Ռուբիկոն

Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հայրական անեծքի ողջ զարհուրելի բովանդակությունն ըմբռնելու համար առանձնահատուկ կենտրոնացում է պահանջվում: Մինչ այդ թեմային անցնել համարձակվելը սահմանափակվեմ մի պարզ դիտարկմամբ: Ընթերցողի սկզբնականցնցումը նզովքից բխող հետևանքների կանխատեսումից չէ, որ առաջանում է: Անասելի ցավի, բայց նաև տարակուսանքի զգացումը գոյանում է նախ և առաջ նրանից, որ դատավճիռը Դավթի շուրթերից է հնչում: Ա՛յն Դավթի, որի բնավորության ամենանշանակալից գիծը մեծագիտակ Հ. Օրբելին մեծահոգությունն է համարել:50Հակասությունն այնքան խորն է, որ ինքը, Օրբելին, էպոսի այսօր արդեն դասական դարձած իր առաջաբանում մանրամասնորեն շարադրելով հերոսապատման առանցքային դեպքերը, շուտասելուկի է անցնում Փոքր Մհերի մասին խոսելիս և լիովին շրջանցում է այս «անհարմար» հատվածը:51 Ինչու՞:

Հայտնի է, որ էպիկական հերոսների վարքագծի հա- մար հոգեբանական շարժառիթներ փնտրելն անշնորհակալ զբաղմունք է: Իսկ Դավթի «Մհեր… հետ ինձի կռիվ արիր, ինձի ամանչեցրիր» կշտամբանքը52 բացատրություն էլ չէ փաստորեն, այլ ձևական մի պատճառաբանություն, որ կոչված է ծածկելու շատ ավելի խորը գնացող իրողությունները: Դավթին «ամանչեցնողը» Մհերի հետ ստիպյալ մենամարտը չի եղել, այլ այդ մենամարտում յոթնամյա երեխային իր հաղթել չկարողանալը: Վերջինս իր հերթին ոչ թե Մհերի ՙհունարով՚ է բացատրվում, այլ բոլորովին այլ հանգամանքով, որ հստակորեն հաստատում է ինքը` Դավիթը.

«Ասաց.- Խանդութ խանում,

Էն չէր Մհերի զարկեր կըգար վեր իմ գլխուն,

Էն Խաչ Պատերազմին էր, ինձի կզառներ: 

Կնի՛կ, ես տ՛երթամ Չմշկիկ Սուլթանի մոտ,

Երթում արի յոթ օր, գնաց յոթ տարի.

Ես երթմակոտոր եմ էլե…»:53

Այսպիսով, ոչ թե Դավթի րոպեական թուլությունը, գրգռված ինքնասիրությունը կամ ինքնատիրապետման բացակայությունը, այլ նրա երդմնազանց լինելն է բացահայտվում իբրև շանթաբեր անեծքի իրական պատճառ:54 Սեփական դստեր` Չմշկիկ Սուլթանի աղջկա ձեռքով մահացու նետահարված Դավիթն արձանագրում է իր արարքներից բխող ճակատագրական պարտադրողականությունը.

«Իմ ցեց իմ անձից է,

Էդ իմ սերմն էր, որ ինձ սպանեց»: 55

Ուշադիր ընթերցողն հեշտությամբ նկատում է, որ դստեր հետ Դավթի հարաբերությունը ոչ այլ ինչ է, քան Դավիթ – Փոքր Մհեր առնչության հայելակերպ կրկնակը` մի դեպքում հայրն անպտուղ անմահության է դատապարտում իր վրա անգիտաբար ձեռք բարձրացրած որդուն, մյուսում, հոր հրաժարման արդյունքում որբացած դուստրը վրեժխնդիր է լինում նրանից և ինքն էլ ոչնչանում է մահամերձ հսկայի պատասխան աղաղակից: Ազդակ – արձագանք դիցաբանական սխեման աշխատում է անվրեպ: Փոքր Մհերի հետագա վրիժառությունը Չմշկիկ Սուլթանից ոչինչ չփոխող ձևականություն է. իրական իրադարձություններն արդեն ծավալվել են հոր և դստեր փոխադարձ ձգողության լարված դաշտում:

Սակայն խնդիրը Դավթով չի սահմանափակվում: Էպիկական ասքի խորքը նետված մի հայացքն էլ բավական է տեսնելու համար, որ Սասնա տան սերունդներում ճակատագրական կարճ միացում առաջացրած տոհմական մեղքի կուտակումն իրականում շատ ավելի վաղ է սկսվել: Դավթի ծնողների` Մեծ Մհերի և Արմաղանի երթմակոտոր լինելու պատմութ- յունն արդեն իսկ խորհրդանշվում է ոչ միայն տրված երդումի անհոգ, համարյա թեթևսոլիկ խախտմամբ, այլև ծնողների և որդու միմյանց հասցրած փոխադարձ վնասով:

Առաջին հանգամանքն արժանի է ուշադրության այնքանով, որ այս բարոյական ոչ հուսալիությունն ընդհանրապես հատուկ է հայ դյուցազուններին. Ազգի պարծանք հանդիսացող հերոսները հեշտությամբ անտեսում են իրենց տված խոսքը, այն էլ ոչ թե անհրաժեշտությունից կամ պարտադրանքից ելնելով, այլ մոռացկոտության պարզ պատճառաբանությամբ, այդպես Մհեր Մեծը յոթ տարի մնաց Իսմիլ Խաթունի մոտ, այդպես Դավիթը մոռացավ Չմշկիկ Սուլթանին խոստացած մենամարտի մասին: Հետաքրքրական է, որ ժողովրդական պատմիչների մոտ նման վարքը բարոյական որևէ բողոք չի առաջացնում, մարդ էր, մոռացավ, ի՞նչ կա առանձնապես բարդացնելու. մանավանդ որ երդմնազանցն այսպես թե այնպես չի խուսափում աստվածային պատժից:

Բայց մեղքը կուտակվում է: Ի հայտ է գալիս երկրորդ գործոնը` պայմանավորված նրանով, որ պատիժը չի կանխում արարքի արդյունքում առաջ եկած վնասի հետագա տարածումը:

«Դուռ կբանամ, դու կը գաս տուն,

Աստված մեզ մեկ տղա կտա,

Համա երթմակոտոր կըլնենք, երկուսս էլ կմեռնենք

Տղան անտեր պիտի մնա – խսրի վերա»: 56

Արմաղանի այս կանխատեսումը երկուստեք մեղավորություն է ենթադրում, Դավիթն իր ծնունդով պատճառ է դառնում ծնողների մահվան, իսկ վերջիններս իրենց երթմնազանցությամբ, որդու որբության: Մհերի մխիթարիչ խոսքն այդ կապակցությամբ, «Աստծու գառ գել չի ուտի», չի վերացնում վնասը, այլ միայն երկու չարյաց փոքրագույնն է գերադասում: Ողբերգական մեղքը չի հանվում ոչ Դավթի և ոչ էլ Փոքր Մհերի վրայից, ինչպես որայն չի հանվում Կադմոսի մեղավոր տոհմից սերող Էդիպ արքայից, որքան էլ վերջինս տրտնջա, որ ինքն ամեն ինչ արել է անխուսափելիից խուսափելու համար:57

 Մհերի մեղավորության մասին թեզին հասնելով, տողերիս հեղինակը ստիպված է ընդհատել իր դատողությունների ընթացքը, խոստովանելու համար, որ շփոթված է: Քանի որ տարիներ առաջ Փոքր Մհերի թեմային նրա անդրադառնալու հիմնական պատճառը վրդովմունքն է եղել: Հասարակական նորոգության եռանդով ներշնչված հեղինակը Մհերին հայոց առաջին փախստական-էսկապիստն է համարել, որը նախնյաց ավանդական կարգի մեջ հենարան գտնելով` նեղացել է աշխարհից, ապաստան գտել Ագռավաքարում և այսպիսով հիմք դրել հայերիս նեղացած, այսինքն, պատասխանատվությունից խուսափող հերոսների շարքին:

«…Այդպես Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ «նեղացավ» Անդրանիկը», – գրել է հեղինակն այն ժամանակ և հեգնանքով շարունակել.

«Բայց չէ՞ որ Մհերն ընդմիշտ չի հեռացել, նա սպասում է: Աշխարհը քանդվելու է, վերաշինվի և ինքն անպայման վերադառնալու է…

«Բայց որ ի՞նչ անի, – օդում կախված այդ հարցն հեշտ պատասխան չի ընդունում: Եթե չի մասնակցել աշխարհի բնական ընթացքներին, գալու է, որ ի՞նչ անի… Իսկ եթե ապրել համարձակվածներն հարց տան հանկարծ. – Ագռավաքարդ ու՞ր է, բալա՛մ: Գոնե զնդանդ մեզ ժառանգություն թողնեիր…

«Բայց դե, անմահ անժառանգից ժառանգություն սպասելը ո՞րս է…»:

Այսպես է գրել ժամանակին հեղինակը և հիմա, պատկերն ամբողջացնելու համար պարտավոր է նաև խոստովանել, որ մեջբերված տողերը շարունակում են հրապուրել իրեն, և մնացած շարադրանքի ոճին հազիվ թե համապատասխանող այս զեղումն էլ ձեռնարկված է գուցե ոչ այնքան ճշմարտության սիրույն, որքան էսթետիզմի ազդակներից ելնելով` որպես համոզչությունը կորցրած ձևակերպումներն այնուամենայնիվ մաքսանենգորեն տեքստի մեջ խցկելու և գոնե այդպես պահպանելու անմաքուր մի փորձ:58

Բայց Մհերը: Հեղինակն այժմ բոլորովին վստահ չէ, որ ճակատագրի քմահաճույքին թողնված խեղճ որբուկն ընտրության հնարավորություն ուներ: Նա ուզում է հասկանալ, այս ինչպե՞ս եղավ, որ տոհմի պատմության կեռմաններում կուտակված ողջ ծանր բեռն իր անտանելի ահռելիությամբ հանկարծ բարդվեց անծնող մնացած այդ հսկա մանուկի փխրուն ուսերին: Նրա ականջներում շարունակում է հնչել հորը կորցրած երեխայի երեք օր տևած սրտաճմլիկ ողբը:59

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…