Միշել Ֆուկո
Զրույց Մադլեն Շապսալի հետ
– Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր կարծիքով էկզիստենցիալիզմը և Սարտրի տեսությունը շուտով թանգարանային նմուշներ կդառնան: Դուք ապրում եք, – և մենք էլ ենք ապրում, առանց դեռ այդ մասին մեզ հաշիվ տալու, – ամբողջովին վերափոխված մտավոր տարածքում: «Բառերը և իրերը», որոնք մասամբ բացահայտում են այդ փոփոխությունը, դժվար գիրք է: Կարո՞ղ եք մի փոքր ավելի պարզ (նույնիսկ եթե դրանից տուժելու լինի պատասխանի ճշգրտությունը) պատասխանել հետևյալ հարցին` ու՞ր եք հասել, ու՞ր ենք հասել:
– Միանգամայն հանկարծակի և առանց առերևույթ պատճառի, մոտ տասնհինգ տարի առաջ նկատեցինք, որ շա~տ-շա~տ ենք հեռացել նախորդ` Սարտրի, Մեռլո Պոնտիի սերնդից, “Temps modernes” ամսագրի սերնդից, որն օրենք էր մեր մտածողության և օրինակ` մեր գոյության համար:
– Երբ ասում եք` նկատեցինք, ու՞մ աչքի առաջ ունեք:
– Այն մարդկանց սերունդը, որոնք պատերազմի ժամանակ դեռ քսան տարեկան չկային: Մենք ընկալել ենք Սարտրի սերունդը որպես անկասկած համարձակ և արգասավոր սերունդ, որը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում կյանքի, քաղաքականության, գոյության հարցերի նկատմամբ: Բայց մեզ արդեն այլ` հասկացության և, իմ բնորոշմամբ, «համակարգի» խնդիրներն են հուզում:
– Որպես փիլիսոփա` ինչո՞վ էր հետաքրքրվում Սարտրը:
– Ընդհանուր գծերով կարելի է ասել, որ բախվելով պատմական այնպիսի աշխարհի հետ, որը անհեթեթ էր համարվում նրանում իր տեղն այլևս չգտնող բուրժուական ավանդության կողմից, Սարտրն ուզեց ցույց տալ, որ, ընդհակառակը, ամենուր իմաստ կա, և սա ոչ միայն փաստի արձանագրում էր, այլև հրաման, պատվեր… Իմաստ կա` նշանակում է, պետք է ամեն ինչի մեջ իմաստ գտնել: Իմաստ, որն ինքնըստինքյան շատ անորոշ էր. այն արդյունք էր վերծանման, մեկնաբանության, բացի այդ, մեզանից անկախ, իմաստի աղոտ հենքի շուրջն էին հյուսվում մեր բոլոր գործողությունները: Սարտրի կարծիքով մարդիկ են իմաստն ընդունողները և միաժամանակ վերծանողները. նրանք են հայտնաբերում իմաստը և ենթարկվում նրա ազդեցությանը:
– Ե՞րբ եք դադարել հավատալ «իմաստին»:
– Բեկումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Լևի-Ստրոսը հասարակությունների, իսկ Լականը անգիտակցականի վերաբերյալ մեզ ցույց տվեցին, որ իմաստը հավանաբար մի տեսակ մակերեսային հետևանք է` ցոլանք կամ փրփուր, իսկ այն, ինչով մենք ներծծված ենք, ինչը մեզնից առաջ գոյություն է ունեցել և մեզ պահում է ժամանակի և տարածության մեջ, համակարգն է:
– Ի՞նչ եք հասկանում համակարգ ասելով:
– Համակարգ ասելով պետք է հասկանալ այնպիսի հարաբերությունների ամբողջություն, որոնց պահպանումը և փոխակերպումը կախված չէ այդ համակարգը կազմող տարրերից: Օրինակ` պարզվել է, որ հռոմեական, սկանդինավյան, կելտական առասպելներում առկա են աստվածներ և հերոսներ, որոնք միմյանցից միանգամայն տարբեր են, բայց նրանց միավորող կառուցվածքը (սրանք միմյանց հետ կապ չունեցող մշակույթներ են)` ստորակարգությունները, թշնամությունները, դավաճանությունները, պայմանագրերը, արկածները նույն համակարգն են կազմում… Նախապատմական ժամանակներին վերաբերող վերջերս կատարված հայտնագործությունները նույնպես թույլ են տալիս ենթադրել, որ քարանձավների պատերին նկարված պատկերների դասավորությունը համակարգված կառուցվածքի է ենթարկվում… Հայտնի է, որ կենսաբանության մեջ քրոմոսոմային ժապավենը կոդավորված ինֆորմացիայի ձևով պարունակում է բոլոր այն գենետիկական ցուցիչները, որոնք ապագա էակին թույլ են տալու զարգանալ: Լականի կարևորությունը բացատրվում է նրանով, որ նա ցույց է տվել, թե ինչպես հիվանդի խոսքի և նրա նևրոզի ախտանշանների միջոցով ի հայտ է գալիս ոչ թե սյուժեն, այլ լեզվական կառույցները, լեզվի բուն համակարգը: Պետք է ենթադրել, որ մարդկային ամեն գոյությունից, ամեն մտածողությունից առաջ արդեն գոյություն ունի գիտելիք, համակարգ, որ մենք մեզ համար նորից հայտնաբերում ենք:
– Բայց այդ դեպքում ո՞վ է ստեղծում այդ համակարգը:
– Այդ ի՞նչ անանուն համակարգ է առանց սուբյեկտի, ի՞նչն է մտածում: «Ես»-ը հօդս է ցնդել (տե՛ս ժամանակակից գրականությունը) – հայտնաբերվել է «կա»-ն: Կա «ինչ-որ մեկը»: Որոշ առումով մարդիկ վերադառնում են 17-րդ դարի տեսակետին, այն տարբերությամբ, որ ոչ թե մարդն է գալիս փոխարինելու Աստծուն, այլ ինչ-որ անանուն մտածողություն, անսուբյեկտ գիտելիք, անդեմ տեսություն…
– Որքանո՞վ է այդ ամենը վերաբերում մեզ` ոչ փիլիսոփաներիս:
– Բոլոր ժամանակներում մարդկանց մտածելու, գրելու, դատելու, խոսելու ձևը (մինչև անգամ փողոցում, ամենասովորական խոսակցություններում և գրավոր տեքստերում) և նույնիսկ այն, թե ինչպես են նրանք ընկալում այս կամ այն երևույթը, թե ինչ հուզական վերաբերմունք են դրսևորում, նրանց ողջ պահվածքը կարգավորվում է տեսական որոշ կառուցվածքով, այնպիսի մի համակարգով, որը փոխվում է դարաշրջանների և հասարակությունների հետ մեկտեղ, բայց որն առկա է բոլոր դարաշրջաններում և բոլոր հասարակություններում:
– Սարտրը մեզ համար ազատությունն էր բացահայտել, այնինչ դուք մեզ հայտնում եք, որ չկա մտածելու իրական ազատություն:
– Մարդ մտածում է անանուն և ստիպողական այն մտածողության շրջանակներում, որը տվյալ դարաշըրջանի և տվյալ լեզվի մտածողությունն է: Այդ մտածողությունը և այդ լեզուն փոխակերպման իրենց օրենքներն ունեն: Արդի փիլիսոփայության և իմ թվարկած բոլոր գիտակարգերի խնդիրն է բացահայտել մտքին նախորդող այդ մտածողությունը, ամեն համակարգի նախորդող այդ համակարգը… Դա այն ֆոնն է, որի վրա մեր «ազատ» միտքը մի պահ հայտնվում է և փայլատակում…
– Ձեր կարծիքով ո՞րն է այսօրվա համակարգը:
– Ես փորձել եմ այն ներկայացնել, մասամբ, «Բառերը և իրերը» գրքում:
– Այդ անելիս դուք համակարգից դու՞րս էիք:
– Համակարգը պատկերացնելու համար ես ենթարկվում եմ համակարգի ետևում գտնվող այնպիսի մի համակարգի թելադրանքին, որն ինձ անծանոթ է, բայց որն ընկրկելու է իմ կողմից բացահայտվելուն, ինքն իրեն բացահայտելուն զուգընթաց:
– Ո՞րն է մարդու տեղը այդ ամենում: Այս պահիս չի՞ ստեղծվում արդյոք մարդու մի նոր փիլիսոփայություն: Բոլոր այդ հետազոտությունները կապված չե՞ն արդյոք հումանիտար գիտությունների հետ:
– Առերևույթ, այո, Լևի-Ստրոսի, Լականի, Դյումեզիլի հայտնագործությունները վերաբերում են այսպես կոչված հումանիտար գիտություններին, բայց հատկանշականն այն է, որ բոլոր այդ հետազոտությունները ոչ միայն ի չիք են դարձնում մարդու մասին ստեղծված ավանդական պատկերը, այլև, իմ կարծիքով, միտում ունեն գիտության և մտածողության մեջ ավելորդ դարձնել մարդու գաղափարն իսկ: Ամենածանր ժառանգությունը, որ մեզ մնացել է 19-րդ դարից և որից վաղուց ժամանակն է ազատվել` հումանիզմն է: