Երկու խոսք Մաքս Պիկարդի դիմագիտական տեսողության մասին (վարիացիա)
Էքզիստենցիալ փիլիսոփայությունը, որ փորձում է դուրս հանել մարդուն բառա-իրային արտադրության մեխանիզմից, տեղափոխում է նրան ոչնչի աշխարհ (Սարտր): Սակայն այդ աշխարհում բառային աղմուկը ավելի լսելի է, քանի որ դա չգոյության դատարկ աշխարհ է, ուր արձագանքում է բառային աղմուկը:
Էքզիստենցիալիզմն ինքը կարծես ուղի հարթեց աշխարհում մարդու մենության համար, քանի որ ճիշտ չհասկացավ այդ երևույթի բուն ախտանիշները: Բառերը դեպի ոչինչ են տանում, որովհետև էքզիստենցիալիզմը մարդու առջև տեսնում է միայն ոչին- չը: Սակայն մարդու առջև ոչ թե ոչինչն է, այլ Աստված: «Այս դեմառդեմության ծանրությունը մարդու և Աստծո միջև լռության պատճառով միշտ աճում է. աշխարհում առկա ողջ մենությունը ծագում է այս դեմառդեմության մենությունից: Աշխարհը պայթած կլիներ այս դեմառդեմության մենությունից, եթե ուղի հարթած չլիներ բառի մեջ, թեթևացնող մարդկային չափի` բառի մեջ» («Պասկալ»):
Բացատրության աշխարհում ճշմարտությունն անչափ մոտ է մոլորությանը, ահա ինչու դիմագիտությունը կոչված է տեսնելու ոչ թե ճիշտը կամ սխալը, այլ խորն ու մակերեսայինը` հասկացությունների փոխարեն ներմուծելով պատկերը: Յուրաքանչյուր բառ ոչ թե լսված է միայն, այլ տեսնված` որպես կերպար, որպես խորություն. այն չպետք է աղմկի, ահա ինչու է այդքան կարևորվում լռությունը:
«Լռության աշխարհը» գրքի լույսընծայումից շուրջ քառորդ դար անց Ռոլան Բարտը, խոսելով լեզվի դղրդյունի մասին գրում է. «Բանավոր խոսքը անշրջելի է. այդպիսին է նրա ճակատագիրը: Մեկ անգամ ասվածն անհնար է ետ վերցնել` չավելացնելով նրան նորը»: Սա լեզվի ավտոմատացումն է, նրա ինքնաբերականացումը: Լեզուն գործում է, ինչպես ավտոմատ մեքենան, իսկ դղրդյունը բնորոշվում է որպես նրա անթերի աշխատանքի աղմուկ: Եթե աղմուկն անդադար է, ապա այն այլևս դառնում է անլսելի, այլևս չի տարբերակվում: Սակայն բանավոր խոսքը իր բնությամբ միաժամանակ լինելով դիսկրետ, լինելով բառ, ի վերջո դատապարտված է կակազման, որի արդյունքում անթերի աշխատանքը դառնում է անհնար, ահա ինչու դա այնուամենայնիվ աղմուկ է:
Ի տարբերություն անտիկ մարդու, «որը լսում էր տերևների շրշյունը, քամու աղմուկը, առուների կարկաչյունը… փորձելով գտնել նրանում առկա միտքը, – գրում է Բարտը, – ես այժմ լսում եմ լեզվի դղրդյունը, չէ՞ որ ինձ` ժամանակակից մարդուս համար հենց այդ լեզուն է բնություն»: Համատարած բառային աղմուկը իսկական թմբիր է մարդու համար. մարդը թմրել է: Աղմուկի բացակայությունը այլևս հաճելի չէ նրան, նա միացնում է ռադիոն, հեռուստացույցը, որպեսզի մեկ անգամ էլ ընդունի բառային աղմուկի թմրադեղը: Այս համատեքստում հասկանալի են դառնում լեզվի հեդոնիստական տեսության կողմնակիցների, այդ թվում նաև Բարտի այնպիսի փոխաբերություններ, ինչ- պիսիք են «վայելք տեքստը», «լեզվի Էրոսը» կամ «տեքստի էրոտիկան»: Ակնառու է նահանջը խոսքի խորությունից դեպի դրա մակերեսայնությունը, խոսքը չպետք է լարի, այլ պիտի ծառայի որպես հեշտանք` մարմնական հեշտանքի տերմիններով բացատրվող: Դիտելով լռությունն իբրև նախաֆենոմեն` Պիկարդը գրում է. «Սեռականությունը մեկ ուրիշ ֆենոմեն է, որը մշտապես մարդու տրամադրության տակ է: Քանի որ լռության նախաֆենոմենն այսօր ոչնչացված է, մարդը շատ է կառչում սեռականության նախաֆենոմենից և չի նկատում, որ սեռականությունը կորցնում է ամեն չափ և դառնում է կեղծ…» («Լռության աշխարհը»):
Այսպես, ժամանակակից աշխարհում բառին փոխարինել է բառային աղմուկը: Միաժամանակ մենք նկատում ենք սեռականության նոր ասպեկտի թելադրանքով տեղի ունեցող հրաժարում մարդկային դեմքից հօգուտ մարդկային մարմնի առանձին հատվածների: Կրկնում ենք` հատվածների, դիտված գրեթե անատոմիական հետաքրքրությամբ: Մարդու մարմնի վիզուալ ատոմականացումը, որ հետևանք է նրա ոգու ատոմականացման, տեղի է ունենում ասես պայթյունի արդյունքում, համարժեք արագությամբ: Մարդն անգիտակցաբար ձգտում է պահպանել իր միասնականությունը: Ահա ինչու է արդարացվում համատարած մերկացումը աղմուկի աշխարհում: Այդ մերկացումը մինչև իսկ պահանջվում է, կազմելով պահանջարկ, – պահանջարկ բառիս բուն իմաստով:
Ատոմականացված հատվածների գրավիտացիոն կենտրոնը` դեմքը, այլևս չի կատարում իր ամբողջականացնող դերը, քանի որ այն հաճելի չէ մարդուն: Մարդկային դեմքը դուրս է մղված հաճույքի ժամանակակից աշխարհից, որն ուզում է ատոմականացնել մարդուն, ցրել նրան, ոչնչացնել: