Ռուբիկոն

«Քանդակ»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Բարբարա Հեփվորթ (1903-1975)

Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում է Հենրի Մուրի հետ, ապա` Արվեստի թագավորական քոլեջում: Նրա վաղ քանդակները քվազի-նատուրալիստական են և շատ ընդհանրություններ ունեն Մուրի աշխատանքների հետ, սակայն 1930-ականներից սկսած նրա գործերն ամբողջովին դառնում են աբստրակտ: 

1925թ.  Բարբարա  Հեփվորթն ամուսնանում է քանդակագործ Ջոն Սքիփինգի /1901-1980/ հետ, նրանք միասին ապրում են մինչև 1931թ., երբ, Հեփվորթը հանդիպելով Բեն Նիքոլսոնին, դառնում է վերջինիս կինը: 1933թ. նրանք անդամակցում են Աբստրակցիա-Ստեղծարարություն /Abstraction-Creation/ խմբին, ապա` Unit One-ին: 1930-ական թվականները չափազանց բեղմնավոր տարիներ են Հեփվորթի, Նիքոլսոնի և Մուրի համար, որոնք միասին ստեղծագործում են կատարյալ ներդաշնակության մեջ և ներկայանում արվեստասեր հասարակությանը որպես Անգլիայի աբստրակտ ուղղության ջատագովներ:

Հեփվորթը մի առիթով գրել էր. «Ես չեմ ցանկանում ստեղծել քարե ձի, որը փորձում է, բայց չի կարողանում շնչել: Ինչքա~ն գեղեցիկ են ձիու զգայուն քիթը, շան շարժվող ականջներն ու խորաթափանց հայացքը, բայց ինձ համար դրանք քարե ձևեր չեն, և սերն ու զգացմունքը նրանց հանդեպ կարող է արտահայտվել միայն ավելի ընդհանրացված կերպով: Ես չեմ ցանկանում ստեղծել մի մեքենա, որը չի կարողանա ծառայել իր անմիջական նպատակին, սակայն ես ուզում եմ ստեղծել ծավալների ճիշտ փոխհարաբերություն, քարի մեջ վերածնվող մի առարկա` արտահայտելու այդ առարկայի մասին իմ իմացությունն ու կարծիքը… Բնության հայեցողության մեջ մենք անընդմեջ վերածնվում ենք, մոգականության և մեր պատկերացումների զգացողությունը կենդանի է մնում, և ճիշտ հասկանալու դեպքում այն մեզ տալիս է ուժ` քանդակելու գեղեցկության մի ունիվերսալ կամ վերացական պատկեր»:

1939թ. Հեփվորթը Նիքոլսոնի հետ տեղափոխվում է Սեյնտ Իվ` Քորնուոլում, ուր ապրում է մինչև իր կյանքի վերջը: 1940-ականներին նա կենտրոնանում է քանդակի ծավալի և տարածության հակադրությունների վրա: 1931թ. Հեփվորթը ստեղծում է իր առաջին սնամեջ քանդակները /ոչնչացել են պատերազմի ժամանակ / «Ծակած Ձև»:

Այսպիսով, արվեստագետն ամբողջովին ազատում է իր քանդակները պատկերայնությունից, սակայն միևնույն ժամանակ պահպանում այդ բիոմորֆ կամ բյուրեղյա պատկերների բնական օրգանական ռիթմը:

Արդեն 1950-ականներին նա միջազգային հռչակ ձեռք բերած ամենախոշոր քանդակագործներից է և արժանանում է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Այդ ընթացքում նա ավելի հաճախ է օգտագործում բրոնզը, հատկապես մեծ քանդակներ կերտելիս, սակայն մշտապես պահպանում է սերը փորագրության հանդեպ: Հեփվորթն ունենում է ողբերգական վախճան: 1975թ. մայիսի 20-ին մահանում է Սենտ Իվի իր արվեստանոցում բռնկված հրդեհից. այն այժմ ծառայում է որպես Հեփվորթի թանգարան:

Բարբարա Հեփվորթ

«Քանդակ» I

Քանդակի        ամբողջական արտահայտությունը տարածական է, այն ծավալի և տարածական կառույցի միջոցով որևէ գաղափարի եռաչափ իրականացումն է: Քանդակագործական նյութերն իրենց որակով, ուժգնությամբ և հարատևությամբ անսահմանորեն բազմազան են: Բայց որպեսզի պատկերավոր գաղափարը լիովին և ազատորեն արտացոլվի քարի, փայտի կամ որևէ այլ պլաստիկական նյութի մեջ, անհրաժեշտ է ամբողջապես զգալ նյութը, այսինքն` հասկանալ նրան բնորոշ հատկություններն ու բնույթը: Գաղափարի, նյութի և չափի միջև պետք է լինի կատարյալ միասնություն, որից ծնվում է մասշտաբը:

Գաղափարը` պատկերավոր կոնցեպտը, փաստորեն նյութը կյանքի կոչողն ու նրան կենսականություն տվողն է: Բայց երբ փորձում ենք սահմանել այդ հատկությունները, տեսնում ենք, որ դրանք ընդհանուր շատ քիչ բան ունեն քանդակի ֆիզիկական ասպեկտի հետ: Երբ ասում ենք, որ մեծ քանդակն ունի հրաշալի տեսք, ուժ, կենսականություն, մասշտաբ, հավասարակշռություն, ձև կամ գեղեցկություն, մենք չենք խոսում ֆիզիկական ատրիբուտների մասին: Կենսականությունը քանդակի ֆիզիկական,  օրգանական ատրիբուտ չէ. այն հոգևոր ներքին կյանք է: Ուժը մարդկային ուժ կամ ֆիզիկական հզորություն չէ, այլ` ներքին զորություն և էներգիա: Ձևի իրագործումը սոսկ եռաչափ զանգված չէ, այն հատուկ ընտրված, կատարելագործված մի ձև է, որն ունի գերազանց չափ և կերպ` գաղափարը քանդակի մեջ մարմնավորելու համար: Տեսնելը նայել չէ, այն մտավոր ընկալում է:

Կյանքի իրականության ըմբռնում, նյութական գոյության արտաքին մակերեսների ներթափանցում, որ արվեստի գործին տալիս է սեփական կյանք, նպատակ ու նշանակալի ուժ: Քանդակի ամենահիմնական հատկություններից է մասշտաբը, որն ընկալվում է միայն ինտուիտիվ կերպով, քանի որ այն ամբողջությամբ մտքի և տեսողության հատկություն է: Քանդակը ձեռք չի բերում և չի կորցնում իր հոգևոր նշանակությունը` կախված ֆիզիկական ատրիբուտների քանակից: Կենդանի երկը լիակատար համապատասխանություն ունի կոնցեպցիայի և իրականացման միջև. սակայն իրական ֆիզիկական կերտվածքը չի սահմանափակում ավարտուն գաղափարը:

Նշանակություն չունի` քանդակը ասիմետրիկ է, թե սիմետրիկ. այն ոչինչ չի կորցնում և ձեռք չի բերում սրանցից որևէ մեկը լինելուց: Օրինակ, կարող ենք ասել, որ ասիմետրիկ քանդակն ունի ավելի շատ դիտակետեր: Սակայն դա քանդակի բնույթի միայն մեկ կողմն է. ասիմետրիկությունը կարող է հանդիպել լարվածության, հավասարակշռության, տարածության հետ ներքին կենսական բախման և մասշտաբի մեջ:

Այն, որ մտքի պլաստիկական մարմնացումը կարող է գոյություն ունենալ միայն շնորհիվ իր ներքին ուժի, բայց ոչ ֆիզիկական բովանդակության, նշանակում է, որ նրա ձևերի ընտրության դաշտն ազատ է և անսահմանափակ` բազամաթիվ ձևերից մինչև մեկ ձև, անսպասելի խորություններ և համադրում` նրբագույնից ու շատ փոքրից մինչև շատ մեծը: Բոլորը հավասար են, առավելագույնս կենսունակ` համաձայն տեսողության ուժգնության:

Մասշտաբը ֆիզիկական չափում չէ, քանի որ որևէ փոքր իր կարող է ունենալ լավ, իսկ մեծ առարկան` խղճուկ մասշտաբ, թեև հաճախ մեծ քանդակներն ունենում են լավ մասշտաբ, քանի որ արվեստագետը նրանց կոնցեպցիային ավելի լրջությամբ և ուշադրությամբ է մոտենում:

Չափը կարող է ընդգծվել չափազանց մեծի և փոքրի համադրությամբ, սակայն սա քանդակային փոխհարաբերությունների միայն մեկ կողմն է: Կան քանդակներ, որոնք ունեն հրաշալի մասշտաբ` իրենց չափման և գաղափարի միջև գոյություն ունեցող հստակ և ճիշտ փոխհարաբերությունների շնորհիվ. քանդակն իր իսկ կենսականությամբ իր համար ստեղծում է տարածություն:

Գոյություն ունի քանդակային երկու հիմնական յուրահատկություն. առաջինը մեր ձեռքերի կազմած գրկախառնության սահմանների մեջ է, մյուսն ազատ է և կապ չունի մեր շոշափելիքի հետ: Երկուսն էլ ունեն մասշտաբի` իրենց առանձնահատուկ և տարբերակիչ հատկությունները, ինչը տարածություն և ծավալայնություն է ստեղծում իրենց շրջապատող ամեն բանի մեջ: Մասշտաբը կապված է մեր ամբողջ կյանքի հետ, գուցե նույնիսկ այն կյանքը զգալու մեր ողջ ինտուիտիվ կարողությունն է:

Կարդալ նաև

Արվեստ Զրույց Կառլեն Մուրադյան – Վիլհելմ Դեկունինգ Մուրադյան: Դուք և Գորկին շատ մոտ ընկերներ եք եղել: Դեկունինգ: Կարծում եմ իսկապես շատ պայծառ, սարսափելի պայծառ անձնավորություն էր: Ճիշտ գաղափարներ ուներ: Գիտեք, ես բնազդաբար զգում էի, որ նա ճիշտ է: Զգացողություն ուներ: Եվ… Արվեստ «Վերապրումի» սկզբունքն իրականության վերարտադրության համատեքստում (հանգուցային դրույթներ) Արա Խզմալյան Արիստոտելի միմեսիսը վիճահարույց, հակասական մեկնությունների առիթ տվող էսթետիկական տերմիններից է, որ վաղուց հեռացել է իր նախնական իմաստից ու նշանակությունից: Հասկացությունը թարգմանվել է որպես ընդօրինակում, որը, ինչպես գրում են անտիկ էսթետիկայի… Արվեստ Արվեստն իբրև հաղորդության լեզու Արա Գուրզադյան Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված…