Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)
Ի.Ա. Բ. – Իմ ցուցադրումը հղացված է, ինչպես դուք ասացիք, իբրև դրամա. որպես «տետատետ» ընդհարում: Արվեստագետներից մեկն իր քայլն է անում, մյուսը` պատասխանում է դրան: Կոնցեպտուալ տեսանկյունից նրանց ցուցադրումը միանգամայն տարբեր է: Որքան լսել եմ, այն ժամանակագրական չէ:
Լ. Ն. – Այդ դեպքում ի՞նչ է: Թեմատի՞կ:
Ի.Ա. Բ. – Կարծում եմ ավելի հակված է թեմատիկ լինելու:
Լ. Ն. – Իսկ ի՞նչ կասեիք մյուս ցուցադրման ժամանակագրության վերաբերյալ:
Ի.Ա. Բ. – Որքան ես եմ հասկանում, ժամանակագրությունը խնդրո առարկա չի եղել. ես նրանց անունից չեմ կարող խոսել և շատ քիչ եմ տեղյակ ծրագրվածության մասին: Խոսելով Պիկասսոյի և Մատիսի միջև տեղի ունեցած վերջին փոխանակության մասին` ես ցուցադրում եմ 1952-53թթ. գործերը: Իսկ կատալոգում ներկայացրել եմ նաև թեմայի հետ առնչվող 1925-26թթ. Մատիսի նկարներից մեկը, և մի նկար էլ Պիկասսոյից` 1930 թվականի: Կարծում եմ, դա ավելին է, քան նրանք կարող էին անել: Եվ վերջապես նրանց ցուցադրումը շեշտում էր ընդհանրական մոտիվներն ու ձևերը: Ինչպես գիտեք ինձ միշտ պախարակել են իբրև ֆորմալիստի, բայց ես կասկածում եմ, որ Գոլդինգի` MOMA-ի ցուցադրումը իրոք շատ ավելի ֆորմալիստական է, քան իմը: Իհարկե այն միանգամայն օրինական է, բայց նյութը դիտելու բոլորովին այլ մոտեցում է: Կարծում եմ, նրանք կառաջարկեն զուգադրություններ, որոնցով մենք չէինք կարող հանդես գալ ուղղակիորեն: Նրանք կարող են 1905թ. Մատիսին ցուցադրել 1965թ. Պիկասսոյի կողքին:
Լ. Ն. – Բայց կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում նման զուգադրումը:
Ի.Ա. Բ. – Ես չգիտեմ, բայց շատ հետաքրքրված եմ իմանալու այդ: Վատն այն է, որ պետք է սպասենք մի քանի տարի: Իմ ցուցադրումը հիմնված է այն մոդելների վրա, որ ներկայացրել եմ կատալոգում`Բլումի կամավոր թյուրըմբռնման գաղափարը. Բախտինի ակտիվ երկխոսությունը, շախմատ խաղալու մոդելը, որ Հյուբերտ Դամիշը կիրառել է արվեստի պատմության արդյունքների վրա, և մեկնաբանության չորրորդ եղանակը, որ առաջարկում է Ռընե Ժերարը` մրցակցությունը: Այս տեսակ մրցակցության նշանաբանը կարող էր լինել հետևյալը` «Ես ցանկանում եմ միայն այն, ինչ ուրիշն է ցանկանում, ես ցանկանում եմ միայն ուրիշի ցանկությամբ, ինչը փորձում եմ նմանակել»: Օրինակ, երբ Մատիսը, այսպես ասած, «տվեց» Պիկասսոյին աֆրիկյան արվեստը (այն իմաստով, որ ինքն էր այդ արվեստը Պիկասսոյին մատնանշողը), – ինքը շատ բան չէր ձեռնարկել աֆրիկյան արվեստով, բայց բավականաչափ հետաքրքրություն էր ցուցաբերել գրգռելու Պիկասսոյի ցանկությունը, – Պիկասսոն ընդունեց ու ձեռնամուխ եղավ դրան: Շատ այլ պահեր են եղել, երբ նրանք գրգռում էին մեկը մյուսին` որևէ բանով հետաքրքրված լինելով…
Լ. Ն. – Երեխաների նման: (Ծիծաղ)
Ի.Ա. Բ. – Ո՛չ, ո՛չ: Մրցակցություն:
Լ. Ն. – Որովհետև երեխաները կդրսևորեին իրենց ճիշտ նույն ձևով:
Ի.Ա. Բ. – Ինձ համար հուզիչ էր ցուցահանդեսի վերջը. Մատիսի մահից հետո: Քանի որ, առաջին անգամ, – երևի թե մրցակցություն այլևս չլինելու պատճառով, – Պիկասսոն ի վիճակի էր հիրավի միավորել Մատիսի նկարչական որոշ մեթոդներ, իրոք էֆեկտիվորեն, «Լա Կալիֆոռնիայի» արվեստանոցը» շարքի նկարներում: Եվ սա մի տեսակ հարգանքի տուրք է Մատիսին:
Լ. Ն. – Այո, բայց մի՞թե սա ինչ-որ ձևով կապված չէ Պիկասսոյի կյանքի ընդհանուր փոփոխության հետ. Փարիզից հեռանալը, տնային իրադրության մեջ ապրելը:
Ի.Ա. Բ. – Հազարավոր բացատրություններ կարող են լինել. յուրաքանչյուր տեղաշարժ կյանքում և արվեստում բացատրելի են շատ տարբեր պատճառներով: Այս դեպքում դուք անտեսում եք մյուսները` վերցնելով միայն Մատիս-Պիկասսո պարամետրը, և մեկի արվեստը կարդում եք մյուսի արվեստի միջոցով:
Լ. Ն. – Դա ողջ բացատրությունը չէ:
Ի.Ա. Բ. – Ոչ: Ես չեմ պնդում, որ մնացածը տեղին են: Պարզապես ասում եմ. շատ լավ, այս պարագայում եկեք մի կողմ թողնենք մնացյալը և տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Իսկ տեղի ունեցավ այն, որ շատ բաներ ի հայտ եկան. իրականում շատ ավելին, քան ես սպասում էի: Այդտեղ կային գերագույն պահեր և արագացման պահեր. արվեստագետների ընտրած ուղիների միջև` տարաձայնության պահեր. և վերջապես զուգամիտության պահեր: Ես առաջնորդվում էի այն գաղափարով, որ եթե այս փորձի մեջ արվեստագետներից մեկը որևէ բան է անում, մյուսին նա զրուցակից է պատկերացնում: Մի անգամ ընդունելով այս գաղափարը` արդեն իսկ շատ բաներ եք սկսում հասկանալ: Եթե Պիկասսոն նկարում է ակրոբատներ, որոնք նման են Մատիսի «Պարին», կամ նկար, որը կարծես նշանակում է Մատիսի վաղ շրջանի «Հարճը» կամ այն «արվեստանոցային» ինտերիերները, որոնք կապված են Մատիսի 1911թ-ի «արվեստանոցների» հետ, երբ Մատիսը ճգնաժամի մեջ էր և նկարել չէր կարողանում, այդ հանգամանքը անմիջապես դարձավ նրան շահագրգռելու միջոց` Մատիսին ասպարեզ վերադարձնելու միջոց: Պատմողական հետաքրքրությունից զատ, (թրթիռ, որ ավելացվում է փորձին) այդ սկզբունքը նախատեսում է նաև բացատրության որոշակի մեթոդ: Ինչու՞ է, օրինակ, Պիկասսոն, ի թիվս զանազան այլ ուղիների, տվյալ պահին հենց այդ ուղին ընտրում: Ինչու՞ է Մատիսը 1931 կամ 1932թ.թ. այդքան դրամատիկ կերպով վերադառնում իր ավելի վաղ շրջանի էսթետիկային:
Լ. Ն. – Սա անշուշտ, ուշ քսանականներից սկսած, նրանց կարիերաները ուսումնասիրելու հետքրքիր ձև է: Արվեստի պատմաբանը ավանդաբար կասեր, որ Պիկասսոն ազդվել է Մատիսից: Ո՞րն է տարբերությունը:
Ի.Ա. Բ. – Իմ առաջարկած դինամիկայի տեսանկյունից Պիկասսոյի արածը նպատակային է: Ըստ իս` նա ձանձրացել էր և ցանկանում էր, որ Մատիսը վերադառնա: Նա պարզապես անկարող էր մնալ միայնակ այդ ճամբարում, որ սահմանված էր ավանդույթի մեջ մնալու և այն կենդանի պահելու ցանկությամբ: Եվ հրաժարվելով ռեդի-մեյդից (redymade), լուսանկարչությունից և աբստրակցիայից` նա հայտնվեց ժամանակի ավանգարդ արվեստի բազմաթիվ հնարավորություններից դուրս վիճակում: Որոշ ժամանակ անց սյուրռեալիստները սկսեցին հիմնովին նյարդայնացնել նրան: Այդ շրջանում արվեստի պատմության մեջ իր գրաված տեղը նա լավ էր գիտակցում. նա գործընկերոջ կարիք ուներ: Մատիսից բացի չկար որևէ մեկը, որ ի վիճակի լիներ այդ ֆունկցիան կատարելու: Ըստ իս Պիկասսոյի ողջ այդ գործունեությունը մասամբ ցանկալի մտածողություն է. «Ես ուզում եմ, որ Մատիսն այստեղ լինի: Եվ ինքս էլ մի փոքր մատիսություն եմ անում»: Այսինքն` երկխոսության մեջ լինել բացակա գործընկերոջ հետ: Բայց նաև հաշվի առնելով «ծաղրելու» իմ ենթադրությունը` նա փորձում էր Մատիսին պահել իր անկյունում:
Լ. Ն. – Երբեմն դա հիշեցնում է Եվա Սեջվիկի գաղափարը:
Ի.Ա. Բ. – Մի փոքր` այո:
Լ. Ն. – Արվեստի շուրջ, ինչպես կնոջ, նրանք մեկ համախմբվում են, մեկ` մարտնչում: Հետաքրքիր է այդ երկու հետերոսեքսուալ տղամարդկանց դիտել փոխադարձ «սիրախաղի», փոխադարձ «ծաղրի», փոխադարձ մրցակցության մեջ արվեստի մարմնի շուրջ:
Ի.Ա. Բ. – Եվ նրանք գիտակցում էին այդ:
Լ. Ն. – Դուք նշում եք, որ Մատիսի մոտ առանցքային է դեկորատիվի գաղափարը: Ես դա չափազանց լուսաբանող եմ համարում: Կարո՞ղ եք արդյոք ավելին ասել այդ մասին: