Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
Ցեղապաշտ ամբողջատիրության դեպքը հանրահայտ է, լավ ուսումնասիրված, բայց նաև ձանձրալիության չափ ծեծված: Այնինչ չպետք է մոռանալ, որ գոյություն ունի գերմարդու տիրաժավորման մեկ այլ` օրինականացված կերպ, երբ կամքն առ իշխանություն իրականացվում է ժողովրդավարական օրենքների միջոցով: Մենք գիտենք, ինչպիսի վերապահումներով է Նիցշեն վերաբերվել «ներկայացչական ժողովրդավարությանը», բայց այդ հանգամանքն ինքնին չի բացառում, որ վերջինս նույնպես կարող է դիտվել որպես մտածողի թողած ժառանգության ներունակ հնարավորություններից մեկի բացորոշում և զարգացում: Չէ՞ որ ազատական ժողովրդավարության համար հիմնարար` մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքը հանդես է գալիս, փաստորեն, որպես ինքնիշխան սուբյեկտի ունակությունների ազատ ծավալումն ապահովող ռացիոնալ մեխանիզմ: Նման պարագաներում յուրաքանչյուր ոք գերմարդ է, միայն թե այն շրջանակներում և խաղի այն կանոնների համաձայն, որ նրան ընձեռում է իշխանության ժողովրդավարական` ազատական դրամատիրության վրա հիմնված համակարգը: Դրամատիրական հասարակության իշխանության լծակն, ինչպես հայտնի է, փողն է, շարժիչ ուժը` շահը: Սակայն մենք չենք մոռացել Մաքս Վեբերի հայտնի դիտողությունն այն մասին, որ դրամական շահին ձգտելն, ինքնին վերցված, ոչ մի ընդհանուր բան չունի դրամատիրության հետ:17 Վերջինիս էությունը ռացիոնալ տնտեսավարությունն է, որի շահութաբերությունն ապահովվում է խաղաղ, ձևական փոխանակման միջոցով և հիմնվում է փողի ձևով ներկայացված դրամագլխի մշտական հաշվառման, կալկուլյացիայի վրա:18 Ֆինանսական բալանս, – ահա այն իրական կերպը, որով դրսևորվում է «թերն ու դեմը հավասարակշռելու, իր իշխանության տակ պահելու» գերմարդու կարողությունը: Եվ բավական է պատկերացնել Նիցշեի, ռոմանտիկական հանճարից սերված «գերմարդուն» խորամանկ առևտրականի դերում, գործարքներ կնքելիս, պատեհապաշտ փոխզիջումների գնալիս, կամ հաշվապահական գրքերի վրա կռացած, շահութաբերության չափն հաշվարկելիս, հասկանալու համար, որ ծուղակը, որում նա հայտնվել է, ոչ թե էթիկական, այլ էսթետիկական բնույթ ունի: Նրա խնդիրը բարոյական նորմերին ենթարկվելու կամ չենթարկվելու, կյանքը շահադիտական հեռանկարների խաղի մեջ տարալուծելու կամ չտարալուծելու երկընտրանքը չէ այլևս, այլ մանրացումը, իշխանության ձգտող գերմարդու հերթական տիրաժավորումը և այդ տիրաժավորման ճղճիմությունից բխող գեղագիտական կոմիզմը: Իհարկե, «գերմարդուն» ոչ ոք չի խանգարում հրաժարվել որևէ կանոնակարգված դրամատիրական գործունեությունից և նվիրվել իր անկրկնելի (նաև էսթետիկորեն գրավիչ) սուբյեկտիվ մղումների անսքող դրսևորմանը` անտեսելով ամեն օրենք: Բայց նա մեզանից էլ լավ է հասկանում, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանի, քանի որ կապ չունի իր հիմնական խնդրի` իշխանության կամքի իսկական և հետևողական դրսևորման հետ:
Այդ դեպքում ո՞վ է իշխանության իրական կրողն արդի ոչ տոտալիտար հասարակություններում: Այս հարցի պատասխանը փնտրելիս ստիպված ենք արձանագրել, որ իշխանության կամքը մեր օրերում վճռական կերպափոխություն է ապրել: «Գերմարդ» հասկացությունը նորաձև չէ այլևս: Նրան վաղուց արդեն փոխարինելու է եկել «գերուժը», որ քաղաքական-պետական միավոր է և հանդես է գալիս որպես միակ օրենսդիր` լեգիտիմ իշխանության միակ և մենաշնորհ կրող: «Կամքն առ իշխանություն»-ը (Wille zur Macht) փոխակերպվում է «իշխանության կամքի» (Wille der Macht) և որպես հասարակության մեջ տարրալուծված, բայց որևէ կոնկրետ կառույցում չարմատավորված մի բներևույթ, դիվային ինքնուրույնություն է ձեռք բերում:
Մեծ քաղաքականությունը` ներքին կամ արտաքին, ի հայտ է բերում իր տրանսցենդենտալ բնույթը: Իհարկե, այն վարվում է շատ կոնկրետ մարդկանց կողմից, բայց ղեկավարը չի կարող ղեկավարել առանց վարչակազմի, վարչակազմն իր հերթին ճյուղավորվում է վարչությունների, վերջիններիս գոյության ձևը գրասենյակն է: Հենց գրասենյակն էլ ներկայանում է որպես իշխանության անմիջական և ակնառու բջիջ: Գրասենյակը գոյություն ունի շնորհիվ իր սպասարկող անձնակազմի` «կարիերային պաշտոնյաների» և ծառայողների: Իշխանության այդ նոր կրողի` պաշտոնեության անդեմ ուժի ձևավորումը ազդարարում է «գերմարդու» դասական ըմբռնման ինքնաբացասումը:19
Դրվագ Բ. Տիեզերքը որպես գրասենյակ
Մենք համոզված ենք, որ այդ հին օրենքներն ամենայն ճշգրտությամբ պահպանվում են, և, այնուամենայնիվ, ծայրահեղ տանջալից է, գտնվելօրենքների իշխանության ներքո, որոնց անտեղյակ ես: Ֆ.Կաֆկա
Ավստրո-հունգարական կայսրության սլավոնական մայրաքաղաք Պրահայում ապրող գերմանախոս հրեա Ֆրանց Կաֆկային է պատկանում գրասենյակի տիեզերական բնույթի հայտնագործումը: Կականյան պաշտոնեության20 անհամար բանակի այդ համեստ ներկայացուցիչը ներսիցէ ուսումնասիրել գրասենյակի կառուցվածքը, գործառույթներն ու գործելակերպը, որի շնորհիվ էլ ի հայտ է բերել այն զարմանալի, բայց ոչ անսպասելի իրողությունը, որ գրասենյակը աշխարհի գոյության միակ ձևն է:
Գրասենյակի գոյաբանության դասական նմուշ է Կաֆկայի «Դղյակի» հինգերորդ գլուխը, որ նկարագրում է վեպի գլխավոր հերոսի` երկրաչափ Կ-ի վճռորոշ հանդիպումը գյուղապետի հետ:21 Գյուղապետը, պարզաբանելով գյուղում մնալու, հետևաբար, դղյակի աշխարհին պատկանալու Կ-ի հավակնությունների անհիմն լինելը, բացատրում է նրան դղյակի վարչական ծառայության աշխատանքի մեխանիզմը:
Դղյակն, ինչպես նաև նրան պատկանողողջ տարածքը, կառավարվում է ահռելի և լայնորեն ճյուղավորված բյուրոկրատական ապարատի միջոցով: Պաշտոնյաների գործառությունները միջնորդավորված են փաստաթղթերի մշտական հոսքով, որոնք ուսումնասիրվում են, մշակվում, ուղարկվում են համապատասխան ատյաններ, որտեղ և պահվում են հատուկ թղթապանակներում` ակտերում: Գործերն այնքան շատ են և ծավալուն, որ առավել եռանդուն պաշտոնյաների աշխատասենյակներում միմյանց վրա դարսված թղթապանակների սյուներ են գոյանում, որոնք ժամանակ առ ժամանակ ահռելի շրխկոցով փուլ են գալիս:
Իհարկե, փաստաթղթային հոսքերի անհամաչափության պատճառով ծագող ժամանակավոր թյուրիմացությունները չեն բացառվում, ինչպես դա տեղի է ունեցել, օրինակ, երկրաչափ Կ-ի դեպքում, բայց դրանք չպետք է սխալներ համարվեն, քանի որ գրասենյակն անսխալական է արդեն իսկ օրենքով իրեն վերապահված գործառույթի համաձայն: Գրասենյակի աշխատանքային կանոնադրության մեջ սխալի հնարավորությունը, որպես այդպիսին, հաշվի չի առնված: Նման հիմնադրույթն արդարացված է ամբողջի գերազանց կազմակերպմամբ և անհրաժեշտ է գործերի ընթացքի ծայրագույն արագությունն ապահովելու համար: Այնպես որ, որևէ գործի վերա- բերյալ կասկած առաջանալու պարագայում, պաշտոնյայի կողմից մեկ այլ ատյանին հարցում անելը ճիշտ չէր լինի, իսկ եթե նման հարցում, այնուամենայնիվ, կատարվեր, վերջինս ձեռնպահ կմնար պատասխանից:
Գրասենյակի անսխալականությունը չի հակասում վերստուգիչ ատյանների գոյությանը, ավելին` գոյություն ունեն միայն վերստուգիչ ատյաններ: Իհարկե նրանք նախատեսված չեն բառիս կոպիտ իմաստով սխալներ փնտրելու համար, քանի որ այդպիսիք չեն պատահում, իսկ եթե այնուամենայնիվ, ժամա- նակ առ ժամանակ ի հայտ են գալիս, ինչպես դա երկրաչափի դեպքն է վկայում, ապա ո՞վ կարող է վերջնականապես պնդել, որ տեղի ունեցածը սխալ է: Եթե նույնիսկ առաջին կարգի վերստուգիչ ատյանը սխալ է արձանագրում, ապա երկրորդի, առավել ևս`երրորդի որոշումն արդեն կարող է բոլորովին այլ լինել: Վերջնական գնահատականի անհնարինությունը կապված է նաև վերջնական` բարձրագույն ատյանի անորոշությամբ: Պաշտոնեական սանդուղքը միտված է դեպի անվերջություն և ցանկացած կարգի պաշտոնյա անհասանելի է արդեն իսկ այն պատճառով, որ նրան հասնելու ճանապարհին մշտապես նորանոր օղակներ և պատասխանատուներ են ի հայտ գալիս, որոնք գործի հետ կապված նորանոր խնդիրներ են առաջ քաշում: Այդ ընթացակարգերի շնորհիվ կուտակվող փաստաթղթերի առատությունը կարող է այս կամ այն գործի կարևորության պատրանք ստեղծել, բայց դա իսկապես միայն պատրանք է, քանի որ աշխատանքիծավալը չի պայմանավորում դեպքի կարգավիճակը: