Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
Բայց տեսական խորամանկաբանությունների այդ ծանր մթնոլորտը Զրադաշտի համար չէր. նիցշեական ինքնաբավ սուբյեկտն այլևս հակված չէր հանդուրժելու բարոյական a priori-ի արտաքին պարտադրանքը, նա ինքն էր ցանկանում լինել իր աշխարհի միակ սուվերենն ու օրենսդիրը:7
Այսպիսով, մեր առջև հառնում է բարոյականության դիմակազերծման արդյունքը` մերկ սուբյեկտը, որ հնարավորություն է ստանում պատշաճ հեռավորություն պահել բոլոր արժեքների նկատմամբ` չնույնացնելով իր դիրքորոշումը դրանցից որևէ մեկի հետ:
Այդ կեցվածքն իր նախակարապետն է ունեցել: Դա ռոմանտիկների «հանճարեղ անհատն» էր, որն իրոնիկ տարանջատում ապահովելով բոլոր հնարավորությունների նկատմամբ` էսթետիկական գոյության հատվածականությունը վերածել էր կենսական սկզբունքի: Սրան համապատասխանեցված էր նաև ռոմանտիկների արտահայտչաձևը. առանձին հատվածներից, պատառիկներից բաղկացած ազատ շարադրանք, ուր ամբողջականությունը հաստատվում է ոչ թե բացորոշ մշակված ավարտուն կառուցվածքի, այլ փոխկապակցվող, միմյանց լրացնող, հաճախ նաև հակադրվող կտորների ներքին, անմիջականորեն մատուցված միասնության միջոցով: Մտքերի միավորման նման` էսթետիկական կերպը (modus aestheticus) չունի որևէ այլ չափանիշ, բացի «շարադրանքում միասնության զգացողությունից» և հատկանշական է արվեստի համար:8
Պատառիկների ազատ գործառման ընթացքում գեղեցիկի զգացողությունն իր միակ չափանիշը կարգած էսթետիզմը ոչ միայն մտածելակերպ և մեթոդ, այլև ապրելակերպ դարձավ ռոմանտիկների համար, նրանց առաջնորդելով իրենց երկերի հակասականությունից և «աններդաշնակությունից» դեպի սեփական ճակատագրերի աններդաշնակություն, ցնցումներ և փլուզում (Հյոլդերլինը և Նովալիսը խելագարվեցին, Քլայստն ինքնասպան եղավ, Հոֆմանը տառապում էր սարսափի անբացատրելի նոպաներից և սեփական «կրկնակի» մասին գաղափարից…):9 Պատճառը պարզ էր. ռոմանտիկական ես-ը` իր երևակայությամբ ստեղծված բազմաթիվ աշխարհ-պատառիկների միակ տերն ու տիրակալը, ինքն իր մեջ դատարկ էր մնում և անբովանդակ: Էսթետիզմը, անվերջ հնարավորությունների խաղը գերադասելով, հրաժարվում էր վերջնական և վճռական ընտրությունից, որն, ըստ էության, արդեն ոչ թե էսթետիկական, այլ էթիկական գործողություն էր լինելու:
Մինչև ուղն ու ծուծը էսթետիկ Նիցշեն հաջորդում է այս մտայնությանը: Ռոմանտիկների «հանճարեղ սուբյեկտին» փոխարինում է Նիցշեի «գերմարդը»` մի նոր մարգարե, որն արդարության ավանդական ըմբռնումն էսթետիզացնելով` փոխարինում է այն շնորհի` ողորմածության (Gnade) ազնվազարմ բնազդով: Կանտյան անվերապահ հրամայականը հիշեցնող պարտադրանքն, այսպիսով, իսպառ հաղթահարվում է: Աշխարհին վերաբերող որևէ գնահատական այլևս բխում է գերմարդուց և պայմանավորված է նրանով: Գերմարդը ստանում է միակ արարչի և օրենսդրի գործառույթ. նա «ինքն է լույս» և, հետևաբար, ստիպված է (ռոմանտիկների «հանճարի» հանգույն) հանձն առնել նաև ողորմած շնորհողին վիճակված միակ անեծքը` միայնության խաչը:
«Լույս եմ ես` ա¯խ, թե գիշեր լինեի: Բայց հենց սա է միայնությունս` լույսով եմ պարուրված:
Ախ, թե խավար լինեի և մթին: Ինչպես կուզեի լույսի ստինքներից խմել-հագենալ…
Բայց ես իմ սեփական լույսի մեջ եմ ապրում…
…Անհաղորդ եմ վերցնողի երջանկությանը և հաճախ եմ անրջում այն մասին, որ գողանալն առավել օրհնյալ է երևի, քան վերցնելը:
Սա է չքավորությունս…»:10
Զրադաշտի հռչակավոր «Գիշերային երգը» միայնակ էակի այնպիսի մի ճիչ է, որ անշուշտ բացատրում է Նիցշե-մարդու աղետալի կործանումը` Դիոնիսոսի խաչելությունը: Սեփական լույսով գերհագեցած Զրադաշտը մայր է մտնում (լեռն ի վայր է իջնում – untergeht)` բախվելու համար անանցանելի մի արգելքի, որը չոր տեսության լեզվով «ինտերսուբյեկտիվության հիմնահարց» է կոչվում: Ճշմարիտ հաղորդակցման փորձերի ընթացքում կրած անհաջողությունը ստիպում է եզրակացություններ անել.
«Ուղեկիցներ է փնտրում արարողը և ոչ դիակներ, նաև ոչ հոտեր և հավատացյալներ…
…Ոչ հովիվ պետք է լինեմ, ոչ գերեզմանափոր: Երբեք այլևս չեմ խոսելու ես ժողովրդի հետ, վերջին անգամ դիմեցի մեռյալին:
…Արարողներին, բերք հավաքողներին, տոնողներին եմ ցանկանում միանալ` ուզում եմ ցույց տալ նրանց ծիածանը և բոլոր աստիճաններըգերմարդու…»:11
Բայց համակ լույս դարձած տառապյալի կանչը պետք է որ անարձագանք մնար, քանզի.
«…իր սրտի խորքում այլ լուսատուների հանդեպ անարդար, արեգակների նկատմամբ սառն` այդպես է շարժվում ամեն մի արև»:12
Անձնական ճակատագրի առումով Նիցշեն` Ծառից Կախվածը այդպես էլ մնաց ռոմանտիզմի գծագրած հոլովույթում: Սակայն գերմարդը հենց դրանով է տարբերվում ռոմանտիկների հանճարից, որ իրական սինթեզների հավակնություն ունի:13
Արժեք-պատառիկների միավորման խնդիրը լուծելու համար Նիցշեն բոլորովին այլ ատաղձ էր առաջարկել, որ թեև էսթետիկական էր բառիս բուն իմաստով, սակայն գեղագիտական չէր այլևս: Սրա հիմքում ընկած էր կենսական մղման` լինելիության, կայացման, ավելացման այն միակ ինքնաբավ կերպը, որ հանդես է գալիս որպես կամք առ իշխանություն: Իշխանության` սեփական ինքնաբավության ավելացման ձգտող սուբյեկտի տարամետ կենսական մղումները ձևավորում են տարբեր դիտանկյուններ` պայմանավորելով գոյի բազմահեռանկար բնույթը:
«Բոլոր այդ արժեքները, հոգեբանորեն վերահաշվարկված, – ասում է Նիցշեն, – որոշակի հեռանկարների արդյունք են»:14 «Օբյեկտիվությունն» այսուհետև հասկացվում է ոչ թե որպես «անշահախնդիր հայեցողություն» (որպես այդպիսին նա անիմաստ կլիներ և անհեթեթ), այլ որպես սեփական թերն ու դեմն իր իշխանության ներքո պահելու կարողություն:15
Եվ այստեղ, եթե մենք չենք ցանկանում սահմանափակվել ռոմանտիզմի հնամաշ ռեկվիզիտով` տևտոն ասպետներ, արաբ շեյխեր, ճապոնացի սամուրայներ (Նիցշեն նկատի է ունեցել նաև նրանց), ապա պետք է վերջապես խոստովանենք, որ կենսական մղումը, իր վերացականության մեջ վերցված, համադրության հարցը լուծել չի կարող. խոսքը քաղաքական մեխանիզմների մասին պետք է լինի:
Այդպիսին է այս տարօրինակ էսթետիզմի անսպասելի կերպափոխությունը. արժեքների հարաբերման, նաև մարդկային հաղորդակցման` ինտերսուբյեկտիվության հարցը ներկայանում է որպես իշխանության խնդիր:
Ամբողջատիրական` նացիստական համակարգում (Էլիզաբեթ Ֆյորստեր-Նիցշեի ջանքերով այն անմիջականորեն կապվել է Ֆ.Նիցշեի անվան հետ) այդ խնդիրը պարզ լուծում է ստանում. եթե հասկանալ չեն ցանկանում, հասկացումը պարտադրվում է: Առաջնորդը և զանգվածը մեկ միասնական օրգանիզմ են կազմում և պետք է գործեն համերաշխ, համակարգված: Սրանից էլ իռացիոնալի և ռացիոնալի այն պարադոքսալ համակեցությունը, որ բնորոշ է ֆաշիստական հասարակությունների համար. ռացիոնալիզմն այստեղ հանդես է գալիս որպես մեքենայացում` տեխնիկա: Մեքենայացումը որպես էական գործոն տարածվում է նաև մարդկանց վրա. Նիցշեն խոսում է մարմնական մնեմոտեխնիկայի մասին (օրենքի` ֆիզիկական ցավի միջոցով մարմնում դաջված հիշողության), թողնելով այդ սառսռազդու նյութն իր տրամաբանական ավարտին հասցվի իր մելամաղձոտ հետնորդի` Ֆրանց Կաֆկայի «Ուղղիչ գաղութում»: Տխուր իրոնիայի երանգ կա այն անուրանալի ճշմարտության մեջ, որ հենց այդ «մարմնակրթական մանկավարժությունից» է սկիզբ առել «ինքնաբավ գերմարդկանց» հաղթարշավը`Übermensch-ի տիրաժավորումը, որ հակասում է գերմարդու մասին նախնական պատկերացման բուն էությանը:16 Թե ինչով ավարտվեց տիեզերական անպատասխան կարոտով տոգորված և հասկացում հայցող գերմարդկանց բազմության, ամբոխի՞, հոտի՞, բանակի՞ ներխուժումը արտաքին աշխարհ, հայտնի է: Եվ քանզի «պտուղներով ենք ճանաչում նրանց», ապա Նիցշեի մեղքն այստեղ անուրանալի է (Թ. Մանն):