Ռուբիկոն

Միշել Ֆուկո

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

– Հումանի՞զմը:

– Հումանիզմը մի տեսակ փորձ է եղել բարոյականության, արժեքների, հաշտվողականության միջոցով լուծել խնդիրներ, որոնք ընդհանրապես հնարավոր չէր լուծել: Գիտե՞ք, թե ինչ է ասել Մարքսը: Մարդկությունն իր առջև միայն լուծելի խնդիրներ է դնում: Կարծում եմ, որ կարելի է ասել` հումանիզմը ձևացնում է, թե լուծում է խնդիրներ, որոնք ի վիճակի չէ լուծել:

– Բայց ինչպիսի՞ խնդիրներ:

– Ասենք` մարդու և տիեզերքի հարաբերության խնդիրը, իրականության խնդիրը, գեղարվեստական ստեղծագործության, երջանկության խնդիրը և բոլոր այն սևեռուն գաղափարները, որոնք տեսական խնդիրներ համարվելու բնավ արժանի չեն… Մեր համակարգը դրանցով ամենևին չի զբաղվում: Այժմ մեր խնդիրն է վերջնականապես ազատվել հումանիզմից, և դրանով իսկ մեր գործունեությունը քաղաքական բնույթ ունի:

– Բայց ի՞նչ քաղաքականություն կա այդտեղ:

– Վերջ է տրվում տեսական և գործնական այնպիսի ձեռնարկումներին, ինչպես, ասենք, փրկել մարդուն, մարդու մեջ բացահայտել մարդուն և այլն, որոնց նպատակն է հաշտեցնել, օրինակ, Մարքսին և Տեյար դե Շարդենին (հումանիզմով տոգորված ձեռնարկումներ, որոնք տարիներ շարունակ անպտուղ են դարձրել ողջ մտավոր աշխատանքը…): Մեր խնդիրն է վերջնականապես ազատվել հումանիզմից, և այդ իմաստով մեր գործունեությունը քաղաքական բնույթ ունի, այնքանով, որ Արևելքի և Արևմուտքի բոլոր վարչակարգերը հումանիզմի դրոշի տակ են ուզում անցկացնել իրենց անորակ ապրանքը… Մենք պետք է մերկացնենք այդ մոլորեցումները, ինչպես այժմ ԿԿ–ի ներսում Ալտուսերն ու իր համարձակ գործընկերներն են պայքարում «շարդենամարքսիզմի» դեմ…

– Ի՞նչ չափով է տարածված այդ մտածելակերպը:

– Այդ հայտնությունները խոր արմատներ են գցել ֆրանսիական մտավորականների դժվար սահմանելի այն խմբի մեջ, որն ընդգրկում է ուսանողների զանգված և համեմատաբար երիտասարդ դասախոսներին: Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս ասպարեզում կա դիմադրություն, հատկապես հումանիտար գիտությունների կողմից: Ապացուցել, որ մարդիկ երբեք դուրս չեն գալիս գիտելիքի, տեսության շրջանակներից, ավելի դժվար է հումանիտար գիտություններում (մասնավորապես գրականության մեջ), քան տրամաբանության մեջ և մաթեմատիկայում:

– Որտե՞ղ է սկիզբ առել այդ շարժումը:

– Պետք է ֆրանսիացիների նման ինքնասիրահարված լինել և միայն մեկ լեզու իմանալ` երևակայելու համար (ինչպես և անում են), որ իրենք են հայտնաբերել խնդիրների ողջ դաշտը: Այդ շարժումը զարգացել է Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում` Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, սլավոնախոս և գերմանախոս երկրներում կատարված աշխատանքների հիման վրա: Բայց այն դեպքում, երբ արդեն քառասուն տարի է, ինչ Միացյալ Նահանգներում գոյություն ունի new criticism-ը, երբ տրամաբանության վերաբերյալ բոլոր կարևոր աշխատանքները կատարվել են այնտեղ և Մեծ-Բրիտանիայում, դեռ մի քանի տարի առաջ ֆրանսիական լեզվաբաններին մատների վրա էին հաշվում… Մենք զարգացած լինելու մասին ֆրանսիացիներին բնորոշ պատկերացում ունենք, որի հետևանքով դե Գոլը տարօրինակ ձևով կարող է մտավորական համարվել:

– Բանն այն է, որ բարեկիրթ մարդն իրեն ժամանակից դուրս է զգում: Արդյո՞ք պետք է դատապարտել ընդհանուր հիմնավոր կրթությունը. Մի՞թե այսուհետև միայն մասնագետներ են լինելու:

– Դատապարտվում է ոչ թե բարեկիրթ մարդը, այլ մեր միջնակարգ կրթությունը (որը կողմնորոշված է դեպի հումանիզմը): Մենք բացարձակապես չենք սովորում ֆունդամենտալ առարկաները, որոնք թույլ կտային հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ մոտ – և, հատկապես, թե ինչ է կատարվում այլուր… Եթե բարեկիրթ մարդն այսօր թվերով և հապավումներով լեցուն բարբարոս մշակույթի տպավորություն է ստանում, պատճառը մեկն է` մեր կրթական համակարգը գալիս է 19–րդ դարից, և նրանում դեռ իշխում են ամենատաղտկալի հոգեբանությունը, ամենահնացած հումանիզմը, մարդու հակումները, հոգու կատեգորիաները… Պետք է մեղադրել ոչ այն, ինչ կատարվում է, ոչ էլ բարեկիրթ մարդուն, եթե նրան թվում է, թե այլևս ոչինչ չի հասկանում, այլ պետք է մեղադրել դասավանդումը կազմակերպելու եղանակը:

– Պետք է սակայն ընդունել, որ մտածողության այդ նոր ձևը` թվերով արտահայտված լինի այն, թե ոչ, սառը և չափազանց վերացական է թվում…

– Վերացակա՞ն: Ես հետևյալ կերպ կպատասխանեմ. վերացականը հումանիզմն է: Բոլոր այդ հոգու ճիչերը, մարդկային անձի, գոյության համար բոլոր այդ պահանջները վերացական են, այսինքն` կտրված գիտական և տեխնիկական այն աշխարհից, որը մեր իրական աշխարհն է: Ինձ հումանիզմի դեմ է հանում նաև այն, որ այսուհետև այն ծառայում է որպես քող, որի ներքո պատսպարվում է ամենառեակցիոն մտածողությունը, ստեղծվում են հրեշավոր և աներևակայելի դաշինքներ` ուզում են, օրինակ, միավորել Սարտրին և Տեյարին… Հանուն ինչի՞: Մարդո՛ւ: Ո՞վ կհամարձակվեր վատ բան ասել մարդու մասին: Սակայն մեր սերնդի մարդիկ ջանում են ոչ թե պաշտպանել մարդուն ընդդեմ գիտելիքի և ընդդեմ տեխնիկայի, այլ հենց ցույց տալ, ու մեր մտածողությունը, կյանքը, էությունը, նույնիսկ ամենասովորական էությունը նույն համակարգված կառուցվածքի մաս են կազմում, ուստի և նույն կատեգորիաների հետ են առնչվում, ինչ և գիտական ու տեխնիկական աշխարհը: Վերացականը ՙմարդու սիրտն՚ է, և մեր հետազոտություններն են ուզում մարդուն կապել իր գիտությանը, իր հայտնագործություններին, իր աշխարհին, որը կոնկրետ աշխարհ է:

– Կարծում եմ` այո…

– Ես ձեզ կպատասխանեմ, որ պետք չէ շփոթել փոխզիջումների մեղկ գաղջությունը և իսկական կրքերին բնորոշ սառնությունը: Մեր` «սառը» համակարգայնականներիս ամենասիրած գրողները Սադն ու Նիցշեն են, որոնք իսկապես «մարդու մասին վատ» են խոսել: Բայց չէ՞ որ նրանք նաև ամենակրքոտ գրողներն են եղել:

Ֆրանսերենից թարգմանությունը`

Ամալյա Մուրադյանի

«Զրույց Մադլեն Շապսալի հետ»,

”La quinzaine littռraire”,

N5, 16 մայիսի 1966, էջ 14-15:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…