Նկարազարդված ձեռագրեր
Եթե ժակ Վիյոնի՝ «Չմնացող բարեկամուհու» նկարազարդումը դեմքերի կտրվածքաշարով մնում է առեղծվածային, ապա բեմադրության նկատմամբ ունեցած նույն սերը այդ տարիներին միավորում էր Շառին և Ֆեռնան Լեժեին։ 1946-1952 թթ. բանաստեղծը գրում է պիեսներ, որոնք ամփոփված են «Երեք հարված ծառերի ներքո» ժողովածուում, մինչդեռ Լեժեն իրականացնում է «Պողպատյա քայլի», «Բոլիվարի», «Թռչել կամեցող մարդու» դեկորներն ու զգեստները և Ռընե Շառի հետ քննարկում «Արևի շողի մեջ քայլող մարդու» բեմադրությունը։ Այդ «մեկ գործողությամբ խովության» համար նա անում է ցանկալի մի դեկորի էսքիզը տեքստի շուրջբոլորը, որի տակ բանաստեղծը ստորագրում է Ի և Ռ տառերի միահյուսված մոնոգրամով։
Ժան Էլոնի՝ «ճերմակ ետճաշյա հանգստի» նկարազարդումը ներկայացնում է մեկ այլ դեպք։ Ֆիգուրատիվ նկարչության առաջինը եկած աբստրակտ նկարիչը մտածում էր, որ ամեն տեսարան… պիտի զուգադիպի… տեսած ինչ-որ բանի։ Բանաստեղծության մեջ «տեսած այդ բաներն» է, – բանաստեղծություն, որ մի օր նրան բերեց Իվոննա Զերվոսը,- նկարում է էլիոնը երկու տիեզերքների հանդիպման ժամանակ, ուր «Ցանկացած տեղ գեղեցկության համար է» («Հիպնոսի թերթիկներ»)։
Ինչ վերաբերում է մյուս արվեստագետներին, այդ նկարազարդումներն, ընդհակառակը, կդառնան երկարատև համագործակցության մեկնարկ, ինչպիսին եղավ Մարի-էլեն Վիեյրա դա Սիլվայի պարագայում, որը նախքան «Ցասում և խորհուրդ» ժողովածուի ութ բանասղծությունների իր նկարազարդումը1953թ., չէր ճանաչում Ռընե Շառին, կամ դրանք կդառնան իրենց գործերի փոխհարստացման առիթ։ Այդպես է «Գիշերային դեմքի» հինգ բանաստեղծությունների դեպքում, որոնցից առաջինը սքանչելիորեն է պատկերում Ջակոմետտիի քանդակագործությունը. «Հիմա անհետացիր, իմ պահակախումբ՝ կանգնած «տարածության մեջ»։ Այդպես է նաև Պիկասսոյի դեպքում, որի աշխատանքը «Վաղորդայնների շիկնանքի» վրա իր ընդգրկունությամբ Ռընե Շառի ամենակարևոր գործերից է։ Այս առիթով Պիկասսոն գործածել է իր պարտեզից վերցրած բուսական գույները՝ բանաստեղծությունների կողքին պատկերելով գլուխները՝ որոնց մեջ աչքի է ընկնում Մատիսը՝ իր հավերժական մրցակիցն ու բարեկամը, մինչդեռ ֆալլուսի պատկերն ընդգծում է ժողովածուի վերջին ասույթը, որր կարող էր ամփոփել իսպանացի նկարչի այդ հսկայական ողջ ձեռնարկը. «Ինչևէ, եթե ավերում ես դու, ապա դա թող լինի գիշերվա գործիքներով»։ Այս դարի արվեստի մի քանի հսկաների կողքին հարկ է դնել Բրաքին՝ թերևս բանաստեղծին ամենահարազատ նկարչին, և Անրի Լորանին այդ շարքի հազվագյուտ քանդակագործներից մեկին, երկուսն էլ վախճանվեցին նախքան իրենց ձեռագիրը Իվոննա Զերվոսին նվիրելը, բայց նկարազարդումներն իրենց տեղը գտան Ռընե Շառի միջոցով։
Այդ նկարազարդումների ընձեռած հետաքրքրություններից մեկն էլ այն անակնկալներն են, որ նշանավոր արվեստագետների կողքին դրանք ներկայացնում են ոչ այնքան հանրաճանաչներին՝ Պիեռ Շարբոննիեին և Ժան Հյուգոյին, որոնց կինեմատոգրաֆիայի և թատրոնի համար արված դեկորատիվ աշխատանքները կարող էին խոսել նրանց մասին իբրև Ռընե Շառի գիշերային պոեզիան լուսաբանողների, ինչպես նաև երեք նկարիչների, որոնց կարևորությունն է հիշեցնում այս շարքը։ Լուի Ֆեռնանդես (1900-1973), «էական դաշնակից», որի գեղանկարչությունը՝ «մտավոր լույսի լուռ դյուցազներգությունը», դեռ սպասում է իր ըստ արժանվույն ճանաչմանն ու գնահատանքին Սուրբարանի ու Ժորժ դը Լա Տուրից հետո և լավագույն դրսևորումներով մոտ է Շարդենին և Մոնդրիանին։ Ժոզեֆ Սիմա, ում Ռընե Շառը խոստովանել է իր հիացմունքը «Մենք ընկնում ենք»–ի նկարազարդման ձևի համար. «Դուք սատարել, սանձահարել ու հարստացրել եք բանաստեղծությունը»։ Վերջապես Արպադ Սցենեսը՝ Վիեյրա դա Սիլվայի չափազանց համեստ ամուսինը, որի 1966թ. արած Երկու գուաշանկարները լռության տարածությունների նման զուգակցեցին «Ցաքուցրիվ բառերին»՝ Իվոննա Զերվոսի կենդանության օրոք վերջին նկարազարդված ձեռագրին։
Մինչև 1980 թվականը բանաստեղծի ձեռագրերի վրա աշխատելու էին այլ արվեստագետներ ևս։ Սակայն արվեստի այս աշխարհում, որ ինչպես Ռընե Շառն է ասել «ներման աշխարհ չէ», անտարակույս կարելի է նրանց լռության մատնել, բացառությամբ Ցաո Վու–Կիի և քանդակագործ Բուայանի։ 1948-1966թթ. նկարազարդված ձեռագրերը նշանավորեցին մի շրջանի վայելչության պահը, որը չէր կարող շարունակվել դրանք ներշնչած ժամանակի վախճանից այն կողմ։
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյան