Ռուբիկոն

Արվեստ և կյանք

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Քլարկ – Այո, ճիշտ է, և կարծում եմ պատճառները երկուսն են: Առաջին. ինչպես լեզուն կարող է դեգրադացվել առօրյա և անհարկի օգտագործումից, այնպես էլ XIX դարի իրականությունը դեգրադացիայի ենթարկեց գեղանկարչության ռեալիստական ոճը` մինչև այն վերածվեց ամենաճղճիմ շաբլոնի: Այնուհետև խիստ մաքրազտման անհրաժեշտություն զգացվեց, և նման մաքրազտման ձևը աբստրակտ շարժումն էր: Երկրորդ պատճառ.երբ նկարիչը դառնում է իր հովանավորներից ավելի ու ավելի անկախ և սկսում նկարել իր, ընկերների կամ երիտասարդ արվեստագետների համար, նա ավելի է հետաքրքրվում նկարելու, դիզայնի և կոմպոզիցիոն առանձնահատուկ խնդիրներով և, գիտակցելով իր սեփական ներքին տեսողությունը, չի էլ փորձում հաշվի առնել հովանավորների կողմից նախապես ընդունված և ոչ մի կարծիք:

Սադերլենդ – Ես լիովին համամիտ եմ: Կարծում եմ, որ այստեղ առկա է նաև լուսանկարչության ներգործությունը: Վերջինս որոշակի ազդեցություն ունի գեղանկարիչների վրա, որովհետև մարդիկ ավելի մերձեցան երևույթներին: Նկարիչները մշտապես կարիք են զգացել էքսպերիմենտի, փաստերից հեռու աշխատելու, հետևաբար լուսանկարը երեք-քառորդով հեշտացնում է սկզբնապես ծրագրածի իրագործումը: Փրիթչետ Դուք նկատի ունեք, որ մինչև լուսանկարչության գյուտը, փաստորեն, արվեստագետների հիմնական նպատակը եղել է նմանակու՞մը:

Մուր – Հնարավոր է, կարծում եմ, եթե վերցնենք շատ նեղ տեսանկյունով: Բայց եղել են նաև դեպքեր, երբ արվեստագետները չեն զբաղվել տեսանելի աշխարհի վերարտադրությամբ: Փաստորեն, եթե ուսումնասիրեք արվեստի ողջ պատմությունը, դուք կնկատեք, որ Միջերկրական ծովի շրջակա երկրներում արվեստագետների գլխավոր և միակ նպատակը եղել է համեմատաբար կարճ ժամանակում վերարտադրել տեսանելի աշխարհը: Կարծում եմ մարդկանց հիմնական դժվարությունը, այսպես կոչված, արդի արվեստի ողջ պատմությանը անտեղյակ լինելու մեջ է:

Փրիթչետ – Այո, համաձայն եմ, սակայն հնարավոր չէ՞ արդյոք, որ ողջ աշխարհում այսպես կոչված «պրիմիտիվ» արվեստները չեն նմանակել բնությունը պարզապես այն պատճառով, որ արվեստագետներն ընդունակ չէին դա անելու:

Մուր – Կարծում եմ դա չէր կարող լինել նրանց գլխավոր նպատակը այս ամբողջ ընթացքում, որովհետև մի անգամ արդեն եղել է` ի դեմս հույների, որ հարյուրամյակների ընթացքում հասել էին մարդկային մարմնի համարյա անթերի վերարտադրության, և ոչ էլ այն պատճառով, որ չունեին բավարար տեխնիկական հմտություն, որովհետև տեխնիկական հմտության աստիճանը այսպես կոչված «պրիմիտիվ» արվեստներում, այսինքն` ոչ վերարտադրողական արվեստներում իրոք որ շատ բարձր է:

Փրիթչետ – Եթե ասում եք, որ գլխավոր նպատակը վերարտադրողական չլինելն էր բառիս բուն իմաստով, ապա ի՞նչն էր:

Քլարկ – Լավ, որպես հիմնավորում ասենք, որ արվեստը ի սկզբանե առնչվում էր կրոնին կամ երևակայականի գերբնական փորձառությանը: Հույները, որոնք իրենց աստվածներին պատկերացնում էին մարդկային կերպարանքով, սկզբնավորեցին մի արվեստ, որը ճշգրտորեն վերարտադրում էր բնությունը և մարդկային էակներին, բայց այլ քաղաքակրթություններում, որտեղ կրոնը ավելի խորհրդավոր էր, արվեստն առավել սիմվոլիկ էր: Արվեստը ստիպված էր գործադրել առավել աբստրակտ սիմվոլներ:

Փրիթչետ – Իսկ ի՞նչ է սիմվոլն ինքնին:

Քլարկ – Ասենք` գաղափարի պատկերային համարժեքը:

Փրիթչետ – Բարի, կա մեկ հարց ևս, որ կուզենայի տալ և որը վերաբերում է արվեստագետի ու հասարակության փոխհարաբերությանը: Ի՞նչ եք կարծում, արվեստագետն արտացոլու՞մ է արդյոք այն հասարակությունը, որը ծնել է նրան: Միգուցե նա արտահայտում է ինքն իրեն, սակայն չէ՞ որ նա նաև հասարակության խոսնակն է: Եթե այդպես է, պետք է հետևի, կարծում եմ, որ կատարյալ արվեստը կծնվի այն դեպքում, երբ արվեստագետիև հասարակության միջև հաստատվի կենսական և փոխադարձաբար թարմացվող փոխհարաբերություն:

Քլարկ – Այո, արվեստագետը չի կարող խուսափել իր ժամանակից: Նա չի կարող չարտացոլել հասարակությունը, որը ծնել է նրան: Եթե նույնիսկ նա կարծում է, թե կոչված է ապրելու, ինչպես ասույթն է ասում, «փղոսկրյա աշտարակում», հավանաբար միայն այն պատճառով, որ մարսողությունը շատ թույլ է յուրացնելու համար ժամանակակից կյանքը, կամ միգուցե որովհետև իր ժամանակի հասարակությունն այնքան է տրոհված, որ ներգրավումն անկարելի է: Նոր արվեստը, իրոք, ակնհայտորեն ցույց տվեց նոր հասարակության կոնֆլիկտը և ընդհանուր նպատակի բացակայությունը: Սակայն արվեստում առկա են նաև սոցիալական և ինտելեկտուալ հոսանքների ավելի թեթև արտացոլումներ: Վերցնենք բավական խորիմաստ մի օրինակ: Երբ Կորրեջջոն տեղափոխեց իր հեռանկարի հեռացող կետը նկարի շրջանակից դուրս, դրանով կարծես կանխատեսեց կոպեռնիկյան հեղափոխությունը:

1 Շարքը կոչվում է «Կենդանի պատկեր»: Խոսքը վերաբերում է Կլիֆ Բելի, Հերբերդ Ռիդի և Վ.Ս. Փրիթչետի նախկին բանավեճից «Ինչ փնտրել նկարում» խորագրով հատվածին, որ հրատարկվել է «Ունկնդիր» ամսագրում 1941 թվականի հոկտեմբերի 16-ին:

Անգլերենից թարգմանությունը`

Նաիրա Մակարյանի

«Art and Life»

«Part of a discusion between V. S. Pritchet, Graham Sutherland, sir Kenneth Clark and Hanry Moore» Henry Moore «Writings and Conversations»

Կարդալ նաև

Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Սա ծխամորճ չէ Միշել Ֆուկո Ահա երկու ծխամորճ Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ`… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի…