Երկնագույն տետր կամ Վարդան Անեցու օրագիրը
Վարդան Ֆերեշեթյան
Երկար տարիներ ես փնտրում էի տունդարձի ճամփան, իսկ այժմ մոռացել եմ, որտեղից եմ եկել։
Չինական ասացվածք
Երկար ժամանակ փնտրում էի տետրս, որ կորցրել էի երազում և քանի որ գտնելու ոչ մի հնար չկար, չնայած թաքուն մի հույս ունեի (ոնց որ թե երկնագույն էր և օքրայագույն էջերով), գնեցի երկնագույն մի տետր (իհարկե ոչ օքրայագույն էջերով) և նինջս թոթափած սկսեցի գրել, որ ինքնին երազը գտնելու մի ապարդյուն ճիգ է. «տխրեցի և ուրախացա երկուսի մեջ պարուրված»։
Մոռացա ասել, որ կորցրածս վիպակ էր, և եթե մի քանի անգամ էլ կորցնեմ, թերևս վեպ դառնա, իսկ հիմա չգիտեմ թե ինչ եմ գրելու։
Եթե մի ամբողջ ազգ տեսավ երազում մի օր Վարդան Անեցուն և կորցրեց, և այն էլ քանի~ անգամ, ապա ես ինչպե՞ս գտնեմ իմ երկնագույն տետրը, որի մեջ այսօր ինչ կամենամ կգրեմ, քանզի արդեն կորցրել եմ:
Այգաբացին Գրիգոր տղայիս գրկած՝ հևիհև վազելով, քանի որ պարետային ժամ էր և ուշանում էինք՝ տանկերի միջով, զինվորների բթացած ու անտարբեր դեմքերի միջով, ուղեղիս մթագալար գինարբունքի և սարյակի երգի միջով, որն ասում էր ինձ մի ժամանակ.
Չշինեցի ես աշտարակ, զի բազմակի դարձնեմ
մեղքերս
Կամ ստանամ նմանապես պատուհասը
բանականներիդ՝
Մեկ շրթունքի և բարբառի բազմապիսի
բաժանումով։
Եկեղեցում քահանան մատը խմբավարի փայտիկի պես տկտկացնելով՝ մեռոնաբույրը սփռեց որդուս վրա՝ կնունքի բառերը ճարպոտ մսի պես ծամելով։
Հաջորդ լուսադեմին՝ երազում, մի երկա~ր ու անհամար ավտոբուսի մեջ, հետևում նստած մի կարճլիկ ու սևազգեստ մարդ՝ բարակիրան կնոջը թևանցուկ, խունացած պայուսակից լուռումունջ հանեց մկրատը, մի սպիտակ սավան վզովս գցեց և հանդիսադիր ու մեղրածոր ժպտալով սկսեց մազերս խուզել։ Երբ զարթնեցի, մազերս ու մորուսս կարճ կտրած էին, բայց երկնագույն տետրս չգտա, գիշերաթիթեռի թևերին մի քանի բառ շշնջացի, որ
պիտի հանգչեին ադամամութին ու տխրեցի, որ այլևս երազաբնակ չեմ։
Վահագնի ծնունդին ևս պարետային ժամ էր, կամ գուցե չէ, բայց փողոցները կալանված էին՝ մինչև Վարդանանց փակուղի։ Եվ լուսաբացին նորիցնոր տղայիս գրկած հևասպառ վազում էի եկեղեցի, ուր ինձ էր սպասում մի այլ, բայց միևնույն քահանան, այդպես ջրիմուռներն են կենում անշարժ ջրերում։
Եվ հիմա արդեն՝ ամառային տապից ճաքճքած ասֆալտի, ամերիկյան դեսպանատան և ոստիկանական մեքենաների աչք կուրացնող լուսարձակների և կլոր ու հարթ կամ ավելի ճիշտ՝ դիմացից հարթ, կողքից կլոր դեմքերի, փոշու, գաղջ օդի և պապակ շուրթերիս միջից անլսելի արտաբերելով.
Մտավոր և հոգատար թելամատույց,
Եվ բոց փորձության՝
Վառված եղեգի և աչքերի մեջ.
Եվ ախտով ծերացած անծերանալի հոգուն՝ Մանուկ նորոգյալ,
Եվ թևերով արեգակի սլացյալ ի վեր։
Այսօր հասկացա, որ եթե շարունակեմ օրագիր գրել՝ երազի և երազում տեսածի միջև օրերը չեն զանազանվի։
Երեկ հանդիպեցի մանկությանս ընկերոջը և երբ բաժանվեցինք, մնացինք երկուսով՝ ես անցյալում և ես հիմա, և առավել քան մենակ։ ճանապարհին հանդիպեցի երեք ծանոթների, որոնցից ոչ մեկի անունը չհիշեցի, աղբարկղերում ուտելիք հայթայթող մի ազնվացեղ շան ու ճենապակու պես սառույցի վրա ընկնող մի պառվուկի, որին մեքենաբար օգնեցի ոտքի կանգնել և չհամարձակվեցի աչքերի մեջ նայել, բայց ում խամրած տրտմությունն ու գեղեցկությունը տեսա ու ամաչեցի, մի մուրացիկ ծերունու, որը հոգնել էր մուրալուց ու պատին հենված քնել էր, մի կիսախելագարի, որը մայթեզրին դարսդարսված ապրանքների երկայնքով գնում-գալիս ու ձայնում էր՝ երկու հատ ձու՝ 1500 դրամ, խառը կանաչի՝ 800 դրամ, մի հատ ձուկ՝ 1000 դրամ, ձեր բոլորի մերը՝ 150 դրամ, մի դեպուտատի, ում դեմքը եթե Բոսխը տեսած լիներ, վրձինը ձեռքին կպապանձվեր, մի պայծառ մանկան մոր գրկում, որ հանկարծ ժպտաց՝ ժպիտ ամենքի և ոչ մեկի համար, որ չգիտես ինչու ինձ բաժին հասավ։
Տունդարձից հետո աչքերս տրորեցի, հողաթափերս հագա ու փլվեցի բազկաթոռին և ձեռքս երկարեցի առաջին իսկ պատահած գրքին, որը հայ գրին և գրչությանը վերաբերող մի ուսումնասիրություն էր, և թաքուն մի հույս ծագեց, թե գուցե այստեղ գտնեմ օքրայագույն էջերով երկնագույն տետրս (այն ժամանակ՝ մատյանը) և սկսեցի թերթել՝ անհաղորդ, ինչպես անապաստան քամին. Պերգամի Եվմենիոս երկրորդ թագավորն իբրև կամեցել է մի այնպիսի գրադարան ստեղծել, որն առավել հարուստ լինի, քան Ալեքսանդրիայի նշանավոր մատենադարանը։ Եվ Ալեքսանդրիայի Պտղոմեոս արքան իմանալով այդ և չկամենալով իր առաջնությունը զիջել՝ արգելել է պապիրուսի արտահանությունն իր երկրից (պապիրուս բառը հիշեցնել տվեց, որ մի օր երազում տեսա Ֆերնանդո Պեսոայի «Շեղ անձրև» բանաստեղծության III մասը, որը չափածո չէր, «Թղթե էջում նիրհած է մեծ եգիպտական Սֆինքսը… Ես գրում եմ, և նրա ուրվագծերը թափանցում են ձեռքերիս ներքո, իսկ քիչ հեռու աճում են բուրգերը… Ես գրում եմ, – և հանկարծ նայելով գրչածայրին, տեսնում եմ Քեոփսի կիսադեմը… Գրիչն ընկնում է։ Ամեն ինչ մթնում է։ Ես ընկնում եմ դարերի անհունը… Բուրգի խորքում ես կորանում եմ հենց այս լամպի տակ, և Եգիպտոսի ողջ կարծրացածությունը թաղում է ինձ և բանաստեղծությունները…»)։ Եվ Պերգամի թագավորին այդ դժվար կացությունից փրկել է Կրատես անունով մի քերական, ով էլ հենց հնարել է մագաղաթը, որը շատ շուտով տարածվել է և Պերգամ քաղաքի անունով էլ կոչվել է պերգամենտ։ Դժվար է պատկերացնել մերօրյա արքաներից որևէ մեկին այդչափ ծանր կացության մեջ։
Այն, որ մագաղաթ պատրաստել են տնային և վայրի կենդանիների՝ գառան, ոչխարի, այծի, հորթի, նապաստակի, ավանակի և այլ կենդանիների մորթիներից, ամենքս էլ գիտենք։ Սակայն աշխարհում հայտնի է նաև մի ձեռագիր, որը գրված է մարդկային կաշվից պատրաստված մագաղաթի վրա և պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Ահա մի մարդ, ով իր կաշվի վրա է զգացել մշակույթի զորությունը կամ ավելի ճիշտ՝ ում կաշին քերթել է մշակույթը։
Եվ եթե հավատանք, թե իրոք «կյանքը երազ է» և որ «կյանքն ու երազը միևնույն գրքի էջերն են», ապա սա թերևս մարդկության տեսած ամենասահմռկելի երազներից մեկն է։ Եվ եթե ըստ հանճարեղ բնութագրման «երազը ժանր է, իսկ սարսափելի երազը՝ թեմա», ապա որպես ժանր այն համարյա թե վերացել է, իսկ թեմատիկ առումով դարձել է առավել հարուստ ու բազմապիսի։ Եվ երազի ու մղձավանջի (ինչպես շրջվող էջի) արանքում, ափ նետված ձկների նման, թփրտում են տեսիլքները, որոնք թե որպես ժանր, թե որպես թեմա և թե որպես անհպելի մի բան, վաղուց արդեն լքել են մեզ։
Օրը զարթնեց, ասես անմարդաբնակ կղզում՝ ճմլկոտեց, դոնդողանման հորանջեց ու ինձ հրեց դուրս՝ առ երբեմնի թանգարանը բաց երկնքի տակ, իսկ հիմա արդեն դամբարանը փակ երկնքի ներքո (գույները խտացնում ես, գլուխը տարուբերելով կասեր հայ քննադատը)։ Նույն գորշ ու կեղտոտ փողոցները, տեղ-տեղ վարդագույն տուֆը, հովհարի պես բացվող ու փակվող սեղանիկները, աղբարկղերում մրջյունների պես վխտացող ծերերը, պառավները, շներն ու կատուները, կեղծամի նման ժպիտը հանող ու դնող պոռնիկները, պարարտ եզան պես ճեմող փափկասուն դեպուտատները, գիպսե սֆինքսի հանգույն անթափանց դեմքով ակադեմիկոսները, անվերջորեն կայացող և արդեն կայացած գրողները, թափանցիկ ու շվարած մանուկները, ամեն քայլափոխին՝ ոռնացող լուսարձակների կողքին աճած կարմիր ու հարթակլոր դեմքերով մեր զգոն ու աչալուրջ պահապանները, և ի հավելումն այդ ամենի՝ այս համասփյուռ հավատի հեղձուկի մեջ 1700 անգամ խաչվող՝ Վանա անգրագետ պառավանց լուսալիր շուրթերին մի պահ ծաղկած «կապուտիկ» Քրիստոս, որ անպարագրելիի և ստեղծագործող Բանի կերպարանքն առար ու վերացար երկինք։