Ռուբիկոն

Ներբող աստվածության կառքին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Որ և շարժում է տապանակը Ինքնաշարժի,

Որի ձեռքից ենք կախված էակներս համայն.

Կապյալներն արձակվում են

200  Եվ դառների հոտերն են մակաղում

Միջօրեին լեռների մոտ,

Ուր քարկոծվում են զլացյալները–

Եվ ահա, դառներիդ զենմամբ եմ պաղատում,

Որ սուրբ Խորանիդ շինության մեջ

205  Պահես ինձ միշտ և հարաժամ։

դ. Սուրբ ոտքերին

Դու քավարան ամենքի

Եվ անկայարան գարշապար հսկա սուրհանդակի՝

Բոցեղենների զորքի ոգիների և երամների մեջ,

Եվ մուտք՝ առ դուռը.

210  Աստղերի շավղի վրա՝ գեղեցիկ ճեմասեր

Եվ առ նշույլներն արեգակի՝ ճաճա~նչ թափանցիկ,

Ջրերում ծովի՝ անհետազոտելի լողորդ,

Եվ վիշապը կարթելու հմուտ որսորդ, և մանուկ խաղաղասեր.

Ամուլի հղության սաղմը սուրբ,

215  Եվ ծնունդին՝ վկայված կնիք և դրոշմ անարատ.

Գերեզմանի ակոսի մեջ՝ ցորնահատիկ,

Եվ արդյունաբերություն բերողը

Եվ մուտքը՝ ի վերնատունն ու հոգեղենները՝

Անկարոտ բանալիների֊

220  Եվ արդ, Սուրբ Արքայիդ երկնակոխ գարշապարն եմ համբուրում՝

Պահել ինձ սրբությանդ սրահի մեջ միշտ և հարաժամ։

Դ. Սուրբ եզին և կնիքին նրա

ի Հիսուս Քրիստոս Տերն

Երկնային հովտի աշխատավորին,

Եվ սերովբեների խմբի լծին,

Եվ ամոլիդ ընտիր.

225  Որայի և հասկի դեզին,

Ցնծաբեր որոճումիդ,

Եվ կենաց հացի էջքին՝

Հաշտարար զվարակիդ,

Աստեղաց սայլի շարժմանը՝ առաջընթաց եզիդ

230  Եվ լրմանը տարվա՝ ուսուցանող երկրավաստակիդ,

Եվ ծովի կոհակների վրա ակոսապատառ ձևիդ,

Եվ ուռկանով ժողովվածների բարեբարձ շտեմարանիդ,

Ծաղկալից բուրաստաններում շնչալի արածողիդ,

Եվ առ նազելի լռությունդ խոկասեր,

235  Եվ իմացական որոճացողիդ եմ երկրպագում,

Որ կրես լուծն իմ անձկության միշտ և հարաժամ։

ա. Սուրբ եղջյուրին

Պանծալի ու լի շափյուղակապ և մարգարտահեռ եղջյուր կամարաձև,

Որ ունես աղբյուր օծման յուղի,

Որից օծվեցին ոչ միայն Մելիքսեդեկից օծյալները և այլք ապա,

240 Այլև Աստված և Տերը քաղաքների և Դավթի.

Պարարտության ձեթով

Եվ թափված յուղի անվամբ

Գլուխն օծեց Միեղջյուրի հզոր և եղնիկի հորթի,

Որ վազում է Բեդելի լեռների վրա

245  Եվ օծում է կարիքները բանականների

Եվ հասնում է մինչև խորքերը

Ամենայն անվանակոչությամբ կաթած պարարտության պարարակիդ–

Եվ արդ, աղաչում եմ Պաշտելուդ՝ ճարպդ անտոչորելի օծման քո

250  Պահիր ինձ միշտ և հարաժամ։

բ. Սուրբ երեսին

Երեսներովդ չորս և հողմաբեր վարշամակներովդ

Նոր Սիոնի դստեր քողը՝ փութապատառ և բոցակեզ ցուցանեցիր,

Եվ խավարը ծածկույթ դրած և մրրիկը բոլորյալ մետաղի մեջ սանձեցիր,

Եվ կերպը քո ցանկալի և հարսի նմանությամբ՝ հարսի երեսին ձուլեցիր,

255  Լինելու խանդակաթ ի սեր և ի խնդիր անախտ փեսայի,

Եվ պատկերիդ ցոլքից ցանկությամբ շարժյալ

Բոլոր էակներս նմանվեցինք Աննմանին,

Ինչպես ոմանք, որ կերպդ առան

Եվ հարակա ընդ էակցիդ օրհնաբանվում են–

260  Եվ արդ, նրանց հետ հայցում եմ առ պարուրակդ սուրբ՝

Պահպանելու երեսը ձևիս իմ Փեսայիդ համբույրին միշտ և հարաժամ։

գ. Սուրբ շնչին

Դեմքիդ տեսքից և հարավաբեր շնչովդ

Փախչում է սյուքը հյուսիսական,

Որթերը սաղարթազարդ և տունկերը խնկաբեր

265  Քեզնից շնչաբերված՝ անծախապես բուրում են.

ճնճուղները գարնանաբեր և ծիծառները ճռվողաձայն

Ձայնիդ վճիռն առնելով գարունն են հավիտենից ճչում.

Եվ մաճկալներն ու այգեգործները

Անկարացան քաղել երկնաթռիչ բարունակիցդ,

270  Որ պտղաբերեց ասւողապարսերը և գնդերը հրեշտակաց.

Որ լծով քո սքանչելի և լծակցովդ զարմանալի

Ժողովվում են առ գուբը հնձանի

Եվ ճմլվում են մեծ Արքայի ծոցում–

Եվ արդ, համբուրելով ցանկալի դեմքդ սուրբ եզիդ,

275  Գարնանաբեր և կենդանարար շունչդ

Աղաչում եմ առ ինձ պահել միշտ և հարաժամ։

դ. Սուրբ ձեռքին

Օրարասեր ձեռքիդ ստաշխից՝ հարսի զարդի հանգրեճներին

Եվ ջահավառ մատներիդ՝ անձանձիր լուսամատույց,

Սեղանամեծար բազկիդ, որ հյուրասիրում է

Աբրահամին և որդիներին նրա,

280  Եփփաթաձայն մատներիդ,

Գրկիդ գգվասեր՝ տաճարի մեջ մանկանն առած,

Եվ սպեղանապատ կիսամահ թաթիդ

Բիլիդ և ափիդ՝ երկաթիվ և ծովաչափ,

Եվ հանուր էակների քանակագետ թիզիդ,

285  Երկնանման մշտատարած բազկիդ,

Եվ բոլոր էակներիս պատարագները նվիրողիդ, երկրպագում եմ,

Որ նվիրես ինձ Տիրոջդ միշտ և հարաժամ։

ե. Ոտքերի սուրբ կճղակին

Ոտքերիդ պատվանդանի վրա դրված իմացական խորանի խարիսխ,

Ուսկից ցայտած լույսը՝ լցնում է ծիրն աստղերի

290  Եվ հանճարագետ է անում էին և նորածին Արքայածնին.

Որ կենաց Փայտն ու Նավաստուն բերելով

Գլուխն էր մահաբերի կճղակահերձ ջախջախում

Ու նվիրում էր հողեղեններին ողջակեզներն անզենելի.

Եզիդ զենմամբ հաղորդյալներիս կճղակավոր դարձրիր,

295  Առած երինջը լծընկեց,

Լծեցիր լծին քաղցրագույն

Եվ բեռով փոքրագույն՝ երկնավաստակ դարձրիր֊

Եվ արդ, ճաշակելի սրբիդ եմ աղաչում,

Պահել ինձ անձամբ պատարագելի՝

300  Հիսուսի սիրո լծի մեջ միշտ և հարաժամ։

Ե. Սուրբ Սրծվին և Հոգուն

Վարդապետ նոր,

Եվ անշարժ խորանաշենին

Եվ աննյութ թելերին՝ ոսկյա և արծաթյա՝

Մտավոր և հոգատար թելամատույց.

305  Եվ բոց փորձության՝

Վառված եղեգի և աչքերի մեջ.

Եվ ախտով ծերացած անծերանալի Հոգուն՝

Մանուկ նորոգյալ.

Եվ թևերով արեգակի սլացյալ ի վեր

310  Եվ սովացյալ ձագերն աղաղակում էին ի Տեր

Եվ սուրբ Մարմնին՝ համախմբող արծիվների երամին.

Եվ ձայն ցողաբեր, ծանոթ և լուսալիր՝

Նկատվում էր բարձրունքներին՝ արթնացած ննջեցյալներով

Եվ ահա, աղաչելով համբուրում եմ իմաստությունդ արագաթռիչ,

315  Արթնացրու տառապանքների գուբից հոգիս՝

Խոյանալ և առ քեզ լինել միշտ և հարաժամ։

ա. Սուրբ թևերին

էի ժրաջան և անտանելի հողմը կրողիդ,

Շնչակապ և բոցահոգ ժրաջանների վերակացուիդ,

Պաշտոնասեր աստղերի թռիչքի՝ կետ լուսաբաշխ

320  Եվ շունչ՝ Պաշտելու ազդեցությամբ.

Գալիք հողմի տարակույսների՝ սաստկահնչյուն հայտնություն

Եվ վառյալդ՝ անկիզելի նամակների սրտի մեջ.

Ծովի ծփանքների վրա՝ թռչուն ավետաբեր,

Եվ նավ կենդանի՝ բարձված միջնողոփ

325  Աստղաճաճանչ և հարավադետ թևերովդ

Լինելով միշտ ժողովարան,

Որի համար պատվելի սուրբ թևիդ եմ աղաչում՝

Թռցնելով ինձ խորքերիցս՝

Սիրո անապատիդ մեջ հանգչեցնես ինձ միշտ և հարաժամ։

բ. Սուրբ շնչին

330 Եսայատես և մարգարեագետ հրաշքներին՝ խոյացող հողմ

Եվ ծուխ աղդարար.

Եվ անգոյից ծնվածների ընթացքի մեջ՝ գիսավոր և ամպեղեն թևերովդ՝

Ստինք բազմալեզու ամենայնի դիմաց.

Եվ առ հանդերձյալ գոյությունները՝

335  Անախտ սերմ և ձու աննյութ.

Բյուրավոր անուններով պարուրված ստեղծասեր թևիդ ներքո,

Ինչպես անթարթելի և անքուն բիբերիդ խորքում.

Ահա մահու արձանները կապարյա

Ծնվեցին լույսիդ արտևանունքների ներքո–

340  Եվ արդ, պաշտելի երկնասերիդ եմ աղաչում՝

Ծնել ինձ հույսով կենդանի

Փառավորվելու Քեզնից միշտ և հարաժամ։

գ. Սուրբ երեսներին

Լուսատու սքանչելապես լեռների՝ երեսներդ չորս

Եվ աստղերի հոլովույթի հայելի կերպընկալ.

345  Բարբառ՝ փողից և պատգամաձայն հողմից,

Շտեմարան անթերի,

Եվ համատարած լիճ ջրերի՝ հույսով շաղալից,

Եվ մշտակա թև, և վարսեր սուրբ.

Կիսագնդի վրա, տարրիս հողեղեն մահճիս մեջ՝ ճաշակ

350  Եվ որակ՝ ճեմասեր և ինքնազարթույց.

էիդ տասանորդիդ ընծաների մեջ՝ ծխելի կնդրուկ և մշտակեզ մորենի

Եվ նվերներ ինքնամատույց–

Որով հայցում ենք առ Դեմքդ նվիրագործ՝

355 Նվիրել ինձ Տիրոջը միշտ և հարաժամ։

դ. Սուրբ կեռակտուցին

Շրթերիդ ծիրերին շարյալ ակռաներին՝ խոսուն շափյուղա

Եվ հալվե գոհար՝ հանված ժայռերից,

Պատվական քարերով ընդելուզված պսակ,

Որ աչքերով է ամենայն ինչ բոլորում,

Առած ակն աննյութ՝ խորագիտությամբ զարդարեց հրեշտակներին

360  Եվ տեսանելի մտքերի գարշապար

Հաստատեց առ վեմդ երկնաթռիչ

Եվ որ ծանծաղուտի մեջ գետիդ,

Որ վեմիցդ ըմպածներին և լվացվածներին հանգչեցնում է

Ձագախառն երամներով ոսկեսաղարթ ոստերի վրա-

365  Եվ արդ, Դու, որ անձանձիր կեցած ես թևերովդ երկնատարած,

Շուրթերիցդ շնչաբերված՝

Ինձ ևս թռցրու առ վեմդ սուրբ միշտ և հարաժամ։

ե. Արծվի սուրբ մագիլներին

Ամենայն կայանների միացման կապ անխզելի,

Մագիլ և կնիք լուսապայծառ

370  Եվ նվերներ պաշտելի, անձանձիր.

Հրեշտակների նախաշավիղ օդապատառ,

Աստղերի իմացական երթի քայլերի՝

Պարապետ լուսաբաշխ

Եվ գարշապար ինքնավար.

375  Ընդդեմ սաստկության հողմի՝ արձան մտքերի

Եվ ձայների բաժանման կանոն և կշիռ լուսալիր.

Բազմաձույլ և հոգեղեն գնդիս ծոցածին ծնող,

Եվ Սաղեմի անկյունների բովանդակ ստինք մշտաբուխ

Ի խնդիր զմրուխտե ուլունքների՝ կենդանի բազմածին,

Եվ առ հովանասեր ծնունդները՝ արմավենի անթառամ,

Եվ արդ, մաղթում եմ առ արծիվդ բազմածին՝

Պահել շուրթերիս վրա շունչդ բազմասնունդ միշտ և հարաժամ։

Գրաբարից աշխարհաբարի վերածեց

Վարդան Ֆերեշեթյանը

Կարդալ նաև

Գրականություն Երկնագույն տետր կամ Վարդան Անեցու օրագիրը Վարդան Ֆերեշեթյան Երկար տարիներ ես փնտրում էի տունդարձի ճամփան, իսկ այժմ մոռացել եմ, որտեղից եմ եկել։ Չինական ասացվածք Երկար ժամանակ փնտրում էի տետրս, որ կորցրել էի երազում և քանի որ գտնելու ոչ մի հնար չկար, չնայած թաքուն մի հույս ունեի (ոնց որ թե երկ­նագույն… Գրականություն Հիպնոսի թերթիկներ Ռընե Շառ Ալբեր Կամյուին Հիպնոսը պատեց ձմռանը և գրանիտ հագցրեց նրան։ Ձմեռը վերածվեց քնի, իսկ Հիպնոսը հուր դարձավ։ Մնացյալը պատկանում է մարդկանց։ 1. Հնարավորին չափ սովորեցրու եռանդուն դառնալ, հանուն հասնելիի, բայց ոչ դրանից այն կողմ։ Այնկողմայինը ծուխ է։ Որտեղ… Գրականություն Հռչակի փորձություն Ժակ Ռեդա Ռընե Շառը ներկայումս ենթարկվում է այն փորձու­թյանը, որը մեր օրերում վերապահված է փառքի կամ ավելի շուտ՝ հռչակի ամոթը ճաշակած յուրաքանչյուր պոետի։ Տարբերությունը զգալի է։ Խոսքը վերա­բերում է այն բանին, որ վիրաբուժության մեջ կոչվում է «անջատման…