Ռուբիկոն

Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Լ. Ն. – Ինձ թվում է, դա ավելի շատ մտածել է տալիս Գոգենի, քան Սեզանի մասին:

Ի.Ա. Բ. – Գոգենն ակնհայտորեն դրա մի մասն է, ինչը Մատիսը, ըստ իս, անիրավացիորեն միշտ մերժում էր: Բայց Գոգենի մեթոդը ինչ-որ առումով դեռ ակադեմիական էր: Փոքր էսքիզը նա կարող էր կտավի վրա վերածել մեծ կոմպոզիցիայի, մի բան, որ Մատիսը պարզապես չէր անի: Մասշտաբը Մատիսի համար չափազանց կարևոր էր իր հետամտած անզուսպ պոռթկումն իրականացնելու առումով: Նա չէր կարող պարզապես կարգավորել կոմպոզիցիան. մտածում էր արվելիք ճշգրիտ չափի մեջ, և հենց դա է պատճառը, որ Մատիսի ցանկացած ստեղծագործություն (Նիսի շրջանից բացի) վերատպության մեջ միշտ ավելի մեծ է թվում, քան իրականում է: Մինչև աշխատանքն սկսելը նա ներքուստ պատկերացնում էր ստեղծագործության չափը` պարզելու համար, թե ինչ մասշտաբով այն պետք է արվի:

Լ. Ն. – Բայց, երբ նկարում էր «Պար»-ը Բառնսի համար, փոքր տարբերակներ արեց: Չնայած դա մեծ փորձանք էր նրա համար: (Ծիծաղ)

Ի.Ա. Բ. – Բայց ոչ երկարատև: Այն ձեռնարկելուն պես նա ցանկություն հայտնեց ավտոտնակ վարձել և աշխատել այդ հսկա գործի վրա: «Պարի» շատ արագ արված բոլոր այդ նախապատրաստական էսքիզները, որ ես վերատպել եմ կատալոգում, նա երբեք ուղղակիորեն չի օգտագործել, բայց դրանք էական են եղել պրոցեսի համար: Դրանք սղագիր նշումներ էին, որ գրեթե ոչ մի ընդհանրություն չունեին վերջնական կոմպոզիցիայի հետ, բայց փորձում էին մեկ-երկու վրձնահարվածով հաղորդել պարողի շարժումները: Փաստորեն, դրանք ընդմիշտ, հիմնովին փոխեցին Մատիսի գծանկարչական գործընթացը: Դրանցով նա փորձում էր ոչ թե կատարելագործել էությունը, այլ, ինչպես ես եմ ասում կատալոգում, «յուրացնել այն, սինեստետիկորեն իր ներսում կալանավորել հենց այն շարժումը, որը նկարում էր»: Նա իրեն ինչ-որ առումով ակրոբատ էր համարում. դժվարին վարժություններով էր նախապատրաստում իրեն, որպեսզի ներկայացման պահին միտքը լինի դատարկ, իսկ մարմինը կարողանա ինքնաբերաբար անել ճիշտ շարժումը:

Լ. Ն. – Դուք խոսում եք Մատիսի կուբիզմի մասին: Ես գիտեմ, որ նա կուբիստական շրջան է ունեցել, բայց երբեք չեմ կարողացել հասկանալ այն իբրև կուբիզմ Բրաքի–Պիկասսոյի իմաստով: Նկատի ունեմ, որ այն ավելի պարզ է, կոպիտ ու վերացական, քան նախկին գործերը. օրինակ, «Ոսկե ձուկն ու ներկապնակը» (MOMA) կամ «Ճերմակ և վարդագույն գլուխը» (Բոբուր): Բայց այդ գործերը ինձ կուբիստական չեն թվում նույնիսկ Գլայզեսի կամ Մեցինգերի իմաստով:

Ի.Ա. Բ. – Կարծում եմ տեղի ունեցավ այն, որ 1912-ին Մատիսն իրոք ընկավ դեպրեսիայի մեջ: Նա կարծում էր, որ Պիկասսոն գահընկեց է արել իրեն: Այդ ժամանակաշրջանում Պիկասսոյի ընկերները շատ անհաճո էին վերաբերվում Մատիսին: Վերջինս գնում է Մարոկկո և այնտեղ նույնպես դեպրեսիայի մեջ է լինում: Այնուհետև վերադառնում է Ֆրանսիա, հետո նորից` Մարոկկո: Երկրորդ անգամ Ֆրանսիա վերադառնալուց հետո որոշում է. «Ես կուբիզմ եմ փորձելու»: Իսկ դա այն ժամանակ էր, երբ նա ընկերացավ Գրիսի հետ: Կարծում եմ, մոտավորապես երեք տարի շարունակ Մատիսն ասում էր. «Ես պիտի փորձեմ հասկանալ կուբիզմը»: Բայց չկարողացավ: Միակ բանը, որ նա ընկալեց կուբիզմից, մի տեսակ երկիմաստությունն էր իրերի վերաբերյալ: Եվ ինչ-որ պատճառով երբ նա փորձում էր անել դա, ստեղծածը միշտ արագորեն վերածվում էր աբստրակցիայի, իսկ այդ հանգամանքը ամբողջովին համբերությունից հանում էր նրան:

Լ. Ն. – Ինձ թվում է, որ աբստրակցիային մոտենալը Պիկասսոյի դեպքում բոլորովին այլ է, քան Մատիսի դեպքում: Պիկասսոյի մոտ 10-ականներին է, երբ ստրուկտուրայից բացի այլ բան չկա:

Ի.Ա. Բ. – Մի տեսակ ցանցավոր փայտամած:

Լ. Ն. – Նկատի ունեմ, որ առարկան գրեթե անհետանում է: Բայց Մատիսի դեպքում դա առավելապես ոչնչացման պրոցես է` առարկաների ջնջում, դրանցից ձերբազատում:

Ի.Ա. Բ. – Այո, ճշմարիտ է:

Լ. Ն. – Բայց ինչու՞ են Պիկասսոն և Մատիսը այդքան սարսափում աբստրակցիայից: Չէ՞ որ, ի վերջո, Կուպկան արել է դա, ինչպես նաև` Կանդինսկին ու ռուսները: Այդպես չէ, իբր ոչ մի նկարիչ երբևէ «ոչ առարկայական» նկար չի արել, ինչպես մենք ենք սովորաբար անվանում: 20-ականներին աբստրակցիան արդեն կար:

Ի.Ա. Բ. – Դա մեկ այլ հարց է, որին կփորձեմ մեկ ուրիշ անգամ պատասխանել. ինչու՞ էր այն մի տեսակ… անկարելի թվում նրանց: Հետագայում, երբ Մատիսը խոսում էր աբստրակտ արվեստի մասին, ասում էր. «Ճաշակդ բևեռվում է որոշակի կետի վրա, և դու չես կարողանում հասկանալ, թե ինչ է անում երիտասարդ սերունդը, և դա բնական է»: Բայց Պիկասսոն սաստիկ հակադրվում էր:

Լ. Ն. – Ես կարդացել եմ, որ երբ Պիկասսոն առաջին անգամ տեսնում է Փոլլոքի գործերը, սարսափում է: Նա ասում է. «Սա այն է, ինչից ես փորձում եմ պաշտպանվել»: Նա զգում էր, որ Փոլլոքն իրեն դուրս է մղում:

Ի.Ա. Բ. –Մատիսի պրոբլեմներից մեկը հետագայում վախն էր. իբր մարդիկ կմտածեն, թե նրա արածը հեշտ էր:

Լ. Ն. – Սոսկ հաճելի ուրվագծեր կամ հիանալի գունային հարթություններ, և ոչ մի լարվածություն տեսիլքի և կառուցվածքի (design) միջև:

Ի.Ա. Բ. – Այդ պատճառով էլ նա ցուցադրում է իր աշխատանքների ընթացքը տարբեր փուլերում: Ես այդ ցուցահանդեսներից որոշ լուսանկարներ վերատպել եմ: 1945-ին Փարիզի “Galerie Maeght”-ում առաջին նման ցուցահանդեսի ժամանակ նա ներկայացնում է մոտ ութ նկար, որոնք նախքան այդ ցուցադրվել էին Սալոնում: Նա այդ նկարները ցուցադրում է նկարելու ժամանակ արված լուսանկարների հետ միասին. լուսանկարները նկարներից մի քիչ ավելի փոքր շրջանակներով: Բոլոր այդ նկարները շրջապատված էին դրանց ութ կամ տասը լուսանկարներով` ապացուցելու համար, որ այդքան էլ հեշտ չի եղել դրանք նկարելը, որ իր պարզությունը դժվարամատչելի է: Զարմանալի է, չէ՞: Ես չգիտեմ մեկ այլ արվեստագետ, որ նման բան արած լինի: Նա ավելի ու ավելի էր տանջվում այն գաղափարից, թե իբր երիտասարդ նկարիչները կմտածեն, որ իրականում ինքը գործ չի անում: Մի գեղեցիկ նամակ է գրում Ֆիլադելֆիայի թանգարանի տնօրենին, 1948-ի իր ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի կապակցությամբ, թե որքան է վախենում, որ մարդիկ կկարծեն թե ինքը կարող է դրանք նկարել «հենց այնպես»: «Դա հենց այնպես չէ», – կասեր նա:

Լ. Ն. – Բայց 40-ականների վերջին, ժամանակակից արվեստի մեր դասընթացներում մեզ սովորեցնում էին, որ ոչ ոք «հենց այնպես չի անում», որ արվեստագետները միայն տաժանակիր աշխատանքի շնորհիվ են հասնում ջանք թափած չլինելու տպավորության:

Ի.Ա. Բ. – Այո: Դուք գիտեք, որ հետագայում եղել են շատ հարցազրույցներ, որոնցում նրան հարցրել են, թե ինչումն է նրա գաղտնիքը, և նա պատասխանել է` «Travailler» («աշխատելու մեջ»):

Լ. Ն. – Բուրժուական գաղափար: Թեպետ Մանեն` իսկական բուրժուա լինելով հանդերձ, երբեք նման բան չէր ասի: Այժմ բոլորովին այլ մի հարց. չի՞ եղել արդյոք Մատիսի և Պիկասսոյի մեկ այլ ցուցադրում «Թեյթ» թանգարանում, համադրված Ջոն Գոլդինգի կողմից, համագործակցելով «Ժամանակակից արվեստի թանգարանի» և «Ժորժ Պոմպիդուի կենտրոնի» հետ: Ո՞րն է երկու ցուցահանդեսների տարբերությունը:

Կարդալ նաև