Ռուբիկոն

Իմ կյանքը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ես ամաչում էի: Բայց մի՞թե դա իմ մեղքն էր:

Շեղօձիք վերնաշապիկը հագիս, կաշվե պայուսակը թևիս տակ` ես իսկ և իսկ խորհրդային պաշտոնյայի տեսք ունեի:

Միայն իմ երկար մազերն ու այտերիս վարդագույն բծերն էին, – ասես իմ նկարներից դուրս ելած, – մատնում նկարիչ լինելս:

Աչքերս բռնկվել են վարչական հրով: Շրջապատված եմ մանչուկներով` աշակերտներով, որոնց ուզում եմ հանճար դարձնել քսանչորս ժամվա մեջ:

Կաշվից դուրս եմ գալիս` դպրոցին անհրաժեշտ նպաստները ձեռք բերելու, փող, ներկեր ու նյութ ճարելու: Հազար ու մի միջոցի եմ դիմում` նրանց զինվորական ծառայությունից ազատելու համար:

Անվերջ վազվզուքի մեջ եմ: Բացակայությանս ժամանակ կինս փոխարինում է ինձ:

Գնում եմ Գուբիսպոլկոմի ժողովների` քաղաքի բյուջեից հատկացումներ խնդրելու:

Ծրագիրս ներկայացնելու ընթացքում խորհրդային ղեկավարը` նախագահը, միտումնավոր ննջում է:

Արթնանում է իմ զեկուցման վերջում ու հարցնում.

– Ի՞նչ եք կարծում, ընկեր Շագալ, որն է ամենակարևորը` շտապ վերանորոգել կամու՞րջը, թե՞

փող տրամադրել ձեր Գեղարվեստի ակադեմիային:

Ամեն անգամ, երբ Լունաչարսկու օժանդակությամբ ես ստանում եմ այդ հատկացումները, սա պահանջում է, որ գոնե հաշվետու լինեմ իրեն: Ապա թե ոչ, սպառնում է ինձ բանտ նետել:

Բայց ես չեմ ընդունում նրա առաջարկը:

Ժամանակ առ ժամանակ ինձ տեսության էին գալիս ուրիշ կոմիսարներ:

Համոզված, որ նրանք դեռ պատանի են, թեև այդ տղաները միտինգների ժամանակ խիստ տեսք էին ընդունում և բռունցքի ուժեղ հարվածով խփում սեղանին, ես կատակով թփթփացնում էի նրանց թիկունքին կամ հետույքին, լիներ դա տասնինը տարեկան զինվորական թե հասարակական աշխատանքների կոմիսար:

Այդ ամենը վկայում էր քաղաքային իշխանությունների հարգանքը արվեստների հանդեպ: Բայց դա նրանց չխանգարեց, որ զոքանչիս ձերբակալեն մյուս ունևորների հետ միաժամանակ միայն այն պատճառով, որ նրանք հարուստ են:

Հազար ու մի դուռ ծեծելուց հետո ես ստիպված գնացի Մաքսիմ Գորկու մոտ:

Չգիտեմ` ինչ տպավորություն թողեցի նրա վրա:

Նրա սենյակը մտնելով` պատերին այնքան անճաշակ նկարներ տեսա, որ մի պահ մտածեցի, թե շփոթել եմ դուռը:

Նա պառկած էր մահճակալին և մերթընդմերթ թքում էր թաշկինակի կամ թքամանի մեջ:

Առանց վիճելու, զարմանքով նա ընդունում էր իմ բոլոր նախագծերը արվեստի մասին և ինձ զննելով` ջանում կռահել, թե որտեղից եմ եկել և ով եմ:

Իսկ ես արդեն հասցրել էի մոռանալ, թե ինչու եմ եկել:

Բավական էր, որ մեկն ինձ մոտ աշխատելու ցանկություն հայտներ, և ես կամենալով օգնել նրան` անմիջապես հրավիրում էի դասավանդելու իմ դպրոցում, որովհետև ուզում էի, որ արվեստի բոլոր ուղղություններն այնտեղ ներկայացված լինեն: Նրանցից մեկը, ում նույնիսկ նշանակել էի տնօրեն, ժամանակն անցկացնում էր իր ընտանիքին ծանրոցներ ուղարկելով: Փոստատանը և անգամ կոմունիստների կոմիտեում սկսել էին խոսել այն ուսուցիչների մասին, որոնց հրավիրել էր ընկեր Շագալը:

Մի ուրիշ աշխատակցուհի էլ զվարճանում էր քաղաքի կոմիսարների հետ, սիլի-բիլի անում ու հաճույքով ընդունում նրանց նվերները: Երբ այս կարգի լուրերը հասնում էին ինձ, ես կատաղում էի:

–  Ինչպե՞ս կարող եք, – հարցնում էի տենդագին: Իսկ նա չարախնդորեն պատասխանում էր.

–  Բայց ընկեր Շագալ, ես ձեզ համար եմ անում… ձեզ օգնելու նպատակով:

Մեկ ուրիշ ուսուցիչ, որ ապրում էր հենց ակադեմիայում, իրեն շրջապատել էր «բարձրագույն» միստիցիզմով համակված կանանցով:

Ինչպե՞ս էր կարողանում նրանց գրավել` չեմ հասկանում:

Մի երրորդը` իմ ամենաեռանդուն աշակերտը, ինձ բարեկամության ու նվիրվածության երդումներ էր տալիս, հավատացնում, թե ես նրա մեսիան եմ: Բայց հենց որ ընդունվեց գործի իբրև ուսուցիչ, հակառակորդներիս կողմն անցավ` անարգելով ու ծաղրելով ինձ:

Նա արդեն երկրպագում էր մի նոր աստծո, որին շուտով նույնպես լքեց ու դավաճանեց իր հերթին:

Էլ չեմ խոսում հին, դպրոցական ընկերոջս մասին: Նրան կանչել էի ինձ մոտ ու կարգել օգնական:

Աշխատում էր ինչ-որ գրասենյակում:

«Ինչու՞, – մտածում էի ես, – իզուր տեղը ժամանակ կորցնի»:

Բերեցի ինձ մոտ:

Երջանիկ էր և ի նշան երախտագիտության նույնպես շտապեց թշնամիներիս կողմն անցնել:

Նախագահի իմ պաշտոնը ինձ ստիպում էր աշխատել մինչև ուշ գիշեր: Ես եռանդագին կոչ էի անում ուսուցիչներին իրենց պարտականություններին անցնել, սակայն նրանք աստիճանաբար կորցնում էին հետաքրքրությունն ու սկսում նիրհել:

Իսկ հետո ինչպես հարկն է ծաղրում էին այդ ժողովները, դպրոցը, ինձ ու իմ համոզմունքները: Ճիշտ է, ես աչքի չէի ընկնում համբերությամբ: Նրանց տալիս էի խոսք, բայց նախապես իմանալով, թե ինչ են ասելու, չէի թողնում, որ ավարտեն իրենց միտքը: Ուզում էի միանգամից ստեղծել ակադեմիա, թանգարան, ընդհանուր արվեստանոցներ:

Անհամբեր ուզում էի ամեն ինչ գործի անցած տեսնել:

Եվ չէի խնայում ո՛չ ինձ, ո՛չ մյուսներին:

«Իրար պաշտող» բոլոր ուսուցիչները սկսեցին «պաշտել» նաև ինձ:

Քաղաքում արդեն անուն էի հանել ու ոտքի կանգնեցրել մի քանի տասնյակ նկարիչների:

Ֆրանսերենից թարգմանությունը` Արուս Բոյաջյանի

Կարդալ նաև

Արվեստ Արվեստի ընդհանուր իմաստը (1890) Վլադիմիր Սոլովյով I Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն… Արվեստ Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց) Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի… Արվեստ Նկարազարդված ձեռագրեր Լյուկ Վեզեն* (* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։ 1980 թ.…