«Քանդակ»
II
Ամենադժվար և բարդ ձևային հարաբերությունները պարտադիր չէ, որ քանդակին հաղորդեն լիակատար հոգևոր բովանդակություն: Շատ հաճախ, երբ միտքը դառնում է ավելի ազատ, գիծը հստակվում է, իսկ երբ սկզբունքները, – ավելի փոքր օրենքներ պարունակող օրենքները, –ըմբռնելի են, ձևերը պարզեցվում են և ուժեղանում: Ֆիզիկական աշխարհում մենք կարող ենք միևնույն ձևի անվերջանալի բազմազանության մեջ հայտնաբերել մեկ առանձնահատուկ ձև, որը ցույց է տալիս պարզեցված կառույցի ուժն ու ամրությունը. ձևը պարզ է, և նրա յուրաքանչյուր մաս ամբողջի հետ ճշգրիտ միասնության մեջ է: Սա պատահականություն չէ, այլ կանոնավոր անկանոնություն, մի գերազանց հաջորդականություն, որը հաղորդում է անհատական կյանքի առավելագույն արտահայտչականությունը: Եռաչափ իրականցաման մեջ միշտ առկա է այդ ճշգրիտ ձևը, կամ ձևերի հաջորդականությունը, որը կարող է լիովին և ազատորեն արտահայտել գաղափարը: Բայց գոյություն չունի որևէ բանաձև, որը կարենար բացահայտել այդ հաջորդականությունը. նախադրյալը խիստ սուբյեկտիվ է, իսկ տրամաբանական հետևությունը` միանգամայն ինտուիտիվ, – այն մտքի և միջնորդի բալանսի արդյունք է:
Այս տարբերությունների, անկատարությունների ու կատարելությունների ընկալումը օգնում է մեզ հասկանալ այն լեզուն, որ կիրառում է քանդակագործը արտահայտելու համար իր փորձառած ողջ զգացումն ու միտքը: Քանդակագործի խնդիրն է հասկանալ տարածության և ձևի աշխարհը, արտացոլել սեփական կյանքի և ժամանակի նկատմամբ իր անհատական ըմբռնումը, քանզի այն համապարփակ կերպով հարաբերվում է մտքի առանձնահատուկ պլաստիկական ընդլայնմանը, նրա գործն է նաև կենդանի պահել գոյության այս յուրահատուկ կողմը: Պարզ հասարակական լուծում ձեռք կբերվի միայն այն ժամանակ, երբ մտքի արքայությունում կտիրի լիակատար գիտակցում և երբ յուրաքանչյուր մաս անքակտելի կլինի ամբողջից:
Քանդակագործական տարրերը երկար ժամանակ անտեսվում էին և հաշվի չէին առնվում, մարդկանց` ձևի իմացությունը պակասել էր: Բայց այժմ հավասարակշիռ կրթության միջոցով, այսինքն` ձեռքի և գլխի առավել համաձայնեցմամբ շատ բան է արվում ձևերի մանկական ինտուիտիվ ընկալումները կենդանի պահելու համար:
Աշխարհն առանց ձևի գիտակցության հազիվ թե կարողանար գոյատևել ընդհանրապես: Ծավալի և զանգվածի, ձգողականության օրենքների, երկրի պարագիծը մեր ոտքերի տակ, ներքին կառուցվածքի հարվածների ու ստրեսների, տարածական տեղաշարժման և տարածական զանգվածի գիտակցումն ու ըմբռնումը, մարդու վերաբերմունքը լեռան և մարդկային աչքի վերաբերմունքը հորիզոնի հանդեպ և շարժման ու հավասարակշռության բոլոր օրենքները, սրանք, անշուշտ, կյանքի բուն էությունն են, սկզբունքներն ու օրենքները, որոնք մեր փորձառության կենսականացումն են, իսկ քանդակը գոյության ամբողջի նկատմամբ մեր զգայունությունը արտահայտելու մի միջոց է:
III
Կենսական ողջ ուժն այն տեսողության մեջ է, որը ներառում է ամբողջ ֆանտազիան, ինտուիտիվ երևակայությունը, գիտակցական ողջ ընտրությունը` արված փորձառությունից: Գաղափարները ծնվում են մեր գիտակցական և անգիտակցական կյանքի կատարյալ բալանսի շնորհիվ և իրագործվում են նույն այդ սինթեզի և հավասարակշռության միջոցով: Մի քանի գաղափարներից մեկի ընտրությունը և անցյալի փորձառության ամբողջությունը ներկա գաղափարին հարաբերելու ունակությունը` մեր գիտակից միտքն է. սուբստանցի մեջ գաղափարի ծավալման հանդեպ մեր զգայությունը, հենց շնչառության ակտի վերաբերմամբ, մեր անգիտակցական ինտուիցիան է:
«Աբստրակտը» մի բառ է, որն այժմ շատ հաճախ օգտագործվում է արտահայտելու արվեստի երկի միայն արտաքին ձևը. դա դժվարացնում է նրա գործածումը հոգևոր կենսական կամ ներքին կյանքի առումով, որ հենց իրական քանդակն է:
Աբստրակտ քանդակագործության հատկանիշներն առկա են բոլոր ժամանակների լավ քանդակներում, բայց նշանակալի է, որ ժամանակակից քանդակն ու գեղանկարչությունը դարձել են աբստրակտ մտքի և կոնցեպտի մեջ: Քանի որ քանդակային գաղափարն ինքնին անսահմանափակ է ու ազատ և կարող է ընտրել սեփական ձևերը, ապա կենսական կոնցեպտն ընտրում է իր արտահայտման ձևն ու նյութը բավականին անգիտակցաբար:
Արդի կոնստրուկտիվ գործը չի կորչում` չվայելելով մարդկային առանձնակի հետաքրքրություն, դրամա, վախ կամ կրոնական զգացում: Այն մեզ վրա խորապես ազդում է, որովհետև ներկայացնում է արվեստագետի փորձի և տեսողության ամբողջությունը, անանց գաղափարների հանդեպ իր ողջ զգայունությունը, այդ գաղափարներն իրագործելու նրա իղձը, քայքայման անցողիկ և լոկալ ուժերի լիակատար մերժումը: Դա բացարձակ հավատն է դեպի մարդը, բնապատկերը, ստեղծարար գաղափարների համընդհանուր ազգակցությունը: Իր գործի աբստրակտ ձևերն այժմ անգիտակցական են և ինտուիտիվ,արտահայտման նրա անհատական մաներան է: Նրա գիտակից կյանքը մարդկային դժվարություններին որևէ լուծում տալու ձգտում է` սեփական մտքերն իր նյութի միջոցով մշտապես իրականացնելով:
Եթե մենք ապրեինք այն ժամանակներում, երբ կենդանիների, կրակի պաշտամունքը, միֆը կամ կրոնը կյանքի ամենախոր էմոցիոնալ կողմերն էին, ապա քանդակը անգիտակցաբար կստանար ճանաչելի աստծո ձևը, և պատկերման ձևային աբստրակտ հարաբերությունները կլինեին գաղափարների կեսնականացման գիտկցական ուղի: Սակայն հիմա այդ ձևային հարաբերությունները դարձել են մեր միտքը, հավատը, արթնանալը կամ քնելը. դրանք կարող են դառնալ լուծում կյանքի և ապրելակերպի համար: Սա ո՛չ փախուստ է կյանքից, ո՛չ փղոսկրյա աշտարակ, ո՛չ էլ մեկուսացված վայելք իր համամասնության ու տարածության մեջ, այն մեր հավատն արտահայտելու անգիտակցական եղանակն է որևէ հնարավոր կյանքում: Գույնի և ձևի լեզուն ունիվերսալ է և միակը չէ որևէ հատուկ դասի համար (չնայած կարող էր լինել անցյալում). դա միտք է, որ յուրաքանչյուրին տալիս է միևնույն կյանքը, միևնույն աճը, միևնույն ունիվերսալ ազատությունը:
Արվեստագետն ապստամբում է աշխարհի դեմ, ինչպիսին որ գտնում է այն, որովհետև իր զգայունակությունը բացահայտում է նրա առջև մի հնարավոր իդեալիստական, բայց և պրակտիկ աշխարհի պատկերացում. իդեալիստական աշխարհ, որն իր մեջ ներառում է կենսականություն և անխռովություն, ներդաշնակություն ու դինամիկ շարժում, այսինքն` այն գաղափարների ազատության կոնցեպտը, որոնք ընդգրկում են ամեն ինչ, բացի նրանից, ինչը կարող է ծնել գաղափարների մահ: Իր ընդվզման մեջ նա կարող է ընտրել երկու ուղուց մեկը` բռնել հուսահատության ճամփան և խելահեղորեն փորձել դեն նետել այն ամենն, ինչը, թվում է, կանգնած է առկա և հնարավոր աշխարհների միջև. կամ էլ ոգևորությամբ հաստատել, վերահաստատել և ցույց տալ պլաստիկ նյութի մեջ իր հավատը, որ գաղափարների աշխարհը գույություն ունի: Նա կարող է ցույց տալ կառուցողաբար, հավատալով, որ ազատ գաղափարի պլաստիկ մարմնավորումը` հոգևոր ուժի ունիվերսալ ճշմարտությունը, կարող է անել ավելին, ասել ավելին, լինել առավել կենսունակ, քանի որ այն ճնշում չի գործադրում ոչ մի բանի վրա: Կոնստրուկտիվ գործը հենց ազատության մարմնացումն է և անգիտակցորեն ընկալվում է նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք գիտակցաբար դեմ են դրան: Կյանքի ծարավը ամենաուժեղ ունիվերսալ հույզն է, այն բխում է մեր անգիտակցական զգայականության խորքերից, իսկ կյանք պարգևելու ցանկությունը այս ինտուիցիայի մեր ամենազոր, ստեղծարար և գիտակից արտահայտումն է:
Անգլերենից թարգմանությունը` Կարինե Մարգարյանի