Ռուբիկոն

Հուշեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Վերջ ի վերջո որոշվեց, որ ես նամակ թելադրեմ հակահետախուզության պետին, որին երբեք չէի տեսել («…բայց նա քո անունը գիտի…»), և միայն ստորագրեմ: Ես թելադրեցի այսպիսի մի նամակ.

«Ողորմած պարոն: Վերջերս հայտնի դարձավ ինձ, որ Ձեզ ենթակա մարդիկ ձերբակալել են պոետ Իոսիֆ Մանդելշտամին: Քանի որ Դուք, ըստ Ձեր զբաղեցրած դիրքի, պարտավոր չեք իմանալ ռուսական պոեզիան ու երբեք չեք լսել բանաստեղծ Մանդելշտամի անունը, – ռուսական քնարերգության մեջ նրա ունեցած վաստակի մասին, ապա պարտքս եմ համարում զգուշացնել Ձեզ, որ նա շատ նշանակալից ու փառավոր տեղ է զբաղեցնում ռուսական պոեզիայում: Բացի այդ, նա ծայրաստիճան խուճապահար մարդ է և վախի ազդեցության տակ ընդունակ է ցանկացած խելահեղության: Եվ, վերջ ի վերջո, եթե նրան ինչ-որ բան պատահի, Դուք պատասխանատվություն կկրեք ռուսական ընթերցող հասարակության առջև նրա ճակատագրի համար: Թե որքանով են ճշմարիտ ինձ հասած լուրերը` ես չգիտեմ: Ինձ ասել են, որ Մանդելշտամը մեղադրվում է բոլշևիկներին ծառայելու մեջ: Այդ առումով կարող եմ Ձեզ հանգստացնել լիովին. Մանդելշտամը ոչ մի ծառայության, ինչպես և քաղաքական համոզմունքների         ընդհանրապես ընդունակ չէ. դրանով նա երբեք չի տառապել»: Նամակը հատուկ էր գրված այդ ոգով` քաղաքավարի, բայց շատ սուր: Հնչում էր որպես անձնական վիրավորանք և դրա համար էլ հիշվող էր: Դա իմ հարաբերությունների սովորական հնչերանգն էր Կամավորական բանակի հանդեպ: Հակահետախուզության պետը շատ դժգոհ ժեստով ծալում է նամակը ու դնում գրպանը: Իսկ հաջորդ օրը կարգադրում է ազատ արձակել Մանդելշտամին: Մանդելշտամն ու Էրենբուրգը մեկնեցին միաժամանակ: Առժամանակ հետո բանաստեղծ ու հրատարակիչ Աբրամովից ես ստացա «Творчество» գեղարվեստական ամսագրի մի քանի համարները: Նա խնդրում էր ինձ գրել ամսագրից ստացած տպա- վորություններիս մասին: Այնտեղ տպված էր նաև Օսիպ Էմիլևիչի «Vulgata» մեծ հոդվածը: Ինչպես հայտնի է, «Վուլգատա» է կոչվում սուրբ Հիերոնիմոսի կողմից կատարված Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը, որն ընդունված է կաթոլիկ եկեղեցում: Մանդելշտամի հոդվածի ընթերցումից ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է ենթադրում նա այդ վերնագրի տակ, մինչև որ չհասա հոդվածը եզրափակող բառերին. «Բավ է Աստվածաշունչ ունենալ լատիներեն լեզվով, տվեք մեզ, վերջապես, Վուլգատան»: Նա, իբրև բանասեր, պարզապես թարգմանել է վերնագիրը, իսկ իբրև պատմաբան երբեք չի հանդիպել նման տերմինի, առանց գլխի ընկնելու իմաստային այն թեթև «շեղումի» մասին, որ առկա է այդ անվանման մեջ: Աբրամովին ես գրեցի.

«Ձեզ, իբրև խմբագրի, անհարիր է այդպիսի ճչացող սխալներ թույլ տալը. չի կարելի, որ մեր տգետ պոետները Ձեր ամսագրում զետեղեն այնպիսի վերնագրերով հոդվածներ, որոնց իմաստը նրանց հստակ չէ: Դրա պատասխանատուն Դուք եք, իբրև խմբագիր»: Պատահեց այնպես, որ Մանդելշտամին հանդիպեցի միայն 1924-ին Մոսկվայում, «Красная новь» ամսագրի խմբագիր` Վորոնսկու մոտ: Մենք հանդիպեցինք ոչ թե աշխատասենյակում, այլ միջանցքում:

Մանդելշտամն ուրախացավ հանդիպման համար` հավանաբար «ներելով» մեր միջև եղածը, հիշելով թե՛ կորցրած Դանտեին, թե՛ ձերբակալումից ազատվելը: Այդ ամենի մասին արտահայտվելուց հետո նա ավելացրեց. «Բայց չի կարելի, չէ՞, Մաքսիմիլիան Ալեքսանդրովիչ, այդպես ոտնահարել կորպորացիայի շահերը: Չէ՞ որ, ի վերջո մեր` բանաստեղծներիս շահերը հավասարազոր են, իսկ խմբագիրները մեր թշնամիներն են: Չէր կարելի, չէ՞, մատնել ինձ Աբրամովին «Vulgata»-ի դեպքում: Չէ՞ որ այդ մանրամասները միայն Ձեզ են հայտնի, իսկ հասարակությունը չի էլ նկատի»:

Ծանոթագրություններ

  1. Օ. Է. Մանդելշտամն ավարտել է Տենիշևյան առևտրի ուսումնարանը 1907թ. մայիսին: Վոլոշինը Պետերբուրգում է ապրել 1906թ. հոկտեմբերից մինչև 1907թ. մարտը: Հենց այդ շրջանում էլ տեղի է ունեցել նրանց հանդիպումը:
  2. Ելիզավետա Իվանովնա Դմիտրևա (1887 – 1928) – բանաստեղծուհի:
  3. Մարիա Պավլովնա Կյուվիլյե (1895 – 1985) – առաջին ամուսնական ազգանունն է Կուդաշևա, երկրորդը` Ռոլան:
  4. Ճիշտը` Նատալյա Վերժխովեցկայա – երիտասարդ բանաստեղծուհի, ապրում էր Հին Ղրիմում:
  5. Նովինսկուն ուղղած նամակում Վոլոշինը գրում է. «Ալեքսանդր Մանդելշտամն իր եղբոր հանձնարարությամբ Մայայից գողացել է «Քար» բանաստեղծությունների ժողովածուն և անպատկառ ձևով նրան հայտարարել. «Եթե ուզում եք, ասեք Վոլոշինին. եղբայրս չի ուզում, որ իր գիրքը գտնվի նրա մոտ, քանի որ նրանք վիճել են»: Ի դեպ, գիրքն իմը չէ, այլ մայրիկինս: Ցավոք, ես շատ ուշ իմացա այդ մասին. նա վերադարձավ Օսիպի մոտ, և նրանք գնում են Բաթում: Ընկերաբար օգնիր ինձ, առանց քո աջակցության նրանք Բաթում չեն մեկնի: Վերջնագիր ներկայացրու` կմեկնեք միայն գիրքը վերադարձնելուց հետո: Իմ գրադարանը Մանդելշտամն արդեն վաղուց է կողոպտում, ինչը խոստովանել է. ժամանակին նա գրադարանիցս գողացել էր Դանտեի ֆրանսերեն ու իտալերեն օրինակները: Դա ես պարզեցի միայն վերջերս: Բայց «Քարը» ես շատ եմ սիրում, և այն դեռ հնարավոր է ետ վերադարձնել»:
  6. Ահա հուլիսի 25-ի այդ նամակը. «Ողորմած պարոն, ես հաճելիորեն համոզվեցի, որ շատերի կողմից միամտաբար նրբին էսթետիկական կուլտուրա համարվող հոգևոր ճարպի հաստ շերտի տակ դուք թաքցնում եք կոկտեբելյան բուլղարացու անհույս բթամտությունն ու անտաշությունը: Մեր ընդհանուր ծանոթներին ուղղած նամակներում դուք ձեզ իրավունք եք վերապահում պնդելու, որ ես «արդեն վաղուց՚ թալանում եմ ձեր գրադարանը և, ի դեպ, ձեզնից «գողացել» եմ Դանտեին, ինչը «խոստովանել եմ», ու եղբորս միջոցով` նաև իմ գիրքը: Ցավում եմ, որ ինձ հասանելի չեք, և ես հնարավորություն չունեմ ձեզ անձամբ սրիկա ու հերհյուրող անվանելու: Ապուշ պետք է լինել ենթադրելու համար, որ իբր ինձ հետաքրքրում է ձեր` իմ գիրքն ունենալ-չունենալու հարցը: Այսօր հիշեցի միայն, որ այն եղել է ձեզ մոտ: Ձեր նողկալի մոլագար ողջ զառանցանքից ճշմարիտ էր միայն այն, որ իմ պատճառով դուք զրկվեցիք Դանտեից. ես դժբախտություն եմ ունեցել 3 տարի առաջ կորցնել ձեր գրքերից մեկը, բայց է՛լ ավելի մեծ դժբախտություն է ընդհանրապես ձեզ հետ ծանոթությունը: Օ. Մանդելշտամ»:

Ռուսերենից թարգմանությունը` Սուսաննա Գյուլամիրյանի

«Литературная учеба» 5. 1988

Կարդալ նաև

Գրականություն Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանը Անդրեյ Բելի Այցելելով տունը, որտեղ երկար տարիներ ապրել, աշխատել, մտածել և ստեղծագործել է Մ.Ա. Վոլոշինը, ես լեցուն էի պայծառ տրտմության միջից շողարձակող բերկրալի տպավորություններով. տրտում` այն բանից, որ հեռացել է շատ մեծ մարդու նշանակալից կյանքը. սակայն այդ… Գրականություն Ինքնակենսագրություն Մաքսիմիլիան Վոլոշին (1925թ.) 49 տարեկան եմ դառնում: Կյանքիս յոթերորդ յոթնամյակն եմ ապրում, որ ճշգրիտ տրոհվում է հետևյալ փուլերի. 1-ին յոթնամյակ. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ (1877-1884) Կիրիենկո-Վոլոշինները Զապորոժյեի կազակներ էին. մայրական կողմից` գերմանացիներ, ռուսացած`… Գրականություն Սոնետների պսակ Մաքսիմիլիան Վոլոշին LUNARIA1 1 Ոլորտներում երկնային դու` մարգարիտ լռության– Բքահարված աստղերի ծովախորշում հեռավոր, Քո լույսի տակ` գունաթափ, պաղ դեմքերը բոլոր, Ծաղիկներն են կլանում քո շողերը թմրության. Ով թմրաբեր ծաղիկներ, ձեր ցողունով են հոսում Նրա շողերն`…