Ռուբիկոն

Հատվածներ օրագրից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

23.09.97

Փարիզում եմ:

Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել, թե ինչպիսի մարդիկ են անցել այստեղով և հպվելով այս օդին ընկալել կատարվածի ու կատարվողի անկրկնելիությունը:

Էժանագին տուրիզմի ճոխ առավոտներ, որ բացվում եք այս թանկարժեք ճիգերի անկրկնելի որովայնում. ձեր ներկայությամբ են կատարվել տեսողության և լսողության այն հեղափոխությունները, որ մեկընդմիշտ փոխեցին աշխարհի մշակութային երթևեկությունը և կանոններն այդ երթևեկության:

Երեկ Լուվրում էի` Հունաստան, Հռոմ, Վերածնունդ. Լուվրն ինքնին ազգի և նրա ինքնագիտակցման, պետականության ամբիցիաների հսկայական մարմնավորումներից մեկն է, որում հավաքված է անցյալի փառքն ու այդ փառքը գնահատողի փառքը որպես ինքնագիտակցության ձգտող կամքի խտացում: Ժամանակներն խաչվում են այստեղ և այդ խաչմերուկում, նաև էթնիկական այդ խաչմերուկում բարձրանում է ժամանակակից աշխարհի ապակե, թափանցիկ բուրգը, որով մուտք ես գործում խաչմերուկ` փորձելով ընտրել անցյալի հետ կապող քո ուղին: Երեք աստիճանավանդակներ տանում են երեք տարբեր ուղղություններով` բացելով զանազան մշակույթների պատկերագրված որովայնը: Պատկերներն ակամայից կլանում են քեզ և հրավիրում հոգևոր մերձեցման:

Նկար նայելու պրոցեսն ինքնին հետաքրքիր է: Թանգարաններում պետք է նայել ոչ միայն նկարները, այլ նաև այդ նկարները դիտող մարդկանց: Տեսնել, թե ինչպես են տեսնում: Տեսնելու էթնիկական և անհատական բազմազանությունը: Դրա օրգանական անհրաժեշտությունը: Դրա ներքին պահանջի քիմիան:

Հասկանալ նկար-առարկայի անհրաժեշտության մետաֆիզիկան, դրա դերը պատմության մեջ, և այսօր նկարի անհետացման ֆենոմենը, որպես հոգեվիճակ և սիմպտոմ: Միաժամանակ նաև ամենատարբեր ազգերի ուխտագնացության պատճառն այսօրվա թանգարաններում: Տեսադաշտ, որում հայտնվում ու անհետանում են աշխարհի պատկերները` երբեմնի ոգեվիճակների հետքերը: Աշխարհն ուզում է պատկերվել ոչ միայն ընկալողության մեջ, այլ նաև ընկալողությունից դուրս` նյութի մեջ` դառնալով ուրիշ աշխարհ և ուրիշ ընկալողության նյութ:

Այսօր Օրսեյի թանգարանում եմ:

Զարմացա, որ Ռենուարը 1882-ին նկարել է Ռ. Վագների դիմանկարը:

Իմպրեսիոնիստների սրահներում աչքի էին ընկնում Մանեի և Մոնեի որոշ գործեր:

Վան Գոգի սրահը միանգամից տապալում է բոլոր իմպրեսիոնիստներին: Վան Գոգը հսկա է: Մոնեի Ռուանի տաճարի շարքը վատ չի, բայց կյանքը ծնվում է միայն Վան Գոգի մոտ: Տարբերությունն ահռելի է: Ներկի փոխարեն կարծես կյանք է քսված Վան Գոգի նկարներին: Նրա հետ սկսվում է ուրիշ դարաշրջան: 90 թվի գործերն անհավանական են:

Գույների այդպիսի թարմություն դժվար է պատկերացնել: Վան Գոգը գեղարվեստական ճշմարտությունը ահավոր վերապրած և դրանից էլ վախճանված մարդ է: Դա հզոր հաղթանակ էր:

Ռենուարը շատ ավելի մանկական է դիտվում այստեղից: Առօրյա քաղցրավենիքի մակարդակով սալոնային նկարչություն:

Հզոր գործ էր Chaumes de Cordeville à Auvers-sur)Oise, Chaumes de Montceé, 1890. նկարը ոչ մի ճաք չուներ:

Նաև հռչակավոր` L’église d’Auvers-sur-Oise–ը, ոչ մի ճաք չուներ:

Սեզանը փոխեց նկարչության կոնստրուկցիան, Վան Գոգը` էքսպրեսսիան:

Դեգայի պաստելները շատ մութ տեղում էին ցուցադրված. Օդիլոն Ռեդոնը նույնպես:

Գոգենը չի ձգում.

Տեսա նաև Ռոդեն, Բուրդել, Մայոլ, Էնգր, Դելակրուա, Կուրբե, Կորո, Միլլե և շատ ու շատ այլ արվեստագետների:

24.09.97

Պոմպիդուի կենտրոնում եմ:

Ահռելի մի գործարան խողովակներից, որի աստիճանաձև վերելակը հետզհետե բացում է ողջ Փարիզի փառահեղ տեսքը` վերևից Էյֆելյան աշտարակով, Նոտր-Դամով, Լուվրով և այլ շինություններով:

Առաջին հարկում բացված էր ինժեներական արվեստի մի ցուցահանդես, շատ հետաքրքիր կինետիկ կոնստրուկցիաներով, իսկ վերջին հարկում Լեժեին նվիրված ցուցահանդեսն էր: Նախավերջին հարկում էր գտնվում հիմնական էքսպոզիցիան, ավելի ներքև գրադարանն էր, ադմինիստրացիան և այլ սրահներ:

Ժամանակակից արվեստը ավելի ու ավելի ժամանակակից դառնալով աստիճանաբար վեր է ածվում ատրակցիոնի: Ներկայացում դառնալու փոխարեն այն ձգտում է զվարճալի ատրակցիոնի, ուրախ ժամանցի, սակայն զվարճալի և ուրախ նրան չի հաջողվում դառնալ: Այն տարօրինակ տխրություն և ձանձրույթ է պատճառում: Ինչ-որ ծանր դատարկության հոտ է փչում այստեղից: Ցուցադրումը հաճախ պատահական է և չպատճառաբանված: Ուժեղ էր Վազարելիի մի գործը: Հետաքրքիր էին օպ-արտի որոշ աշխատանքներ: Ռուոյի կանացի մի պորտրետ: Ի տարբերություն Լուվրի և Օրսեի բոլորովին այլ մթնոլորտ է այստեղ: Տխուր է, տխուր:

Այստեղ էին ցուցադրված Ռոբերտո Մատտայի որոշ աշխատանքներ և նրա 60-ականներին արված մեծ համայնապատկերային գործը, որը վերատպությամբ ավելի է շահում:

Կային որոշ հետաքրքիր քանդակներ, Միրոյի և Մաքս Էռնստի գործերը:

25.09.97

Այսօր առավոտյան մեկնեցի Դեֆանս: Ֆանտաստիկ էր: Քաղաքաշինական առումով աննախադեպ խնդիրներ էին լուծված: Գիգանտ մասշտաբների քանդակ էր դա, ուրբանիստական միջավայրի կազմակերպման մի գլուխգործոց, որն ապագայի կինետիկ-կիբերնետիկական ճարտարապետության արդեն տեսանելի սաղմերից է: XX դարի մարդու ամբիցիաների նյութական մարմնավորում, շինարարական և տեխնոլոգիական միջոցների ու հնարավորությունների հսկայական մի ատրակցիոն, որում մարդն ակամայից դառնում է հանդիսատես ու կլանվում ահռելի այդ ներկայացումով:

Այնուհետև Շանզ Էլիզեով իջա մինչև Էյֆելյան աշտարակ, որը չափազանց տպավորիչ է մոտիկից և կոնստրուկտիվիստական այդ տենդենցների նախատիպն է:

26.09.97

Երկրորդ անգամ Լուվրում:

Ֆրանսիական կլասիցիստական, ակադեմիական քանդակը Միջագետքի քանդակի կողքին բացարձակ ձանձրույթ էր:

Միջագետքը շատ առատ էր:

Առատ էր նաև իսլամի արվեստը, հատկապես խեցեգործությունը, կարպետն ու դեկորատիվ արվեստը: Հետո բարձրացա վերև, որտեղ հյուսիսային միջնադարն ու վերածնունդն էր: Մեկընդմիշտ հիասքանչ Վան Էյկը, Ռոգիր վան դեռ Վեյդենը, Հանս Մեմլինգը, Ժերար Դավիդը, Պետրուս Քրիստուսը, Բոսխը և այլ ֆլամանդացիներ: Ֆոնտենբլոյի դպրոցը սատկացրած արվեստ էր թեթև ֆրանսիական հմայքով: Այնուհետև Հանս Հոլբայն «Կնոջ դիմանկարը» և սըր Հենրի Ուայեթի դիմանկարը, Հանս Կրատցերի, Էրազմի և Ուիլյամ Ուարհամի դիմանկարները: Էրազմի դիմանկարն իրոք գլուխգործոց է: Լուկաս Կրանախի մերկ կնոջ ֆիգուրը և տղամարդու դիմանկարը.

Դե իսկ Դյուրերի ինքնադիմանկարը բոլորից մի քանի կարգ բարձր է որակով.

Սիմոն Բենինգ (1483-1561) – Սուրբ Հիերոնիմուս – հիասքանչ մի փոքրիկ գործ:

Բրոյգելի (1525-1569) անդամալույծները (1568) – փոքրիկ գլուխգործոց, ըստ որում 1569-ին Բրոյգելը մահացել է:

Կոռնելիս վան Դալեմ (1530-1573) – շատ հետաքրքիր կոմպոզիցիոն լուծում:

Բրոյգելի Կույրերն էլ են այստեղ, սակայն դիտելու համար լավ չի կախված, շատ բարձր է: Հոլանդացիներն ինչպես միշտ չքնաղ են: Ռուբենսի բաժինը ապշեցուցիչ էր մասշտաբներով: Ցավոք արդեն ժամը 6-ն էր և պետք էր ազատել թանգարանը, որն ամբողջությամբ դիտելու համար օրեր են պետք: Շատ հոգնեցուցիչ է այդ քանակությամբ բարձրարժեք գործերի ընկալումն ու յուրացումը:

Կարդալ նաև

Մշակութաբանություն «Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին Արա Գուրզադյան XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու… Մշակութաբանություն Արա Գուրզադյան. երկու խոսք Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»:… Մշակութաբանություն Բնություն և մշակույթ Հայնրիխ Ռիկկերտ «Մշակութաբանություն և բնագիտություն» գրքից Հայնրիխ Ռիկկերտը (1863-1936) գերմանացի փիլիսոփա է, որը Վ. Վինդելբանդի հետ միասին գլխավորել է նեոկանտականության բադենյան թևը: Փիլիսոփայություն, պատմություն և գրականություն է ուսումնասիրել Բեռլինի,…