Ռուբիկոն

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հենց այդպիսի աշխարհ են մեզ մտցնում Կաֆկայի գործերը: Գրողի «միֆոլոգիզմն» ուսումնասիրող Ե. Մելետինսկին ուշադրություն է հրավիրում նրա երկերում կրկնակի, էքստենսիվ արտաքին և ինտենսիվ ներքին գործողության բացակայության վրա: Իրադարձությունները շարադրվում են այնպես, ինչպես ընկալվում են հերոսի կողմից, և նրա մտքերն էլ նույն այդ ընկալումների ծնունդ են: Կատարվող անցքերի իմաստը պարզաբանող զուգահեռներ ավանդական դիցույթների հետ պատմության ընթացքում չեն անցկացվում:43 Այսպիսով, Կաֆկայի դիցաբանությունը լիովին ինքնաբուխ է, նա ստեղծում է «նոր մոդեռնիստական ողբերգական սյուժե»:44

Երևի թե Կաֆկայի երկերի խորհրդավորության և անասելի հմայքի գաղտնիքը հենց դրանից է սերում. եռաչափ մարդը դատապարտված էգտնվելու մյութոսի երևութաբանական, կլոր ու փուչ, կենցաղի երկչափ ոլորտում:

Երրորդ չափման անպտուղ որոնումները միստիֆիկացնում են կենցաղը: Կաֆկյան համահարթված աշխարհում ապրողն իր շրջապտույտ դեգերումների ընթացքում կարող է, իհարկե, գրասենյակին գերբնական զորություն վերագրել և նրա խուսափողականությունը «դատաստանի» և «մեղքի» մետաֆիզիկական կատեգորիաներով բացատրել:

Չի բացառված նաև նույն մտայնության «աթեիստական» տարբերակը: Այդ դեպքում խոսք կլինի դիցաբանական կենցաղում երկու Կ-երի ներկայության իսկական կամ անիսկական կերպի մասին: Մանավանդ, որ նման մեկնության հնարավորություն տալիս է ինքը հեղինակն իր աներկբա պահանջ-ազդարարումով.

«Մեկն արթուն պետք է լինի, ասված է: Ներկա պետք է լինի մեկը»:45

Այդ դեպքում անխուսափելի է եզրակացությունը, որ միայն ճշմարիտ մարդկային ներկայությունն իր հայդեգերյան իմաստով (Dasein), կարող է բաց պահել այն լուսանցքը (Lichtung), որ դուրս է բերում փակուղուց և առաջնորդում է դեպի մոռացված կեցությունը (Sein).46

Բայց մենք, որ օժտված ենք ոչ դիցաբանական մտածողությամբ և ապրում ենք եռաչափ աշխարհում, ունակ ենք պատկերացնելու, թե ինչ ծուղակ է սպասում մարդուն պաշտոնական գրասենյակի կարգավիճակ ստացած կենցաղի տարածքում: Եվ մենք հասկանում ենք նաև, որ այս ծուղակի ա- կունքներում կանգնած է Նիցշեի գերմարդը` մանրացած-տիրաժավորված, տիեզերական գրասենյակի ծառայական համակարգին կցորդված: Գրասենյակի տրանսցենդենտալ պարտադրողականության հանդեպ պատկառանքով լեցուն, նա ստիպված է եղել մի կողմ թողնել սեփական կամքն օրենքի վերածելու վաղեմի իր հավակնությունը, բայց փոխարենը հայտնաբերել է ծառայության և կյանքի հեռանկարների մշտական փոխատեղման, սեփական կենցաղը ծառայությամբ հաստելու, պաշտոնավարությունը կենցաղի մեջ տարալուծելու և այդ ամենով պայմանավորված պատրանքների և խաբկանքների հարափոփոխ խաղն իշխանական լծակների կերպափոխելու ողջ գրավչությունը:

Այսպիսին է իշխանության կամքի դրսևորման ուրույն, գրասենյակային ձևը և մեզ մնում է զարմանքով հավաստել, որ այդ ձևը շարունակում է էսթետիկական մնալ, ինչպես դիցաբանական կենցաղի մակերեսային պատառիկների կամայական գործառման, այնպես էլ դրանով զբաղվողների ինքնաբավ եսակենտրոնության առումով:

Վարչության անպարտելիությունը նրա անդեմության մեջ է: Երրորդ չափման բացակայությունը նրան փակ տարածքի է վերածում: Այդպիսի տարածքների գոյությունը սովորական է նաև մեր ժամանակաշրջանի համար: Տարբեր հանգամանքներում նրանք տարբեր անուններ են ստանում. արգելոց, զոնա, համակենտրոնացման ճամբար:47 Ճամբարում էլ մարդիկ չեն հանձնվում, այստեղ էլ նրանք դիմադրում են գրասենյակի անսահման զորությանը: Բայց ողբերգական է, որ գրասենյակից պարտվելն ուսանելի լինել չի կարող, քանի որ ճամբարային փորձը ոչինչ չի սովորեցնում:48

Մասն 2.

ԱԳՌԱՎԻ ՔԱՐԸ

Քեռի Թորոս կսկծուց մեռավ, Որ իմացավ Մհերի փակվել: «Սասունցի Դավիթ»

Դրվագ Ա.

Բանադրվածը

Ճամբարային փորձն անպտուղ է, և այդ իրողության գիտակցումն ինքնին ընդունակ է կլաուստրոֆոբիկ և անորոշ մի տագնապ հարուցել մեր հոգում, որովհետև չենք մոռացել, որ առասպելական ժայռի մեջ բանտված անժառանգ հերոսն է ազգի տոտեմը: Աստծուց կռիվ պահանջող Սասնա ծռի, Փոքր Մհերի կերպարը բնական զուգորդությամբ կապվում է աստվածամարտիկ Հակոբի հետ, քանիոր նա էլ, վերջինիս նման, սրբազան մարտի է արժանացել: Ընդունված է կարծել, որ Մհերը, ժայռը թրի մեկ հարվածով ճեղքելով, հավաստել է իր արդարությունը ղալբացած աշխարհի հանդեպ: Համենայն դեպս, ինքը` հերոսը, այդպես է մեկնել իրեն այլևս պահել չկարողացող հողի հետ իր վեճը: Աշխարհում տեղ չգտած Մհերն ապաստան է գտել Ագռավաքարում: Լեռան մեջ հերոսի փակվելն, ինչպես գիտենք, տարածված դիցույթ է. այն իր հետևից քաշում-բերում է ապառաժներում բանտված առասպելական հսկաների մի ամբողջ շղթա, Օլիմպոսին չհնազանդված Պրոմեթևսից մինչ դիվաբարո Արտավազդը: Կարևոր է, սակայն, որ այդ դյուցազունների ճակատագիրը մեղքի և անմեղության, արարքի և հատուցման երկակի շաղախով է հաստված: Չէ՞ որ աստվածային

արգելքը հանուն մարդկանց խախտած Պրոմեթևսը հունական ողբերգության անմեղ-մեղավորների ծանոթ շարքին է պատկանում, իսկ իր չարագործությունների համար պատժված Արտավազդը միևնույն ժամանակ ինչ-որ անբացատրելի ձևով պահպանում է ռամիկ ժողովրդի համակրանքը և վերջինիս կողմից գալիք փրկիչ է հորջորջվում:

Բայց Փոքր Մհերը հայերի ժողովրդական գիտակցության մեջ հառնում է անմեղության աներկբա և միանշանակ լուսապսակով: Մհերն անապակ ժողովրդի դրոշն է` ուղղված աշխարհի անարդարության դեմ: Ընկալման այդ անդրդվելի միանշանակությունն է, որ հետագայում խտացվելու էր Սիամանթոյի դասական բանաձևում. «Ո~վ մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քո ճակատիդ»: Թե որքանով է աշխարհի նկատմամաբ բարոյական առավելության այս կեցվածքն արդարացված հայոց պատմության անցքերով, այլ հարց է: Պատմաբաններին թողնելով եղելությունը` մենք կսահմանափակվենք ավանդությամբ, անդրադառնալով ազգային հերոսապատումի անմիջականորեն մատչելի տարբերակին, «Սասունցի Դավթի» համահավաք բնագրի տեքստին:

Գիտենք, որ Մհերի ճակատագիրը կանխորոշված է արդեն նրա ծննդյան պահին և ի հայտ է գալիս նորածնի բռնցքում սեղմված արյան կաթիլի միջոցով.

«Թորոս առավ ըզտղան, տեսավ.

Զմանուկի ձեռք մաժեց, մատներ բացվան. Տեսավ, կաթ մի արուն ձեռքի մեջ.

Ասաց.- Հա~յ, հա~յ, թե քար էսոր մուտ տա, մուտ տա,

Հող չի կարնա պահի.

Զաշխարք արեր է կաթ մի արուն,

Դրեր է ի մեջ ձեռքին:»9

Արյան նշանը հաստատում է հերոսին վիճակված հատուկ դերը` ոչինչ չասելով նրա անմեղ կամ մեղավոր լինելու մասին: Չեզոք է նաև քեռի Թորոսի կանխատեսումը.

«Թե որ էդի մնաց,

Էդոր մոտեն զարմանալի բան տ՛ելնի»:

Զարմանալի, չի նշանակում ցանկալի: Արդեն յոթ տարեկանում Մհերի կյանքն է խուժում այն ճակատագրական դիպվածը, որն աներկբայորեն մղում է նրան Էդիպյան հարացույցից սերած հերոսների դասը: Սեփական հոր դեմ մենամարտի դուրս եկած, իր անտեղյակության պատճառով ողբերգականորեն մեղավոր Փոքր Մհերն անիծյալ է. նա դատապարտված է մնալու անմահ, անժառանգ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…