Ռուբիկոն

Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ

Հրապարակվել է
17 դեկտեմբերի 2022

Բայց ամենից շատ, կես գիշերային փողոցներում ես լսում եմ 

Թե ինչպես երիտասարդ պոռնիկի անեծքը

Պայթեցնում է նորածին երեխայի արցունքը,

Եվ ժանտախտով պատուհասում ամուսնական մեռելակառքը 

(Տողացի թարգմ. Ա. Վ.)

– Սա մերկ տեսիլք է:

Սերը գոհացում է փնտրում միայն ինքն իր համար,

Գերում է ուրիշին հանուն իր ցնծության, 

Ուրախանում, երբ ուրիշը հանգիստն է կորցնում

Եվ թեպետ դրախտում, բայց դժոխք է կառուցում։

(Տողացի թարգմ. Ա. Վ.)

– Սա մերկ դիտարկում է, իսկ «Դրախտի և Դժոխքի ամուսնությունը»` մերկ փիլիսոփայություն: Սակայն Բլեյքի մոտ հազվադեպ հանդիպող պոեզիայի և փիլիսոփայության ամուսնությունները այնքան էլ ուրախ չեն:

Նա, ով ուզում է լավություն անել ուրիշին, պետք է դա անի բոլոր մանրուքներում:

Ընդհանուր բարիքը սրիկայի, կեղծավորի և շողոքորթի արդարացումն է,

Քանզի Արվեստն ու Գիտությունը կարող են գոյություն ունենալ բացառապես եթե կազմակերպված են ամեն մի մանրուքում:

(Տողացի թարգմ. Ա. Վ.)

Ինչ–որ մեկին կթվա, թե ձևը հաջող չէ ընտրված: Դանտեից և Լուկրետիուսից փոխառված փիլիսոփայությունը թերևս այնքան էլ հետաքրքիր չէ, բայց այն պակաս է վնասում ձևին: Բլեյքը չուներ ձևի այն միջերկրական շնորհը, որը գիտի փոխառել, ինչպես որ Դանտեն փոխառեց հոգու մասին իր տեսությունը. Բլեյքը պետք է ստեղծի թե՛ փիլիսոփայություն, թե՛ պոեզիա: Բլեյքի գծանկարները նույնպես քննադատվում են նման անձևության համար: Այս թերությունը, իհարկե, առավել ակնհայտ է երկար բանաստեղծություններում, կամ ավելի շուտ, բանաստեղծություններում, որոնց կառուցվածքը կարևոր է: Հնարավոր չէ գրել շատ երկար բանաստեղծություն՝առանց առավել անանձնական տեսակետ ներկայացնելու կամ այն տարբեր կերպարների միջև տրոհելու: Սակայն երկար բանաստեղծությունների թույլ կողմն անշուշտ այն չէ, որ դրանք չափազանց տեսանողական են, աշխարհից չափազանց հեռու, այլ այն, որ Բլեյքը չէր տեսնում այդ խնդիրը՝ չափազանց տոգորված լինելով գաղափարներով: 

Մենք վերաբերվում ենք Բլեյքի փիլիսոփայությանը այն նույն հարգանքով (և գուցե Սեմյուել Բաթլերի փիլիսոփայությանը ևս), ինչ հանճարեղ ինքնաշեն կահույքի նմուշին: Մեզ հիացնում է մարդը, որը ստեղծել է այդ ամենը տան շուրջը գտած ավելորդ իրերի բեկորներից: Անգլիան ծնել է բազմաթիվ այսպիսի հնարամիտ Ռոբինզոն Կրուզոներ, բայց իրականում մենք այնքան էլ հեռու չենք մայրցամաքից կամ սեփական անցյալից, որպեսզի զրկենք մեզ մշակույթի առավելություններից, եթե ցանկանանք:

Մենք հանուն զվարճանքի կարող ենք մտածել՝ արդյոք Եվրոպայի հյուսիսի համար ընդհանրապես և Բրիտանիայի համար մասնավորապես արդունավետ չէր լինի ունենալ ավելի երկար կրոնական պատմություն: Իտալիայի տեղական աստվածությունները ամբողջությամբ չեն ոչնչացվել քրիստոնեությամբ և չեն արժանացել թզուկային ճակատագրի, ինչպես մեր տրոլներն ու փիքսիները: Վերջիններս սաքսոնական գլխավոր աստվածությունների հետ գուցե ինքնին մեծ կորուստ չէին, սակայն դրանք դատարկ տեղ թողեցին, և գուցե մեր դիցաբանություն հետագայում ավելի աղքատացավ՝ բաժանվելով Հռոմից: Միլթոնի երկնային և դժոխային ոլորտները ընդարձակ են, սակայն այս աղքատ կահավորված սենյակները լցված են ծանրակշիռ դիալոգներով. այստեղ որևէ մեկը կարող է նշել պուրիտանական դիցաբանությունը և պատմական նվաղությունը: Մինչդեռ Բլեյքի գերբնական տարածությունների, ինչպես նաև այնտեղ բնակվող ենթադրյալ գաղափարների առնչությամբ մենք չենք կարող մշակութային իմաստով որևէ մեկնություն տալ: Դրանք արտացոլում են տարօրինակությունը, էքսցենտրիկությունը, որը հաճախ հատկանշում է ռոմանական ավանդույթից դուրս գտնվող գրողներին և որը Առնոլդի պես քննադատը, անշուշտ, կկշտամբեր: ՍակայնԲլեյքիներշնչանքիհամարդրանքէականչեն:  

Բլեյքը օժտված էր մարդկային բնությունը խորապես ընկալելու կարողությամբ, լեզվի և լեզվի երաժշտության հիասքանչ ու ինքնատիպ զգացումով և հալյուցինատիվ տեսողության ձիրքով: Եթե այս ամենը վերահսկվեր անաչառ բանականության, ողջախոհության և գիտական օբյեկտիվության հանդեպ հարգանքով, նրա համար ավելի լավ կլիներ: Այն, ինչ պահանջում էր նրա հանճարը և ինչը, ցավոք, պակասում էր այդ հանճարին, ընդունված և ավանդական գաղափարների շրջանակն էր, որը կկանխեր նրան սեփական փիլիսոփայությանը անձնատուր լինելուց և կկենտրոնացներ նրա ուշադրությունը բանաստեղծի խնդիրների վրա: Մտքի, հույզերի և տեսանումների խառնաշփոթն այն է, ինչ մենք գտնում ենք այնպիսի աշխատության մեջ, ինչպիսին է «Այսպես խոսեց Զրադաշտը». և սա անշուշտ ռոմանական արժանիք չէ: Դիցաբանության, աստվածաբանության և փիլիսոփայության համակենտրոնացումը պատճառներից մեկն է, թե ինչու Դանտեն դասական է, իսկ Բլեյքը՝ զուտ հանճարեղ պոետ: Մեղքը, թերևս, ինքնին Բլեյքինը չէ, այլ այն միջավայրինը, որը չկարողացավ ապահովել նրան այն ամենով, ինչն անհրաժեշտ էր այսպիսի պոետին, գուցե հենց այդ հանգամանքներն են հարկադրել նրան հորինել, գուցե պոետը փիլիսոփայի և դիցաբանի կարիք է ունեցել, չնայած ամեն բան հասկացող Բլեյքը կարող էր բոլորովին չհասկանալ շարժառիթները:

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Վարդանյան

[1] Ես չգիտեմ, թե ինչու մսյո Բերժեն իր «Ուիլյամ Բլեյք» աշխատության մեջ անվերապահորեն պնդում է [Pierre Berger. William Blake: Mysticisme et Poésie. Paris, 1907. Թարգմանված է անգլերեն. by Daniel H. Conner. (London, 1914)], որ “son respect pour l’esprit qui soufflait en lui et qui dictait ses paroles l’empêchait de les corriger jamais.” («Հարգանքից այն Ոգու հանդեպ, որը շնչում էր նրա մեջ և թելադրում նրան իր բառերը, նա երբեք դրանք չէր ուղղում»): Դոկտոր Սեմփսոնը Բլեյքի իր օքսֆորդյան հրատարակության մեջ [The Lyrical Poems of William Blake, text by John Sampson. Oxford, Clarendon Press, 1905] մեզ հասկանալ է տալիս, որ Բլեյքի կարծիքով իր ստեղծագործությունների մեծ մասը ինքնաբուխ է, բայց նկատում է, որ Բլեյքի «կոմպոզիցիայի հանդեպ բծախնդիր հոգատարությունը համատարած երևում է անմշակ պահպանված բանաստեղծություններում՝ շարունակական փոփոխություններ, վերադասավորություններ, ջնջումներ, հավելումներ և շրջումներ»:

Կարդալ նաև

Գրականություն Թոմաս Սթեռնս Էլիոթ. «Համլետը և նրա խնդիրները» Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Համլետը և նրա խնդիրները» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: Քիչ քննադատներ են խոստովանել, որ «Համլետի» գլխավոր խնդիրը հենց… Գրականություն Պաուլ Ցելան. Միջօրեականը Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս… Գրականություն Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից» Ստորև ներկայացնում ենք հատվածներ անգիացի բանաստեղծ, դրամատուրգ, կլասիցիզմի տեսաբան Ջոն Դրայդենի (1631-1700) Օվիդիուսի նամակների իր թարգմանությանը կցված նախաբանից, որտեղ հեղինակը քննում է թարգմանական արվեստին առնչվող հարցեր: Աղբյուրը՝ John Dryden, Preface to…