Հատվածներ օրագրից
Արա Գուրզադյան
23.09.97
Փարիզում եմ:
Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել, թե ինչպիսի մարդիկ են անցել այստեղով և հպվելով այս օդին ընկալել կատարվածի ու կատարվողի անկրկնելիությունը:
Էժանագին տուրիզմի ճոխ առավոտներ, որ բացվում եք այս թանկարժեք ճիգերի անկրկնելի որովայնում. ձեր ներկայությամբ են կատարվել տեսողության և լսողության այն հեղափոխությունները, որ մեկընդմիշտ փոխեցին աշխարհի մշակութային երթևեկությունը և կանոններն այդ երթևեկության:
Երեկ Լուվրում էի` Հունաստան, Հռոմ, Վերածնունդ. Լուվրն ինքնին ազգի և նրա ինքնագիտակցման, պետականության ամբիցիաների հսկայական մարմնավորումներից մեկն է, որում հավաքված է անցյալի փառքն ու այդ փառքը գնահատողի փառքը որպես ինքնագիտակցության ձգտող կամքի խտացում: Ժամանակներն խաչվում են այստեղ և այդ խաչմերուկում, նաև էթնիկական այդ խաչմերուկում բարձրանում է ժամանակակից աշխարհի ապակե, թափանցիկ բուրգը, որով մուտք ես գործում խաչմերուկ` փորձելով ընտրել անցյալի հետ կապող քո ուղին: Երեք աստիճանավանդակներ տանում են երեք տարբեր ուղղություններով` բացելով զանազան մշակույթների պատկերագրված որովայնը: Պատկերներն ակամայից կլանում են քեզ և հրավիրում հոգևոր մերձեցման:
Նկար նայելու պրոցեսն ինքնին հետաքրքիր է: Թանգարաններում պետք է նայել ոչ միայն նկարները, այլ նաև այդ նկարները դիտող մարդկանց: Տեսնել, թե ինչպես են տեսնում: Տեսնելու էթնիկական և անհատական բազմազանությունը: Դրա օրգանական անհրաժեշտությունը: Դրա ներքին պահանջի քիմիան:
Հասկանալ նկար-առարկայի անհրաժեշտության մետաֆիզիկան, դրա դերը պատմության մեջ, և այսօր նկարի անհետացման ֆենոմենը, որպես հոգեվիճակ և սիմպտոմ: Միաժամանակ նաև ամենատարբեր ազգերի ուխտագնացության պատճառն այսօրվա թանգարաններում: Տեսադաշտ, որում հայտնվում ու անհետանում են աշխարհի պատկերները` երբեմնի ոգեվիճակների հետքերը: Աշխարհն ուզում է պատկերվել ոչ միայն ընկալողության մեջ, այլ նաև ընկալողությունից դուրս` նյութի մեջ` դառնալով ուրիշ աշխարհ և ուրիշ ընկալողության նյութ:
Այսօր Օրսեյի թանգարանում եմ:
Զարմացա, որ Ռենուարը 1882-ին նկարել է Ռ. Վագների դիմանկարը:
Իմպրեսիոնիստների սրահներում աչքի էին ընկնում Մանեի և Մոնեի որոշ գործեր:
Վան Գոգի սրահը միանգամից տապալում է բոլոր իմպրեսիոնիստներին: Վան Գոգը հսկա է: Մոնեի Ռուանի տաճարի շարքը վատ չի, բայց կյանքը ծնվում է միայն Վան Գոգի մոտ: Տարբերությունն ահռելի է: Ներկի փոխարեն կարծես կյանք է քսված Վան Գոգի նկարներին: Նրա հետ սկսվում է ուրիշ դարաշրջան: 90 թվի գործերն անհավանական են:
Գույների այդպիսի թարմություն դժվար է պատկերացնել: Վան Գոգը գեղարվեստական ճշմարտությունը ահավոր վերապրած և դրանից էլ վախճանված մարդ է: Դա հզոր հաղթանակ էր:
Ռենուարը շատ ավելի մանկական է դիտվում այստեղից: Առօրյա քաղցրավենիքի մակարդակով սալոնային նկարչություն:
Հզոր գործ էր Chaumes de Cordeville à Auvers-sur)Oise, Chaumes de Montceé, 1890. նկարը ոչ մի ճաք չուներ:
Նաև հռչակավոր` L’église d’Auvers-sur-Oise–ը, ոչ մի ճաք չուներ:
Սեզանը փոխեց նկարչության կոնստրուկցիան, Վան Գոգը` էքսպրեսսիան:
Դեգայի պաստելները շատ մութ տեղում էին ցուցադրված. Օդիլոն Ռեդոնը նույնպես:
Գոգենը չի ձգում.
Տեսա նաև Ռոդեն, Բուրդել, Մայոլ, Էնգր, Դելակրուա, Կուրբե, Կորո, Միլլե և շատ ու շատ այլ արվեստագետների:
24.09.97
Պոմպիդուի կենտրոնում եմ:
Ահռելի մի գործարան խողովակներից, որի աստիճանաձև վերելակը հետզհետե բացում է ողջ Փարիզի փառահեղ տեսքը` վերևից Էյֆելյան աշտարակով, Նոտր-Դամով, Լուվրով և այլ շինություններով:
Առաջին հարկում բացված էր ինժեներական արվեստի մի ցուցահանդես, շատ հետաքրքիր կինետիկ կոնստրուկցիաներով, իսկ վերջին հարկում Լեժեին նվիրված ցուցահանդեսն էր: Նախավերջին հարկում էր գտնվում հիմնական էքսպոզիցիան, ավելի ներքև գրադարանն էր, ադմինիստրացիան և այլ սրահներ:
Ժամանակակից արվեստը ավելի ու ավելի ժամանակակից դառնալով աստիճանաբար վեր է ածվում ատրակցիոնի: Ներկայացում դառնալու փոխարեն այն ձգտում է զվարճալի ատրակցիոնի, ուրախ ժամանցի, սակայն զվարճալի և ուրախ նրան չի հաջողվում դառնալ: Այն տարօրինակ տխրություն և ձանձրույթ է պատճառում: Ինչ-որ ծանր դատարկության հոտ է փչում այստեղից: Ցուցադրումը հաճախ պատահական է և չպատճառաբանված: Ուժեղ էր Վազարելիի մի գործը: Հետաքրքիր էին օպ-արտի որոշ աշխատանքներ: Ռուոյի կանացի մի պորտրետ: Ի տարբերություն Լուվրի և Օրսեի բոլորովին այլ մթնոլորտ է այստեղ: Տխուր է, տխուր:
Այստեղ էին ցուցադրված Ռոբերտո Մատտայի որոշ աշխատանքներ և նրա 60-ականներին արված մեծ համայնապատկերային գործը, որը վերատպությամբ ավելի է շահում:
Կային որոշ հետաքրքիր քանդակներ, Միրոյի և Մաքս Էռնստի գործերը:
25.09.97
Այսօր առավոտյան մեկնեցի Դեֆանս: Ֆանտաստիկ էր: Քաղաքաշինական առումով աննախադեպ խնդիրներ էին լուծված: Գիգանտ մասշտաբների քանդակ էր դա, ուրբանիստական միջավայրի կազմակերպման մի գլուխգործոց, որն ապագայի կինետիկ-կիբերնետիկական ճարտարապետության արդեն տեսանելի սաղմերից է: XX դարի մարդու ամբիցիաների նյութական մարմնավորում, շինարարական և տեխնոլոգիական միջոցների ու հնարավորությունների հսկայական մի ատրակցիոն, որում մարդն ակամայից դառնում է հանդիսատես ու կլանվում ահռելի այդ ներկայացումով:
Այնուհետև Շանզ Էլիզեով իջա մինչև Էյֆելյան աշտարակ, որը չափազանց տպավորիչ է մոտիկից և կոնստրուկտիվիստական այդ տենդենցների նախատիպն է:
26.09.97
Երկրորդ անգամ Լուվրում:
Ֆրանսիական կլասիցիստական, ակադեմիական քանդակը Միջագետքի քանդակի կողքին բացարձակ ձանձրույթ էր:
Միջագետքը շատ առատ էր:
Առատ էր նաև իսլամի արվեստը, հատկապես խեցեգործությունը, կարպետն ու դեկորատիվ արվեստը: Հետո բարձրացա վերև, որտեղ հյուսիսային միջնադարն ու վերածնունդն էր: Մեկընդմիշտ հիասքանչ Վան Էյկը, Ռոգիր վան դեռ Վեյդենը, Հանս Մեմլինգը, Ժերար Դավիդը, Պետրուս Քրիստուսը, Բոսխը և այլ ֆլամանդացիներ: Ֆոնտենբլոյի դպրոցը սատկացրած արվեստ էր թեթև ֆրանսիական հմայքով: Այնուհետև Հանս Հոլբայն «Կնոջ դիմանկարը» և սըր Հենրի Ուայեթի դիմանկարը, Հանս Կրատցերի, Էրազմի և Ուիլյամ Ուարհամի դիմանկարները: Էրազմի դիմանկարն իրոք գլուխգործոց է: Լուկաս Կրանախի մերկ կնոջ ֆիգուրը և տղամարդու դիմանկարը.
Դե իսկ Դյուրերի ինքնադիմանկարը բոլորից մի քանի կարգ բարձր է որակով.
Սիմոն Բենինգ (1483-1561) – Սուրբ Հիերոնիմուս – հիասքանչ մի փոքրիկ գործ:
Բրոյգելի (1525-1569) անդամալույծները (1568) – փոքրիկ գլուխգործոց, ըստ որում 1569-ին Բրոյգելը մահացել է:
Կոռնելիս վան Դալեմ (1530-1573) – շատ հետաքրքիր կոմպոզիցիոն լուծում:
Բրոյգելի Կույրերն էլ են այստեղ, սակայն դիտելու համար լավ չի կախված, շատ բարձր է: Հոլանդացիներն ինչպես միշտ չքնաղ են: Ռուբենսի բաժինը ապշեցուցիչ էր մասշտաբներով: Ցավոք արդեն ժամը 6-ն էր և պետք էր ազատել թանգարանը, որն ամբողջությամբ դիտելու համար օրեր են պետք: Շատ հոգնեցուցիչ է այդ քանակությամբ բարձրարժեք գործերի ընկալումն ու յուրացումը: