Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից
Եվ թող բազմապատկվի Աստծո փառքն ու գովքն առ Ձեզ:
… Շատերը կարողացել են յուրացնել որոշ արվեստներ, բացահայտել նրանց ճշմարտությունը, և այդ բարիքից է, որ մենք այժմ օգտվում ենք: Ուրեմն, ճիշտը մեկմեկու սովորեցնելն է: Ով դա սիրով է անում, առավել կհատուցվի Աստծո կողմից: Իսկ Նրանից մենք ունենք ամենը… անհատույց: Փառքդ մեծ, Աստված: Շատ սովորելու մեջ ոչ մի չար բան չկա, չնայած որոշ տգետներ հակառակն են պնդում, ասելով, թե արվեստը մեծամտացնում է: Եթե այդպես լիներ, Աստված ամենքից մեծամիտը պիտի լիներ, քանզի նա է բոլոր արվեստների ստեղծողը:
Անհնարին մի բան: Քանզի Աստված հզոր է իր գերագույն բարությամբ: Հետևաբար, ով շատ է սովորում, նա շատ ավելի բարի է դառնում, և նրա սերը արվեստների և այլ բարձրագույն բաների նկատմամբ գնալով աճում է:
Ուրեմն արժե, որ մարդ ժամանակ չկորցնի ու ճիշտ ժամանակին մի բան սովորի:
Բայց դեռ կան ոմանք, որ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում սովորել և, արհամարհելով ուսումը, պնդում են, թե շատ չարիքներ արվեստներից են ծնունդ առնում, իսկ վերջիներիցս մի քանիսը ուղղակի չարիքի բուն են:
Ես տրամագծորեն հակառակ կարծիքի եմ և համարում եմ, որ բոլոր արվեստները բարի են, այլ ոչ թե չար: Սուրը սուր է մնում, անկախ այն բանից, սպանության, թե արդար դատի համար է օգտագործվում: Ուստի և արվեստն ինքնին բարի է: Քանզի այն, ինչ Աստված է ստեղծել, բարի է, թեև շատերի կողմից կարող է ի չարը գործադրվել:
Արվեստաճանաչ մարդը բարեպաշտ է, բնությամբ բարի, նա մերժում է չարը, արարում բարին: Արվեստները դրան են ծառայում` օգնելով ճանաչել չարն ու բարին:
… Թող ոչ մեկը չխուսափի մի բան սովորելուց: Ես գիտեմ, որ մեր գերմանացի ազգի մեջ այսօր շատ նկարիչներ կան, որոնց խիստ անհրաժեշտ է գիտելիքը: Նրանք ճշմարիտ գիտելիքի պակաս ունեն, մինչդեռ շատ ու մեծ գործեր են պարտավորվում անել, ինչի համար նրանց պետք է ավելի լավ աշխատել: Եվ այդպիսիք շատ-շատ են: Հանգետս աշխատողի գործն ավելի ծանր է առաջ գնում, քան նրա, ով հասկանում է, թե ինչ է անում: Ուստի սովորեք ամեն ինչ ճիշտ հասկանալ:
… Լավ կերպարը ստեղծվում է ճիշտ համամասնության շնորհիվ, և դա այդպես է ոչ միայն նկարչության, այլև այն ամենի դեպքում, ինչ կարող է ստեղծվել: Եվ զուր չէ, որ ես իմ գրվածքով ծառայում եմ նկարչությանը, քանզի նկարչության արվեստը դրվում է ի սպաս եկեղեցուն, նրա միջոցով պատկերվում է Քրիստոսի վարքը, ստեղծվում են տարբեր լավ դիմանկարներ, հետմահու պահպանվում են մարդկանց կերպարները: Նկարչության շնորհիվ մենք գաղափար ենք կազմել երկրագնդի, ջրերի, աստղերի չափերի մասին, և նկարչությունը մեզ դեռ շատ բան ունի բացահայտելու: Իրապես ճշմարիտ, արտահայտիչ, գեղեցիկ ու հաճելի արվեստը պահանջում է երկար ժամանակ և բազում հմտություններ: Ուստի ով չի գտնում իր մեջ այդ ունակութ- յունը, լավ է չզբաղվի դրանով: Քանզի այն տրվում է Բարձրյալի ներշնչանքով:
Հարկ է, որ մենք բոլորս սովորենք վստահորեն և վստահորեն հաղորդենք մեր հետնորդներին մեր իմացածը, որքան էլ գռեհիկները ատեն արվեստը ու շարունակեն պնդել, թե այն սնափառություն է սերմանում: Այդպես չի կարող լինել, քանի որ արվեստը ողորմած բարերարություն է: Սովորաբար ոչինչ չիմացողն է, որ չի ուզում որևէ բան սովորել, արհամարհում է գիտելիքը` պնդելով, թե բազմաթիվ չարիքները դրանից են բխում… բայց դա անհնարին բան է, քանի որ Աստված է ստեղծել բոլոր արվեստները, հետևաբար դրանք բոլորը պիտի բարեշնորհ, վեհանձն ու բարի լինեն:
… Ես բոլոր արվեստները բարիք եմ համարում: Մի՞թե մի լավ ու սուր թուրը չի կարող ծառայեցվել և՛ արդարադատությանը, և՛ սպանությանը: Բայց արդյո՞ք թուրն այդ պատճառով բարի կամ չար է դառնում: Նույնը վերաբերում է նաև արվեստներին:
Բնույթով բարեպաշտ, առաքինի մարդուն արվեստի իմացությունը ավելի կատարյալ է դարձնում, քանի որ այն ճանաչել է տալիս բարին` զատելով վերջինս չարից: Ուստի իմ կարծիքով բարին այն է, որ մարդ ինքն իրեն ուշադիր զննի, ճանաչի, թե ինչումն է նա առավել կարող, և սովորելիս ճիշտ այդ ուղղությամբ գնա:
… Հնարավոր չէ մի գեղեցիկ կերպար ստեղծել` որպես բնորդ ունենալով որևէ մարդու: Որովհետև չկա երկրի երեսին այն մարդը, որը գեղեցկության տիպար լինի, քանի որ նա միշտ ավելի գեղեցիկ լինելու հնարավորություն ունի: Երկրի վրա գոյություն չունի նաև այն մարդը, որ կարողանա վերջնականապես ասել, թե ինչպիսին պիտի լինի ամենագեղեցիկ մարդու հորինվածքը: Դա բացի Աստծուց ոչ մեկը չգիտի: Գեղեցիկի մասին վճիռ կայացնելու համար մենք խորհրդակցելու անհրաժեշտություն ունենք: Այն յուրաքանչյուրիս հմտության ներդրումը պիտի լինի ցանկացած բանի մեջ:
… Յուրաքանչյուր լավ բան հավաքվում է բազում գեղեցիկ մանրամասներից` ճիշտ բազում ծաղիկներից հավաքվող մեղրի նման: Պիտի աշխատես հասնել քո բոլոր գործերում այն ոսկե միջինին, որ գտնվում է մեծագույնի և նվազագույնի միջև: Շատերը միայն իրենց համակրանքներով են առաջնորդվում, նրանք մոլորվում են: Ուրեմն, թող յուրաքանչյուրը զննի իրեն, որպեսզի սերը նրան կուրորեն դատելու հնարավորություն չտա: Քանզի ամեն մայր իր երեխային է հավանում: Եվ այդ պատճառով է նաև, որ շատ նկարիչներ իրենց պատկերածին են նման: Գեղեցիկը բազմազան տարբերակներ ու պատճառներ ունի: Առավել վստահելի է այն մարդը, որ գործի մեջ կարողանում է բացահայտել այդ ամենը. որքան շատ սխալներ բացառվեն, այնքան ավելի մեծ տեղ է բացվում գեղեցկության համար: Թող ոչ մեկը չափից ավելի չվստահի միայն իրեն: Քանի որ շատ աչքն ավելի է նկատում, քան մեկը: Թեպետ պատահում է նաև, որ մեկը որևէ բան հազար ուրիշներից ավելի լավ է հասկանում, սակայն դա հազվադեպ է լինում: … Այս բաների մասին դեռ շատերը կգրեն, ես կանխատեսում եմ, որ դեռ գալու են այն հիանալի մարդիկ, որոնք կարող են արվեստ ուսուցանել ու գրել այդ մասին շատ ավելի լավ, քան ես` իմ նվազ իմացությամբ: Թե Աստված կամենար, թե հնարավոր լիներ արդեն իսկ տեսնել այդ լավ գործերը, որ դեռ չեն ծնվել, ես շատ ավելի լավ կաշխատեի:
Գերմաներենից թարգմանությունը`
Ռուզան Մարգունու