արկղիկ, և պարկուճներն էլ այնտեղ տարուբերվում էին մանկական դիակների նման:

Փող չունեի: Գնում էի քաղաքի ծայրամասը` էտյուդի: Որքան հեռանում էի, այնքան ավելի էի վախով համակվում:

«Սահմանն» անցնելու և զինվորական ճամբարների մեջ հայտնվելու երկյուղից իմ գույները կապտում էին, նկարներս մռայլվում:

Բայց որտե՞ղ են խոշոր կտավների վրա արած իմ էդյուդները, որ կախել էի մայրիկի մահճակալի վերևում. ջրկիրներ, տնակներ, լապտերներ, բլուրներով ձգվող թափորներ:

Երևում է, դրանք իբրև գորգեր գետնին են փռել, քանի որ կոշտ կտավ են:

Գո~րծ են արել, խոսք չկա:

Ոտքերդ սրբիր: Հատակը հենց նոր ենք լվացել: Քույրերս կարծել են, թե իմ նկարները հենց դրա համար են ստեղծվել, մանավանդ, երբ դրանք արված են եղել մեծ կտավների վրա:

Սիրտս ցավեց, քիչ մնաց շնչահեղձ լինեմ:

Արցունքոտ աչքերով հավաքեցի իմ կատվները և նորից կախեցի դռան վրա: Ի վերջո, դրանք տարան ձեղնահարկ, որտեղ աստիճանաբար և մեկընդմիշտ թաղվեցին փոշու տակ:

Պենի մոտ միայն ես էի նկարում մանուշակագույնով: Ի՞նչ էր դա:

Որտե՞ղից էր գլուխս մտել:

Դա այնպիսի հանդուգն քայլ համարվեց, որ այդ օրվանից Պենի դպրոցը սկսեցի հաճախել անվճար, մինչև այն ինձ համար չդարձավ, – ինչպես Ս.-ն էր ասում, – ո՛չ խանութ, ո՛չ էլ ապրանք: Վիտեբսկի արվարձաններ: Պեն:

Հողը, ուր հանգչում են իմ ծնողները, այսօր ինձ մնացած միակ թանկ ու հարազատ բանն է:

Սիրում եմ Պենին: Աչքիս առաջ է նրա ցնցվող կերպարանքը:

Հիշողությանս մեջ նա ապրում է հորս կողքին: Հաճախ, երբ մտածում եմ իմ քաղաքի ամայի

փողոցների մասին, մտաբերում եմ նրան մերթ այստեղ, մերթ այնտեղ:

Բազմիցս նրա տան շեմին, դռան մոտ կանգնած, ուզել եմ թախանձագին խնդրել:

Ինձ պետք չէ ո՛չ համբավ, ո՛չ փառք, միայն լինեմ ձեզ նման լուռումունջ մշակ կամ ձեր կախված նկարների պես կախվեմ ձեր փողոցում, ձեր տանը, ձեր կողքին: Թույլ տվեք…

* * *

Մի օր Պենի աշակերտներից մեկը գալիս է ինձ մոտ: Խոշոր վաճառականի որդի է, իմ նախկին համադասարանցին գիմնազիայում, որը նա թողել էր ավելի լուրջ հաստատություն` առևտրի դպրոց ընդունվելու: Իր առանձնահատուկ արժանիքների պատճառով նրան առաջարկել էին թողնել նաև այդ դպրոցը:

Սև մազերով, գունատ մաշկով այդ տղան ինձ նույնքան օտար էր, որքան նրա ընտանիքը` իմ ընտանիքին:

Մեր կամրջի վրա հանդիպելիս նա չէր զլանում մոտենալ ինձ, շիկնելով հարցնել, թե ինչ գույն է պետք երկնքի ամպերի համար, կամ խնդրել, որ իրեն դասեր տամ:

– Չե՞ք կարծում, – ասում էր նա, – որ այն ամպը` այնտեղ, գետի մոտ, չափազանց կապույտ է և արտացոլվելով ջրում` դառնում է մանուշակագույն:

Դու էլ ինձ պես պաշտում ես մանուշակագույնը, չէ՞: Հոգուս մեջ ես դեռ պահում էի գիմնազիայում ուսանած տարիներից մնացած ցավն ու դառնությունը, երբ այդ արիստոկրատն ինձ նայում էր իբրև հնադարյան բրածոյի:

Այդ տղան բավական հաճելի դեմք ուներ, թեև հաճախ չէի կարողանում տեղը բերել, թե ինչի է նման:

Ես փորձում էի մոռանալ նրան շրջապատող հարստությունն ու բարեկեցությունը և գեղեցկություն հաղորդել իմ մանկության տարիներին:

«Լավ, – ասացի նրան, – կդառնամ քո ուսուցիչը, բայց ոչ փողով: Ավելի շուտ լինենք ընկերներ:»

Ես ավելի ու ավելի էի բացակայում տնից` իմ օրերը նրա հետ իրենց ամառանոցում անցկացնելու համար: Միասին թափառում էինք դաշտերում ու մարգագետիններում:

Բայց ի՞նչ միտք ունի այս ամենի մասին գրել: Որովհետև ընկերներիս շուքը ինձ մի քիչ սիրտ էր տալիս հուսալու, որ ավելին եմ, քան Պոկրովսկայա փողոցի համեստ տղեկը:

Ճամփորդության փորձ ունենալով` նա ինձ հայտնեց, որ պատրաստվում է մեկնել Պետերբուրգ` շարունակելու իր ուսումը գեղանկարչության ասպարեզում:

«Լսի՛ր, իսկ եթե գնանք միասին…»

Ի՞նչ կարող էի անել ես` հասարակ բանվորի որդիս: Ինձ արդեն սովորելու էին տվել լուսանկարչի մոտ:

Գործատերը փայլուն ապագա էր կանխատեսում, պայմանով, որ ճշտապահ լինեմ և համաձայնեմ նրա համար ևս մեկ տարի ձրի աշխատել:

«Արվեստը գեղեցիկ բան է, – ասում էր նա, – բայց ոչ մի տեղ չի փախչի: Ի դեպ, ինչի՞ է պետք: Տե՛ս, թե ինչպես եմ տունուտեղ դրել: Սքանչելի բնակարան, հրաշալի կահույք, հաճախորդներ, կին, երեխաներ, հարգանք ու պատիվ, – այս ամենը դու նույնպես կունենաս: Մնա ինձ մոտ:»

Ունևոր, ինքնագոհ քաղքենի: Քանի~-քանի անգամ ցանկություն եմ ունեցել քամուն տալ նրա բոլոր լուսանկարները ու գլուխս առնել փախչել:

Ես ատում էի ռետուշման աշխատանքը: Գլխիս փորձանք էր դարձել: Եվ ի՞նչ կարիք կար ծածկել խալերն ու բծերը, հարթել կնճիռները, ջահելացնել միանգամայն տարբեր, անկենդան դեմքերը:

Բայց երբ ձեռքս էր ընկնում որևէ ծանոթի լուսանկարը, ժպտում էի նրան` պատրաստ գեղեցկացնելու:

Հիշում եմ` ինչպես մայրս առաջին անգամ գնաց լուսանկարվելու:

Լուսանկարչի ցուցանակի երկու կողմերը զարդարում էին մեդալները: Պատկերացնու՞մ եք մեր հուզմունքը: Որպեսզի լուսանկարը էժան նստեր, մեր ողջ ընտանիքը, – այդ թվում քեռիներն ու մորաքույրերը, – որոշեց մի փոքրիկ թղթի վրա արված միասնական լուսանկար ունենալ:

Ես` հինգ-վեց տարեկան մի մանչուկ, կանգնած եմ մայրիկի փեշի մոտ, ոսկեգույն կոճակներով կարմիր թավշե կոստյումով: Մյուս կողքին կանգնած է քույրս, և երկուսիս բերանն էլ բաց է, որ կարողանանք լավ շնչել:

Երբ եկավ լուսանկարը վերցնելու պահը, սովորույթի համաձայն մերոնք մի քիչ սակարկեցին: Լուսանկարիչը բարկացավ և կտոր-կտոր արեց լուսանկարի միակ օրինակը:

Զարմացած` ես իսկույն ևեթ հավաքեցի պատռված մասերը և տանը դրանք իրար սոսնձեցի:

Փառք Աստծո…

Մյուս լուսանկարիչը, որի մոտ աշխատում էի ես, ավելի բարեհաճ էր: Նա այնքան ուժեղ էր փնչացնում, որ ձայնը լսվում էր հարևան սենյակից:

Փող չէր տալիս, բայց գոնե կերակրում էր: Երբեք չեմ մոռանա ապուրներն ու մսի մեծ կտորները, որ տալիս էին ինձ և մյուս աշխատողներին: Իսկ հաց` վերցրու որքան կուզես:

Շնորհակալ եմ:

Հանկարծ ինչ-որ բան է տեղի ունենում:

Առնելով քսանհինգ ռուբլին, միակ գումարը, որ ստացել եմ հորիցս իմ ողջ կյանքում (գեղանկարչական ուսումնառության համար), ես` կարմրերես ու գանգրահեր մի տղա, ընկերոջս հետ սլանում եմ Պետերբուրգ: Վճռված է:

Կարդալ նաև

Արվեստ Արվեստի ընդհանուր իմաստը (1890) Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն… Արվեստ Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց) Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի… Արվեստ Նկարազարդված ձեռագրեր Լյուկ Վեզեն* (* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։ 1980 թ.…