Ներբող աստվածության կառքին
Վարդան Անեցի
Վարդան Անեցին մեր բանաստեղծության ամենաանհայտ, սակայն Անիից մեզ հայտնի թերևս ամենամեծ բանաստեղծներից է, ումից պահպանվել է մի բացառիկ ստեղծագործություն «Վասն կառաց աստվածությանն ներբող» երկը:
Առաջին անգամ, 1800 թվականին այն նկատել և ընդօրինակել է Մ. Չամչյանը Պոլսո պատրիարքարանի մի ձեռագրից։ Ներբողից հատվածներ է հրատարակել Ղևոնդ Ալիշանը, 1873-ին, «Շնորհալի և պարագայ իւր» գրքում՝ հետևյալ գնահատանքով. – «հանդերձ ամեն աստուածաբանական խորատեսութեամբքն՝ գերազանցէ բանաստեղծութեամբը, Նարեկացւոյ հանճարագիտութեանց նման, թերեւս եւ ավելի»։ 1912 թվականին Ալիշանից օգտվելով, Վարդան Անեցուն անդրադարձել է Արշակ Չոպանյանը՝ վերատպելով նույն հատվածները իր «Հայ էջեր»–ում, նույնպես գնահատելով շատ բարձր. – «Ուրիշ Նարեկացի մըն է, որ ունեցեր ենք այդ Վարդանին մեջ… Անիի ճարտարապետությունն է, Անիի արվեստն է, Անիի հոգին է՝ բանաստեղծական ձևին տակ, զոր առաջին անգամ ըլլալով պիտի գտնենք այդ քերթուածին մեջ»։
Մ. Չամչյանի ընդօրինակած բնագիրը շատ ժամանակ անց հրապարակեց Հայր Բարսեղ Սարգսյանը, նախ «Բազմավեպ»–ում և այնուհետև առանձին գրքույկով՝ 1919-ին։ Գրքույկն այդպես էլ աննկատ մնաց, մինչև որ 1971-ին՝ «Բանբեր Մատենադարանի» հանդեսում, երկու նորահայտ ձեռագրերի հետ բաղդատած և իր նախաբանով հրատարակեց Ասատուր Մնացականյանը, և որը նույնպես պատշաճ ուշադրության չարժանացավ։
Նորահայտ օրինակների ենթախորագրերից մեկում հեղինակը հիշատակված է որպես Վարդան Վարդանեց (տարբ. Վարդանաց)։ Ցարդ հայտնի էր նրա անունը, այժմ հայտնի է նաև տոհմանունը։ Այս տոհմանունն էլ, ըստ հիշատակարանների որոշ վկայությունների, մտածել է տալիս Վարդան Մամիկոնյանի շառավիղների մասին, որը սակայն սոսկ ենթադրություն է։
Նորահայտ ձեռագրերն օգտակար են նաև հեղինակի ապրած ժամանակը ճշտելու առումով։ Ըստ Ղևոնդ Ալիշանի նա պիտի ապրած լինի XII դարում, իսկ ըստ Բարսեղ Սարգսյանի՝ X կամ XI դարերում։ Նրանց համար ելակետ են Վարդան Անեցու ներբողի ոճը և նրա անեցի լինելը։ Այժմ նրանց կարծիքները և հատկապես Բարսեղ Սարգսյանի ենթադրությունը հաստատվում են նորահայտ ձեռագրերի հիման վրա։
Վարդան Անեցին վարդապետ է եղել և, ինչպես իր ներբողից է երևում, ունեցել է խորը և բազմակողմանի գիտելիքներ։ Այդ պատճառով էլ Բարսեղ Սարգսյանը գրում է. «Կորով մեկնիչք և աստուածաբանք իսկ գլուխնին շատ պիտի հոգնեցնեն վերահասու ըլլալու համար Անեցի վարդապետիս խորհրդապաշտ բառերուն և բացատրութեանց»։
Ներբողի նյութը հիմնված է Եզեկիել մարգարեի տեսիլքի վրա և ներկայացնում է աստվածային կառքին լծված մարդուն, առյուծին, եզին և արծվին (որոնք դարձան նաև չորս ավետարանիչների խորհրդանիշը)։
Այս տեսիլքն Աստվածաշնչի ամենաբանաստեղծական դրսևորումներից մեկն է՝ հնուց ի վեր սիրված բանաստեղծների, նկարիչների և այլ արվեստագետների կողմից։ Աստվածաշնչում համապատասխան այլ տեսիլներ էլ կան, բայց Վարդան Անեցունը, ինչպես ճիշտ նկատել է Ղևոնդ Ալիշանը, վերաբերում է «այն կառաց զոր Եզեկիել մարգարեն տեսավ ի տեսլյան», և դա հաստատվում է հեղինակի լուծմունքի պատառիկներից։ Մյուս տեսիլներից ուշագրավ է, օրինակ, Զաքարիա մարգարեինը, որտեղ սակայն նկարագրվում է չորս կառք, որոնց էլ լծված են տարբեր գույնի ձիեր (Զաքարիա, Զ 1): Հետաքրքրական է նաև Հովհաննու հայտնության մեջ պատկերված կառքը՝ և՛ եզեկիելյան չորս կենդանիներով (Մարդ, Առյուծ, Եզ, Արծիվ), և՛ ձիերով (Հայտնություն Հովհաննու, Ի. ե)։ Այս տեսիլներն էլ արտացոլում են գտել մեր միջնադարյան արվեստի և գրականության մեջ, բայց շատ քիչ։ Ամենատարածվածը Եզեկիելի տեսիլի վերարտադրությունն է։ Այն առատորեն ի հայտ է գալիս հատկապես մանրանկարչության և որմնանկարչության մեջ և ունի հիմնականում մի մշակված ձև, որի կենտրոնում նստած Քրիստոս Աստվածն է։ Մեզ ծանոթ միակ ուշագրավ շեղումը դրանից Վարդան Անեցու մշակումն է։
Վարդան Անեցու կառքն ու նրա լծկանները ղեկավարվում են ինքնուրույնաբար և չունեն որոշակի կառավար, որը երևար իր տեսանելի կերպարանքով։ Դա մասամբ համապատասխանում է Եզնիկ Կողբացու, մասամբ էլ Աստվածաշնչի տվյալներին։
Քանի որ Աստվածաշունչը սնվել է Հին Արևելքի և առհասարակ հին աշխարհի դիցաբանությամբ, ուստի, երկնային չորս էակներն էլ պիտի որոնել այնտեղ։ «Ասուրական աստեղային … աստվածները չորսն էին՝ Մարդուկը, որին պատկերում էին թևավոր եզ, Նաբուն՝ թևավոր մարդ, Ներգալը՝ թևավոր առյուծ և Նինուրտեն՝ արծիվ»։ Համանման կենդանիների պատկերներով և արձաններով է լի նաև ուրարտական արվեստը։
Ըստ երևույթին, մեր միջնադարյան գրագետներին ծանոթ են եղել ոչ միայն համապատասխան քանդակներ և արձաններ, այլև պաշտամունքային գրավոր կամ անգիր բնագրեր, որոնցից օգտվել է նաև Վարդան Անեցին։ Սուրբ գրոց խորհրդանշանները հասկանանք թե ոչ (ինչպես նաև դրանց ակունքները, կերպափոխությունները և ճառագումները), ակնհայտ է, որ բարդ և ինքնատիպ, նորօրինակ կառույցով ստեղծագործության հետ գործ ունենք, ճարտարապետական կոթողի հանգույն, որը մեզ ապշեցնում է, մանավանդ չափի և ներդաշնակության գիտակցությամբ։ Ամեն ինչ համաչափ է քերթված-կառույցի մեջ. ոչ մի ավելորդ զգայական և բանական շեղում, տող առ տող, տուն առ տուն աճող ու զարգացող մտքի և սրտի միաձույլ, համահավասար ընթացք և այդ ամենի կառավար ստեղծարար հանճար։
Վարդան Անեցու այս կուռ ներբողի մեջ առկա է մեր ողջ բանաստեղծական փորձառությունն ու սլացքը։
ՎԱՐԴԱՆ ԱՆԵՑԻ ՆԵՐԲՈՂ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՌՔԻՆ
Ա. Կառքին
Աստվածությանդ կառքիդ
Եվ քառադեմ լծակիցներիդ,
Միշտ ողջակիզվածներիդ
Եվ արարածների պսակներիդ,
5 Մշտահոլով և անկեզ հարաբարդ անիվներիդ,
Եվ կալերիդ՝ կենդանության ոստահատի ամենայն երախայրիքներին.
Երկրպագում եմ մշտածագ և շահավետ ձեր հովանուն՝
Տեղալու առ ինձ կաթիլդ կենդանարար,
Բուսցնելու ինձնից բույսը բանական՝
10 Օրհնություն բարունակիդ միշտ և հարաժամ։
Նուրբ և անքննին էության ընդունարաններ
Եվ երկատեսակ հայելիներ՝ բազմաբորբոք ճառագայթների.
Մշտաթափ և սքանչալուր ձայներով գետեր հորդառատ
Որ առ երամներն հրեղենների վառվում եք՝ ծով մշտածավալ.
15 Ըմբռնողների և անգոների մեջ եք գոյանում,
Եվ կրում եք փառքը Վեհի. –
Որով հայցում եմ առ քառադեմերդ,
Որ փառավոր ներգործությամբ իմ մեջ էլ ձևանաք,
Զի սկզբնատիպի ձևով լինեմ ըստ ամենայնի միշտ և հարաժամ։
20 Արագընթացներ և սրադարձներ՝ ի խոր և ի վեր,
Ստեղծագործող Բանի՝ սուրբ լարեր
Եվ ուռկաններ՝ ոսկետեսակ և բազմարարք,
Համայն գոյակներովս կալված ձեռքի մեջ Ինքնագոյի,
Որ ջրերի վրա է միշտ շրջում
25 Եվ երկանուն ու անծնունդ մեծ ծովից
Հանում է մարմին և շունչ՝ տեսակ֊տեսակ,
Եվ ընտրյալներին նրանցից անում է դասին ձեր փառակից.
Եվ Անեղը մարմնում է գոյանում,
Որ մարդու նմանությամբ ձեզանով վերամբարձ՝ փառավորությամբ է երկրպագվում-
30 Եվ ահա կոչում եմ քառակերպերիդ,
Ձեզանով ամբարձված սուրբ պատկերի զորությամբ,