Երկնագույն տետր կամ Վարդան Անեցու օրագիրը
Եվ եթե մի ակնթարթ պատկերացնենք երկինքը՝ այդ վերին ու ներքին ջրերն անջրպետող «անեղից ձգված կամարն անզուգական», որպես տերունական ժանր, իր՝ թեփուկավոր, ցիրցան, ավետաբեր կամ ցողաբեր ամպ-թեմաներով, ապա որքան թեմաներ են լողում այնտեղ, որոնց հասու չենք մենք։ Եվ մեզանից ո՞վ այսօր տեսիլքի կարժանանա երազի ու մղձավանջի այս խառնարանում և ո՞վ կարող է ասել. «Եվ բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, և իջավ մի այր լույսի կերպարանքով»։ Եվ մեզանից ով կարող է ասել, թե հասկանում կամ գոնե զգում է, որ երկնատեսիլ տառերով է գրում. «Եվ տեսնում է ո՛չ երազ քնի մեջ, ո՛չ տեսիլ արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ՝ քարի վրա գրելիս այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյան վրա»։ Եվ մեզանից ո՞վ կարող է պատմել, թե հնչպես է ապրում առանց տեսիլքի։
Եվ բոլորս հիմա նմանվել ենք ձմեռնանինջ մի կենդանու, որ ննջել է մունջ՝ աներազ քնով և ում արթնության մեջ տեսիլք չի գալիս, այլ միայն մղձավանջ, և ում սրտի տախտակների վրա Աստծո հոգով թելադրված ոչինչ չի գրվում։
Կեսգիշերային կիսաթմբիրի մեջ ներսումս ինչ-որ պիեսի գաղափար մլմլաց, որի հիմնական գործող անձինք երեքն էին՝ երազը, տեսիլքը ու մղձավանջը, հեղինակն ու հայեցողը՝ երկինքը, գործողության վայրը՝ երկիրը, իսկ ֆոնը՝ վաղնջական քորոսը (խորը)՝ բյուրասփյուռ ու բազմաբնույթ ամպերը՝ անձրևաբեր, հողմակոծյալ, ցողաբեր, ավետաբեր, ահագնատեսիլ, անձրևաձիր, հրածին, լուսարփի… Վաղանցիկ, հարաշարժ ու հավերժական, ինչպես ծովի ալիքները։
Եվ ահա երկնքի միգամած քողը պատռվեց ու հանկարծ բացվեց մեր պատրանաթափ հայացքի առաջ տւ քամահալած հեռացան բոլոր թուխպ ամպերը, բարդ ամպերը, կուտակ ամպերը, և հայտնվեց սյունն ամպի, որպես հովանի, և եկան դանդաղ գռուզ–ոսկեգեղմ ամպերը, ու բազմած նրանց վրա՝ բոլոր ժամանակների ու հավերժի ամենայն սրբերն ու բանաստեղծները. և մեկը նրանցից, որ բազմած էր ավետաբեր ամպի վրա, մատը վեր պարզեց առ «երկրորդ»՝ կապտաբիլ երկինքը, որին հաջորդում էր «երրորդ»՝ ծավի երկինքը, որը մեր աչքերին ընդառաջ գալով, գրում էր մեր ապշած հայացքի «առաջ.
Որթերը սաղարթազարդ և տունկերը խնկաբեր
Քեզնից շնչաբերված՝ անսպառ բուրում են.
Ճնճուղները գարնանաբեր և ծիծառները
ճռվողաձայն
Ձայնիցդ վճիռն առած՝
Գարունն են հավիտենից ճչում,
Եվ մաճկալներն ու այգեգործներն անկարացան
Քաղելու երկնաթռիչ բարունակիցդ,
Որ պտղաբերեց աստղապարսերը և հրեշտակաց
գնդերը,
Որ լծով քո սքանչելի և լծակցովդ զարմանալի
Ժողովվում են առ գուբը հնձանի
Եվ ճմլվում են մեծ Արքայի ծոցում.
Հետո դարձյալ ծանր սողալով եկան մրահոն ու դժնատեսիլ ամպերը, կայծակնաշունչ խանձահոտ բուրեց, կարկուտ տեղաց և բառերն անօգ գլորվեցին մեր հայացքի արտևանունքի վրա։
Եվ հետո մեկը երկար ցնցում էր ուսս.
– Դե վեր կաց, վեր կաց, սուրճդ սառեց, – ասեց կինս՝ հեգնաժպիտ-անչար նայելով արբեմոլ այծեմարդու ավերված դեմքիս, որը սուրճն ու ծխախոտի ծուխը կլլելուց դառնահամ երանության մեջ էր ընկել։ Դրսում մանրամաղ անձրև էր գալիս, երկինքը նորիցնոր փակ էր ու անթափանց, բարդու մերկ ճյուղի վրա կռավում էր մի փետրաթափ ագռավ, իբրև Բասյոյի հանրահայտ հոքքուի վատ թարգմանություն և անձրևը դարձավ ձյուն։
-Խելքիդ ձյուն գա, – ասացի ինքս ինձ ու գլուխս դարձրի պատշգամբի շեմին կանգնած փոքր տղայիս կողմն ու ինչ-որ բան ասած լինելու համար հարցրի.
– Ո՞նց ես։
– Քեզնից՝ լավ, ինձնից՝ վատ։
Երբևէ որևէ տափակ հարցի այդքան լավ չեմ պատասխանել։
Տղայիս շնորհիվ մի պահ մեջս հնչեց «Տիեզերքի սրինգը»։
Հետո օրերով տնից կորա։ Հետո օրերով կորա տանը։ Հետո տխրեցի, որ վաղուց երազ չեմ տեսնում (մղձավանջները չհաշված)։
Երբեմն պատահում է, որ երազում տեսնում ես մեկին, ում երբեք չես տեսել, բայց ճանաչում ես։ Այդպես այսօր մի պահ տեսա կամ կամեցա տեսնել Վարդան Անեցուն՝ հիշատակարան (հիմա օրագիր) գրելիս, որի էջերը օքրայագույն էին, իսկ շապիկը՝ երկնագույն, և հենց այդ պահին զարթնեցի ու ոչ մի տող չհասցրի կարդալ։