Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)
Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա
1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի համադրող Իվ-Ալեն Բուայի հետ` զրուցելու համար այս երկու հիմնական մոդեռնիստ կերպարների փոխադարձ կապի նկատմամբ նրա ունեցած ռևիզիոնիստական մոտեցման մասին: Բուայի հետ ունեցած զրույցի ծաղրական, տանջալի և նույնիսկ թախծալի մանրամասնությունները բացահայտվեցին իբրև մի շարք նրբին քայլեր և հակաքայլեր հենց արվեստի ստեղծագործություններում: Հաճախ հակադիր համարված այդ երկու նկարիչները ի հայտ են գալիս որպես անբաժանելի խաղընկերներ հակապատկերներ, երկվորյակ ջատագովներ, որ ներքաշվելով իրար ընդառաջող երկխոսության մեջ` օգնում են կերտելու ժամանակակից նկարչության պատմությունը:
XX դարի մայրամուտին մոդեռնիստական նորամուծության պատմության կոնտեքստում երբեմնի հակադիր բևեռներ համարված այդ հսկաները` Պիկասսոն և Մատիսը թվում է, թե ավելի ու ավելի հոգեհարազատ ստեղծագործ գործընկերների են նմանվում: Հավանաբար արդի` տեսահոլովակային, օբյեկտների կամ ինստալացիաների ուղղվածություն ունեցող արվեստն է, որ ստիպում է այդ երկուսին համակրելիորեն հին վարպետների նման լինել, ասես XIX դարից ժառանգված մինչվերացական, նկարի և քանդակի վրա կենտրոնացած ավանդույթի առասպելական մնացորդներ: Կարճ ասած, Պիկասսոն և Մատիսն այսօր ավելի մոտ են թվում միմյանց, քան նրանցից յուրաքանչյուրը` Ռոբերտ Գոբերին, Ժանին Անտոնիին, Մոնա Հաթումին կամ, ասենք, Էնդի Ուորհոլին և նույնիսկ Ջեքսըն Փոլլոքին: Իրենց կյանքի և կարիերայի, նույնիսկ ազգային ծագման բոլոր տարբերությունների հետ մեկտեղ, երկուսն էլ հավասարապես են դրսևորել իրենց խառնվածքը, իբրև պատմական սանդղակում ողջ մնացածներ:
Ասում են արվեստագետ-հերոսը մեռած է, ինչպես նկարչությունը և քանդակագործությունը` ստեղծագործ հերոսի հիմնական արտահայտչամիջոցը par excellence: Ցուցահանդեսներում առասպելը վերակենդանացնելու փորձերը, ինչպիսիք են Փոլլոքի ընթացիկ ռետրոսպեկտիվը կամ Բոննարի վերջերս կատարված ուսումնասիրությունը, կարող են ավարտվել ոգևորող ցուցադրումներով, բայց դրանք բացահայտեցին, թե որքանով են տվյալ արվեստագետները պատկանում ավելի շուտ պատմությանը, քան ներկային: Պետք է խոստովանեմ, որ Պիկասսո – Մատիս ցուցահանդեսի գաղափարին ես վերաբերվեցի թերահավատորեն: Այդ խիզախ, թանկագին վարպետների (chers maitres) ևս մեկ փառաբանում, որոնք հրճվում էին կանացի մերկությամբ` բացասելով իրական կանանց. առավել կապակցվածություն սեռական խիզախության և գեղանկարչական հնարամտության միջև, ավելի շատ պառկած մոդելներ, գրգռված և աչալուրջ Հսկա Տղաներ, տագնապալի պայքարում միախառնված եղջյուրներ: Եթե Պիկասսո-Մատիս փոխադարձ կապի Իվ-Ալեն Բուայի կոնցեպցիան չի կարող խուսափել անխուսափելի ստերեոտիպերից, ապա այն երկար ճանապարհ է անցնում արդյունավետորեն նրանց բարդեցնելու ուղղությամբ: Բուան` Հարվարդի համալսարանի ժամանակակից արվեստի երիտասարդ պրոֆեսորը, իրոք հետաքրքրված է այդ երկուսի կապերով և կապակցվածության պրոցեսներով` «Ազնիվ մրցակցությամբ»` իր բոլոր նրբություններովև փոփոխականությամբ: Նա չի փորձում «իրական» Պիկասսոյին պոկել առասպելի մարդուց կամ «ակտուալ» Մատիսին` նրա զանազան լեգենդներից (չնայած նման գաղափարը նույնիսկ ճշմարտանման կլիներ): Իրոք. չնայած Բուան երբեմն կարող է դիմել կենսագրություններին, նրան իրականում հետաքրքրում են ոչ թե անհատների, այլ ստեղծագործությունների (որոշակի ժամանակ արված որոշակի ստեղծագործությունների) միջև առկա կապերը: Ես խորապես հմայվել էի պրոցեսի ծավալմամբ` ծանոթանալով փոխհարաբերության եղանակներին, որ անսպասելիորեն բազմազան է թվում Պիկասսո–Մատիս իրադարձությունում: Երկու արվեստագետներ, երկու հզոր կերպարներ են հառնում ընդհարումից` գայթակղիչ կամ սպառնալից կերպով համառորեն տեղյակ մեկը մյուսի ներկայության մասին, իրենց սեփական ստեղծագործության գոյացման մեջ: -Լ.Ն.
Լինդա Նոքլին – Այսօր Պիկասսոյին և Մատիսին ներկայացնելու մեկ այլ ցուցահանդեսի անհրաժեշտությունն ինչո՞ւմն է: Արդյո՞ք վերջին տարիներին չեն եղել այդ վարպետներին նվիրված նման բազմաթիվ ցուցահանդեսներ:
Իվ-Ալեն Բուա – Իհարկե եղել են: Բայց երբեք չի եղել ցուցադություն նրանց փոխհարաբերությունների մասին: Ճշմարիտ է, որ նրանց փոխհարաբերությունների առաջին մասն արդեն ուսումնասիրվել է, այսինքն` մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Կա որոշակի ավանդույթ, եթե նկատի ունենք անմիջական («տետատետ») առնչությունները, ասենք, օրինակ, Մատիսի «Կյանքի բերկրանքի» և Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկների» միջև (որին հաջորդեց Մատիսի «Լողացողները` կրիայով» գործը): Բայց 1930-ից հետո Պիկասսոյի մասին գրականությունը իրականում նկատի չի առնում Մատիսին. կարծես նա պատկերի բաղադրիչ մասը չէ: Իսկ ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ նա այդ պատկերի մասն է: Նկատի ունեմ, որ կերպարներն ինչ-որ առումով խոսում են այդ մասին:
Իսկ թե այդ վերջին տարիներին որքանով է տարեց Մատիսը կապված եղել Պիկասսոյի հետ, – իհարկե բոլորովին այլ կերպ, քանի որ Մատիսը էդիպյան կապվածություն չուներ Պիկասսոյի հետ, – ես իրոք հաշվի չէի առել: Բայց ուշադիր զննելով և մանրակրկիտ ուսումնասիրելով նկարները` ես հայտնաբերեցի, որ փաստորեն, վաղ երեսունականներին նորից մուտք գործելով մոդեռնի ասպարեզ, Մատիսը բավականին զգայուն էր Պիկասսոյին գործընկեր համարելու հարցում:
Լ. Ն. – Դա անշուշտ ծանրակշիռ պատճառ է ցուցահանդես կազմակերպելու համար: Բայց, շրջանակելու համար ցուցադրությունը, ի՞նչ նպատակ է հետապնդում «Ազնիվ մրցակցություն» խորագրով նման դրամատիկ համանմանության օգտագործումը:
Ի.Ա. Բ. – Մրցակցությունը հավասարվելու ասպեկտներից մեկն է: Բայց ես ուզում էի շոշափել տեսական ավելի բարդ թեմա, որն էլ «ազդեցության» ողջ պրոբլեմն է: Չեմ կարծում, թե խելամիտ է ասել` իբր Պիկասսոն «ազդվել» է Մատիսից, ոչ էլ կարծում եմ, թե հակառակն է ճիշտ. պարզապես սխալ է այդ ուղով գնալը: Ավելի շուտ կարծում եմ, որ որոշակի վճռորոշ պահերի երկուսն էլ զգացել են իրենց ասես բռնցքամարտի ռինգում, կամ իբրև խաղընկերներ ինչ-որ խաղում, որի խաղագումարը երկուսի համար էլ հենց նկարելու հմտությունն էր:
Լ. Ն. – Նկատի ունեք. «Ո՞վ է տնօրինում ավանգարդ նկարչությանը»:
Ի.Ա. Բ. – Միգուցե. «Ինչո՞ւմ են նկարչության հնարավորություններն այսօր»: Չնայած նրանք նույն սերնդից չեն, երկուսն էլ պատկանում են մինչվերացական ավանդույթին: Նրանց համար մաքուր աբստրակցիան` ինչ ռուսներն էին անում, անընդունելի էր: Նրանք ցանկանում էին մնալ որոշակի ավանդույթի պարամետրերում, կարծես երկու մեծ ձկներ` այդ ջրամբարում: Այս ցուցահանդեսի համար նրանց ՙհետ՚ աշխատելով` ես բառացիորեն զգում էի, որ նրանք գրեթե առաքելական կոչվածություն ունեն ապացուցելու, թե դեռ հնարավոր է աշխատել այդ պարամետրերի սահմաններում: