Հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ
Հարցը լոկ այն է, թե արդյոք ինքնապատասխանատվության կոչ անող մարդն ի վիճակի է նաև նորից նոր սկիզբ դնելու ինչպես նախկինում էր, իհարկե այն ամենով հանդերձ, ինչին արդեն հասել է։ Այսինքն՝ բոլորովին նոր մի պահանջ է դրվում մարդու առջև, որն ավելի մեծ է, քան երբևէ եղել է պատմության ընթացքում, որովհետև ապագան առանձին ազատ անհատի վրա է կառուցվում։ Այժմ նորից կարելի է ասել, որ ձևավորման հասկացությունն ավելի կարևոր է, քան այն, ինչ կամենում է քաղաքականությունը։ Քաղաքականությունը մեծ ընդհանրացումներով այնպես է զարգացել պատմությունից, ինչպես ես փորձեցի նկարագրել։ Այդ քաղաքականությունը սնանկացել է. նոր իմպուլս է անհրաժեշտ այստեղ։ Հարց– Վերջին տարիներին Ձեր գործերում ուժեղ անդրադարձ է նկատվում Ձեր մանկությանը։ Կարելի՞ է արդյոք այդ անդրադարձը մեկնաբանել որպես «սոցիալական պլաստիկայի» գիտակցված մերձեցում ինչ-որ առումով «սրբազան» բնությանը։
Բոյս – Այո, միանգամայն կարելի է այդպես դիտել։ Կարծում եմ միայն, որ անհրաժեշտ է որոշ ճշգրտումներ մտցնել, որ, օրինակ, մանուկ հասակում ես դրականորեն եմ կապված եղել բնությանը, որն իհարկե այն ժամանակ ևս արդեն սրբազան չէր։ Իմ շրջակայքի որոշ ասպեկտներ ես շատ սրբազան եմ ընդունել, իսկ մանկական հայեցակետի ասպեկտն իսկապես դեռ սրբազան էր։ Եվ դա, անկասկած, ևս էներգիայի մի ներուժ էր, որ ես այն ժամանակ յուրացրեցի և որից դեռ շարունակում եմ սնվել։ Կարծում եմ, որ եթե ամեն բան այլ կերպ ընթանար ու Քլևեում չկատարվեր այս ամենը, ապա ես բնավ չէի լինի։
Այդքանով ես չափազանց շնորհակալ եմ Քլևեին (Բոյսի ծննդավայրն է), ողջ իրադրությանը, իմ ծնողներին, ողջ շրջապատին, նաև մարդկանց, որոնց հանդիպել եմ, չափազանց շնորհակալ եմ, և հիմա գնահատում եմ այդ ամենը։
Հարց – Այդ վերադարձը կամ կենսագրականի ավելի ուժեղ շեշտվածությունը ադյո՞ք շրջադարձ է նաև դեպի պատկերայինը, գործողութենայինը (Aktionschafte) այն բանից հետո, երբ Դուք մինչ այդ վերբալիզացիայի ավելի ուժեղ փուլ եք ունեցել, որ այնուհետև վերածվել է դիագրամային աշխատանքի, ըստ որում, վերջինս ժամանակի ընթացքում նորից ընդգծված պատկերային բնույթ էր ընդունել։
Բոյս – Համենայն դեպս ես հաստատում եմ հետևյալը. ես նորից մեծագույն հետաքրքրություն եմ ձեռք բերում պատկերների նկատմամբ։ Եվ բնականաբար ստեղծվել է նաև այս կամ այն բանը, ինչը պարզաբանում է Ձեր ասածը։ Եվ ես ընդունում եմ, որ դեռ ստեղծելու եմ նկար կամ քանդակ, ճարտարապետություն կամ նախագիծ, այսինքն՝ այդպիսի բաներ, անկասկած։ Սակայն այն, ինչ առկա էր Ձեր հարցում՝ կենսագրության խնդիրը, որից կենսագրության հանդեպ հետաքրքրություն է առաջացել, կարծում եմ, որ դա իմ մեջ առկա է իբրև ընդունակություն, ամեն ինչ տեսնել ժամանակի ընթացքի մեջ իբրև զարգացում։ Այսինքն՝ զարգացումն ինձ համար շատ, շատ կարևոր հասկացություն է. որ վաղը մարդն այլևս այն չէ, ինչ այսօր։ Եթե այդպես չլիներ, մարդ ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չէր ունենա նաև փոփոխության հանդեպ։ ժամանակի այդ տարրը ինձ համար շատ կարևոր է, չափազանց վճռորոշ։
Հարց – Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր ապագան։
Բոյս – Ապագայի հանդեպ հույսի կարիք ես չունեմ, քանզի հնարավորությունները պարզապես աչքիս առջև են, դրանք առկա են։ Այսինքն՝ հույսի կարիք ես չունեմ և չեմ էլ օգտվում դրանից իբրև հույս։ Ապագայի հանդեպ ես ոչ մի լավատեսություն կամ հոռետեսություն չունեմ, այլ պարզապես տեսնում եմ հնարավորություններ։ Ես կարող եմ հնարավորությունների մի ամբողջ ցուցակ առաջարկել, որոնց հետամուտ լինելու դեպքում լուծումն ինքնաբերաբար կգա։ Այսինքն՝ հնարավորություններ ես տեսնում եմ ամենուր, և որքան ավելի եմ ազատվում նախասիրություններից, այսինքն՝ համակրանքից, հոռետեսությունից, հակակրանքից, այնքան ավելի լավ եմ տեսնում անթիվ-անհամար այն հնարավորությունները, որ ունի մարդը ամեն օր, – միշտ ունի, թե ոչ, չգիտեմ, -բայց այժմ դեռ ունի, դեռևս ունի։
Հարց – Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում այսօր Ձեր գործունեությունն իբրև ուսուցիչ։
Բոյս – Ես հիմա էլ դեռ բարձրագույն դպրոցի դա սախոս եմ։ Շարունակում եմ իմ ֆունկցիան որպես բարձրագույն դպրոցի դասախոս, շարունակում եմ իմ պրոֆեսորությունը, այստեղ ինստիտուտի, Ակադեմիայի կոլեգիայի անդամ եմ, ինձ ետ է վերադարձվել իմ լսարանը Ակադեմիայում, և Ակադեմիայում էլ աշխատում եմ այժմ Միջազգային Ազատ Համալսարանի համար, ևս մի բարձրագույն դպրոց, բայց այս անգամ իմ սեփականը։ Բարձրագույն մի դպրոց կամ բարձրագույն դպրոցի շարժում, որում ես հիմնադիր տնօրեն եմ, այսինքն՝ ընտրվել եմ հիմնադիրների կողմից։ Դա տարօրինակ ձևով հիմնադրվել է Ակադեմիայում։ Սրանք շատ զարմանալի բաներ են։ Այսինքն՝ կա այդ Ակադեմիան՝ «Միջազգային Ազատ Համալսարանը», և ես չեմ դասավանդում ֆիզիկա, ու նաև ոչ միայն քանդակագործություն։ Բայց ես շատ եմ շրջագայում՝ մասնակցելով քաղաքական միջոցառումների, շատ միջոցառումներ եմ կազմակերպում նաև համալսարաններում, արվեստի պատմության սեմինարներում, գործնական աշխատանք ուսանողների հետ նրանց ինստիտուտներում։ Ես կարծում եմ, որ սա տեղի է ունենում ավելի ինտենսիվորեն, քան երբևէ, միայն թե այլևս ոչ առանձին դասարանում։ Այլևս անհնար է մեկի հետ երկարատև զբաղվել։ Դա այժմ տեղի է ունենում միայն առանձին դեպքերում։ Այս բարձրագույն դպրոցում հիմա արդեն շատ տարբեր մարդիկ կան, օրինակ՝ աղբ հավաքողներ, նաև բանվորներ ու բյուրգերներ, ինչ որ ուզեք կգտնեք Միջազգային Ազատ Համալսարանում։ Սա ավելի ու ավելի է մոտենում այն ամենին, որ ես փորձում էի այն ժամանակ Դյուսելդորֆի Ակադեմիայում։ Այսինքն՝ ավելի ու ավելի է իրական դառնում տնտեսական կյանքի հաստատությունները, այսինքն՝ դրա աշխատանքային տեղերը համալսարաններ դարձնելը։ Պրոբլեմի լուծումը տնտեսության մեջ ձեռնարկությունների կառույցները, – ոչ միայն ազատ կամ մասնավոր տնտեսության մեջ, այլ նաև բազմազգ կոնցեռներում և համաշխարհային տնտեսության մեջ, – համալսարանների վերածելն է։ Այսինքն, որ պահանջարկի բավարարման համար ստեղծվեն ոչ միայն ֆիզիկական բարիքներ, այլև միաժամանակ կարողանա իրականանալ ավելի կարևոր պահանջարկը՝ մարդու ընդունակությունների զարգացումը իր աշխատատեղում կամ ձեռնարկություններում, որոնք միաժամանակ համալսարաններ են։ Սա է ապագա իրադրությունը, այսինքն շատ պարզ՝ ձեռնարկությունները պետք է դառնան համալսարաններ։ Կապիտալ զարգացնող ձեռնարկությունները, – մենք արդեն լսեցինք, որ կապիտալը ոչ թե դրամն է, այլ մարդկային ընդունակությունը, – պետք է երկակի լինեն, պետք է զարգացնեն և մեծացնեն ոգեկան ընդունակություններն ու էներգիան, և պետք է այդ զարգացմանն ու իմացություններին համապատասխան, բնականաբար, բոլորովին այլ բաներ արտադրեն, քան այն, ինչ այսօր է արտադրվում։ Այսինքն՝ բաներ, որ մարդիկ իրոք կարողանան օգտագործել, որից բնությունը չի տուժի, իսկ մոլորակը կկարողանա զարգանալ։ Եվ ոչ թե ինչպես այսօր, երբ ամեն ինչ հակառակ ուղղությամբ է ընթանում, մինչև մոլորակի կործանումին հասնելը։ Այսպիսով, կապիտալի հարցը միշտ ամեն ինչի կենտրոնում է։
Հարց – Ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար Ձեր գծանկարային գործերը։
Բոյս – Կարող եմ միայն ասել, որ եթե այդ բազմաթիվ գծանկարները ես արած չլինեի, չէի կարողանա նաև քաղաքական աշխատանք անել։ Կարծում եմ, որ շատ սխալ հասկացություններ կխմորվեին իմ գլխում, եթե ես այդ աշխատանքը չանեի։ Ես այդ գծանկարները շարունակում եմ դեռ համարել ընդհանրապես իմ արած կարևորագույն բաներից մեկը, քանզի գծանկարներում բոլոր այդ փորձերն ու էքսպերիմենտները ինձ համար չափազանց կարևոր գործիք են (Apparat)։ Այն ընդհանրապես դեռ չի էլ բացահայտված, և հենց ինձ համար։ Երբ այժմ նայում եմ ավելի հին գծանկարներին, ապա մտածում եմ, որ շատ բան չի արված, չի կատարված, առհասարակ չի շոշափված։ Դրանցում չափազանց շատ բան կա։ Այսինքն՝ ինձ համար դա կարևոր կենսական տարր է։
Հարց – Ձեր հոգում արդյոք երբեմն լինո՞ւմ է հակասություն «սոցիալական պլաստիկայով» պայմանավորված Ձեր գործնական պարտականությունների և գծանկարելու Ձեր մղումի միջև։
Բոյս – Ոչ, դա հակասություն չէ։ Լինում են, իհարկե, օրեր, երբ միանգամից շատ բան է կուտակվում։ Սակայն առաջնայինը հստակ է։ Սոցիալական ոլորտի արվեստը ես առաջվա նման համարում եմ այն առավելագույնը, որ զարգացվել է։
Գերմաներենից թարգմանությունը Արա Գուրզադյանի
”Joseph Beuys” G. Adriani, W. Konnertz, K. Thomas
Dumont Buchverlag Köln