Հայդեգգերը Շառի երկրում
– Նման խոսքն ուրեմն բանաստեղծի՞ խոսք է, – ասում է Շառը։
Եվ Հայդեգգերը արձագանքում է. «Դուք արդեն ասացիք, քանզի հույների համար իրենց ու բնության հարաբերության հիմնական գիծը միշտ եղել է հետևյալը, թույլ տալ, որ բնությունը բացվի իր լիակատար չքնաղությամբ։
-Եվ այս ձևով, – ավելացնում է նա, – cosmos-ը ստանում է հուր անունը։ Հերակլիտի համար հուրը նույնպես բազմիմաստ է։ Այն վեր խոյացող բոցն է, անթեղված հրայրքը, շողշողուն լույսը։ Այս բազմաբնույթ հարստությունն է հենց cosmos-ը։ Մենք՝ ժամանակակից մարդիկս, տրամաբանների նման վերջիվերջո կարծել ենք, թե խոսքը իմաստավորված է միայն այն դեպքում, երբ ունի մեկ իմաստ։ Սակայն cosmos-ի և հրի, ըստ էության, առանց բազմիմաստ հարաբերության, որոնք ոսկու նման «ժանգից և որդից վախենալու ոչինչ չունեն», փայլում են ամեն ինչի միջից, ամեն բան բոլորելով չորս կողմից։ Ինչ պիտի հասկանայինք Հերակլիտի խոսքից, երբ նա համարձակվում է մինչև իսկ մեզ ասել. «Պատահաբար կիտված աղբակույտ, այսպիսին է ամենագեղեցիկ cosmos-ը»։ Ամենագեղեցիկը հունական իմաստով ամենաակնառուն է, ինչպես կբացատրի Պլատոնը հետագայում։ Սակայն Հերակլիտի համար cosmos-ն իբրև այդպիսին ակնառու ոչինչ չունի։ Նա թաքցնում է իր մեջ սեփական գաղտնիքը։ Ինչպես կամարը կամ քնարն են մեզ այդ մասին խորհել տալիս, նրա հարակցությունը իր հակառակ կողմն է։ Այն աներևույթ հարակցություն է։ Գեղեցկությունից ավելի խորահման cosmos-ի այն հրաշքն է, երբ նրա փթթումը անդուլ-անդադար վերսկսվում է հենց իր մեջ, որպեսզի շարունակ լինի նորանոր փթթում և ոչ փթթության սպառում։ Այսպիսին է, ինչպես գիտեք, ակունքի առեղծվածը։ Մենք կորցրել ենք դրա իմաստը։ Քանզի, սա նույնպես ձեզ քաջ հայտնի է, ակունքից հեռու այսօրվա մարդը հակված է ծաղկի մեջ տեսնելու սոսկ քիմիական, խթանիչ պրոցեսների հաջորդականություն, ամենուր ինքներս մեզ դարձնելու «բնության տեր ու տնօրեն»։
«Սակայն, – ասում էր ըմբոստ բանաստեղծը, – մենք մի՞թե կանգնած չենք ընտրության առջև»։
Մի՞թե մենք նաև երկար ու ձիգ անվան ավարտին չենք, – պատասխանում է Համբերատարը, – որի մասինն մեզ մնում է խորհել, բանաստեղծի վերապրումը ամենապարզ նշանն է այն բանի, որ նման խորհրդածությունը զուր չէ։ Ահա թե ինչու եմ ես ձեզ մոտ, դուք –ուզեցիք, որ այդպես լինի հեռավորության խորքից, –որը թե՛ ձերն է, թե՛ իմը Նույնականի այդ կապը։
«Երգելն ու մտածելը մեկ բանաստեղծության հարակից շիվերն են։
Նրանք աճում են լինելուց հետո, որ հասակ առնեն նրա ճշմարտության մեջ
Հյոլդեռլինի երգը մեզ խորհել է տալիս, երբ ասում է անտառի ծառերի մասին.
Մեկը մյուսից անտեղյակ, ապրում են այսպես,
Մինչ վեր են ձգվում ծառաբները հարակից»։
Այսպես է տեղի ունեցել իր ժամանակի երեկոյի մեջ «Թորի առաջին սեմինարը»։ Մենք գիտեինք, որ «Մադլենն արթուն է» քերթվածի միջոցով բանաստեղծությունը երբեմն կարող էր գտնել նաև իր «ճշգրտումը»։ Սակայն մեկ այլ բանաստեղծություն, որ ունի «Թոր» խորագիրը, մի՞թե իր հերթին չի «ճշգրտվել»։ Ահավասիկ այն, ինչպիսին որ կարելի է կարդալ «Ցասում և խորհուրդ» ժողովածուում, երբ դեռ քսան տարի առաջ հայտարարում էր.
«Լինելով մանուկ՝ զարմանում էինք, որ քարացած խոտերի արահետով գիշերն է հանդգնել անցնել, իշամեղուներն այլևս չեն թռչում մոշաթփերի կողմը, թռչունները՝ հյուղերի։ Այգաբացի հյուրերի առջև օդը պարզում էր իր փոթորկոտ անհունությունը։ Կան միայն թռչնաթևերի թելիկներ, ճիչ արձակելու փորձ և «ոստոստյուն՝ լույսի ու թափանցիկության միջև։ Թորն է փառավորվում իր քարերի քնարով։ Վանթու լեռը՝ արծիվների հայելի, դառնում է տեսանելի։ Քարացած խոտերի արահետում մի կորուսյալ տարիքի քիմեռ ժպտում էր մեր դեռատի արցունքներին»։
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյանի