Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ
Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։
Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921:
I
Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի ընթացքում, ապա անհնար է նրան համարել նաիվ, ցնորված մարդ, գերկիրթ մարդկանց ցնորված սիրելի: Տարօրինակությունն անհետանում է, իսկ բացառիկությունը կարծես դառնում է այնպիսին, որը բնորոշ է ողջ մեծ պոեզիային. այն կարելի է գտնել (ոչ ամենուր) Հոմերոսի և Էսքիլոսի, Դանտեի և Վիյոնիմոտ, ավելի խորը չափով ու բազմահմուտ ձևով այն առկա է Շեքսպիրի երկերում, ինչպես նաև այլ ձևով՝ Մոնտենի և Սպինոզայի մոտ: Այս սոսկ բացառիկ ազնվությունը վախեցնում է աշխարհում, որը շատ է վախենում ազնիվ լինել: Սա մի ազնվություն է, որի դեմ ընդվզում է ամբողջ աշխարհը, քանզի այն տհաճ է: Բլեյքի պոեզիան ունի մեծ պոեզիայի տհաճությունը: Ոչ մի բան, որ կարելի է անվանել հիվանդագին, ոչ նորմալ կամ արատավոր, ոչ մեկը այն օրինակներից, որոնք վկայում են դարաշրջանի հիվանդությունը, չունի այս որակը, ունեն միայն նրանք, որոնք պարզեցման ինչ-որ արտասովոր աշխատանքի արդյունքում ցույց են տալիս մարդկային հոգու էական թուլությունը կամ ուժը: Եվ այս ազնվությունը երբևէ չի կարող գոյություն ունենալ առանց մեծ տեխնիկական կատարման: Բլեյք-մարդու հարցը հանգամանքների հարց է, որոնք հնարավոր դարձրին այս ազնվությունը նրա երկերում, հանգամանքներ, որոնք հաստատում են այդ ազնվության սահմանները: Նպաստավոր պայմանները հավանաբար ներառում են հետևյալ երկուսը. վաղ տարիքից սովորելով ձեռքի աշխատանք՝ նա ստիպված չէր որևէ այլ գրական կրթություն ձեռք բերել, բացի նրանից, որը ցանկանում էր, կամ սովորել հանուն այլ պատճառների, բացի նրանցից, որ համընկնում էին նրա ցանկանությունների հետ. և այն, որ համեստ փորագրիչի համար հանրային-լրագրողական գործունեությունը փակ էր:
Այսինքն՝ չկար որևէ բան, որ կարող էր շեղել նրան իր հետաքրքրություններից կամ նվազեցնել այդ հետաքրքրությունները. ո՛չ ծնողների կամ կնոջ հավակնությունները, ո՛չ հասարակության նորմերը, ո՛չ հաջողության հրապույրները. նա ո՛չ էլ ստիպված էր նմանակել ինքն իրեն կամ որևէ մեկին: Ահա այս հանգամանքներով և ոչ թե իր ենթադրյալ ոգեշնչմամբ և ինքնակամ կրթությամբ է պայմանավորված նրա անաղարտությունը: Նրա վաղ բանաստեղծությունները ցույց են տալիս այն, ինչ պետք է ցույց տան հանճար տղայի բանաստեղծությունները՝ յուրացման ահռելի ուժը: Այսպիսի վաղ բանաստեղծությունները, ինչպես սովորաբար ենթադրվում է, անհաջող փորձեր չեն անելու մի բան, որ վեր է երեխայի կարողություններից. դրանք, այն դեպքում, երբ երիտասարդ գրողը իսկապես ընդունակ է, ըստ ամենայնի բավականին հասուն և հաջող փորձեր են անելու աննշան ինչ–որ բան: Այդպես էլ Բլեյքի դեպքում, նրա վաղ շրջանի բանաստեղծությունները տեխնիկապես հիանալի են և դրանց ինքնատիպությունը ռիթմի ազատության մեջ է: Ուսումնասիրության արժանի են «Էդուարդ Երրորդ» անավարտ դրամայի տողերը: Սակայն այնքան զարմանալի չէ նրա սերը որոշ եղիսաբեթականների հանդեպ, որքան նրա մերձությունը սեփական դարաշրջանի լավագույն երկերին: Ինչպես Քոլլինզը, նա ասես տասնութերորդ դարից է: «Մուսաներին» բանաստեղծությունը տասնութերորդ դարի գործ է՝ դինամիկան, հավասարակշռությունը, շարահյուսությունը, բառերի ընտրությունը –
Նվաղուն լարերը հազիվ են շարժվում
Ձայնն արհեստական է, հնչյունը՝ աղքատ։
(Տողացի թարգմ. Ա. Վ.)
Սա Գրեյի և Քոլլինզի ոգով է, սա պոեզիա է, որի լեզուն ենթարկվել է արձակի կարգին: Բլեյքը մինչև քսան տարեկանը միանշանակորեն ավանդական է: Այսպես, Բլեյքի որպես պոետի նորամուտը նույնչափ սովորական է, որքան Շեքսպիրի նորամուտը: Հասուն շրջանի գործերում նրա ստեղծագործական մեթոդը այնպիսին է, ինչպիսին որ է մյուս պոետների մոտ: Նա վերցնում է գաղափար (զգացում, պատկեր), մշակում է, ավելացնելով և ընդլայնելով, հաճախ փոխում է իր հանգը և հաճախ վարանում է վերջնական ընտրության հարցում[1]: Գաղափարը, իհարկե, պարզապես գալիս է, բայց հետո այն ենթարկվում է երկարատև մշակման: Առաջին փուլում Բլեյքը զբաղված է խոսքային գեղեցկությամբ, երկրորդ փուլում նա առերևույթ թվում է նաիվ, իսկ իրականում՝ հասուն մտածող: Միայն այն ժամանակ, երբ գաղափարները դառնում են ավելի անբռնազբոս, բխում են ավելի ազատ և պակաս վերամշակված, մենք սկսում ենք տարակուսել դրանց ծագման առնչությամբ, կասկածել, որ դրանք բխում են ավելի մակերեսային աղբյուրից: «Անմեղության և փորձի երգերը» և «Ռոսսետիի ձեռագրի» բանաստեղծությունները պատկանում են մի մարդու, որը խորապես հետաքրքրված է մարդկային հույզերով ու դրանց ճանաչմամբ: Հույզերը ներկայացված են անչափ պարզեցված և վերացական ձևով: Այս ձևը կրթության դեմ արվեստի, և լեզվի շարունակական վատթարացման դեմ բանաստեղծի հավերժական պայքարի լուսաբանումն է:
Կարևոր է, որ արվեստագետը մեծապես կրթված լինի իր արվեստում, սակայն հասարակության սովորական գործընթացները, որոնք սահմանում են կրթությունը սովորական մարդու համար, ավելի շուտ խոչընդոտում և ոչ թե օգնում են արվեստագետի կրթությանը: Քանի որ այդ գործընթացները հիմնականում բաղկացած են անդեմ գաղափարների ձեռքբերումից, որոնք մթագնում են այն, ինչ մենք կանք կամ այն, ինչ զգում ենք, ինչ մենք իրականում ցանկանում ենք և ինչը իսկապես գրգռում է մեր հետաքրքրությունը: Իհարկե, ձեռք բերված փաստացի տեղեկատվությունը չէ, որ վնասակար է, այլ այն ուղղադավանությունը, որով կարող է պարտադրվել գիտելիքի կուտակումը: Թեննիսոնը վառ օրինակ է պոետի, որը գրեթե ամբողջությամբ համակված է մակաբուծական կարծիքներով, գրեթե ամբողջությամբ ձուլված է իր միջավայրին: Բլեյքն ընդհակառակը գիտեր, թե ինչն է իրեն հետաքրքրում, ահա ինչու, նա ներկայացնում է միայն էականը, միայն այն, ինչն ըստ էության, կարելի է ներկայացնել, և ինչը մեկնության կարիք չունի: Եվ քանի որ նա չէր շեղվում, չէր վախենում և զբաղված էր սոսկ ճշգրիտ հաստատմամբ, նա հասկանում էր: Նա մերկացած էր և տեսնում էր մարդուն մերկացած, սեփական բյուրեղի կենտրոնից: Նա ավելի հիմնավոր պատճառ չուներ կարծելու, թե Սվեդենբորգն ավելի աբսուրդային է, քան Լոկը: Նա ընդունեց Սվեդենբորգին, բայց, ի վերջո, մերժեց նրան սեփական պատճառներից ելնելով: Նա ամեն ինչին մոտենում էր տիրող կարծիքներից անկախ մտքով: Նա չուներ վերամբարձություն, որը հատուկ է մեծ անհատականությանը: Եվ հենց սա էլ սարսափեցնում է նրա մեջ:
II
Բայց եթե չկար ոչինչ, որ կշեղեր նրան անկեղծությունից, մյուս կողմից, կային այն վտանգները, որոնց ենթակա է մերկացած մարդը: Նրա փիլիսոփայությունը, ինչպես իր տեսիլքները, ինչպես իր ինտուիցիան, ինչպես իր տեխնիկան, իրենն էին: Եվ, ըստ այդմ, նա հակված էր կարևորելու դա ավելի շատ, քան արվեստագետը պիտի դա անի, և սա է, որ դարձնում է նրան էքսցենտրիկ և հակված անձևությանը: