Ռուբիկոն

Արվեստ և կյանք

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Փրիթչետ – Այսպիսով, Ձեր բոլոր գործերում, նույնիսկ ամենաաբստրակտ, վկայակոչված է մարդկայինը թե՛ մարդու մարմնաձևերի, և թե՛ հույզերի մեջ: Արդ, Սադերլե՛նդ, չե՞ք կարծում արդյոք, որ նույնը կարելի է ասել բնանկարի համար:

Քլարկ – Մինչ Սադերլենդը կպատասխանի բնանկարչի տեսանկյունից, ես կցանկանայի մեջբերել պատմական տեսակետը: Նկատի ունեմ արվեստագետների տեսակետը, որը, կարծում եմ, տեղին կլինի:

Բնանկարչությունը համեմատաբար երիտասարդ արվեստ է գեղանկարչության պատմության մեջ, մասամբ այն պատճառով, որ հին արվեստագետներին երկար ժամանակ պետք եղավ հասկանալու, որ բնանկարով էլ կարելի է արտահայտել բարոյական վեհությունը, մարդկային ճակատագրի բոլոր վիճակները և այլն, ինչը նրանց կարծիքով կարող էր ամփոփել միայն մեծ կտավը: Ես իրոք հավատում եմ, որ մեծ բնապատկերները կարող են նկարվել միայն մարդկային արժեքներից բխող զգացումով: Դրանք չեն կարող լինել լոկ տեղանքի արձանագրություն, այլ պետք է լինեն դրսևորումն այն հույզերի, որ նկարիչն ունենում է որոշակի տեսարանից ոգեշնչված: Դրա համար նկարիչը պետք է հարազատ լինի տեղանքին, իսկ տեղանքը` իրեն: Եվ ինձ լիակատար թյուրիմացություն է թվում, որ անգլիացի նկարիչը արձակուրդն անցկացնում է գավառում` մի հսկա բնանկար նկարելու նպատակով:

Սադերլենդ – Ես լիովին համամիտ եմ դրա հետ: Նկարիչը պետք է տեղանքի բաղադրիչ մասնիկը լինի` ամենագեղեցիկը ընկալելու համար: Ինչպես հողն է անդրադարձնում երկինքը, իսկ ծովը` ցամաքը, և դրանցից յուրաքանչյուրը կոչված է լինելու մյուսի մասնիկը, այդպես էլ նկարիչը բնանկարում պետք է սովորի ճանաչել ինքն իրեն թե՛ նյութապես, թե՛ հոգեպես, իսկ բնապատկերը` իր մեջ:

Քլարկ – Այո, ինչպես Ուորդսուորթն էր հարաբերվում բնության հետ, այնպես չէ՞:

Մուր – Այո, Ուորդսուորթը բնության մեջ հաճախ էր անձնավորում առարկաները և նրանց հաղորդում մարդկային կերպարանք, մինչդեռ ես ճիշտ հակառակն եմ արել քանդակագործության մեջ: Հաճախ ես գալիս էի այն եզրահանգման, որ բնապատկերից ֆորմալ գաղափարները վերցնելով և հարմարեցնելով իմ քանդակին, ասենք` մարդկային կազմվածքը սարին, ստանում ես նույն էֆեկտը, ինչ փոխաբերությունը գեղանկարչության մեջ:

Սադերլենդ – Այո, ես լրիվ համաձայն եմ: Անձամբ գտնում եմ, որ բնապատկերում պրակտիկորեն կան բոլոր ֆիգուրատիվ տարրերը: Բնանկարիչը գրեթե միշտ պետք է դիտի բնությունը, ինչպես կդիտեր ինքն իրեն, որպես մարդկային էակի: Երբ բնանկարիչը առաջնորդվում է սյուժեի մասին կուտակած իր փորձառությամբ, նա գալիս է այն եզրակացության, որ ձևերը և որակները, որոնք օգնում են, գրգռում երևակայությունը և խթանում հույզերը, ավելի իներտ են ու թաքուն: Իսկ ես հակված եմ բնապատկերը դիտել այնպես, որ մտքումս զարգանա թաքնված ձևերի ամբողջությունը: Ավելի ուշ կրկին ամբողջությունը մասնատելու անհրաժեշտություն եմ զգում, մասնատելու և տրոհելու: Այնուհետև ստեղծված շտեմարանից ընտրում եմ այն որոշակի տարրերը, որոնք վճռորոշ են և մշտապես ցուցանում են խանդավառությունս ու մղումներս և իրենց մեջ ձևավորում նկարի սյուժեներ: Այսպիսով, ձևերի հայտնագործման հետ կապված հուզմունքով է պայմանավորված նրանց պատկերային էության, այսպես ասած, որոշակի տաօրինակությունը:

Քլարկ – Այո, Սադերլե՛նդ, անշուշտ դա պատճառներից մեկն է, որ որոշ մարդիկ ձեր նկարները համարեն բավական խրթին, սակայն, համոզված եմ, կա մեկ այլ պատճառ ևս, ինչու բոլոր լավ արվեստագետները կամ գրեթե բոլորը, կարծես փորձում են աղճատել կամ ամեն գնով վերադասավորել բնությունը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր արվեստագետ, ի լրումն կյանքի նկատմամբ ունեցած զգացմունքների և հայացքների, իր մեջ ունի, այսպես կոչված, իշխող ռիթմեր, և դրանք են իր իսկական ես-ը, հենց դրանց համար էլ նա ստիպված է ստեղծել արտաքին աշխարհին համակերպվելու իր սեփական տեսողությունը, եթե իրոք կարողանա պատկերավոր ձևով անել դա: Կասեի ավելին, նույնիսկ մեծագույն արվեստագետները ունեն բավական փոքրաթիվ ձևեր, ռիթմեր կամ գունային համադրություններ, որ նրանք համարում են լիովին արտահայտիչ: Վերցնենք երբևէ ապրած մեծագույն գծանկարիչներից երկուսին` Լեոնարդո Դա Վինչիին և Միքելանջելոյին: Լեոնարդոն օգտագործում էր նույն ձևերը, նույն կեցվածքները և ժեստերը, օրինակ, առաջին իսկ գործը` հայացքը ետ ուղղած ֆիգուրը, որն ավարտեց իր կյանքի վերջում: Միքելանջելոյի դեպքում մեջբերեմ մի զվարճալի օրինակ. նա նկարում էր ժայռին մեկնված Տիտիուսի կերպարը, և ձևերն այնքան հաճելի եղան նրան, որ, շուռ տալով թերթը` արտատպեց ֆիգուրը և դարձրեց գերեզմանից հարություն առնող Քրիստոս: Այս դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ Միքելանջելոյի համար կապակցված և արտահայտիչ ձևը զուր չի կորչում:

Մուր – Համամիտ եմ, որ յուրաքանչյուրն ունի ձևի անհատական ընկալում: Բոլոր մեծագույն արվեստագետների մոտ ձևի նման ընկալման սերմեր նկատելի են եղել նույնիսկ նրանց գործունեության վաղ շրջանում, և ինչ-որ տեղ նրանց գործը եղել է այդ ռիթմի աստիճանական ու համակողմանի հայտնագործումը: Ավելի ուշ շրջանի գործերում ռիթմը դառնում է սոսկ ավելի համակենտրոնացած: Դա մի բան է, որ արվեստագետը ի զորու չէ վերահսկելու, դա իր բնությունն է: Կարծում եմ, արվեստագետը չպետք է կրկնի իր գաղափարները, պիտի պայքարի դրա դեմ: Նա չպետք է շարունակաբար իրեն վաճառի իր իսկ գաղափարը: Կամ` երևույթը նրա մեջ պետք է դառնա այնքան բնազդային, որ նա չմտահոգվի դրա մասին: Միքելանջելոյի մոտ դա այնքան բնազդային էր, որ նա անկաշկանդ մտածում էր իրեն հետաքրքրող այլ բաների մասին: Որքան քիչ ես մտածում քո սեփական, անհատական ձևի ռիթմի մասին, այնքան, կարծում եմ, մեծ է հավանականությունը հարստանալու, ամբողջանալու և զարգանալու:

Սադերլենդ – Կասեի, որ ներաշխարհը, որի մասին խոսում ենք, պետք է մշտապես թարմացվի տեսողական փորձառությամբ: Նկարիչը չի կարող արարել ոչնչից, այնպես որ նա պետք է անընդհատ նյութ քաղի իր տեսածի փորձառությունից: Եթե արվեստագետին չի հաջողվում սնուցել այս կոնցեպտուալ գաղափարը` ինքն իրեն հարիր դարձնելով բնության ձևերին, ապա նա կամլանա և կտապալվի: Սակայն ես զգում եմ, որ բնական մղում է վերազանցել բնությունը և կերպավորել վերափոխվածև վերստեղծած պատկերներ, որոնք բխում են արվեստագետի սրտից և մտքից. սա իրոք ուշադրության արժանի երևույթ է:

Քլարկ – Ես համամիտ չեմ այն կարծիքին, թե արվեստագետի ներաշխարհը հասու չի կարող լինել ամեն մարդու: Չէ՞ որ մենք շաղկապված ենք իրար: Սակայն ճշմարիտ է, որ մեծագույն արվեստագետներից ոմանք թռիչք են գործել` առաջ անցնելով իրենց ժամանակակիցներից, որոնցից շատ քչերին է հաջողվել հետևել նրանց:

Փրիթչետ – Իսկ չե՞ք կարծում արդյոք, որ վերջին միքանի տարիներին արվեստագետներն իրենց ժամանակակիցներից առաջ են անցել առավել քան երբևէ, կամ գոնե նրանցից ոմանք կարողացել են հաղոր դել ավելին, քան սոսկ ընդունված վիզուալ փորձառությունն է, ինչը չլսված երևույթ էր անցյալի պատմության մեջ:

Կարդալ նաև

Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի…