Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց)
Ի.Ա. Բ. – Դա կարևոր է ինձ համար իմ այն փաս- տարկի տեսանկյունից, ըստ որի Պիկասսոն և Մատիսը չէին խոսում միևնույն լեզվով: Կարծում եմ, Մատիսի դեկորատիվությունը մեծ մասամբ բխում է ապակենտրոնացման դիֆուզիայի և դիֆրակցիայի գաղափարից: Նա շատ է խոսում այդ մասին իր տեքստերում, որոնք արտակարգ հստակ են: Նա արվեստի մասին մեր դարաշրջանի ամենաճշգրիտ ու հնարամիտ գրողներից մեկն է: Որպես տեսաբան` նա զարմանալիորեն հստակ գիտի իր գրելիքը և նույնիսկ հարցազրույցներում է այդպիսին: Նա ինչ-որ բան է փորձում փոխադրել տեսանելիության ոլորտ, որը կճյուղավորվի զանազան իմաստների: Իսկ այդ անելու իր եղանակը տեսողական դաշտի ապակենտրոնացումն է: Եվ դա շատ վաղ է կատարվում: Արդեն 1908-ին նա ասում է. «Արտահայտչականությունն ինձ համար տեղակայված չէ մարդու դեմքին հուրհրացող կրքերում… Էքսպրեսիվ է իմ նկարի ողջ կարգավորությունը»: Միևնույն ժամանակ ասում է, որ էքսպրեսիան և դեկորատիվությունը նույն բանն են: Ըստ նրա` դեկորատիվությունը կտավի բոլոր տարածքները նկատի առնելն է` հավաստիացնել, որ ոչ մի առանձին տարածք չի գրավի ուշադրության մեծ մասը, այնպես որ դիտելու ձեր եղանակը բազմակողմանի է: Իսկ քանի որ այն այդքան դիֆուզված ու սփռված է, կարող է իրոք մի տեսակ ենթագիտակցական էֆեկտ ունենալ: Մատիսի գաղափարը (կամ նպատակը) այն էր, որ դիտորդի վրա դա ունենա նույն այն ազդեցությունը, ինչ իր մասնավոր բովանդակությունն ունեցել էր իր վրա: Նա կամենում էր ոչ թե ուղղակիորեն վարդ նկարել, այլ նկարել վարդի թողած ազդեցությունն իր վրա և այլն: Այդ իսկ պատճառով նա հաճախ հարկադրված էր վերադասավորել գույները: Իսկ այդ ավելի շուտ էֆեկտի, քան օբյեկտի, նախապատվությունը ինքնին օբյեկտի փոխարեն օբյեկտից ստացած էֆեկտին տալու գաղափարը միանգամայն Մալարմեինն է: Դա Մալարմեի գեղագիտության իրական կորիզն է:
Լ. Ն. – Այս առումով կարելի՞ է ասել, որ Մատիսը ավելի սերտ է կապված ավանդույթին, մոդեռնիստական ավանդույթին, քան Պիկասսոն:
Ի.Ա. Բ. – Կարելի է ասել նաև, որ Պիկասսոն նույնպես շատ մոտ է կանգնած Մալարմեին, հատկապես Մալարմեի բազմիմաստության (polysemic) գաղափարին, նշանների օգտագործմանը: Մատիսն այս առումով ավելի շատ կապված է XIX դարի գեղագիտության հետ, սակայն նա և Պիկասսոն հիմնականում կրթական նույն ցենզն ունեն: Բավականին տարօրինակ է, որ փաստորեն Պիկասսոյի կրթությունն ավելի ակադեմիական ու ավանդական է եղել, քան Մատիսինը:
Լ. Ն. – Շատ քննադատներ խոսում են Պիկասսոյի 1934թ.-ի «Մերկը այգում» նկարի մատիսյան որակների մասին: Կա՞ն արդյոք խորապես անհանգստացնող, նույնիսկ ահարկու, ինչպես նաև զգայական բաներ այս գործի առնչությամբ. կանացի մարմնի այդ փոխակերպումը Մյոբիուսի ժապավենի:
Ի.Ա. Բ. – Չգիտեմ, դա ահարկու է, թե ոչ, սակայն անշուշտ ինչ-որ անսովոր բան կա կոպտության և քնքշության այդ բախման մեջ: Պոլ Ռոզենբերգը հավանաբար հրաժարվել է նկարը ցուցադրել` այն համարելով անպարկեշտ: Եվ իրոք, շատ հազվադեպ է մերկ մարմնի պատկերում հետանցքի նմանօրինակ ֆրոնտալ ներկայացումը: Մարմինը ոլորված է այնպես, որ բոլոր սեռական մասերը երևում են միաժամանակ: Դա ակնհայտ է: Սակայն այն արված է շատ հավաք և հասանելի կերպով, հոյակապ է նկարված, իսկ տեքստուրան ուղղակի անհավանական է: Միաժամանակ կա նաև որոշակի քնքշություն: Բայց նաև անհանգստացնող է անդուր լուսավորության պատճառով: Նույնիսկ կարելի է օգտագործել «պոռնոգրաֆիա» տերմինը: Համենայն դեպս, կարծում եմ, այն հակված է լինելու…
Լ. Ն. – Ցնցո՞ղ:
Ի.Ա. Բ. – Թերևս:
Լ. Ն. – Սեքսուալ:
Ի.Ա. Բ. – Սեքսուալ, երևի: Հավանաբար նաև հակված է ցնցող լինելու. դժվար է ասել: Բայց այն հեռանում է կոդից:
Լ. Ն. – Մատիսի մերկ ֆիգուրներից մի քանիսը իմ կարծիքով բանալ են, սակայն երբեք չեմ համարել, որ դրանք անհանգստացնող են:
Ի.Ա. Բ. – Ընդհանրապես ասած կարծում եմ, որ այդտեղ հստակ ագրեսիվություն է առկա Պիկասսոյի կողմից, ոչ թե անպայմանորեն կանացի մարմնի նկատմամբ, այլ հենց մեր` դիտողի: Այս գործում մերկ մարմնի և դիտողի միջև մեծ տարածություն չկա: Դիտողի հետ առերեսման ինչ-որ արագացում կա:
Լ. Ն. – Հետո դուք անդրադառնում եք Մատիսի գծանկարներին` «Պառկած մերկ կինը» և 1935-ին արված «Պառկած մերկ կինը արվեստանոցում» գորրծերին, որոնք անառարկելիորեն փոխադարձ կապի մեջ են Պիկասսոյի տվյալ ժամանակաշրջանի մերկ ֆիգուրների հետ: Ֆիգուրն ամբողջապես երբեք չի երևում, եթե իհարկե դուք չեք նայում նրան հայելու մեջ:
Ի.Ա. Բ. – Այստեղ առկա է դեկորատիվ ունակության հստակ ապացույցը: Մատիսի այդ գործերը շատ աշխույժ են, բայց դու չես կենտրոնանում, հայացքդ չի սևեռվում որևէ կետի վրա: Պիկասսոյի մոտ բոլորովին այլ է: Դու նկատում ես կանացի սեռական օրգանի փոքրիկ սլաքը, նկատում ես կուրծքը. նկատում ես պորտը: Դրանք փոքրիկ հանգույցներ են, որ կանգնեցնում են քո աննպատակ թափառումները` հայացքիդ շրջապտույտը Մյոբիուսի ժապավենի շուրջ: Զվարճալի մի դեպք է պատահել Մատիսի գծանկարների հետ կապված: Երբ 1936թ. կանացի մերկ ֆիգուրները ցուցադրվում էին Լոնդոնում, ընդհանուր առմամբ լավ ընդունելություն են գտնում, սակայն մամուլը վրդովվում է ցայլքի մազերի պատճառով: Մատիսը ապշած է մնում: Նա գրում է իր որդուն, որ մյուս անգամ նույնը կանի տղամարդու մերկ ֆիգուրի հետ, կարծելով, թե դրանով հարցը կլուծվի: Որդին պատասխանում է մոտավորապես հետևյալը. «Ես վստահ չեմ, որ ճիշտ ես հասկացել պրոբլեմը»: (Ծիծաղ)
Լ. Ն. – Ես հետաքրքրված եմ այն փաստով, որ քառասունականների վերջին Մատիսն իսկապես արտանկարում է Պիկասսոյին, և նրա արած ճեպանկարները Պիկասսոյի տվյալ շրջանի ամենակուբիստական գործերից են:
Ի.Ա. Բ. – Այդ ճեպանկարները Մատիսն արել էր Անթիբի Գրիմալդիի պալատում Պիկասսոյի նկարներից, երբ մի քանի անգամ` 1948-ին և 1949-ին գնացել էր դրանք տեսնելու: Դժվար է ճշգրիտ իմանալ, թե ինչու է գրեթե ութսունի մոտ արվեստագետը գնում ճեպանկարներ անելու մեկ ուրիշ արվեստագետի նկարներից, որը, բացի այդ, նաև իր հին բարեկամն է: Կարծում եմ, այստեղ առկա է իր իսկական հետաքրքրությունները վկայակոչելու տարրը: Նա իսկապես ցույց է տվել Պիկասսոյին իր ճեպանկարները: Այսպիսով, գայթակղելու որոշակի տարր կա այստեղ:
Լ. Ն. – Այո, իհարկե. «Տե՛ս, ես ընդօրինակում եմ քեզ»:
Ի.Ա. Բ. – Այո, գայթակղության ինչ-որ տարր կա: Սակայն Մատիսին հետաքրքրում էր նաև այն, թե ինչպես է Պիկասսոն շարունակում հնարամիտ մնալ կուբիստական ոճի սահմաններում այդքան տարիներ անց: Այդ ընթացքում նա աշխատում էր նաև Վանսի մատուռի վրա և դժվարություններ ուներ խաչելության առնչությամբ: Նկատի ունեմ, որ նա պետք է արտահայտեր ցավ, տառապանք և այլն, բայց բնավ չգիտեր ինչպես անել դա: Կարծում եմ, նա գիտեր, որ Պիկասսոն վիշտ ու ցավ արտահայտելու վարպետ է: Պատերազմի ընթացքում Մատիսն իր նկարներից մեկը փոխանակում է Պիկասսոյի «Դորա Մաարի» դիմանկարի հետ: Վանսի մատուռի վրա աշխատելու ընթացքում նա հանում է այդ նկարը պահարանից, որովհետև շատ էր հմայված Դորա Մաարի դեմքի արտահայտությամբ: