Լյուդվիգ Վիտգենշտայն. Ասույթներ երաժշտության մասին
Ներկայացնում ենք ավստրիացի փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշտայնի (1889-1951) դատողությունները երաժշտության մասին, որոնք քաղված են նրա ուշ շրջանի գրառումներից։ Մշակույթի և իմացաբանության մասին այլ ասույթների թվում դրանք լրացրել և 1977 թ․ հրատարակել է Գեորգ Հենրիկ ֆոն Վրիգտը, որպես հիմք ընդունելով 1970 թ․ Օքսֆորդում լույս տեսած «Խառը դիտարկումներ» ժողովածուն։
Աղբյուրը՝ Ludwig Wittgenstein, Vermischte Bemerkungen։ Ein Auswahl aus dem Nachlaß, Suhrkamp; Bd. 535, 1977.
Ողբերգությունն այն է, որ ծառը չի ծռվում, այլ կոտրվում է։ Ողբերգությունը ոչ հրեական ինչ-որ բան է։ Մենդելսոնը հավանաբար ամենից պակաս ողբերգական կոմպոզիտորն է։
Մենդելսոնը ոչ թե բարձրունք է, այլ` բարձրավանդակ։ Նրա մեջ անգլիական ինչ-որ բան կա։
Մենդելսոնը հիշեցնում է մարդու, որը ուրախ է միայն ուրախ մարդկանց հետ, ուրախ է միայն ուրախների հետ, բարի է, երբ շուրջը բոլորը բարի են։ Նա ծառ չէ, որը կանգնած է իր համար, ինչ էլ պատահի շուրջը։ Ես ինքս եմ այդպիսին և հակված եմ լինել այդպիսին։
Ես հաճախ մտածում եմ այն մասին, թե արդյոք մշակույթի իմ իդեալը նոր է, ժամանակակից, թե հասնում է Շումանի ժամանակներին։
Երաժշտությունը՝ իր սակավ տոներով ու ռիթմերով, որոշ մարդկանց թվում է պարզունակ արվեստ։ Բայց այն պարզ է միայն արտաքուստ, մինչդեռ նրա սուբստանցը, որը թույլ է տալիս մեկնել նրա բովանդակությունը, ունի ողջ անվերջանալի բարդությունը։ Այդ բարդությունը արտահայտություն է գտնում մյուս բոլոր արվեստների մեջ և թաքցվում է երաժշտության կողմից։ Ինչ-որ իմաստով վերջինս արվեստներից ամենառաֆինացվածն է։
Կան խնդիրներ, որոնց ես չեմ հասնում, ոչ իմ պլանի խնդիրներ, որոնք իմ աշխարհից դուրս են։ Արևմտյան հոգևոր աշխարհի խնդիրներին հասավ և ուզում էր դրանք լուծել Բեթհովենը (և մասամբ՝ գուցե Գյոթեն)։ Բայց դրանց երբեք չի մոտեցել ոչ մի փիլիսոփա (թերևս՝ Նիցշեն շոշափել է դրանք)։ Եվ գուցե դրանք կորած են արևմտյան փիլիսոփայության համար, այսինքն՝ երբեք չի գտնվի այն մարդը, որը էպիկականորեն կկարողանա ընկալել և հետևաբար նկարագրել այդ մշակույթի շարժումը։ Ավելի ստույգ ասած, այդ մշակույթը դադարել է լինել էպոս, կամ էպոս է շարունակում լինել միայն նրա համար, ով դիտում է այն կողմնակիորեն, ինչը գուցե մարգարեաբար արել է Բեթհովենը (ինչպես դա մի անգամ մատնանշել է Շպենգլերը)։
Երաժշտական երկերը, որոնք հորինվում են ռոյալի առաջ, ֆորտեպիանոյի ստեղնաշարի վրա, որոնք ստեղծվում են մտքում փետուրի օգնությամբ և նրանք, որոնք արարվում են սոսկ ներքին լսողության հիման վրա, պիտի ունենան տարբեր բնույթ և թողնեն միանգամայն տարբեր տպավորություն։
Ես վստահ եմ, որ Բրուքները հորինում էր երաժշտություն միայն ներքին լսողությամբ, պատկերացնելով հնչող նվագախումբ, որ Բրամսն աշխատում էր փետուրով։ Սա, իհարկե, պարզունակեցում է։ Բայց այն լուսաբանում է բնորոշ գիծ։
Լաբորը, երբ լավ երաժշտություն է գրում, բոլորովին ռոմանտիկ չէ։ Սա բավականին ուշագրավ և բազմանշանակ հատկանիշ է։
Մենդելսոնի երաժշտությունը, այնտեղ որտեղ կատարյալ է, բաղկացած է երաժշտական արաբեսկներից։ Սա է պատճառը, որ մենք այդքան ցավոտ ենք զգում նրա մոտ խստության և ստուգության ամեն պակաս։
Բրամսի և Մենդելսոնի միջև ակնհայտորեն գոյություն ունի հայտնի հարազատություն։ Ընդ որում ես նկատի չունեմ հարազատություն, որը դրսևորվում է նրանում, որ Բրամսի երկերի որոշ հատվածներ հիշեցնում են մենդելսոնյան հատվածները։ Հարազատությունը, որի մասին ես եմ խոսում, կարելի է արտահայտել` ասելով, որ Բրամսը լիովին հետևողականորեն անում է այն, ինչը Մենդելսոնն անում է կիսով չափ։ Կամ՝ Բրամսը հաճախ անթերի Մենդելսոնն է։
Բրամսի երաժշտությունն արդեն ընդհանուր ոչինչ չունի Նեստրոյի, Գրիլպարցերի, Հայդնի և այլն, երկար (նորդական՞) դեմքի հետ։ Այդ երաժշտության մեջ ավելի հստակ քան Շուբերտի մոտ երևում է կլոր և լցված (ալպիական՞) դեմքը։
Ցանկանալով բնորոշել Մենդելսոնի երաժշտության էությունը՝ կարելի է ասել, որ Մենդելսոնի մոտ ընդհանրապես չկա դժվարըմբռնելի երաժշտություն։
Բրամսի ցնցող վարպետությունը։
Համր կինոյի ժամանակներում դաշնակահարները կինոթատրոններում նվագակցելով ֆիլմին կատարում էին դասականներին․ բոլորին, բայց ոչ Բրամս և Վագներ։
Բրամս չէին նվագում ոչ այն պատճառով, որ նա չափից շատ վերացական է։ Ես կարող եմ պատկերացնել ֆիլմի հափշտակող դրվագ բեթհովենյան կամ շուբերտյան երաժշտության նվագակցությամբ, ընդ որում ֆիլմը կարող էր ինչ-որ իմաստով խթանել այդ երաժշտության ըմբռնումը։ Բայց ոչ Բրամսի ըմռնումը։ Մինչդեռ Բրուքները հարմար է կինոյի համար։
Պատկերացնելով երաժշտությունը,- իսկ դա ինձ հետ պատահում է բավականին հաճախ, ամեն օր, ես այդ ընթացքում ռիթմիկորեն հարվածում եմ վերևի ատամներով ներքևիններին։ Վաղուց եմ դա նկատել, չնայած որ դա սովորաբար տեղի է ունենում բոլորովին չգիտակցված։ Ընդ որում հնչյունները իմ երևակայության մեջ ասես ծնվում են այդ շարժումից։ Ես կարծում եմ, որ երաժշտությունը ներքուստ լսելու այդ եղանակը շատ տարածված է։ Իհարկե, ես կարող եմ պատկերացնել երաժշտությունը նաև առանց ատամների այդպիսի շարժման, բայց այդ ժամանակ հնչողությունը դառնում է շատ ավելի ցնորական, անպարզ և պակաս հստակ։
Բրուքներյան սիմֆոնիայի մասին կարելի է ասել, որ այն ունի երկու սկզբունք․ առաջին մտքի սկզբունքը և երկրորդ մտքի սկզբունքը։ Այդ երկու մտքերը վերաբերում են միմյանց ոչ իբրև արյունակից ազգականներ, այլ որպես կին և ամուսին։
Բրուքների իններորդ սիմֆոնիան ասես բողոք է բեթհովենյան սիմֆոնիայի դեմ, և դա հանդուրժելի է դարձնում այն, ինչը չէր լինի ասել, եթե այն լիներ ընդամենը ընդօրինակման տեսակ։ Այդ սիմֆոնիան վերաբերում է բեթհովենյան սիմֆոնիային ինչպես Լենաուի Ֆաուստը գյոթեականին, այն է՝ ինչպես կաթոլիկական Ֆաուստը լուսավորչականին և այլն։
Լեզվի նման երևույթներ մենք գտնում ենք երաժշտության և ճարտարապետության մեջ։ Իմաստով լեցուն լիակատար անկանոնություն, օրինակ գոթականության մեջ (երևակայությանս մեջ արթնանում են նաև սբ․ Բարսեղ տաճարի աշտարակները)։ Բախի երաժշտությունը ավելի շատ է հիշեցնում լեզու, քան Մոցարտի և Հայդնի երաժշտությունը։ Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի բասային ռեչիտատիվը։
Ի՞նչ է պակասում մենդելսոնյան երաժշտությանը։ «Առնական» մեղեդի՞։
Ռոյալ նվագելը մարդկային մատների պար է։
Ամեն մեծ արվեստի մեջ ներկա է վայրի գազան, բայց՝ ընտելացված։ Մենդելսոնի մոտ, օրինակ՝ այդ գազանը չկա։ Բասային պարտիաները ամենայն մեծ արվեստում մարդկային պարզ բնազդներն են։ Դրանք մեղեդի չեն (ինչպես ասենք՝ Վագների մոտ), բայց այն, ինչը մեղեդուն հաղորդում է խորություն և ուժ։
Այդ իմաստով Մենդելսոնին կարելի է կոչել «ռեպրոդուկտիվ» արվեստագետ։ –
Նույն իմաստով իմ տունը Գրեթլի համար անվիճելի երաժշտական լսողության, լավ վարվեցողության արգասիք է, մեծ ըմռնման արտահայտություն (ինչ-որ մշակույթի և այլն)։ Բայց այդ տան մեջ չկա նախնադարյան կյանք, վայրի կյանք, որը դուրս է պոկվում։ Կարելի էր ասել, որ դրա մեջ չկա առողջություն (Կիրկեգոր)։