Հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ
1981-ի մարտի 16-ին հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ Դյուսելդորֆ-Վերին-Կասսելում, 1973-ին լույս տեսած իր կենսագրության վերահրատարակման առիթով:
Հարց – Քաղաքականության հասկացությունը Դուք փոխարինում եք արվեստի Ձեր սեփական հասկացությամբ՝ «Սոցիալական պլաստիկայով» և պրակտիկ քաղաքականություն եք անում «Կանաչների» մոտ։ Դա հակասությո՞ւն է։
Բոյս – Նախ պետք է ասել, որ ես դա այժմ անում եմ ոչ միայն «Կանաչների» մոտ, այլև ասել այն, որ ամեն ինչ – այսպես ասած՝ չակերտներում – քաղաքական է դարձել, ուղղակի դեմոկրատիայի համար կազմակերպությունը հիմնելուց ի վեր, որն հետագայում վերածվեց FIU-ի (Միջազգային Ազատ Համալսարան)։ Այսինքն այդպիսի զարգացում կատարվեց, իսկ ես ինչպես առաջ, այնպես էլ այժմ գործում եմ FIU -ում, չէ՞ որ դա գլխավոր աշխատատեղին է. և հետազոտությունների այդ վայրը, կամ ինչ էլ որ անվանելու լինենք, և այդ մարդիկ, ովքեր կենտրոնացած աշխատում են արևելքում և արևմուտքում առկա հասարակական պրոբլեմների այլընտրանքային տարբերակի վրա, որպես պրոբլեմի լուծում, որպես ելք, կարելի է ասել, առկա են նաև «Կանաչների» մոտ իբրև «Կանաչների միության» բազմաթիվ խմբավորումներից մեկը, քանզի «Կանաչները» բաղկացած են բազմաթիվ տարբեր այլընտրանքային խմբերից, և «Կանաչների» այդ հոսանքներից մեկն էլ «Ստեղծագործության և միջառարկայական հետազոտությունների միջազգային ազատ համալսարանն» է («Free International University for Creativity and Interdisciplinary Research»)։
Հարց – Դուք գործում եք հաստատություններում գործնական հաջողություններով քաղաքական ներգործության հասնելո՞ւ համար:
Բոյս – Այո, բայց դա հավանաբար արդեն հաջորդ քայլն է: Ըստ հնարավորության, – իսկ դա գաղափարի կենտրոնում է, – այլընտրանքը պետք է այնպիսին լինի, որ վերաբերի կյանքի, մարդու, բնության, տնտեսության, իրավական իրադրության, մշակութային կյանքի սեփական օրենսդրությանը, այսինքն՝ գաղափարախոսորեն ազատ լինի առկա գաղափարախոսությունների նկատմամբ, անկախ այն բանից մարքսիստակա՞ն, թե՞ կապիտալիստական են դրանք, ազգային էկոնոմիկայի ոլորտի՞ց են, թե՞ դավանաբանական քրիստոնեության, այսինքն՝ այն ամենի, ինչ առկա է այդ ասպարեզում։ «Դրամ»–ի իշխանության հետ քաղաքականության հանցակցություն մենք արմատապես այլևս չենք ուզում։ Իսկ դա համապատասխանում է նաև արվեստի ընդլայնված հասկացությանը, վերջինս ելնում է այն բանից, որ պատմական այս երկընտրանքը հաղթահարելու միակ ելքը արվեստն է, եթե արվեստի հասկացությունն ավելի լայն է ըմբռնվում, քան մոդեռնի ժամանակաշրջանում էր ընդունված, այնպես, որ արվեստը հիմնովին վերաբերի մարդկային աշխատանքին, այսինքն աշխատանքի մեջ մարդու ստեղծագործականությանը, յուրաքանչյուրին՝ «Յուրաքանչյուր մարդ արվեստագետ է» թեզի համաձայն։ Սրանով բնականաբար ուղղակիորեն հակադրվում են կապիտալի իրադրությանը, իսկ այստեղից հետևում է, որ այն, ինչ ներկայումս կապիտալ են անվանում, այլևս կապիտալ չէ, այլ որևէ հասարակության կապիտալն այսօր մարդկային ունակությունն է և այն, ինչ արտադրվում է դրանով այդ հասարակության մեջ։ Այսինքն՝ արվեստի ու կապիտալի ողջ տրամաբանության մեջ դրամն այլևս կապիտալ չէ, այլ լոկ մարդկային ունակություն և՛ ստեղծարարություն և՛ այն ամենը, ինչ կապված է արվեստի ընդլայնված հասկացության հետ. օրինակ՝ մարդու ազատության մեջ արարման ուժը։ Այսպիսի լայն շրջան, և սա իսկապես ոչ մի առնչություն չունի այն բանի հետ, ինչ ներկայումս քաղաքականություն են անվանում։
Հարց – Ձեր աշխատանքի կենտրոնական հասկացություններն են «էներգիան» և «փոփոխությունը»։ Ինչպե՞ս են դրանք կոնկրետացվում Ձեր «սոցիալական պլաստիկայում»։
Բոյս – Այսօր նույն կերպ, ինչպես ելակետում, այնպես որ ես նորից կարող եմ միանգամայն ելնել այն բանից, ինչը ակցիաների առանցքն էր, այսինքն՝ քանդակի տեսությունը, որում հիմնական ստրուկտուրան հայտնվեց էներգիայի պլանի թեմայում, քաոսի-շարժման-ձևի հիմքային մի տեսություն, որ ես արդեն ակցիաների ընթացքում էի առաջադրել, այն է՝ էներգիան ոչ թե անորոշ, այլ շատ դիֆերենցված բան է, որ ի հայտ է գալիս հիմնական իրադրություններում, և երբ այն հետո փոխադրում են մարդու վրա, ապա հարկ է տարբերակել երեք շատ կարևոր ստեղծագործական պոտենցիալներ՝ կամքի, զգացմունքի և մտածողության մեջ։ Հիմնական այս ստրուկտուրան ես այն ժամանակ անվանեցի էներգիայի պլան՝ կապված բոլոր այն պահանջների հետ, որ բխում են դրանից կյանքի, ճանաչողության ու նաև պատմության ըմբռնման համար։ Չէ՞ որ կան շատ գեղեցիկ դիագրամներ, որ փորձում են այս ամենը պարզաբանել նաև պատմականորեն։ Այս է ենթադրվում էներգիայի մասին խոսելիս, և բնականաբար ներառյալ բոլոր ֆիզիկական էներգիաները, որ օգտագործում է մարդը իր էներգիայի կամ ստեղծագործականության հետ մեկտեղ։ Այսինքն՝ կապն ակնհայտ է։ Թեև կարող է թվալ, թե իբր խոսքն այստեղ միայն այն էներգիաների մասին է, որ թաքնված են պլաստիկա հասկացության ներսում կամ որ սկզբում մարդու մեջ բացահայտ չեն, բայց կարող են հայտնաբերվել, ինքնըստինքյան հասկանալի է, որ դա արտաքին էներգիայի խնդրից և էներգիայի աղբյուրներից (որպիսիք են շոգեուժը, ատոմային էներգիան և այլն) դուրս չի ընկած։ Դա միանգամայն պարզ է։ Դրան բնականաբար ավելացրած և այն, որ կարելի է նկարագրել նաև մարդու մեջ մեծ ստեղծարար ներքին ոլորտներ և ուժային դաշտեր, և որ անկարելի է անտեսել և զգայարանային էներգիան։ Չէ՞ որ դա շատ կարևոր է նաև արվեստի հասկացության համար, այսինքն՝ տեսողության, լսողության, հավասարակշռության և այլն։ Ինձ համար այդ ամենը պատկանում է էներգիայի բուն սարքին։ Այն շատ է, սակայն չի օգտագործվում։ Նախ և առաջ չկա պատկերացում այդ ամենը զարգացնելու վերաբերյալ։ Բնականաբար այստեղից բանավեճ է ծնվում մարդու մեր կարճամիտ ըմբռնման հետ, այսինքն՝ անմիջապես շոշափվում է նաև կրթության հարցը, մեր դպրոցական համակարգը, իշխանության համակարգը, քանզի ընդունակություններ զարգացնելու արտադրական վայրերի սեփականության պայմանները պետության ձեռքում են։ Փոփոխությունն առաջանում է, եթե նման դիտարկումին մոտենում են հնարավորին չափ առանց նախապաշարումի կամ գաղափարախոսության, եթե չեն հմայվում մարքսիստական ուսմունքի կամ դիալեկտիկական մատերիալիզմի պնդումներով։ Հակառակ դեպքում՝ մենք արդեն հասել ենք պատմության վերջին։ Սակայն այս ամենը մեկ անգամ անկանխակալորեն դիտարկելով՝ մենք տեսնում ենք, որ պատմությունը տեղի է ունենում վերափոխության մեջ։ Եվ կյանքի, մարդու, ժողովուրդների, երկրագնդի, ողջ մարդկության վերափոխությունը ակնհայտ փաստ է դառնում ակնթարթորեն, բայց բնականաբար կարելի է նաև ասել, թե ինչպես է այդ ամենը վերափոխվում։ Այսօր մարդկանց կյանքն ամենուր որոշարկվում է տնտեսական կյանքով, և մենք տեսնում ենք, որ մարդիկ մշակույթ ասելով այլևս չեն ենթադրում արվեստ և որ նրանց մշակույթը հենց տնտեսական պետությունների մշակույթն է։ Սա այն է, ինչ կարելի է բնորոշել նաև իբրև համակարգ։ Եվ այստեղից երևում է, որ սկզբում այլ կերպ է եղել իրապես հին մշակույթներում։ Այն, ինչ կատարվում էր այնտեղ, ամբողջապես որոշվում էր մշակութային կյանքով։ Գեղարվեստական, մշակութային, կրոնական կյանքը մի միասնություն էր, իհարկե կառավարումը ոչ թե դեմոկրատական էր, այլ՝ միջնորդված ոգեհաղորդյալների, քուրմերի, թագավորների, փարավոնների կամ տոհմի առաջնորդների կողմից, սակայն դա իրոք արվեստով առաջնորդվող մշակույթ էր։ Այնուհետև Հռոմում քուրմ-արքաներին փոխարինելու է գալիս կեսարի տեսակը, ի հայտ է գալիս իշխանական պետությունը՝ նախ և առաջ իրավական հարցերի հետ բանավեճում։ Մշակութային այդ դարաշրջանը հասնում է մինչև բարձր միջնադար, որն արդեն հատկորոշվում էր ոչ այնքան մշակութային կյանքով (չնայած այն դեռ շատ ուժեղ առկա էր այնտեղ), որքան երկրորդ գործոնով՝ իրավունքի հասկացությամբ։ Անցման շրջանում դա այդպես էր այնքան ժամանակ, մինչև որ մարդիկ աստիճանաբար ազատագրվեցին միապետությունից արդյունաբերական հեղափոխության շնորհիվ, բնագիտությունների շնորհիվ և մարդու՝ ավելի ու ավելի առաջին պլան մղվող ինքնագործունեությամբ, տնտեսական աշխարհի ձեռներեցությամբ։ Այս ամենը էներգիայի արդյունք է։ Եվ սա ամենատարբեր ձևերով բնականաբար թափանցում է մինչև ներկա ժամանակները, և մենք այժմ ամրագրում ենք հետևյալը, մարդն այնքան էներգիա է զարգացրել, – և այստեղ պետք է նորից խոսել նոր էներգիաներից, – որ կարող է իր ինքնորոշումն իրագործել։ Նա գոչում է այդ մասին, ձևակերպում է ու նաև կիրականացնի այդ։ Եվ սրան ոչինչ չի կարող խոչնդոտել։