Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ ատյանների և խրթին կանոնների առկայությունը չի արգելակում քննվող գործերի վերջնական լուծումը: Այստեղ է, որ ի հայտ է գալիս ծառայական ապարատի կարևորագույն առանձնահատկությունը. իր ճշգրտությանը համապատասխան այն նաև ծայրահեղ զգայուն է: Երբ որևէ դեպք չափազանց երկար է քննության ենթարկվում, կարող է այնպես պատահել, որ դեռ քննությունը չավարտված, գործն իր լուծումը գտնի այնպիսի մի տեղում, որը դրա համար նախատեսված չի եղել և հետագայում էլ չբացահայտված է մնում: Նման դեպքերի ճնշող մեծամասնությունը որոշվում է ավելի քան արդար, թեև կամայական ձևով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ծառայական ապարատի համար գործի երկարաձգումն այլևս անտանելի է դարձել և նա ինքնին, առանց պաշտոնյաների օգնության` լուծել է խնդիրը: Իհարկե, հրաշքներ չեն պատահում, և պարզ է, որ որևէ պաշտոնյա խնդրին գրավոր կամ բանավոր լուծում է տվել. սակայն գրասենյակի շրջանակներում այլևս անհնարին է լինում ճշտել, թե որ պաշտոնյան և ինչ հիմունքներով է ավարտել գործը: Խանգարիչն այստեղ այն է, որ նման որոշումները, երբեմն վերստուգիչ ատյանի դանդաղկոտության պատճառով, ժամանակին հայտնի չեն դառնում, և մարդ տարիներ շարունակ կրքոտ եռանդով զբաղվում է այնպիսի գործերով, որոնք վաղուց գտել են իրենց լուծումը:
Գյուղապետի գծագրած պատկերը թույլ է տալիս որոշ եզրակացություններ անել:
Նախ և առաջ, աչքի է զարնում գրասենյակի տիեզերական բնույթը` այն ընդգրկում է վեպում նկարագրված աշխարհի բոլոր գործառույթները, և չկա մի տարածք, որ դուրս մնացած լինի նրա ծառայական մեխանիզմի ազդեցության ոլորտից: Ճիշտ է, այդպիսին կարող է համարվել այն բնակավայրը, որից ժամանել է երկրաչափը, սակայն այդ վերացական տոպոսն այդպես էլ անհայտ է մնում ընթերցողի համար, և մենք նրան միայն այն չափով ենք հաղորդվում, որով այն ներքաշված է գրասենյակի վարչական գործունեության շրջանակի մեջ:
Երկրորդ նշանակալից հանգամանքը տիեզերական գրասենյակի ոչ դասական բնույթն է: Միանշանակ մեխանիկական դետերմինիզմն այդ աշխարհում բացակայում է. նրանում ընթացող ծառայական քննությունները ավելի քան երկարատև են, սակայն ոչ անվերջ` հանկարծահաս, բայց և արդար լուծումները ճեղքում են բյուրոկրատական անշտապ ըն- թացքների «հոռի անվերջությունը»: Իրավիճակը հար և նման է ժամանակակից քվանտային ֆիզիկայից հայտնի պատկերին` մենք խոսում ենք գոյություն ունեցող վիճագրական օրինաչափությունների մասին` իմանալով, որ յուրաքանչյուր առանձին մասնիկի ուղեծիրը` ճակատագի՞րը` լիովին անվերահսկելի է մնում մեզ համար:
Հենց այս իրողությունն էլ պայմանավորում է գրասենյակի մյուս կարևոր հատկությունը` նրա տրանսցենդենտալությունը: «Տրանսցենդենտալ» տերմինն այստեղ օգտագործվում է «տրանսցենդենտ»-ից նրա տարբեր լինելու լրիվ գիտակցմամբ: Խոսքս ոչ թե գրասենյակի ետևում թաքնված «այնկողմնային» էության, այլ նրա կառույցն ու գործառույթն իրենով պայմանավորող «անդրանցումային» գոյաձևի մասին է. գրասենյակի բուն էությունը չի սպառվում երկրաչափին կամ գյուղի բնակիչներին հայտնի դարձող անցքերի բազմազանությամբ, բայց առանց վերջիններիս այն դատարկ կմնար և անբովանդակ: Ասվածը չի բացառում, իհարկե, նաև տրանսցենդենտ ըմբռնման հնարավորությունը: Այդ մեկնակետը լավ հայտնի է Կաֆկայի բարեկամ և հոգեբարձու Մաքս Բրոդի շնորհիվ, որը «Դատավարության» և «Դղյակի» զուգահեռական կառույցը դիտարկել է եբրայական հինավուրց Կաբալլայի մետաֆիզիկական լույսի ներքո: Երկու «Կ»-երի` դրամատան պաշտոնյայի և երկրաչափի մաքառումները ներկայանում են որպես կրոնական հարաբերություն Աստծո հետ, որն ընթանում է «դատաստանի» և «ողորմածության» իմաստային բևեռների լարման դաշտում:22 Երկրաչափն այդ դեպքում հայտնվում է «շնորհ» հայցող անհատի դերում, իսկ գրասենյակը հանդես է գալիս որպես ողորմած, բայց նաև քինախդիր, վանող և պատժող աստծվածության փոխաբերություն-խորհրդանիշ: Հիշյալ ընկալումն առավել հիմնավորված է թվում, եթե երկու վեպերի նյութը լրացվում է Կաֆկայի «Օրենքների հարցի շուրջը»23 խտացումով: Հուսահատ ստոիցիզմով տոգորված այդ երկի իմաստային միջուկն ակնարկված է սույն դրվագի բնաբանում` ծայրահեղ տանջալից է գտնվել օրենքների իշխանության ներքո, որոնց անտեղյակ ես: Չէ՞ որ օրենքները սերում են հինավուրց ավանդույթից, որի գաղտնիքը միայն ազնվականներին է վստահված: Բայց այդ ենթադրությունն իր հերթին հավաստի չէ, քանզի «…մեզ տրված միակ, տեսանելի, անկասկած օրենքը ազնվականությունն ինքն է…»24
Սա արդեն ոչ այլ ինչ է, քան օրենքի անմիջական նույնացում նրա ինքնիշխան կրողի հետ: Մեր նյութի համատեքստում այն անմիջապես աղերսվելու էր ազնվականության նիցշեական ըմբռնմանը` իր անձն իր համար օրենք կարգած գերմարդուն: Բայց Մաքս Բրոդի միտքն այլ տեղ է առաջնորդում: Օրենսդրի հարափոփոխ կեցվածքը, ենթակայի նկատմամբ նրա անսահմանափակ կամայականությունը մեկնաբանվում են որպես անհատին ուղղված աստվածային պատգամ, որը միայն հավատի բացակայության պարագայում է անպատեհ և իռացիոնալ թվում: Պատահական չէ, որ այն իրավիճակը, որում հայտնվել է երկրաչափ Կ-ն դղյակի պաշտոնեության հետ իր առնչությունների արդյունքում, նույնացվում է սեփական զավակին զոհաբերելու իռացիոնալ պահանջի առջև քարացած կիրկեգորյան հերոսի` հավատի ասպետ Աբրահամի էքզիստենցիալ իրադրության հետ:25 Սակայն երկրաչափը համառում է, ինչպես ժամանակին համառել է գյուղի բնակչուհիներից մեկը` Ամալիան, դղյակի ոչ անհայտ պաշտոնյա Սորտինիի անպարկեշտ արտահայտություններով լեցուն նամակը ստանալով: Այնինչ այդ նամակը պետք է խոնարհությամբ ընդունվեր, – գտնում է Բրոդը, – քանի որ Սորտինին վեպում աստծո խորհրդանիշն է, և նրա նամակը միայն այն պատճառով է անպատեհ և անպատկառ թվում, որ կապն աստվածության հետ խզված է: Հատկանշանական է, որ այդ մերժումից հետո աղջկա ընտանիքը մեկուսացման մեջ է հայտնվում: Գյուղացիները դատապարտում են բարձր բարոյականությամբ հաստված նրա վճիռը. նրանց բնազդը հուշում է, որ չի կարելի անտեսել «ողորմած շնորհը»: Իզուր չէ, որ Աբրահամն էլ աբսուրդի նկատմամբ իռացիոնալ հավատով է փրկվել:
Բայց երկրաչափի փնտրածը ողորմածությունը չէ. «Ո՛չ, ո՛չ մի դեպքում, – ասաց Կ–ն, – ես ողորմած շնորհ չեմ ուզում դղյակից, այլ իմիրավունքը»:26
Նման կեցվածքը կարելի է, իհարկե, դիվային համառությամբ և հավատի պակասով բացատրել: Բայց մենք ուղղակի կօգտագործենք առիթը, դուրս գալու համար կրոնական մեկնաբանության շրջանակներից: Հավատի հետ բրոդյան մոդելի կապված լինելը չէ, որ անբավարար է թվում այստեղ, այլ նրա պայմանական-փոխաբերական բնույթը: Քանի որ տեքստի այդպիսի ըմբռնումը մեզ միշտ միևնույն հարցն է պարտադրելու. ի՞նչ էր ուզում դրանով ասել հեղինակը: Իբր հեղինակը չի ասել, ինչ ուզում էր, այլ միայն ծածկագրել է ասելիքը` հնարավորություն տալով, որ հաջորդ սերունդները նրա գրվածքներում կրոնական, սոցիալական, բարոյական կամ որևէ այլ բովանդակություն հայտնաբերեն: