Ռուբիկոն

Արվեստ և կյանք

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից

Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության հետևանքները` չդրսևորելով որևիցե մարդկային ապրում, ինչպես Կանալետտոն, որ նկարում էր դարեր առաջ փլված կառույցներ: Գրականության մասին խոսելիս Ռիդը, թվում է, ինչ-որ տեղ նմանատիպ մոտեցում ունի: Սադերլե՛նդ, պատերազմի ավերածությունները պատկերող Ձեր նկարների մեծ մասը իսկապես հաջողված են: Դու՞ք էլ եք այսպես մոտենում Ձեր սյուժեին:

Գրեհեմ Սադերլենդ – Չեմ կարող ասել` այո: Այսպիսի թեմայի պարագայում հենց հույզերի ուժգնությունն է կանխորոշում ու ստեղծում պատկերային ձևը: Մարդկային հույզերը փոփոխական են: Օրինակ` պայթյունից գոյացած փլատակի ձևերն ունեն իրենց ներհատուկ բնույթը, սակայն դիտողի մեջ, ըստ վերջինիս տրամադրության, կարող են տարբեր հույզեր առաջացնել: Մի անգամ նկարիչը, գերված նման ազդեցիկ սյուժեի հուժկու բնույթով, կցանկանա նկարի մեջ ելք տալ այդ զգացումին: Մեկ ուրիշ դեպքում, ավերմունքից ներշնչված նողկանքն ու անձկությունը կստիպեն կերտել ձևեր, որոնք կկերպավորեն զազրելիության ու անձկության էությունը. այլանդակ, վրդովող ձևեր, ձևեր, որ ունեն գրեթե մարդկային ասպեկտ, ձևեր, որ իրապես հանդիսանում են իրականության` հատկապես ողբալի իրականության խորհրդանիշները: Երկու դեպքում էլ, կարծում եմ, իսկությունն այն է, որ ձևերը, որոնք արվեստագետը կերտում է իր ներուժին համապատասխան, վերազանցում են բնական տեսարանները: Այս դեպքում Մարիտենն իր եզակի աշխարհը կհամաձայնեցներ պոետիկ իրականության հետ` մարմնավորելով երևույթները շատ ավելի յուրօրինակ և միստիկ կերպով, քան դա կաներ որևէ ուղղակի վերարտադրություն:

Սըր Քեննեթ Քլարկ – Այո, իհարկե, Սադերլե՛նդ, Ձեր պատերազմյան արհավիրքներ պատկերող նկարները և Մուրի ապաստարանային գծանկարները ժամանակակից արվեստում բավական յուրօրինակ տեղ են գրավում, մանավանդ նման ազդեցիկ սյուժեի պարագայում, որի փորձառությունն ունեն գրեթե բոլոր արվեստագետները: Վերջին հիսուն կամ ավելի տարիների ընթացքում գեղանկարչության մեջ ընդունված չէր շոշափել այս թեման, և արվեստագետը ստիպված էր անուղղակիորեն արտահայտել կյանքի նկատմամբ ունեցած իր զգացմունքները բնանկարի կամ, ասենք, ոչինչ չասող առօրյայի միջոցով: Ռուոյից բացի, Դելակրուան երևի թե վերջին նկարիչն էր, որ կարողանում էր հաջողությամբ գլուխ հանել հզոր դրամատիկ սյուժեներից: Անկարելի է խորանալ պատճառների մեջ` առանց պատմելու XIX դ. գեղանկարչության ողջ պատմությունը: Եվ ես ենթադրում եմ, որ Պիկասսոյի «Գեռնիկան»` այդ հզորագույն ողբերգական խորհրդանշական կտավը, պարզորոշ և համապատասխանորեն խորհրդանշում է XIX դարավերջի ավանդույթը:

Փրիթչետ – Քլա՛րկ, Դուք կարծես ենթադրում եք, թե արվեստի հոգսը մարդկային առօրյա սովորական զգացմունքներն են: Սակայն, ինչպես նոր ասացիք, Բելը կարծես թե լրիվ հակառակ տեսակետն ունի:

Քլարկ – Այո, ասացի և խոստովանում եմ, որ կարդացել եմ Բելի գրառումները մի տեսակ երկմտանքով, որ կարող ես ունենալ ուրիշի կրոնի նկատմամբ: Ես թերևս պետք է հստակեցնեմ ասածս. ընդունում եմ, որ արվեստը ամեն ինչով կապված է կյանքին, դա, եթե սահմանելու լինենք, համապատասխան մեդիումի միջոցով վերահսկված և մտահասու կերպով մարդկային հույզերի և փորձառությունների կոնցենտրացիան է:

Փրիթչետ – Լավ, կարծում եմ այս թեման լավ վարժություն է բոլորիս համար: Մո՛ւր, կուզենայի ասել, որ Ձեր գործերից մի քանիսը սովորական մարդուն մարդկային փորձառությունից դուրս կթվան:

Հենրի Մուր – Համամիտ եմ Ձեզ հետ Փրիթչե՛տ, սովորական մարդը, որը քիչ ժամանակ է տրամադրում քանդակագործությանը և նկարչությանը, նայելով մի քանդակի ինչպիսին իմն է, կշփոթվի և չի հասկանա: Բնական է, կարծում եմ, որովհետև շուրջ քսան տարի է ինչ ես, շատ արվեստագետների նման, օրնիբուն մտածել եմ քանդակագործության և գեղանկարչության մասին, և եթե այդքանից հետո սովորական մարդը, ով քիչ ժամանակ ունի խորհելու դրանց մասին, անմիջապես նկատում է, որ ինչ-որ բան կփոխեր, եթե ունենար համապատասխան գիտելիքներ, ապա ես ժամանակս իզուր եմ վատնել: Ես կարծում եմ անցյալում էլ այդպես էր, և լավ արվեստը դիտողից միշտ էլ ջանք է պահանջում, իսկ վերջինս պետք է ցանկություն ունենա ընդլայնելու իր կյանքի փորձառությունը:

Քլարկ – Այո, Մո՛ւր, բայց անցյալում խնդիրն այլ էր, մինչև 1830թ. արվեստի հովանավորները սերտ կապի մեջ էին արվեստագետների հետ, և իրենց մեջ ունեին ճաշակի ու փոխըմբռնման ավանդույթ, հետևաբար առավել դյուրին էր հետևել արվեստագետի նորամուծություններին կամ ուղղության փոփոխություններին, ինչը չի կարելի ասել այժմյան սովորական մարդու մասին, որ այցելում է ցուցահանդես տարին երկու կամ երեք անգամ, եթե առհասարակ այցելում է:

Մուր – Դառնանք մյուս կետին. ընդունում եմ, որ արվեստագետը մարդ էակ է, որը միայն մարդկային փորձառությունից կարող է սովորել: Նույնիսկ ամենաաբստրակտ արվեստագետները, որոնք ուզում են զերծ պահել իրենց գործը պատկերային տարրերից, երբ ցանկանում են ցույց տալ, որ իրենց գործը ավելին է լոկ դիզայն կամ հաճելի դեկորացիա լինելուց, ստիպված են կիրառել այնպիսի բառեր, ինչպիսիք են կենսականություն, ուժ կամ լարում, այլապես ստիպված պիտի լինեն զբաղվել հունական երկնքի կամ էֆեկտների համաբանություններով, ինչպես, ասենք, անտառով անցնող եղնիկը կարող է լինել, և եթե ա՛յս տարբերակն են ընտրում, ըստ իս, արդեն իսկ ընդունում են, որ չեն կարող ձերբազատվել կյանքի հետ զուգորդումներից:

Փրիթչետ – Այդ դեպքում, ըստ Ձեզ, աբստրակցիայի վերածվող արվեստը կորցնու՞մ է իր արժեքը:

Մուր – Իհարկե ոչ, աբստրակտ արվեստը արժեք ունի: Այն մարդկանց սովորեցնում է նկարչության լեզուն: Իմ գործունեության ընթացքում ես ստեղծել եմ քանդակներ, որոնք հազիվ թե մաքուր աբստրակցիա համարվեն: Պարզաբանեմ միտքս. այդ գործերում իմ հիմնական նպատակն է եղել փորձել լուծել դիզայնի և կոմպոզիցիոն խնդիրներ: Սակայն իրականում այդ գործերը ինձ չեն գոհացնում, որովհետև դրանց մասին չեմ ունեցել այն ըմբռնումն ու ընկալումը, որ ունենում եմ, երբ երևույթը վերածվում է որոշակի օրգանական գաղափարի: Եվ գրեթե իմ բոլոր գործերում մտքումս ունեցել եմ մի օրգանական գաղափար: Ես մտածում եմ դրա մասին ինչպես գլուխ, մարմին, վերջույթներ ունեցող մեկի մասին, իսկ քարի կամ փայտի կտորի հետ աշխատելիս առաջին իսկ քայլերից այն ծավալվում է` ստանալով մարդկային որոշակի կերպ և բնավորություն: Դրանից հետո ինչոր մեկը, առաջընթացից գոհ կամ դժգոհ, սկսում է քննադատել ավելի խորապես, քան դա կաներ` ելնելով միայն հաճելի ուրվագծից կամ արտաքին դիզայնից, ապա սկիզբ է առնում առավել ակտիվ փոխհարաբերություն, որն արթնացնում է այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք լինում են իրական կյանքում իրական մարդկանց նկատմամբ: Իսկ աշխատանքն իր ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է հաղորդել մարդկային ողջ հոգեբանական նկարագիրը, և որպեսզի հաղորդես, պետք է օգտվես ինչ-որ մեկի կուտակած մարդկության և ձևի փորձառության պաշարից:

Կարդալ նաև

Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի…