Ռուբիկոն

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Աշոտ Ոսկանյան

Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում…

ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ

Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ ինքնաբավ հայեցողության առարկա դարձնեի Նիցշե-Կաֆկա-Փոքր Մհեր ձգող համադրության որոգայթները: Սակայն նյութը պայթեց ներսից. վերլուծությունը ճեղքում է մյութոսի կեղևը, և արձանագրածս ծուղակները այլ բան չեն, քան մտքումս սևեռված զուգորդությունների պարագծից ազատվելու, բայց նաև անկորուստ և անփոփոխ այն պահպանելու հուսահատ մի փորձ:1

Մասն 1. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԸ

Այսպես սկսվեց Զրադաշտի մայրամուտը: Ֆ. Նիցշե

Դրվագ Ա. Վայրէջք

Առնվազն ճշգրիտ չէ այն կարծիքը, թե քյոնիգսբերցի իմաստունն Աստծո կեցության հինգ ապացույցները հերքելուց հետո, իբր վեցերորդն է ասպարեզ բերել: Կանտը երբեք չի փորձել Աստծո կեցության տեսական ապացույցներ ներկայացնել. այլ բան է, որ Հավերժի հետ սկսած իր մտերմիկ զրույցում նա թույլ չի տվել նաև, որ մարդուս նյութական և հոգևոր կեցությունը պայմանավորող հիմնարար իրողությունները`աստղալից երկինքը մեր գլխավերևում և բարոյական օրենքը մեր մեջ` անորոշության մեջ առկախվեն և հիմնազուրկ հորջորջվեն: Այդպիսին էր կոպեռնիկյան հեղաշրջում իրականացրած սառնասիրտ այդ ռացիոնալիստի կրոնաբարոյական ինտուիցիան, և օբյեկտին սուբյեկտի շուրջը պտտվելու դատապարտած մտածողը կարող էր միաձայնել մեր Երզնկացու մրմունջին.

«Ես չեմ ի հավատալ այն սուտ հոգոյն, թե ինքըն լոյս, Որ չունի շառաւեղ յարեգական ի մեծ լուսոյն»:2

Այս համաձայնությունն իր ակունքներին հասնելով հունարեն էր արձագանքելու.

«οὐχ ἐμοὐ ἀλλἀ τοὐ λὀγοὐ ἀχοὐσαυταζ ὀμολογεἰν σοφὀυ ἐστιυ ἐν παντα εἰυοι».

«Ո՛չ ինձ, այլ Բանի ձայնին անսալով, իմաստուն է համաձայնել, որ ամենայն ինչ Մեկն է»:3

Բարոյականության կանտյան ըմբռնումը խորհըրդանշող անվերապահ հրամայականը` կատեգորիկ իմպերատիվը, զրկվելով Սինայից վայր բերված քարակերտ արձանագրություններով սրբագործված հեղինակությունից, ստիպված է եղել վերահաստատել իր գոյության raison d’étre-ն, ապավինելով պարտքի զգացումին, որն իր a priori պարտադրողականությամբ կոչված էր կոտրելու մարդու անմիջական (ցաքուցրիվ ու կամայական) հակումների դիմադրությունը: Գիտակցելով հանդերձ, որ մարդկային բնական հակումների հաղթահարումը` հանուն պարտքի պահանջների իրականացման, կամքի նշանակալից լարում է պահանջում սուբյեկտից, Կանտը մտքով էլ չի անցկացնում, թե պարտքի իրականացմանը խոչընդոտող սուբյեկտիվ մղումները կարող են ինքնուրույն (թեկուզ և բացասական) սկզբունքի լիիրավ կարգավիճակ ունենալ: Լիարժեք բարոյական սկզբունքն ինքնաբավ պետք է լիներ, գործելով միշտ թեր` pro, բայց ոչ երբեք դեմ` contra: Այս իմաստով կանտյան բարոյագիտությունը զուտ քրիստոնեական է, այսինքն` ավգուստինյան և ո՛չ մա- նիքեյական: Ուստի տրամաբանական է, որ պարտքի պահանջներն ու բնական հակումները կանտյան համակարգում անխուսափելի հակամարտության մեջ չեն, ինչպես հակամարտության մեջ չեն նաև բարոյական և օրինական (լեգալ) արարքները: Վերջիններս ո՛չ բարոյական են, ո՛չ անբարոյական. դրանց չեզոքությունը պայմանավորված է նրանով, որ նման գործողությունների իրականցման ընթացքում բարոյական պարտադրանքը սկզբունքային դեր չի խաղում:

Ծեծված հնար է Շիլլերի հանրահայտ էպիգրամի մեջբերումը` բարոյական և օրինական գործողությունների արհեստականությունը ցուցադրելու համար: Անշուշտ, կոմիկական պետք է լիներ բարոյականության պահանջներին համընկնող բնական հակումների վրա բռնանալը` հանուն էթիկական գիտափորձի մաքրության: Բայց կոմիզմը հենց դրանից էլ գոյանում էր, որ Շիլլերի ժամանակներում ոչ ոք կասկած չուներ, թե ո՛ր բևեռում է գտնվում բարոյական արժեքը (պիտոյությունը) և որում` սոսկ բնական մղումների տձև բազմազանությունը: Խնդիրը որակապես այլ նկարագիր ստացավ, երբ հարցականի տակ դրվեց հենց այդ հիմնարար ելակետային            համոզմունքը` պիտոյությունն ինքնին: Նման հարցադրում անողը պետք է որ պատրաստ լիներ իր ինտելեկտուալ ճիգը մինչև վերջ հասցնելու, հետևողականորեն իրականացնելով «բոլոր արժեքների վերարժեքավորումը»: Ֆրիդրիխ Նիցշեն` բարոյականության հիմքերի դեմ ձեռնարկած իր խռովությամբ սկիզբ դրեց եվրոպական մտքի տառապագին ինքնահաղթահարման այդ ընթացքին:

Նիցշեյի անվստահությունը բարոյականության նկատմամբ շեշտված հոգեբանական ենթատեքստ ունի: Բարոյականությունը միշտ պիտոյություն է (sollen), պիտոյությունը` պարտադրանք: Սակայն ի՞նչ իրավունքով է անհատը պարտադրանքի ենթարկվում: Քանի խոսում էին պատվիրանների աստվածատուր բնույթի մասին, առնվազն պարզ էր պարտադրանքի աղբյուրը, բայց այն պահից, երբ Զրադաշտն ի լուր աշխարհի ազդարարում է Աստծո մահը, բարոյական հրամայականի իրավունքն առկախվում է անորոշության մեջ: Ընդ որում, խոսքն այստեղ «արժեքային մոտեցման» մասին է ընդհանրապես, հետևաբար Աստծո մահը տարածվում է ցանկացած տեսլականի, նորմի, կանոնի, սկզբունքի վրա, որքանով որ դրանք ունիվերսալության հավակնություն ունեն:

Այդ մասին է հիշեցնում Մ. Հայդեգգերը4 ` նաև շեշտելով, որ ինչ-որ բան «արժեք համարելը», դրա հետ «հաշվի նստել» է նշանակում, և հետևաբար իր մեջ «նպատակ» է պարունակում: Քանի որ վերջինս այլևս չի կապվում «ունիվերսումի» հետ, այն բնականաբար հանդես է գալիս որպես սուբյեկտիվ նպատակ: Այսպես է գծագրվում Նիցշեյի վարդապետության պրոբլեմային դաշտը: Իմպերատիվ պարտքի և էմպիրիկ սուբյեկտի կամայական հակումների թմրած առնչությունները լարված հակամարտության վերածելով` Նիցշեն անողոք վերլուծության է ենթարկում գոյացած բեևռները, բարոյական օրենքը և սուբյեկտի ազատ կամքը:

«Բարոյականության ծագումնաբանության» մեջ արձանագրվում է քրիստոնեական բարոյականության «կասկածելի ծագումը» ressentiment-ից: Թե որքանով են քրիստոնության պատկերացումներն արդարության մասին իրականում կապված թույլերի և անզորների հոգեբանական ինքնաթունավորման ախտանշանի` ressentiment-ի հետ, առանձին հարց է: Կարելի է, իհարկե, խորհուրդ տալ ընթերցողին խնդրո առարկայի վերաբերյալ առավել լրիվ պատկերացում ստանալու համար դիմել Մ. Շելերի ressentiment-ին նվիրված դասական աշխատությանը5, գուցե նաև ափսոսանք հայտնել, որ այդ աշխատությունը (ուշ գրվելու պատճառով) ծանոթ չէր Նիցշեին. սակայն ի՞նչ նշանակություն կարող էին ունենալ այդ փաստարկները «իմացության տառապյալի» համար, որը ճշմարտությունն ինքնին հակված էր մեկնաբանել որպես քրիստոնեական բարոյականությունը մարմնավորող անվերապահ հրամայականի վերջին և անօրինական մի թաքստոց և… գուցե իրավացի էր այն չափով, որքանով մերկացնում էր կանտյան «կատեգորիկ» և «սինթետիկ» ապրիորիների զուգահեռական արհեստականությունը, նրանց կասկածելի ծագումը «als ob»-ից6: Այստեղ գուցե տեղին է վերադառնալ «վեցերորդ ապացույցի» վերը հիշատակված խնդրին և ընդունել, որ այդ միտքը բուլգակովյան հերոսի դիվային մասխարության արդյունք չէ լոկ և որ Կանտն իսկապես ստիպված էր, ավանդական մտածողության առկախված արժեքները փրկելու համար, շրջել Հին կտակարանում արձանագրված տրամաբանությունը. եթե հնարավոր չէ բարոյական պատվիրանների պարտադրողականությունը հիմնավորել Աստծո գոյությամբ, ապա ստիպված ենք Աստծո գոյությունը փաստարկել պատվիրանների անվերապահ հրամայականությամբ: Անշուշտ սա ապացույց չէ բառիս խիստ իմաստով, և այնուամենայնիվ տեղավորվում է կանտյան «als ob»-ի շրջանակներում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…